Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Գուցե ժամանա՞կն է, որ Լիբանանի հայերը գան Հայաստան, քանի դեռ Բեյրութի օդանավակայանը ռմբակոծված չէ

Գուցե ժամանա՞կն է, որ Լիբանանի հայերը գան Հայաստան, քանի դեռ Բեյրութի օդանավակայանը ռմբակոծված չէ
11.05.2018 | 01:21

Անցած կիրակի` մայիսի 6-ին, Լիբանանի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ են տարել ընդդիմության` «Հզբոլլահի» (իրանամետ և Իրանի աջակցությունն ունեցող քաղաքական կուսակցություն և շիական ռազմականացված կազմակերպություն) և նրա դաշնակից ուժերի թեկնածուները: Իսրայելի համար ինչպես Իրանը, այնպես էլ Լիբանանի «Հզբոլլահը» երդվյալ թշնամի են, «Հզբոլլահի» համար էլ Իսրայելն է երդվյալ թշնամի: Թեկուզ միայն այս առումով Իսրայելի և Լիբանանի միջև մոտ ապագայում պատերազմը, թերևս, դառնում է անխուսափելի:


Հայության համար վերստին առաջացել է պատերազմի լուրջ վտանգ, իսկ թիրախում այս անգամ, մեծ հավանականությամբ, կարող է լինել Լիբանանը` դառնալով Իսրայելի հրթիռա-ռմբային հարվածների թիրախ: Ավելին. Լիբանանը, որտեղ, ըստ Վիքիպեդիա ազատ հանրագիտարանի, շուրջ 250 000 հայ է ապրում, կարող է նույնիսկ, իր կամքից անկախ, Իսրայելի պարտադրանքով ներքաշվել այդ պետության հետ լայնածավալ պատերազմի մեջ և, ի վերջո, օկուպացվել, առնվազն իր տարածքի մեծ մասով ավերվել` կիսելով այդ առումով Սիրիայի դառը ճակատագիրը:


Լիբանանի խորհրդարանը, 2009 թվականից ի վեր, 3 անգամ տեխնիկական և անվտանգության պատճառներով երկարացրել էր իր գործունեության շրջանը, ընտրությունների հետաձգումը, թերևս, արդեն անհնար էր: Կիրակի օրվա ընտրություններում հիմնական մրցակցությունը արևմտյան ուժերի, արաբական որոշ վարչակարգերի, այդ թվում` Սաուդյան Արաբիայի կողմից հովանավորվող «Մարտի 14»-ի հոսանքի ու դրան ընդդիմադիր «Մարտի 8»-ի հոսանքի միջև է եղել: «Մարտի 8»-ի խմբակցությունը բաղկացած է Լիբանանի «Հզբոլլահ»-ի գլխավորությամբ արևմտյան տիրապետության դեմ հանդես եկող լիբանանյան խմբակցություններից: «Հզբոլլահը» և «Ամալ» շարժումն այս ընտրություններում ներկայացրել են «Ալ-Ամալ վա Ալ-Վաֆա» («Հույս և հավատարմություն») համատեղ ընտրացուցակը:
Ընտրություններին մասնակցել է 77 ընտրացուցակներով առաջադրված 583 թեկնածու, որոնցից 128-ը խորհրդարան անցնելու մանդատ են ստանալու: Ընտրություններին մասնակցության ցուցանիշը կազմել է շուրջ 50 տոկոս: Լիբանանի նորընտիր խորհրդարանում 128 պատգամավորական մանդատների կեսից ավելին՝ 67-ը, տրվելու է «Հզբոլլահ» կուսակցությանն ու նրա դաշնակիցներին: Ընդգծվում է, որ Լիբանանի Սահմանադրության շրջանակում կայացած ընտրությունները համապատասխանում են ժողովրդավարական չափանիշներին:


Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Լիբանանի ներքին գործերի նախարար Նուհադ Մաշնուկը հայտարարել է, որ «Հզբոլլահի» և «Ամալ» շարժման կոալիցիան՝ 29 մանդատով, նախագահ Միշել Աունին հարող «Հզոր Լիբանան» ֆրակցիան՝ 29 մանդատով, «Ալ-Մուստաղբալ» շարժումը՝ 20 մանդատով, «Լիբանանյան ուժեր» կուսակցությունը՝ 14 մանդատով, սոցիալիստական կուսակցությունը՝ 9 մանդատով և մյուս կուսակցությունները՝ 27 մանդատով, խորհրդարան են մուտք գործել: Ըստ լիբանանյան մամուլի հրապարակումների, գործող վարչապետ Սաադ Հարիրիի ղեկավարած դաշինքը նորընտիր խորհրդարանում մեծությամբ երկրորդ խմբակցությունն է լինելու:
Լիբանանի «Հզբոլլահի» գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրուլան երկրի խորհրդարանական ընտրություններից հետո իր առաջին ելույթում կիրակի կայացած ընտրությունը որակել է որպես Լիբանանի ազգային մեծ ձեռքբերում: Վաշինգտոնի Մերձավոր Արևելքի քաղաքականության ինստիտուտը Լիբանանի ընտրությունների մասին հայտնել է, որ «Հզբոլլահը» ընտրությունների ամենամեծ հաղթողն է:


Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին, շնորհավորելով Լիբանանի խորհրդարանական ընտրություններում Դիմադրության շարժման հաղթանակը, ասել է, որ այդ ընտրությունները ժողովրդի «ոչ»-ն էին ԱՄՆ-ին և Իսրայելին: Լարիջանին հայտարարել է նաև, որ չնայած ավերածություններին և այն կեղտոտ գումարներին, որ ԱՄՆ-ը, սիոնիստներն ու տարածաշրջանում նրանց հետևորդները ծախսել են Լիբանանում, խիզախ լիբանանցիները քվեատուփերի մոտ ասել են իրենց խոսքը, որն է՝ ո՛չ ԱՄՆ-ին, ո՛չ սիոնիստներին:
Իրանի խորհրդարանի նախագահի հայտարարության համաձայն, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պետք է հասկանա, որ տարածաշրջանի ժողովրդի դեմ քաղաքական ու ռազմական ճնշման պատասխանը ժողովուրդների ձայնն է, որոնք դիմադրում են գերտերություններին:
Իր խոսքն ուղղելով ԱՄՆ-ի նախագահին, Լարիջանին ասել է. «Ահաբեկիչներին օգնելու ԱՄՆ-ի և սիոնիստների ստոր քայլերի արդյունքը նկատելի է ժողովրդի քվեներում և անկասկած միջուկային հարցում ևս ոչ հանձնառու կեցվածքը նման հետևանք է ունենալու»: Ինչպես հայտնի է, մայիսի 8-ին, Երևանի ժամանակով ժամը 22:00-ին, Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ կնքված շրջանակային համաձայնագրից` «Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից» (ՀԳՀԾ) ԱՄՆ-ի դուրս գալու մասին, ինչը որոշ գործընթացներից հետո նույնպես կարող է հանգեցնել Իրանին Իսրայելի և ԱՄՆ-ի հրթիռառմբային հարվածների, ի վերջո, մեծ պատերազմի:


Ըստ իրանական աղբյուրների, Արևմուտքի նպատակն է թուլացնել և մասնատել տարածաշրջանի երկրները, որպեսզի հարմար ենթահող ստեղծվի տարածաշրջանի երկրներն Իսրայելի սիոնիստական վարչակարգին ենթարկելու և տարածաշրջանում արևմտյան երկրների գերակայությունը հաստատելու համար: Սակայն Դիմադրության ճակատը կարողացել է տարածաշրջանում Արևմուտքի այս պլանները տապալել: Լիբանանի վերջին զարգացումները ցույց են տալիս, որ արևմտյան կառավարությունների և արաբական որոշ երկրների իշխանությունների կազմակերպած դավադրությունները Լիբանանում ապարդյուն են անցել, նրանք չեն կարողացել մարգինալացնել ընդդիմությանը, ավելին, ձախողվել են նաև Լիբանանի ժողովրդին թուլացնելու ուղղությամբ նրանց գործադրած ջանքերը:
Դարձյալ ըստ իրանական աղբյուրների, «Լիբանանի քաղաքական զարգացումները, հատկապես խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ «Հզբոլլահը», բացի ռազմական կառույց լինելուց և Լիբանանի պաշտպանական ոլորտում դերակատարություն ունենալուց, նաև Լիբանանի քաղաքական դաշտում ժողովրդի կողմից ընդունված է որպես քաղաքական կուսակցություն:


Լիբանանի վերջին ընտրությունները, փաստորեն մի տեսակ հանրաքվե էին դիմադրության, ազգային միասնության և Լիբանանի օկուպացված տարածքների ազատագրման հարցով: Լիբանանի «Հզբոլլահի» հաջողությունը խորհրդարանական ընտրություններում լրացնում է Լիբանանի ժողովրդի մեծ հաղթանակները ահաբեկչական խմբերի և Իսրայելի դեմ տարած պայքարում:
Այս հաղթանակով փոփոխության կենթարկվի տարածաշրջանում ԱՄՆ-ի դաշնակից արաբական հաշտվողական երկրների ուժերի բալանսը, որոնք փորձում են հովանավորել Իսրայելի ռեժիմի նախագծերը: Տարածաշրջանի զարգացումները ցույց են տալիս, որ նոր Լիբանան է ձևավորվում դիմադրության և ջիհադի առանցքի շուրջ: Այս զարգացումները խոչընդոտում են Արևմուտքի և ԱՄՆ-ի դավադրական «Նոր Մերձավոր Արևելք» ստեղծելու պլաններին տարածաշրջանում»:


Իսկ գուցե հակառակը, այսինքն` կիրակի տեղի ունեցած քաղաքական իրադարձությամբ խթանվում, արագանում է «Նոր Մերձավոր Արևելքը» ստեղծելու ԱՄՆ-ի և Իսրայելի պլանների իրագործումը: Եկեք մտածենք այս հարցի շուրջ: Որ ԱՄՆ-ը, նրա գլխավորած ռազմական կոալիցիան և Իսրայելն ինչպես ահաբեկչական տարբեր կազմակերպություններին և Սիրիայի զինյալ ընդդիմությանը զենք-զինամթերքով և այլ կերպ լայնորեն աջակցելով, այնպես էլ անմիջականորեն Սիրիան ավերելուց, որպես Իսրայելի համար վտանգ, իր առաջիկա գործողություններին հնարավոր խանգարող չեզոքացնելուց հետո, առաջիկայում այդ նույն և այլ նպատակներով, համապատասխան շինծու պատրվակներ ստեղծելով, մի օր հարձակվելու են Իրանի, ապա նաև Լիբանանի վրա (կամ` հակառակ հաջորդականությամբ), դժվար թե որևէ կասկածի տեղիք տա:


Սակայն եթե Լիբանանի վրա հարձակումը մոտ ժամանակներում չէր ուրվագծվում, քանի որ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին վարում էր Իսրայելի հանդեպ հնարավորինս չեզոք, նրան հնարավորինս չնեղացնող, չգրգռող քաղաքականություն (նույնիսկ իր երկրի օդային տարածք ներխուժած և այնտեղից Սիրիային հրթիռային հարված հասցնող իսրայելական կործանիչներին խփելու հրաման չէր տալիս, պարզապես քննադատում էր Իսրայելի այդ քայլը և բողոքում), բոլորովին այլ իրավիճակ է լինելու Լիբանանում «Հզբոլլահի» և նրա դաշնակից ուժերի իշխանության գալուց` խորհրդարանում մեծամասնություն կազմելուց ու նոր կառավարություն ձևավորելուց հետո: Սա ու նշվածի հետևանքներն ո՞ւմ հասկանալի չեն։
Կարծում ենք, Լիբանանի դեմ հնարավոր պատերազմի պարագայում կասկած չի հարուցում նաև այն հարցի պատասխանը, թե այդ պատերազմում, ի վերջո, Իրանի աջակցությունն ունեցող Լիբանա՞նը կհաղթի, թե՞ ԱՄՆ-ի հզոր աջակցությունն ունեցող Իսրայելը: Տեսեք Սիրիայի վիճակը, որը չնայած Ռուսաստանի, Իրանի և Լիբանանի «Հզբոլլահի» աջակցությանը, գրեթե ամբողջապես ավերված ու դեռ փաստացի պատերազմի մեջ է: Ճիշտ է, ի տարբերություն Սիրիայի, որն առանց այն էլ իր բարդ, ծանր վիճակն ավելի չծանրացնելու, Իսրայելի հետ պատերազմի մեջ չմտնելու ու նույնիսկ կործանման չհասնելու համար, չնչին բացառությունները չհաշված, խուսափեց իր ռազմական և այլ թիրախներին հրթիռա-ռմբային հարվածներ հասցնող իսրայելական ինքնաթիռներին կամ հենց այդ երկրի տարածքին հարվածելուց, Լիբանանը պատերազմի դեպքում լուրջ վնասներ կպատճառի Իսրայելին, սակայն այդ պատերազմի ելքը, կարծում ենք, կարելի է վճռված համարել: Բեյրութում կայացած բազմամարդ հանրահավաքում «Հզբոլլահի» առաջնորդ Սեյեդ Հասան Նասրուլան սպառնացել է հրթիռային հզոր հարված հասցնել Իսրայելին, եթե վերջինս հարձակվի Լիբանանի վրա:


Նկատի ունենանք, որ հնարավոր պատերազմի դեպքում քիչ հավանական է Լիբանանին Ռուսաստանի զինված ուժերի անմիջական աջակցությունը, ինչպես դա եղավ ու շարունակվում է Սիրիայի պարագայում, քանի որ, ի տարբերություն Սիրիայի, Ռուսաստանը Լիբանանի հետ համապատասխան պայմանագիր չունի: Եթե, այնուամենայնիվ, կնքվի այդպիսի պայմանագիր, ապա դա կհանգեցնի Լիբանանի տարածքում Իսրայելի և Ռուսաստանի զինված ուժերի անմիջական բախման, պատերազմի մեջ կներքաշվի նաև ԱՄՆ-ը, և դրանով այդ պատերազմը կվերածվի արդեն Երրորդ համաշխարհայինի: Հնարավոր է, որ Ռուսաստանը Իրանի միջոցով կամ անմիջականորեն որոշ զենք-զինամթերք տրամադրի Լիբանանին:


Լիբանանի խորհրդարանական ընտրություններից մոտ մեկ շաբաթ առաջ Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերին զգուշացրել է, որ Իսրայելը Լիբանանի դեմ ոտնձգության նպատակով պատրաստ վիճակի է բերել իր ռազմական համակարգերը: Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալությունը, հղում կատարելով «Ալ-Մայադին» հեռուստաընկերությանը, հաղորդել է, որ Լիբանանի խորհրդարանի նախագահը երկրի հարավում գտնվող Սոր քաղաքում տեղի ունեցած նախընտրական ակցիայի ժամանակ ասել է. «Իսրայելի վարչակարգը գաղտնի կերպով պատրաստվում է Լիբանանի դեմ ոտնձգության և այդ նպատակով վարչակարգի ռազմական համակարգերը պատրաստ վիճակի են բերվել»:
Նաբիհ Բերին նշել է նաև, որ Իսրայելը մտադիր է Լիբանանի դեմ ոտնձգություն իրականացնելով տարիներով հետ մղել այդ երկիրը: Ավելի վաղ Լիբանանի նախագահ Միշել Աունը Իսրայելի վարչակարգին զգուշացրել է Լիբանանի դեմ ոտնձգության հետևանքների մասին:


Եթե իսրայելա-լիբանանյան պատերազմի վերոնշյալ մռայլ սցենարը, Աստված մի արասցե, իրականություն դառնա, ի՞նչ է սպասում լիբանանահայությանը: Այս հարցի պատասխանը մեծապես կախված կլինի նրանից, թե Իսրայելը կհարվածի՞ Բեյրութի հայկական հատվածին, Այնճար հայկական գյուղաքաղաքին և Լիբանանի այլ բնակավայրերի, որտեղ քիչ հայեր չկան, Բեյրութի հայկական հատվածին հարվածելու պարագայում Իսրայելը կսահմանափակվի միայն կամուրջներին, տրանսֆորմատորային ենթակայաններին հարվածելո՞վ, թե՞ հրթիռա-ռմբային հարվածների թիրախ կդարձնի նաև բնակելի ու վարչական շենքերը: Լայնածավալ պատերազմի դեպքում, հասկանալի է, որպես Լիբանանի քաղաքացիներ, լիբանանյան բանակ կզորակոչվեն նաև հայերը, ինչի պարագայում Իսրայելը տարբերություն չի դնի Բեյրութի արաբական և հայկական հատվածների միջև: Առկա մարտահրավերները հաշվի առնելով, գուցե ժամանա՞կն է, որ Լիբանանի հայերը գան Հայաստան, քանի դեռ Բեյրութի օդանավակայանը ռմբակոծված չէ, ու դրա հնարավորությունը կա: Հիշենք, որ Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը նույնպես, լիբանանահայության գլխին կախված վտանգը նկատի ունենալով կամ կանխատեսելով, դեռ ամիսներ առաջ նշել էր, որ պետք է զբաղվել լիբանանահայերի հայրենադարձության խնդիրներով: Հետաքրքիր է, այս հարցում ի՞նչ դիրքորոշում կունենան ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա ձևավորելիք կառավարությունը:


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 4692

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ