ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

«Ապագան պատկանում է հեռավար կրթությանը»

«Ապագան պատկանում է հեռավար կրթությանը»
26.04.2018 | 13:36

Ազգային կրթության ակունքները, դերը, մեզ հասած ավանդույթները, ոլորտի մերօրյա բացեր: Այս մասին է մեր զրույցը գրող, «Գլաձորի համալսարանը» փաստավավերագարական ֆիլմի սցենարիստ ՎԱՀԱՆ ՏԵՐ-ՂԱԶԱՐՅԱՆԻ հետ: 

 

«ՈՒՍՈՒՑԻՉԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ԱՆԵԼ ԱՄԵՆ ԻՆՉ, ՈՐՊԵՍԶԻ ԱՇԱԿԵՐՏԸ ԳԵՐԱԶԱՆՑԻ ԻՐԵՆ»

 

-Ի՞նչ է կրթամշակութային համակարգը:
-Ժամանակին մի միտք էինք արտահայտել՝ ներկա մեզ պարտադրված պայմաններում անհրաժեշտ է ստեղծել չորս հիմնադրամ՝ մայրության, մանկածնության, դաստիարակության և կրթության: Նման կառույց ունենալու դեպքում կունենանք և՛ ազգային պետություն, և՛ հարատևելու կամք, այսինքն, վերջապես կկարողանանք տեսնել հեռուն և դույզն-ինչ վստահել վաղվա օրվան: Բնականաբար, այս չորսը պետք է լինեն անհրաժեշտ ներդաշնակության մեջ, սակայն այդ ամենը կապել հիմնադրամի, այսինքն՝ դրամի հետ, առնվազն անհեթեթ է, հակատրամաբանական, բարոյազուրկ: Սա պետք է լինի հոգու մեջ:
ՈՒսուցիչ-աշակերտ հարաբերությունների մասին ոսկե կանոն, որ արդիական է մինչ օրս, պետք է օրինակ վերցնենք, բայց գուցե անտեսվում է:
Ակամա մտաբերում եմ Գլաձորի համալսարանի ներքին օրենքներից մի երկուսը: Ռեժիսոր Աշոտ Մովսեսյանի հետ «Գլաձորի համալսարանը» ֆիլմի վրա աշխատելիս՝ նա հիշատակեց այդ օրենքները, որ ինձ իսկապես զարմացրին: Թանադե վանքի պատին խորափորված է այդ օրենքներից մեկը, որ խրատի տրամաբանություն ունի. «Ամենայն ժամ բազմապատկիր գիտելիքը քո»: Հրաշք է, չէ՞: Եկել ես այստեղ այդ գործի համար: Եվ զարմանալի չէ սա, քանի որ մի այլ օրենք ասում է. «ՈՒսուցիչը պարտավոր է անել ամեն ինչ, որպեսզի աշակերտը գերազանցի իրեն»: Սա արդեն վճռականորեն հեռուն նայող, ազգի ու պետության ապագան կերտող հիմնօրենք է: Ճշտապահության համար նշենք, որ Գլաձորի համալսարանը՝ «Մայր իմաստից» «Երկրորդ Աթենք» կոչված այս կրթօջախը, հիմնականում աշխարհիկ հաստատություն էր: Սահակ-մաշտոցյան դպրոցի, Դավիթ Անհաղթի և Գրիգոր Մագիստրոսի այդ զավակը բնական գիտությունների շտեմարան էր, արտառոց փաստ զարգացած միջնադարի համար: Սրա ուղղակի ժառանգն էր Տաթևի համալսարանը, հեռավոր ժառանգը՝ Բաղեշի դպրոցը՝ Ամրդոլու վանքում՝ Հարանց անապատի հրաշքը: Մենք նկատում ենք խիստ որոշակի ընդհանրություններ Գրիգոր Տուտեորդու ճեմարանի և ավելի քան հինգ հարյուր տարի անց գործած Մխիթարյան միաբանության կրթական համակարգի միջև:
-Հայկական լեռնաշխարհում տեղի ունեցած հետագա դեպքերը հայ ժողովրդին ցրեցին աշխարհով մեկ, սակայն հայերը գիտակրթական մշակույթից չհեռացան և աշխարհի տարբեր վայրերում ստեղծեցին ուսումնական կենտրոններ: Ի՞նչ կասեք սրա մասին:
-Այո: Մխիթարյան միաբանություն: Սուրբ Ղազար կղզում երեք տարի ուսանել է Ջորջ Բայրոնը, այնուհետև ստեղծել առաջին հայ-անգլերեն բառարանը՝ հայր Ավգերյանի հետ: Սուրբ Ղազարն անպայման Սահակ-մաշտոցյան դպրոցի ժառանգ է: Կղզի այցելած Մաքսիմ Գորկին գրում է Մակարենկոյին, թե մինչև այստեղ գալը ինքը համոզված է եղել, որ Մակարենկոյի ստեղծած համակարգն ամենաառաջավորն է և ամենակատարյալը: Ապա հրավիրում է Մակարենկոյին գալ Իտալիա և սովորել, թե ինչպես են կրթում ու դաստիարակում այդ ուսուցիչներն իրենց սաներին: Դժբախտաբար սովետական էպոխայի Հայաստանում պարտադրվեց Մակարենկոյի դպրոցը, Աբեղյանի, Աճառյանի հնարավորությունները չէին ներում այլընտրանքի, այսինքն, հայ ազգայինի վերականգնման համար մայր հայրենիքում, ուր ամեն ազգային հայտարարվում էր նացիոնալիզմ և գնդակահարվում:
Այսպիսով, սովետական կրթությունը Հայաստանում իրականում մի խառնուրդ էր Մակարենկոյի պարտադրող համակարգի և հայ ծխական դպրոցի, որոնց վրա աննշան շղարշ էր կապում արմատական ազգայինի հիշողությունը: Սակայն սովետական դպրոցն աշխատեց և դա արդեն ազգային, մարդկային ֆակտորն էր գործում: Աշխատեց և հնարավորինս փայլուն արդյունքներ տվեց:
-Ի՞նչ ունենք այսօր:
-Եկան նոր ժամանակներ, դեմոկրատական հեղափոխությունը, ինչպես ամեն հեղափոխություն սկսեց քանդել ու ջնջել այն ամենը, ինչ հնարավոր էր քանդել ու ջնջնել, և այդ ամենի մեջ մտնում էր նաև կրթական առանց այն էլ խոցելի կառույցը: Անհեթեթ մասնավորեցումը հանգեցրեց հարյուրավոր մասնավոր բուհերի ստեղծման, որոնք սունկերի պես աճեցին Հայաստանի տարածքում և շուտով բացեցին իրենց իրական դեմքը: Իրականում դրանք շատ նման էին վաշխառուական կրպակների, ուր փողով դիպլոմ էր վաճառվում: Դրանք հիմա էլ կան: Իհարկե, ավանդական կրթական կառույցը պահպանվել է, սակայն շնաձկներով շրջապատված խորտակվող նավի նման: Պետհամալսարան, ճարտարագիտական, բժշկական, գյուղատնտեսական, և այդ զիկկուրատի գլախվերևում ազգային ակադեմիան է՝ որպես տաճար: Չպետք է մոռանալ ազգային ակադեմիայի գիտակրթական համակարգի համակարգիչ նշանակությունը, որը պետք է վերականգնել: Խնդիրը գլոբալ մեթոդոլոգիայի մշակման և այլ հարցերի ճշտման և ուղղորդման մեջ է: ԳԱԱ գիտակրթական կենտրոնը զարմանալիորեն վերականգնեց «Գիտություն և տեխնիկա» ամսագիրը, որով դաստիարակվել է մի քանի սերունդ, նրա ներկայցուցիչն եմ նաև ես: «Գիտություն և տեխնիկան» ներկայումս կոչվում է «Գիտության աշխարհում»: Այսպիսի քայլեր են կատարվում, բայց պետական հոգածությունը պարտադիր է գիտակրթական կառույցը նորից ստեղծելու համար, որի վերնամասում պետք է կանգնած լինի Գիտությունների ազգային ակադեմիան, հակառակ դեպքում նա ինչի՞ համար է:

 

«ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱՐԻՑ ԱՆԿԱԽ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԶԱՐԳԱՆԱԼ»


ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի (ԳԱԱ ԳԿՄԿ) տնօրեն, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԱԼԲԵՐՏ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ զրուցել ենք գիտության ոլորտի, ժամանակակից կյանքում պահանջված ու «անհետացող» մասնագիտությունների, կրթությունից գիտական աշխատանքի անցնելու շահեկան պայմանների, գիտական ոլորտում երիտասարդ կադրերի համալրման, ինչպես նաև հեռավար ուսուցում կազմակերպելու անհրաժեշտության մասին:


-Ի՞նչ գործունեություն է իրականացնում կենտրոնը, ինչո՞վ է այն յուրահատուկ: Հաջողվու՞մ է արդյոք ժամանակակից կրթություն ապահովել գիտական ներուժ ունեցող երիտասարդների համար:
-ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի գլխավոր առաքելությունը բարձրորակ գիտամանկավարժական կադրերի պատրաստումն է՝ մագիստրոսական, ասպիրանտական կրթական ծրագրերով: Գիտությունն ու կրթությունը չեն կարող զարգանալ բացարձակապես ինքնուրույն, իրարից անկախ: Լավագույն մասնագետները պատրաստվում են այնտեղ, որտեղ ապահովվում է ուսումնական գործընթացի սերտ կապը գիտահետազոտական աշխատանքի հետ: Հենց այս նպատակի իրականացման համար գիտակրթական միջազգային կենտրոնը մագիստրոսական կրթական ծրագրերով ուսուցում սկսեց իրականացնել 2004 թվականից՝ օգտագործելով Գիտությունների ազգային ակադեմիայի գիտական, նյութատեխնիկական և տարածքային ռեսուրսները: ԳԿՄԿ ամբիոնները ձևավորվել են համապատասխան գիտական հաստատություններում, այսինքն, ուսանողներն առաջին կուրսից հայտնվում են գիտական, ակադեմիական միջավայրում: Սա հնարավորություն է տալիս նրանց արագ ինտեգրվելու գիտական հասարակայնությանը, ձեռք բերելու գիտական մտածողություն: Անցումը կրթությունից դեպի գիտություն շատ սահուն է ընթանում։ Հետագայում լավագույն ուսանողներին հնարավորություն է տրվում կրթությունը շարունակելու ասպիրանտուրայում: Արդյունքում՝ ակադեմիական համակարգը կարողանում է ձեռք բերել երիտասարդ բարձրակարգ կադրեր՝ ժամանակակից գիտական մտածողությամբ: Եվ, ի վերջո, ակադեմիական միջավայրը բարենպաստ է ոչ միայն գիտելիքների ձեռքբերման, այլ նաև մարդկային որոշակի հարաբերությունների և բարոյական արժեքների ձևավորման համար։
-Կենտրոնում մագիստրոսական կրթությունն իրականացվում է մոտ 30 մասնագիտություններով, ո՞ր ոլորտի մասնագիտություններն են առավել պահանջված, և ո՞ր ոլորտներում են դիմորդները քիչ:
-Առավել պահանջված են իրավագիտությունը, տնտեսագիտությունը, հոգեբանությունը, հանրային կառավարումը, միջազգային հարաբերությունները, բնական գիտություններից՝ դեղագիտությունը, ինֆորմատիկան և այլն: Ցավոք, այսօր Հայաստանում մեծ պահանջարկ չեն վայելում բնագիտական ուղղվածության մասնագիտությունները: Սրա պատճառն ու արմատները շատ խոր են. դպրոցներում կրճատվել են բնագիտական առարկաների ժամերը, հետաքրքրությունն այս առարկաների նկատմամբ նվազել է։ Բուհերում նույնպես քիչ են բնագիտական ֆակուլտետների շրջանավարտները: Սակայն անգամ քիչ դիմորդների պարագայում, մենք ձգտում ենք պահպանել բնագիտական ուղղվածության մասնագիտական ամբիոնները:
-ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ն, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հետ համատեղ, առաջին անգամ Հայաստանում իրականացնում է «Բիզնես վարչարարություն» մասնագիտությամբ հեռավար մագիստրոսական կրթություն՝ համատեղ դիպլոմի շնորհմամբ: ՈՒսուցման այլընտրանքային այս եղանակն ի՞նչ արձագանք է գտել:
-Ինչպես ամեն մի նորույթ, հեռավար կրթությունը ևս ունի և՛ կողմնակիցներ, և՛ ընդդիմախոսներ։ Կողմնակիցները կարծում են, որ ապագան պատկանում է հեռավար կրթությանը, ներկայիս գերզբաղվածության պայմաններում մարդկանց համար ժամանակը խիստ թանկ է: Բացի այդ, ուսման ինքնարժեքը բավականին ցածր է, որը ձեռնտու է և՛ ուսանողին, և՛ ուսուցումը կազմակերպող հաստատությանը: Իսկ դեմ արտահայտվողները մատնանշում են դասախոս-ուսանող անմիջական շփման անհրաժեշտությունը, դրա բացակայությունը հանգեցնում է ուսանողի՝ որպես քաղաքացի դաստիարակելու խնդրին: Ես մասամբ համաձայն եմ. հատկապես դպրոցներում, բուհի ցածր կուրսերում հեռավար կրթությունը պետք է զգուշորեն կիրառել, որովհետև այստեղ իսկապես կենդանի շփումը կարևոր է: Բայց արդեն մագիստրոսական կամ երկրորդ բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու դեպքում հեռավար կրթությունն անփոխարինելի է, քանի որ այս պարագայում մենք արդեն գործ ունենք ինքնուրույն աշխատանքի ընդունակ անհատների հետ:
-Կարծում եք՝ հեռավար ուսուցումը տարածում է գտնելու նաև ուսումնական ա՞յլ հաստատություններում:
-Այո՛, գրեթե կասկած չունեմ։ Բացի հետխորհրդային տարածաշրջանի երկրներից, աշխարհում այսօր հեռակա ուսուցման համակարգ գոյություն չունի, այն փոխարինվել է հեռավար կրթությամբ: ՈՒզենք, թե չուզենք, ներկայումս մարդկանց գերզբաղվածության պայմաններում բուհերը, ի վերջո, անցնելու են հեռավար կրթության մոդելին: Մենք պետք է պատրաստ լինենք նաև այլ մասնագիտություններով հեռավար կրթություն կազմակերպելուն։ Տեղեկատվական աճող հոսքերը և բարձր տեխնոլոգիական արտադրությունները պահանջում են մասնագետներ, որոնք կարող են կողմնորոշվել գործունեության ամենատարբեր բնագավառներում և արագորեն անցնել մի բնագավառից մյուսը: Այլ կերպ ասած՝ այն պատճառով, որ կյանքն անընդհատ փոփոխվում է, մարդիկ պետք է մշտապես նորացնեն իրենց մասնագիտական գիտելիքները: Այս հարցում ևս հեռավար կրթությունն անփոխարինելի է:


Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 3974

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ