Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Սիրիական ավիաբազային հասցված հարվածը նախերգանքն է

Սիրիական ավիաբազային հասցված հարվածը  նախերգանքն է
10.04.2018 | 09:46

Շաբաթ երեկոյան Սիրիայում իրականացվել է ԱՄՆ-ի նախապես ծրագրած սադրանքը, իսկ երկուշաբթի օրը՝ Սիրիայի ավիաբազաներից մեկի վրա հրթիռային հարձակումը, ինչի համար էլ նախատեսված էր այդ սադրանքը:


Դամասկոսի մոտակայքում գտնվող Դումա քաղաքում ապրիլի 7-ին ահաբեկիչների քիմիական հարձակման պատճառով տասնյակ քաղաքացիներ են զոհվել ու տուժել: Ըստ Իրանի «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման, նախնական տվյալների համաձայն, 75 հոգի զոհվել, ևս հարյուր հոգի տուժել է: Իրանական մեկ այլ ԶԼՄ-ի հրապարակման համաձայն, զոհերի թիվը հասնում է մոտ 100-ի, իսկ «Reuters»-ի փոխանցմամբ, ընդհանուր առմամբ 35 մարդ է զոհվել: Նախնական տեղեկատվության համաձայն, քլոր պարունակող ռումբը գցվել է Դումայում գտնվող հիվանդանոցին մոտակա մի շենքի վրա:


Սիրիայի պաշտոնական լրատվական գործակալության տեղեկացմամբ, շաբաթ երեկոյան Սիրիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ այսօր, երբ Սիրիայի բանակն առաջացել է ահաբեկիչների դեմ պայքարում, ահաբեկիչների ներկայությունը երկարաձգելու նպատակով, Արևելյան Ղութայի Դումա քաղաքում քիմիական զենքի օգտագործման կեղծ հայտարարություններ են կատարվել:
«Քիմիական զենքի օգտագործման մասին պնդումները ձանձրալի և անհավատալի պատմություն են դարձել՝ բացառությամբ այն երկրների, որոնք զբաղվում են քաղաքացիական բնակչության արյան առքուվաճառքով և աջակցում ահաբեկչությանը Սիրիայում», - նշված է Սիրիայի ԱԳՆ հայտարարության մեջ:
Նույն հայտարարության համաձայն, «Ամեն անգամ, երբ Սիրիայի արաբական բանակը հաջողություններ է ունենում ահաբեկչության դեմ պայքարում, քիմիական նյութերի օգտագործման մասին պնդումներն օգտագործվում են որպես պատրվակ՝ Դումայում ահաբեկիչների կյանքը երկարաձգելու համար»:


Բացի վերոնշյալից, Սիրիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ «Ղութայում ահաբեկիչների կողմից քիմիական նյութի կիրառումը նախապես ծրագրված էր, և կա փաստաթղթերով հաստատված տեղեկատվություն, սիրիական պետությունն այդ մասին ավելի վաղ զգուշացրել էր»:
Նախապես արդեն տեղյակ լինելով դեռ ահաբեկիչների և Սիրիայի զինյալ ընդդիմության հսկողության տակ գտնվող Դումայում նախապատրաստվող սադրանքին, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ուրբաթ օրը զգուշացրել էր, որ «Ջեյշ Օլ Էսլամ» ահաբեկչական խումբը և, այսպես կոչված, Սիրիայի ազատ բանակը մտադիր են քիմիական գազ կիրառել Դումայում:


ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր նաև, որ ահաբեկիչներն այդպիսով նպատակ ունեն Սիրիայի կառավարությանը մեղադրել իր քաղաքացիների դեմ հարձակում կազմակերպելու մեջ: Տեղի ունեցածից հետո ՌԴ արտգործնախարարությունը Դումայի վրա Սիրիայի պետական ուժերի քիմիական հարձակման մասին տեղեկատվությունը կեղծ է համարել և հայտարարել է, որ նման անհիմն հայտարարությունների նպատակը Սիրիայի վրա ռազմական հարձակման առիթ գտնելն է: ՌԴ արտգործնախարարության հավաստմամբ, նման անհիմն լուրեր տարածելու նպատակը նաև հովանավորելն է ահաբեկիչներին ու ծայրահեղական խմբավորումներին, որոնք խոչընդոտում են Սիրիայի ճգնաժամի քաղաքական կարգավորմանը:
Իրանի ՍԱՆԱ լրատվական գործակալությունը նույնպես քննադատել է Սիրիայի բանակի դեմ արևմտյան ԶԼՄ-ների քարոզչական արշավը և հայտարարել, որ Դումայում Սիրիայի կառավարական բանակի կողմից քիմիական զենքերի կիրառման մասին հայտարարությունն անհիմն է: Հիշյալ գործակալությունը հավաստել է, որ նման մեղադրանք առաջ քաշելով, ահաբեկիչները փորձում են բացահայտորեն կանխել սիրիական ուժերի առաջխաղացումը:
Չնայած այս ամենին, ԱՄՆ-ի պետդեպարտամենտը դարձյալ փորձել է Դումայում ահաբեկչական խմբերի կողմից քիմիական հարձակում իրականացնելու մասին մտահոգություն հայտնելով, այն կապել Սիրիայի կառավարության հետ և այսպիսով աջակցել ահաբեկիչներին:


«Reuters»-ի հաղորդման համաձայն, ԱՄՆ-ի պետդեպարտամենտը հայտարարել է, որ Դումայի տարածքում քիմիական հարձակման մասին զեկույցներ են նախապատրաստվում, և որ Սիրիայի կառավարության կողմից երկրի ժողովրդի դեմ քիմիական զենքի կիրառումն անվիճելի է:
Ավելին. չբավարարվելով Սիրիայի իշխանություններին մեղադրելով, ԱՄՆ-ի պետդեպարտամենտը հայտարարել է, որ Ռուսաստանը նույնպես պատասխանատու է քիմիական զենքի միջոցով Սիրիայի ժողովրդին հարձակման ենթարկելու համար, քանի որ հովանավորում է Սիրիայի իշխանություններին: Դե ինչ, Միացյալ Նահանգներն իր լկտիությամբ վաղուց չի զարմացնում աշխարհին: Իր հերթին, Սիրիայի կառավարության հասցեին ապրիլի 8-ին սպառնալից հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը` նրան մեղադրելով Դումայի վրա հարձակման ընթացքում քիմիական զինամթերքի կիրառման մեջ: Այստեղ ընդգծենք, որ Դուման Արևելյան Ղութայում, Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի մերձակայքում ահաբեկիչների, բանդիտական կազմավորումների վերջին ամրակետն է: ԱՄՆ-ի նախագահը կատարվածի պատասխանատվությունը դրել է նաև Ռուսաստանի և Իրանի վրա` Սիրիայի նախագահ Բաշար Ասադին աջակցելու համար:
«Նախագահ Պուտինը, Ռուսաստանը և Իրանը պատասխանատու են անասուն Ասադին աջակցելու համար»,- գրել է ԱՄՆ առաջնորդը «Թվիթեր»-ի իր էջում :


Դոնալդ Թրամփն իր խոսքը եզրափակել է «Մեծ գին» բառերով` նկատի ունենալով, որ կատարվածի դիմաց մեծ գին են վճարելու, սակայն չի մանրամասնել, թե խոսքն ինչի մասին է:
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին, ինչպես տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն, Սիրիայում քիմիական հարձակման վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այս հայտարարությունը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ ուղղված դավադրություն է անվանել: Բացի այդ, արտգործնախարարության ներկայացուցիչը նշել է, որ Սիրիայի բանակն արդյունավետորեն պայքարում է ահաբեկիչների դեմ և առավելություն ունի մարտադաշտում, հետևաբար քիմիական զենքի օգտագործման մասին մեղադրանքն անտրամաբանական է: Քասեմիի համոզմամբ, Սիրիայի դեմ քայլերը երկրում կբարդացնեն իրավիճակը ու պատճառ կդառնան, որպեսզի ահաբեկչական խմբավորումները շարունակեն իրենց գործունեությունը:
«ԱՄՆ-ի և որոշ արևմտյան երկրների կողմից նման մեղադրանքները վկայում են սիրիական կառավարության, սիրիացիների և տարածաշրջանի բնակիչների դեմ նոր դավադրության մասին և պատրվակ են Սիրիայի դեմ քայլերի համար»,- ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: Նրա խոսքերը մեջբերված են Իրանի արտգործնախարարության կայքում:
Սիրիայում ռազմական միջամտության անթույլատրելիության մասին հայտարարությամբ հանդես գալով՝ Ռուսաստանի ԱԳՆ-ն հիշեցրել է, որ ռուսները Սիրիայում են գտնվում երկրի օրինական իշխանության խնդրանքով: Արտաքին միջամտությունը, ինչպես նշել են ԱԳՆ-ում, բացարձակապես անընդունելի է և «կարող է ավելի լուրջ հետևանքների հանգեցնել»:


Այնուհանդերձ, ԱՄՆ-ի նախագահի վերոնշյալ հայտարարությունից կարճ ժամանակ անց, ապրիլի 9-ին զանգվածային հրթիռային հարված է հասցվել Սիրիայի Հոմս նահանգում գտնվող T-4 («Ալ-Թիֆուր», ըստ այլ աղբյուրների՝ «Թայֆոր) ռազմական օդանավակայանին: Նշենք, որ Հոմս նահանգի նույնանուն կենտրոնը Դամասկոսից ընդամենը 162 կմ է հեռու` դեպի հյուսիս, Հալեպից՝ 192 կմ դեպի հարավ, իսկ Արևմուտքում ընդամենը 90 կմ է հեռու Սիրիայի Տարտուս նավահանգստից, որտեղ ՌԴ ռազմածովային ուժերի բազան է:
Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրի, հարձակման հետևանքով ոչ ոք չի տուժել, սակայն իր ռազմական աղբյուրների վրա հղում կատարելով, ՍԱՆԱ գործակալությունը հաղորդել է, որ հարձակման պատճառով զինծառայողների շրջանում զոհեր ու վիրավորներ կան: ՍԱՆԱ-ի տեղեկությունների համաձայն, հակաօդային պաշտպանության սիրիական համակարգը արձակված հրթիռներից 8-ը ոչնչացրել է, սակայն թե դրանցից քանիսն են թիրախին հասել, ապրիլի 9-ի առավոտյան, դեռ չէր հաղորդվում:
«Associated Press»-ը, վկայակոչելով մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնին, հայտնել է, որ ավիաբազայի հրթիռակոծման պատճառով զոհվել է 14 հոգի, ընդ որում, ոչ միայն սիրիացիներ, այլև իրանցիներ: Թե որքա՞ն է հավաստի հիշյալ տեղեկությունը, այս պահին դժվար է ասել:


«Ալ Մայադեն» հեռուստաընկերության վկայությամբ, օդանավակայանի շրջանում որոտացել են մի քանի ուժեղ պայթյուններ, Միջերկրական ծովի կողմից հրթիռները Սիրիայի կողմ են թռել Լիբանանի տարածքով: Հարձակումից կարճ ժամանակ անց ՍԱՆԱ-ի սկզբնական շրջանի հաղորդագրության մեջ նշված է, որ օդանավակայանին հարվածը ենթադրաբար հասցրել են ԱՄՆ-ի օդային ուժերը, սակայն Սպիտակ տունը, հետևելով Պենտագոնին, չի հաստատել վերոնշյալ հարձակմանն ԱՄՆ-ի մասնակցությունը: Իր հերթին, Ֆրանսիան հայտնել է, որ հարվածը Ֆրանսիայի զինուժը չի հասցրել:
Կարճ ժամանակ անց պարզվեց, որ հրթիռային հարվածը հասցրել է Իսրայելը, որը նախկինում էլ քանիցս հարձակվել է Սիրիայի ռազմական օբյեկտների վրա: Մոսկվայի ժամանակով 03.25-03.53 ժամանակահատվածում Իսրայելի ռազմաօդային ուժերի երկու F-15 ինքնաթիռներ ապօրինաբար, միջազգային իրավունքի կոպիտ խախտմամբ մտնելով Լիբանանի օդային տարածք, այնտեղից, առանց Սիրիայի օդային տարածք մուտք գործելու, բազմաթիվ կառավարվող հրթիռներ են արձակել հիշյալ օդանավակայանի ուղղությամբ։ ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն, Լիբանանի օդային տարածքից Իսրայելի երկու F-15 կործանիչից արձակված կառավարվող հրթիռներն ութն են եղել, որոնցից 5-ը խոցել է Սիրիայի ՀՕՊ-ը, իսկ մնացած 3-ը հասել են օդանավակայանի արևմտյան մասին: ՌԴ ՊՆ-ի հավաստմամբ, զոհերի և տուժածների թվում Սիրիայում գտնվող ռուսաստանյան խորհրդականներ չկան:


«ՌԻԱ Նովոստի»-ի տեղեկացմամբ, ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային գործերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովի կարծիքով, Ռուսաստանն իր պաշտպանական և դիվանագիտական գերատեսչությունների միջոցով արդեն հարցում է ուղարկել Իսրայելին` սիրիական ավիաբազայի ուղղությամբ իրականացված ավիահարվածների պատճառները ճշտելու նպատակով։
«Պետք է հասկանալ, թե ինչն է Իսրայելին դրդել այդպիսի քայլի, ո՞վ է նրա վրա ճնշում գործադրել։ Կամ` այդ որոշումը ինքնուրու՞յն է կայացվել,- ասել է Ջաբարովը և ընդգծել,- եթե Իսրայելին այդ քայլին դրդել է ԱՄՆ-ը, ապա վատ է, և Թել Ավիվի այսպիսի քայլը շատ բան է ոչնչացնում Իսրայելի հետ մեր հարաբերություններում»:
Իսրայելի բանակի պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Կոնրիկուսը անդրադառնալով մեկ այլ` ՌԴ ՊՆ-ի հայտարարությանը, ասել է, որ չի մեկնաբանի այն:


Թեև ՌԴ ՊՆ-ն հիշյալ հրթիռային հարձակման համար մեղադրել է Իսրայելին, սակայն սա չի նշանակում, թե ԱՄՆ-ը տվյալ հարձակման հետ որևէ առնչություն չունի, քանի որ տվյալ հարձակումը, ամենայն հավանականությամբ, համաձայնեցված է եղել ԱՄՆ-ի ու նրա գլխավորած միջազգային ռազմական կոալիցիայի հետ: Այս կարծիքն է հայտնել պրոֆեսոր, ռազմական բախումնաբանության և աշխարհառազմավարական կանխատեսման փորձագետ Եվգենի Նիկիտենկոն: Վերջինիս կարծիքով, սիրիական ռազմաբազային Իսրայելի հարվածը հետապնդում է երկու նպատակ. վնաս պատճառել սիրիական ռազմական ենթակառուցվածքին, սակայն եղել է նաև երկրորդ խնդիրը` գնահատել սիրիական ՀՕՊ-ի արձագանքման որակը, ինչպես նաև կապի և թիրախների հայտնաբերման ռուսական համակարգերը: Ըստ փորձագետի, անգլոսաքսերը և իսրայելցիները վերլուծում են այդ ավիահարվածին եղած արձագանքը և իրենց հետևությունները կատարում: Այդպիսի հարված հասցնելը շատ լավ միջոց է ստուգելու, առաջին հերթին, ռուսական համակարգերը:


Վերոնշյալով հանդերձ, Սիրիայի ռազմական օդանավակայանի վրա Իսրայելի հիշյալ հարձակումը նախորդներից առանձնանում է նրանով, որ անմիջապես հաջորդել է Դումայում իրականացված քիմիական հարձակման սադրանքին: Որևէ կասկած չկա, որ Սիրիային հարվածելու հարցում ԱՄՆ-ը և Իսրայելը հանդես են գալիս միասնաբար, ինչպես ֆուտբոլային խաղի ժամանակ են ֆուտբոլիստները խաղում՝ գնդակը մեկը մյուսին փոխանցելով: Դատելով ամենից`Իսրայելի վերոնշյալ հրթիռային հարվածը դեռ նախերգանքն է` Սիրիային ԱՄՆ-ի է՛լ ավելի հզոր հարվածից առաջ, քանի որ Սիրիային հիշյալ հարձակմամբ պատճառված վնասը ԱՄՆ-ը և անձամբ Դոնալդ Թրամփը դժվար թե համարեն վերջինիս կողմից նշված այն մեծ գինը, որը պետք է վճարի Սիրիան Դումայում քիմիական հարձակման պատրվակով: Դումայում շաբաթ օրվա սադրանքը հենց այնպես չի կատարվել, դրա հետ կապված խաղադրույքները շատ բարձր են, խաղն էլ շատ հեռուն գնացող նպատակներ ունի: Այս մասին է հուշում նաև այն, որ քիմիական զինամթերքի կիրառման հիշյալ սադրանքից անմիջապես հետո Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Բորիս Ջոնսոնը կոչ է արել անհապաղ հետաքննել Դումայում քիմիական զենքի կիրառման մասին զեկույցները: Ավելին, ինը պետություն` ԱՄՆ-ը, Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան, Լեհաստանը, Նիդերլանդները, Շվեդիան, Քուվեյթը, Պերուն և Կոտ դþԻվուարը, պահանջել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ անցկացնել՝ Սիրիայում քիմիական հարձակման մասին հաղորդումները քննարկելու համար:

Ռուսաստանի դեմ Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր թունավորման հետ կապված Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի ու նրանց դաշնակիցների զրպարտությունն էլ Սիրիայում ԱՄՆ-ի նախատեսած հարձակման համատեքստում է, իսկ նպատակն այն է, որ քիմիական զենքի կիրառման մեջ մեղադրվող ու միջազգային ճնշումների տակ գտնվող Ռուսաստանի լեզուն ու ձեռքերը կարճվեն, և տվյալ իրավիճակում քիմիական զենքի կիրառման մեջ մեղադրվող և առաջիկայում էլ հարձակման ենթարկվելիք Սիրիային քաղաքական ասպարեզում Ռուսաստանի պաշտպանությունը հնարավորինս անարդյունավետ լինի: Բայց այդ դեպքում Արևմուտքը լրջորեն հաշվի նստե՞լ է Ռուսաստանի ռազմական պաշտպանության հետ…
ԱՄՆ-ը, ինչպես նաև նրա եղբայր ու գլխավոր հանցակից Իսրայելը վաղուց են թքել միջազգային իրավունքի, օրենքների, բարոյական նորմերի վրա և ինչպես անցյալ դարում, այնպես էլ մեր ժամանակներում առաջնորդվում են ջունգլիների օրենքով, հետևաբար, կարծում եմ, նրանք կարող են միայն այդ լեզուն հասկանալ ու նրանց հետ պետք է հարաբերվել միայն այդ օրենքով: Այժմ Ռուսաստանը նախաձեռնել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ` միջազգային խաղաղության և անվտանգության հանդեպ առկա սպառնալիքի հարցով: Այդ նիստը նախատեսվում էր ապրիլի 9-ին` ժամը 15:00-ին:


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3279

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ