Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Սմերչը» Հայաստանի թշնամուն զսպող կարևոր գործոններից մեկն է

«Սմերչը» Հայաստանի թշնամուն զսպող կարևոր գործոններից մեկն է
10.04.2018 | 00:39

Եթե փորձենք երկու տարվա հեռավորությունից ամփոփել Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը, ապա, իհարկե, չմոռանալով, որ ունեցանք տարածքային կորուստ, պետք է նշենք նաև, որ Արցախի պաշտպանության բանակը կարողացավ պատերազմի ավարտին ունենալ հաղթական արդյունք երեք առումով.
1. թշնամուն մարդկային ավելի մեծ կորուստ պատճառեց, քան իր կորուստն էր,
2. թշնամուն տեխնիկայի ավելի մեծ կորուստ պատճառեց, քան իր կորուստն էր,
3. թույլ չտվեց, որ Ադրբեջանը հասնի իր հիմնական նպատակին կամ նպատակներին:
Վերոնշյալին զուգահեռ, պատերազմը կարևոր դաս եղավ Արցախի պաշտպանության բանակի, ինչու ոչ, նաև Հայաստանի Հանրապետության բանակի համար` համապատասխան զենք-զինամթերքով, ռազմական տեխնիկայով բանակում առկա բացը լրացնելուն նպատակաուղղված աշխատանքներն ակտիվացնելու առումով: Թեև անցած ժամանակաընթացքում նոր սպառազինություն, ինչպես պաշտպանական, այնպես էլ հարձակողական միջոցներ ձեռք բերելու ուղղությամբ կարևոր և անուրանալի աշխատանք է կատարվել, սակայն առկա արդյունքները դեռ բավարար չեն, դրանցով չի կարելի գոհանալ և, ապահովության զգացում ունենալով, հանգստանալ:


2016 թ. ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը թշնամին առաջնային գծի հարավային ուղղությամբ կիրառեց նաև «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ: Դրա ռեակտիվ արկերի մի մասը չպայթեց Ադրբեջանի ուզած վայրում, մի մասն էլ ընդհանրապես չպայթեց: Այդ կապակցությամբ տարբեր ենթադրություններ եղան` ՈՒկրաինան Ադրբեջանին պիտանիի տեղ վաճառել է պիտանիության ժամկետն արդեն սպառված արկեր, դրանք անորակ են եղել, «Սմերչ» համակարգն օգտագործած ադրբեջանցի զինվորականները չեն տիրապետել դրա օգտագործման նրբություններին և այլն, սակայն ովքեր գիտեն, թե «Սմերչն» իրականում ինչ զինատեսակ է, միանգամայն լրջորեն են վերաբերվում դրան:


Ընդգծենք, որ այս զինատեսակը Հայաստանի համար թշնամուն զսպող կարևոր գործոններից մեկն է, քանի որ ունի թիրախի խոցման շատ մեծ մակերես (672 000 քմ) այսինքն՝ մոտ 70 հեկտար), ընդ որում` մեծ ճշտությամբ: Այն իր հեռահարությամբ ու թիրախի խոցման արդյունավետությամբ մոտ է «Երկիր-երկիր» դասի մարտավարական նշանակության հրթիռներին, ինչպիսին է, օրինակ, «Точка-У»-ն: Երեք «Սմերչ» համակարգը թիրախի խոցման արդյունավետությամբ հավասարազոր է երկու «Точка-У-ին: Որպես համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, այն ռեակտիվ արկի մարտավարական-տեխնիկական բոլոր կարևոր բնութագրիչներով աշխարհում այսօր չունի իրեն հավասարը, թերևս բավական է ասել միայն, որ հեռահարությամբ ամերիկյան նմանակին գերազանցում է ավելի քան կրկնակի: «Սմերչն» իր մարտավարական-տեխնիկական բնութագրիչներով գերազանցում է նաև խորհրդային արտադրության «Торнадо-Г» և «Ураган» համակարգերին: «Սմերչ»-ի արկերի զրահահարությունը 120-160 միլիմետր է:


Միաժամանակ հարկ է ընդգծել, որ «Սմերչի» ռեակտիվ արկերը Ադրբեջանի ունեցած հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերի կողմից անորսալի և անխոցելի են, քանի որ վերջինները միաժամանակ չեն կարող ուղեկցել և խոցել այդքան մեծաթիվ արկեր («Սմերչի» միայն մեկ մեքենան 38 վայրկյանում կարող է 12 արկ արձակել): Պարզ է, որ եթե ռեակտիվ արկերը միաժամանակ արձակվեն մի քանի մեքենաներից, Ադրբեջանի ունեցած հ-300 և «Patriot» հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերը թիրախների մեծ քանակի պատճառով չեն կարողանա բոլորը խոցել: Սակայն ճիշտ նույնը կարելի է ասել նաև Արցախի և Հայաստանի առնչությամբ` միայն այն տարբերությամբ, որ Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, ամերիկյան արտադրության «Patriot» համակարգեր չունի (դրանք Ադրբեջանը գնել է Իսրայելից):


Ավելին, հրապարակված տվյալների համաձայն, Ադրբեջանը 2004-2005 թթ. «Սմերչ» համակարգեր ստացել է ՈՒկրաինայից, 2007 թ. դրությամբ արդեն 12 միավոր ուներ: Բացի այդ, Ռուսաստանի հետ 2001-2012 թթ. պայմանագիր է կնքել «Սմերչի» 18 համակարգ ստանալու վերաբերյալ և ստացել է: Մատակարարումը սկսվել է 2013 թվականից:
Հայաստանը նույնպես Ռուսաստանից գնել է «Սմերչ» համակարգեր: Դա հնարավոր է եղել Երևանում 2015 թ. հունիսի 26-ին կնքված և ՌԴ տրամադրած 200 մլն դոլար վարկային համաձայնագրի շրջանակում: Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) հրապարակած զեկույցի համաձայն, Հայաստանը 2016-2017-ին Ռուսաստանից ներկրել է 6 միավոր «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ: Այստեղ նշենք, որ մեր երկիրը, ըստ որոշ տեղեկությունների, մինչ այդ էլ ուներ նշված համակարգերից (հնարավոր է` խոսքը «Սմերչի» չինական նմանակի մասին է), սակայն դրանց ընդհանուր քանակը, կարծում ենք, բավարար չէ Նախիջևանի և Ադրբեջանի` Գեղարքունիքի մարզին սահմանակից Գետաբեկի և Դաշքեսանի շրջանների կողմից Երևանին սպառնացող վտանգը վստահորեն չեզոքացնելու կամ զսպելու համար, քանի որ պատերազմի դեպքում դրանք հարկ կլինի կիրառել նաև Հայաստանի այլ վայրերից և Արցախից: Այս առումով, ինչպես արդեն նշել ենք, անհրաժեշտ է, որ Հայաստանը ձեռք բերի «Սմերչի» նոր խմբաքանակ, գոնե մի 20 միավոր (այլ երկրներ արտահանման համար նախատեսված ռուսական «Սմերչի» մեկ համակարգի արժեքը 12,5 մլն ԱՄՆ դոլար է, սակայն դա չի վերաբերում Հայաստանին, քանի որ մեր երկիրը Ռուսաստանից սպառազինությունը, ինչպես հայտնի է, ձեռք է բերում գործարանային գներով):


Գաղտնիք չէ, որ Հայաստանը հատկապես իր ունեցած «Երկիր-երկիր» և «Երկիր-օդ» դասի հրթիռների շնորհիվ է կարողանում զսպել Ադրբեջանի ռազմական նկրտումները, քանի որ ունեցած տանկերի և այլ զրահատեխնիկայի, ինչպես նաև ավիացիայի առումով էապես զիջում է թշնամուն:
Ի դեպ, հայաստանյան որոշ ԶԼՄ-ներ, ապրիլի 3-ին «Ժամանակի», իսկ վերջինս էլ անանուն աղբյուրների վրա հղում կատարելով, տեղեկացրին, որ Ռուսաստանը պատրաստվում է 3-րդ վարկը տրամադրելու Հայաստանին (ի տարբերություն նախորդի, անտոկոս), որով մեր երկիրը Ռուսաստանից գնելու է զենքի հերթական խմբաքանակը, մասնավորապես` «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների` նախորդից ավելի մեծ խմբաքանակ, որը «տեղաբաշխվելու է Ադրբեջանին սահմանամերձ տարածքներում՝ նշանառության տակ վերցնելով ռազմավարական նշանակության ենթակառուցվածքները»: Եթե այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ապա դրա համար կարելի է միայն ուրախանալ, քանի որ Ադրբեջանի կողմից լայնածավալ պատերազմը տեսանելի ապագայում ուղղակի կբացառվի, եթե, իհարկե, այժմ աքլորացող այդ պետությունը չի ուզում դիմել ինքնասպանության: «Իսկանդերի» հրթիռները ոչ միայն Ադրբեջանի, այլև ԱՄՆ-ի և Իսրայելի հակահրթիռային համակարգերի կողմից անխոցելի են:


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3654

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ