Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

«Քո զամբյուղն էնքան վատն է, որ даже դահլիճ չենք տանելու»

«Քո զամբյուղն էնքան վատն է, որ даже դահլիճ չենք տանելու»
13.04.2018 | 08:26

Իմ այս հրապարակումն ուզում եմ սկսել` վկայակոչելով Ֆյոդոր Դոստոևսկուն. «Ամբողջ աշխարհի երջանկությունը չարժե անմեղ երեխայի արցունքի մեկ կաթիլ»:
Առավել քան համոզված եմ` իրեն որպես «40 տարվա մանկավարժ» հրամցնող սուբյեկտն անտեղյակ է, թե (հայցում եմ աշխարհահռչակ ռուս մտածողի ներողամտությունը) ինչ է «Կարամազով եղբայրները»: Հետևաբար հիշատակածս տողերը ո՛չ մի արձագանք չեն թողնի նրա կարծրացած սրտում, ոչի՛նչ չեն տա նրա նյութապաշտ հոգուն: (Շտապեմ տվյալ անձնավորության ականջին շշնջալ` «Կարամազով եղբայրները» ո՛չ լավ փաթեթավորված թանկարժեք գինու շիշ է, ո՛չ իր նախընտրած քաղցրավենիքի շքեղ տուփը (Ռոբերտ Քոչարյանը կասեր` բոմբոներկա) և ո՛չ էլ սույն տիկնոջ այնքա՜ն «նրբաճաշակ» քիմքին հաճո դելիկատես):
Երևանյան մանկապարտեզներից մեկում դաստիարակ աշխատող հիշյալ «պրոֆեսիոնալի» (քիչ անց կբացահայտեմ, թե ինչ առումով) անուն-ազգանունն առայժմ չենք հիշատակում (շեշտում եմ` առայժմ): «Պրոֆեսիոնալիզմը», որը նա կատարելագործում է ազգի (բախտի բերմամբ, թե պատահմամբ իրեն վստահված) վաղվա «շիթիլների» (Խաչիկ Դաշտենցի բնութագրումն է) հոգեբանությունը խեղելով, Դոստոևսկու ջգրու անմեղ երեխայի աչքերից պատեհ ու անպատեհ առիթներով դառն արցունքների կաթիլներ կորզելով, մեղմ ասած` հանցագործություն է: Այո՛, հենց հանցագործություն մեր վաղվա օրվա, մեր երկրի ապագայի նկատմամբ:

Ընթերցողի հետ կիսվելու այնքա՜ն բան կա, բա՞յց…
Մի կողմ թողնենք շատ «մանրուքներ» (որքան էլ պնդում են, թե սատանան հենց մանրուքների մեջ է), այդ թվում դրամահավաքության փաստը (ես կասեի` մուրացկանության դրսևորումները)` հացամաններից սկսած մինչև տոնածառ ու փոշեկուլ գնում են ծնողներից պոկած գումարներով: Եվ այն պարագայում, երբ քաղաքապետարանի համապատասխան պաշտոնյան վստահեցնում է` պետական ֆինանսավորումը լիովին բավարար է, որ ծնողը մեկ դրամ անգամ չծախսի մանկապարտեզի համար գույք գնելու նպատակով:


Չծանրանանք նաև սույն տիկնոջ՝ սաների դաստիարակության նպատակով կիրառած հակամանկավարժական «նորարարությունների» վրա:
Միայն մեկ օրինակ. տիկինը որպես պատիժ երեխաներին կարող է, առանց այլևայլության, «աքսորել»… զուգարան: Ժամերով: Մանկության տարիներին, ամենայն հավանականությամբ, ժամանցի նրա նախընտրած ու ամենասիրելի տեղը հենց զուգարանն է եղել:
Անցնենք հարցադրումներին.
ա) կատարած սխալը երեխային հայոց բառուբանով բացատրելու-հասկացնելու փոխարեն փոքրիկին զուգարանում բանտարկող ոմն մանկավարժի ինչպե՞ս են թույլ տալիս հարաբերվել իրենց իրավունքներն ու արժանապատվությունը դեռևս պաշտպանել չկարողացող փխրուն հոգիների հետ:
բ) ՈՒ՞մ թեթև ձեռքով է ազգի ապագան վստահվում սեփական որկորից ու գրպանից այն կողմ ոչինչ չտեսնող «դաստիարակչուհիներին»:
գ) Ովքե՞ր են նմանների հովանավորներն ու «տանիքը», որ այս չկայացածներին համարձակություն են տալիս ծնողի դեմքին լկտիաբար շպրտելու. «Գնա՛, ու՛մ ուզում ես բողոքիր»:
Չէ՛, չենք «բողոքի»: Պարզապես կներկայացնենք իրողությունը և ընդամենը փաստերը կկոչենք իրենց անուններով: Ինչպես ասում են՝ թող սրանց հովանավորների գլուխը ցավի: Իսկ մինչ այդ…

ՓԱԿԱԳԾԵՐԻ ՄԵՋ
(անհրաժեշտ վրձնահարված առաջարկվող դիմապատկերին)
Մեր «հերոսուհին» Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի առթիվ երեխաներից պահանջել էր զամբյուղներ, որոնք անհրաժեշտ ատրիբուտների հետ նաև (ո՜վ զարմանք) գինի պետք է պարունակեին: Հետևաբա՞ր…
Եզրակացությունը մեկն է` տվյալ մանկապարտեզի սաները հարբեցողներ են, ավելի ճիշտ` մանկահասակ գինեմոլներ: (Չկասկածեք, եթե Ռուսաստանի Դաշնությունում արձանագրվեր արտառոց այս դեպքը, արևմտյան լրատվամիջոցները կաղմկեին` маленькие алкаши из…): Բայց սա Հայաստանն է՝ ասվածի տողատակերից բխող (տվյալ պարագայում` սպրդող) բոլոր ածանցյալներով...
Կռահեցիք, չէ՞, որ ծնողներից ոմանք զամբյուղների պարունակությունը (իմա` դաստիարակչուհուն) «պատվում» են գինով:
Բայց սա դեռ ի՜նչ է, որ: Մեր «հերոսուհին» ինքնակոչ «դեգուստատոր» դարձած զամբյուղները «լավ ու վատ» գնահատականների է արժանացնում` ապավինելով սեփական քիմքին ու ստամոքսին: Ե՞վ… բոլոր սաների ներկայությամբ կարդում է փոքրիկներից մեկի «մեղադրական եզրակացությունը».
-Քո զամբյուղն էնքան վատն է, որ даже դահլիճ չենք տանելու: Ոնց բերել ես, ըտենց էլ կտանես…

Տեսնես առայժմ անանուն այս տիկինը գիտակցու՞մ է, որ իր նման խեղված հոգեբանությամբ արարածին даже ախոռ չի կարելի թողնել, էլ ու՜ր մնաց մանկապարտեզ:
Տիկի՛ն даже, իսկ չե՞ք մտածել, որ փոքրիկի ունեցածը թերևս հենց այդ զամբյուղի պարունակությունն էր: Կամ էլ նրա ծնողները հոգևորը գնահատող մարդիկ են ու գիտեն՝ աստվածահաճո արարք չէ Սուրբ Զատիկը վերածել ճոխ զամբյուղների շքահանդեսի, կուշտ ու կուռ ուտել-խմելու և… նեղացնել օրվա խորհուրդը, իջեցնել ճղճիմ բնազդների մակարդակին: Հանուն ստամոքսի…

«ԱՅՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԸ, ՈՒՄ ՆՅԱՐԴԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՉԻ ԲԱՎԱՐԱՐՈՒՄ ԵՐԵԽԱՅԻ
ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՎԵԼՈՒՆ, ՉՊԵՏՔ Է ԱՇԽԱՏԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ»


Փաստենք. խայտառակ այս իրավիճակը ներկայացրել ենք քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ ԱՆՆԱ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ ու լիահույս ենք, որ նա հետամուտ կլինի արդարության հաղթանակին: Նաև հավելենք՝ մանկապարտեզներին առնչվող որոշ խնդիրների շուրջ զրուցեցինք վարչության պետի հետ:
Զրույցից իմացանք, որ քաղաքապետարանի համապատասխան վարչության աշխատակիցները մանկապարտեզներում մշտական հսկողության տակ են պահում սննդի, երեխաների անվտանգության, սանիտարահիգիենիկ վիճակին առնչվող հարցերը։ Լինում են նաև պատահական շրջայցեր, որոնց ընթացքում մեծ ուշադրություն են դարձնում նաև կրթադաստիարակչական գործընթացին:


Անդրադառնալով նախակրթական հաստատություններում դրամահավաքության թեմային` վարչության պետն ասաց, որ հաճախ են լինում դեպքեր, երբ ծնողներն ինքնուրույն ինչ-որ բան են որոշում, բայց այն դիտարկվում է որպես դրամահավաքության օրինակ: Քաղաքապետարանում գործում է «Թեժ գիծ»՝ 1-08 և 514-000, որով ծնողները կարող են ահազանգել իրենց անհանգստացնող այս կամ այն խնդրի մասին: Ահազանգի պարագայում վարչության մասնագետները գնում են լուրի հետքերով, ուսումնասիրում են իրավիճակը, եզրահանգումներ են անում, բայց հետո, ինչպես փաստում է մեր զրուցակիցը. «գալիս են ծնողներ ու ասում, թե իրենք են որոշել դրամահավաք անել, մանկապարտեզը կապ չունի»:
Լինենք իրատես, չի կարելի դրամահավաքի և մի շարք այլ խնդիրների մեջ մեղադրել միայն այս կամ այն մանկապարտեզի տնօրենությանը: Մեզանում տխուր ավանդույթ է ձևավորվել, երբ հենց ծնողներն են կոծկում իրավիճակը՝ շողոքորթելով դաստիարակին կամ տնօրենին, կոպիտ ասած, հարձակվում խնդիրը բարձրացնող ծնողի վրա և արջի ծառայություն մատուցում առաջին հերթին սեփական երեխաներին: Հենց այս հանգամանքից էլ շատ լավ օգտվում են և՛ տնօրենները, և՛ դաստիարակները:


Աննա Ստեփանյանը, չբացառելով դրամահավաքության դեպքերը, ասաց. «Այսօր մեր ծնողական համայնքը ոչ թե դրամահավաքությամբ պետք է զբաղվի, այլ լուրջ խնդիրներով։ Այնքա՜ն անելիք կա։ Երբեմն գումարներ են հավաքում սաներին թատրոն, թանգարան տանելու համար։ Կարծում եմ, ճիշտ կլինի այդ ամենը ոչ թե նախակրթական հաստատությունում իրականացնելը, այլ թատրոնի տարածքում: Ծնողը չպետք է տրվի որևէ գայթակղության: Ի վերջո, ուզու՞մ ես մի փունջ ծաղիկ նվիրել, բոլորովին պետք չէ, որ մարտի 8 կամ ապրիլի 7 լինի»:
Երբ նկատեցինք, որ կան մանկապարտեզներ, որտեղ դաստիարակը երեխաների ծնողներից հացամաններից սկսած մինչև տոնածառի ու փոշեկուլի գնման համար գումար է պահանջում, ոլորտի պատասխանատուն հակադարձեց, որ ֆինանսական վարչությունը հաշվարկում է մանկապարտեզների բոլոր ծախսերը և համապատասխան ֆինանսներ հատկացնում: Յուրաքանչյուր մանկապարտեզ ներկայացնում է տարիֆիկացիա, որտեղ ֆիքսված են մանկապարտեզի կարիքները: Բացի այսպես ասած, մայր գումարից, իմա՝ հիմնական ֆինանսավորումից, քաղաքապետարանն ունի նաև առանձին գումարային ֆոնդ, որով մանկապարտեզներին գույքով է ապահովում: 2017-ին քաղաքապետարանը 12 հազար 340 կոշտ գույք է նվիրել մանկապարտեզներին: 2017-ին հիմնանորոգվել է 8 մանկապարտեզ և մասնակի նորոգվել 23-ը: 2018-ին ևս այս աշխատանքները շարունակվելու են: Հնգամյա ծրագրով նախատեսվում է նորոգել կամ հիմնանորոգել բոլոր 160 մանկապարտեզները:
«Օգնիր մանկապարտեզին» հաշվեհամարը, որով ծնողները կամ բարերարները ցանկություն էին հայտնում ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մանկապարտեզներին, կասեցվել է, քանի որ եղել են դժգոհություններ, պարտադրանքի մասին խոսակցություններ: «Ասել, թե քաղաքապետարանն ի վիճակի չէ մանկապարտեզները պահելու, սխալ է, որովհետև, նման բան չկա: Եթե այդքան երեխայի ծախսերը հոգում է, անվճար ուսուցումը տրամադրում է, հաստատ հացամանը, մեկ կամ հինգ փոշեկուլը քաղաքապետարանի համար խնդիր չեն: Այսօր անվճար մանկապարտեզ է հաճախում 30 հազար 700 երեխա»,- թեման եզրափակեց Աննա Ստեփանյանը՝ ընդգծելով, որ եթե մանկապարտեզն իրենց դիմեր խնդրով, թե փոշեկուլի կամ տոնածառի կարիք ունեն, հաստատ հերթը ծնողներից գումար հավաքելուն չէր հասնի: Սա` ի գիտություն մեր հիշատակած դաստիարակչուհու:


Երեխաներին տրվող սնունդը ևս խոշորացույցի տակ է: Վարչության պետը հավաստիացրեց, որ ամեն երկուշաբթի սննդի հարցը զեկուցվում է քաղաքապետին, մշտական հսկողականների մեջ է, այս հարցով շրջայցեր միշտ են լինում: Կա կազմակերպություն, որ բոլոր մթերքները ստուգում է, սկսած կարագից մինչև տոմատի մածուկ: Առանց համապատասխան փաստաթղթերի առկայության մանկապարտեզի ոչ մի տնօրեն թույլ չի տա մատակարարին մուտք գործել մանկապարտեզ: Վարչության աշխատակիցները շրջայցերի ժամանակ ժամկետներին պարտադիր նայում են: «Որպես մարդ, որպես մայր, որպես պատասխանատու` հոգեբանորեն շատ հանգիստ եմ այս առումով, որովհետև շատ լուրջ վերահսկողություն կա»,- շեշտեց տիկին Ստեփանյանը:


Որևէ դաստիարակչուհու մասնագիտորեն պիտանի կամ անպետք լինելը լուրջ խնդիր է։ Հանրակրթության վարչության պետի դիտարկմամբ, երբ կա մասնագիտական դիպլոմը, տվյալ անձը կարող է աշխատել մանկապարտեզում, հնարավոր չէ ի սկզբանե որոշել, որ նա չի կարող երեխաների հետ աշխատել: Այստեղ շատ էական է տնօրենի պրոֆեսիոնալիզմը: Ի՞նչ անել, որ ոչ ադեկվատ, երեխաներին հարվածող, զուգարանում պահող, հոգեբանությունը խեղող դաստիարակն այլևս մանկապարտեզում չաշխատի, ոլորտի պատասխանատուի պատասխանը հետևյալն էր. «Այն մանկավարժը, ում նյարդային համակարգը չի բավարարում երեխայի հետ հարաբերվելուն, չպետք է աշխատի մանկապարտեզում: Եթե 2-3 տարեկան երեխաների հետ ես աշխատում, դու պետք է նրանց հետ խաղաս, վազես: Երբ նոր էի վարչության պետի պաշտոնում աշխատում, մանկապարտեզի տնօրենների հետ խորհրդակցություն անցկացրի ու ասացի, որ դաստիարակը պետք է լինի ոչ թե ճտքավոր, բարձրակրունկ կոշիկներով ու կարճ կիսաշրջազգեստով, այլ հարմարավետ հագուստ կրող դաստիարակ-հոգեբան, որ երեխաների հետ կարողանա գորգի վրա նստել, խաղալ, վազել: Չնայած այս կարծիքի համար ինձ քննադատեցին: Իմ ողջ նպատակն այն է, որ երեխաների մեջ զարգացնեն տրամաբանություն, ինքնուրույնություն և անհատականություն: Անկախ խմբում սաների թվից, նրանք բոլորը անհատականություն են: Եթե մանկավարժի պահանջը չեն ցանկանում կատարել, պետք է հասկանալ, թե ինչու, պետք է փորձել հասկանալ նրա հոգեբանությունը: Հետևում մնացին այն բոլոր մեթոդները, որոնցով աշխատում էին, հիմա այլ ժամանակներ են»,- հավարտ ասաց հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4775

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ