Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Գլխավոր դատախազությունը կմնա «հի՞ն», թե՞ «նոր» Հայաստանում

Գլխավոր դատախազությունը կմնա «հի՞ն», թե՞ «նոր» Հայաստանում
15.05.2018 | 19:03

Այսօր ընդդիմության թիրախում էր հայտնվել նախկին իշխանությունը «մարմնավորող» գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ումից փորձեցինք պարզաբանումներ ստանալ որոշ սուր հարցերի վերաբերյալ: «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը մի քանի հարցեր ուներ «պահած» հատուկ Դավթյանի համար: Ի դեպ, վերջերս տեղեկություն եղավ, թե հնարավոր է, որ Մարուքյանը դառնա գլխավոր դատախազ, ինչը վերջինս հերքեց, հավանաբար առաջին հերթին այն պատճառով, որ ընտրությունը բավականին բարդ «գործընթաց» է ենթադրում:


Հիշեցնենք, որ գլխավոր դատախազ ընտրում է ԱԺ-ն, պատգամավորների 3/5-րդի ձայներով, այսինքն` 105 պատգամավորներից նվազագույնը 63-ը պետք է կողմ քվեարկեն դատախազի թեկնածուին: Եթե Նիկոլ Փաշինյանը ցանկանա դատախազ փոխել ու սեփական թիմակցին, այն է՝ Էդմոն Մարուքյանին դատախազ նշանակել, նա ստիպված պետք է հերթական անգամ ՀՀԿ-ականների աջակցությունը խնդրի քվեարկության տեսքով: Սակայն այս պահին, ինչպես երևում է, նրանց օրակարգում դեռ չի հասունացել դատախազին փոխելու հարցը: Իսկ մինչ այդ Արթուր Դավթյանի այսօրվա պատասխաններն այնքան էլ չէին տարբերվում ՀՀԿ-ի իշխանության շրջանում նրա դիրքորոշումներից:


Մարուքյանը հիշեցրեց «Հաց բերող» Արթուր Սարգսյանի հարցը, «Զիբիլիքսը»: ՈՒ վերջում հարցադրում՝ ո՞վ է այդ գործերով պատասխանատվության ենթարկվել: Գլխավոր դատախազի առնչությամբ կրկնեց նախկինում ասածը, որ այդ փաստով հարուցված է քրեական գործ, գործի քննությունը դեռևս չի ավարտվել, փաստաթղթերը ուսումնասիրվում են և քննարկվում են նրա մահվան մեջ մեղադրվող անձանց հարցը: Ինչ վերաբերվում է «Զիբիլիքսին», ըստ գլխավոր դատախազի, քրեաիրավական փաստեր, տեղեկություններ չեն ստացել: Երկու դեպքում էլ Մարուքյանին չբավարարեցին պատասխանները, և նա «Զիբիլիքսի» գործի առնչությամբ նշեց. «Ես շատ հանգիստ մեղադրում եմ ձեզ, ձեր գերատեսչությանը, որ մարդիկ, ովքեր զանգվածաբար փող են բաժանել ընտրություններին, պատասխանատվության չեն ենթարկվել: Դա ձեր գործառույթն է եղել, պարոն Դավթյան»:


Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում Արթուր Դավթյանը նշեց, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, իսկ Մարտի 1-ի բացահայտման առնչությամբ էլ գլխավոր դատախազն ակնկալում է հանրության լայն աջակցությունը: Փաստն այն է, որ հանրության դժգոհության առյուծի բաժինը դատաիրավական համակարգին էր ընկնում, որը նոր Հայաստանում պետք է լուրջ բարեփոխվի: Իսկ այդ շրջանակում կփոխվի՞ գլխավոր դատախազը, թե՞ ոչ, այդքան էլ էական չէ, քանի որ խնդիրը նախ համակարգային է:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2402

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ