ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

«Աճեմօղլուի հիմնական դրույթն այն է, որ աշխարհում ինստիտուտներն են որոշում պետությունների, երկրների ճակատագրերը»

«Աճեմօղլուի հիմնական դրույթն այն է, որ աշխարհում ինստիտուտներն են որոշում պետությունների, երկրների ճակատագրերը»
18.05.2018 | 10:20

Նիկոլ Փաշինյանը կարողացավ մարդկանց հրապարակ բերել և իշխանափոխություն իրականացնել, որովհետև առաջին հերթին դրա նախապայմանը նախկին իշխանությունը ստեղծել էր: Սոցիալ-տնտեսական իրավիճակը մարդկանց համբերության բաժակը լցրել էր, և նրանք վայրկյան իսկ չվարանեցին փողոց դուրս գալուց առաջ: Այսօր տնտեսական բազում խնդիրների լուծման հասցեատերը Նիկոլ Փաշինյանն է իր երիտասարդ կառավարությամբ: Ինչ կստացվի, ժամանակը ցույց կտա: Առաջիկայում նա տնտեսական քաղաքականության իր տեսլականը՝ կառավարության ծրագիրը, խորհրդարան պետք է ներկայացնի: Մինչ այդ մեզ հետաքրքրող հարցերի շուրջ զրուցեցինք տնտեսագետ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ:

-Պարոն Խաչատրյան, Հայաստանի տնտեսական վիճակը, մեղմ ասած, բարվոք չէ, Փաշինյանի կառավարությունը որտեղի՞ց պետք է սկսի, որ հասարակությունը զգա շոշափելի փոփոխություն իր կյանքում:
-Հայաստանի ամենամեծ խնդիրը, որ նաև անլուծելի է թվում, գործազրկությունն է: Սրա լուծումը պետք է առաջնային համարվի: Չի կարող շուկայական տնտեսության պայմաններում երկրում գործազրկությունը 18 տոկոս լինել: Պետությունը պետք է կարողանա բոլոր լծակներն օգտագործել, որպեսզի իր քաղաքացիներին աշխատանքով ապահովի: Սա պետք է լինի Հայաստանի գործող իշխանության նպատակը, որով էլ պայմանավորված պետք է մյուս բնագավառներում աշխատանքներ իրականացվեն: Կլինեն զբոսաշրջություն, գյուղատնտեսություն, արդյունաբերություն, մարզերում ծրագրերի իրականացում. սրանք ոլորտներ են, որոնց առաջնահերթությունը պետք է որոշի կառավարությունը: Բայց միանշանակ է, որ հիմնական խնդիրը գործազրկության վերացումը պետք է լինի: Բացի այս հանգամանքից, կարևոր է նաև, թե ինչ դրամավարկային քաղաքականություն պետք է վարվի, ինչ միջոցներով դա պետք է կատարվի, ներդրումները դրան պետք է նպաստեն, թե վարկային գործիքակազմ պետք է օգտագործվի կամ քաղաքական միջավայրը դրան նպաստի: Ի վերջո, մեր գործազրկության մակարդակի բարձր լինելը տարիներ շարունակ օրակարգային չի դարձել: Հակառակ պարագայում պետք է շատ արագ զարգանար փոքր և միջին բիզնեսը: Այնինչ մեզանում տարիներ շարունակ ՓՄՁ-ների թիվը պակասել է, և այսօր ունենք այն, ինչ ունենք:
-Այսօր քաղաքացին օր առաջ սպասում է, որ իր կյանքի որակը բարելավվի, Ձեր թվարկած խնդիրները ժամանակ չե՞ն պահանջում, նոր հիասթափության ալիք չի՞ բարձրանա:
-Այս կառավարությունը մի մեծ առավելություն ունի. վերադարձել են մարդկանց հավատը, վստահությունը և դրական սպասումները: Նախորդ կառավարությունների անհաջողությունները շատ դեպքերում պայմանավորված էին անվստահությամբ: Կառավարության ղեկավարներն էլ նշում էին, թե ժողովուրդը պարզապես չի վստահում իրենց բարեփոխումներին: Իսկ եթե ժողովուրդը չի վստահում, ներդրողներն առավել ևս, դրա համար էլ վերջիններս ականջալուր չեղան կառավարության կոչերին, թե պայմաններ ստեղծված են, եկեք, ներդրումներ արեք: Հիմա կան դրական սպասումներ, սա տնտեսության զարգացման կարևոր խթանիչ գործոններից է: Այս սպասումները պետք է առարկայանան, իրականություն դառնան: Որքան ժամանակ է պետք, դժվար է ասել, որովհետև հնարավոր է մեկ ամիս հետո էլ իրականություն դառնան: Եթե շատ կոնկրետ քայլեր կատարվեն, դրանց ազդեցությունը շատ արագ զգացվելու է, դրանք էլ իրենց հերթին դրական իմպուլսներ են տալու: Օրինակ, փոքր քայլ. սահմանը հատելիս զգանք, որ մեր հանդեպ վերաբերմունք է փոխվել: Հիմա շատ են խոսում, որ ավտոտեսուչները բարեհամբույր են դարձել, նախկինում փոքր խախտման համար կանգնեցնում, տուգանում էին: Հիմա ասում են, որ դա փոխվել է: Ահա այսպիսի փոքրիկ բանն իր դրական ազդեցությունն է ունենում: Բայց նաև կա հակառակը: Մի քանի օր առաջ գյուղացիները, մասնավորապես անասնապահությամբ զբաղվողները, Սպիտակում և Ապարանում ճանապարհները փակել էին ու կաթի գնից էին դժգոհում, այսինքն՝ իրենք պայմանավորվել էին մի գին, իսկ կաթ մթերողները այլ գին էին պահանջել: Հետո եղավ կառավարությունից մի հայտարարություն, թե կաթի գինը չի փոխվի: Ինձ համար սա շատ վտանգավոր հայտարարություն է: Ի՞նչ է նշանակում չի փոխվում, ինչի՞ց ելնելով չեն փոխում, վարչական լծակնե՞ր են օգտագործվել, ա՞յլ պայմանավորվածություն, խոսակցություններ են եղել: Սա ինձ համար անընդունելի է: Նախ պետք է բացատրություն տային, թե կաթի գինը ինչու է փոխվում և հիմա ինչու չի փոխվում: Իրականում սա կառավարության խնդիրը չէ, պետությունն այս ամենի հետ կապ չունի: Կան կաթ արտադրող և կաթ մթերող, եթե նրանց միջև պայմանավորվածությունը խախտվում է, զուտ իրավական հարթությունում է լուծվում խնդիրը, կան դատարաններ: Եթե այստեղ կա տնտեսական խնդիր, այսինքն` կաթի արտադրությունն ավելացել է, առաջարկը մեծ է, այդ դեպքում միայն պետության միջամտության խնդիր կա, բայց դա պետք է հստակ ձևակերպվի, որովհետև պետությունը դառնում է երրորդ կողմ, ոչ թե իր վարչական լծակներն է օգտագործում, այլ իր հնարավորությունները, տնտեսական որոշակի լծակները: Սրանով խրախուսում է, որ գյուղացին շարունակի իր անասնապահությամբ զբաղվել, կաթ արտադրել: Կաթը ստրատեգիական նշանակության ապրանք է, չի կարելի այնպես անել, որ գյուղացին հաջորդ տարի կաթի արտադրությունը պակասեցնի: Ընդհանրապես գյուղատնտեսության հանդեպ վերաբերմունքն այդպիսին պետք է լինի: Այս առումով պետք չէ շատ կարճ ժամանակում մեծ ծրագրերի սպասումներ ունենալ: Ընդհանուր մթնոլորտի փոփոխության, նոր խաղի կանոններն ավելի շոշափելի դարձնելու առումով հնարավոր է կարճ ժամանակում արդյունքներ արձանագրել: Երկրորդեմ՝ կան տեղեր, որտեղ փոփոխությունները կարող են շատ արագ իրենց զգացնել:
-Կաթի օրինակին անդրադառնալով, փաստենք, որ մեզանում մշտապես հենց այդ մեխանիզմով են առաջ շարժվել, երբ «վերևների» հետ պայմանավորվել են ու իրենց ցանկացած գինը հրամցրել հասարակությանը, այսինքն՝ պետությունը ոչ օրինական ճանապարհով միջամտել է բիզնեսի գործունեությանը: Այսօր քաղաքականությունը կարծես շարունակվում է: Ի՞նչ եք կարծում, հնարավոր կլինի՞ ձերբազատվել այդ աշխատաոճից:
-Իսկապես հարցը տեղին է, որովհետև մենք միշտ այդ խնդրի առաջ ենք կանգնել: Մի օր կաթն է, մյուս անգամ՝ խաղողը, հաջորդ անգամ՝ մեկ այլ ապրանք: Պետությունը դեռ հստակ չի ձևակերպել իր մասնակցությունը, հատկապես գյուղատնտեսական արտադրանքի և աճեցման, և վերամշակման գործում: Անցյալ տարի փոխեցին խաղի կանոնները, մթերող կազմակերպություններն էին ավելի ցածր տոկոսադրույքով վարկ վերցնում, որպեսզի գնում իրականացնեն: Այսինքն՝ հիմա ո՞ր մեխանիզմն է աշխատում, շուկայական գինը ո՞րն է: Շուկայական գինն այն է, որ գյուղացին պետք է արտադրի ու համոզված լինի, որ իր արտադրանքն իրացվելու է: Քանի որ մենք անկանխատեսելի գյուղատնտեսություն ունենք, հաշվի առնելով կլիմայական պայմանները, աշխարհագրական դիրքը, գյուղացին պետք է համոզված լինի, որ իր, հատկապես վերամշակման ենթակա արտադրանքը երբևիցե չի փչանա: Այս հարցում է, որ պետությունը պետք է երաշխիքներ տա: Կամ դա պետք է լինի ապահովագրական համակարգի ներդրմամբ (գոնե իր մասով), կամ գնումների՝ էլի իր մասով, կամ ֆինանսական համապատասխան հաստատությունների հետ աշխատելով (այս առումով կար արդեն աշխատանք, փոքր տոկոսադրույքներով վարկեր էին տալիս գյուղացուն, որի մի մասը պետությունը փոխհատուցում էր): Այս երեք տարբերակների կոմբինացիա պետք է լինի կամ որևիցե մեկի կիրառում: Մի բան հստակ պետք է լինի. գյուղացին պետք է համոզված լինի, որ իր արտադրանքը պիտանի կլինի: Սա շատ կարևոր խնդիր է, որովհետև պաշտոնապես շուրջ 400 հազար մարդ զբաղված է գյուղատնտեսությամբ:
-Ասել է՝ գործազրկությունից հետո այս կառավարության հաջորդ առաջնահերթությունը պետք է լինի գյուղատնտեսությու՞նը:
-ՈՒզենք, թե չուզենք: Այդ բնագավառի հաջողությամբ պայմանավորված կլինի հանրապետությունում բարեկեցության ընդհանուր մակարդակը: Պետք է կարողանան այդ 400 հազար գյուղատնտեսների աշխատանքն ավելի արդյունավետ դարձնել, որովհետև այսօր մենք ունենք անարդյունավետ գյուղատնտեսություն: Եթե մեկ շնչով հաշվում ենք, թե ինչ արտադրանք են տալիս, 150 հազար էլ չի լինի, այսինքն միջին ամսական աշխատավարձից ավելի ցածր է լինում: Սա պարզապես անընդունելի է:
-Այս կառավարությանը համարում են անփորձ, հաշվի առնելով նաև երիտասարդ կադրերի առկայությունը: Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարեց, թե հայտնի տնտեսագետ Տարոն Աճեմօղլուին է հրավիրել Հայաստան: Հայաստանում չկա՞ն պատրաստված տնտեսագետներ, որոնք կարող են հարթակ ստեղծել, գաղափարներով ու մտքերով օգնել, սպասարկել այս կառավարությանը: Ինչու՞ այս օղակը երբեք չի աշխատում:
-Կարևոր հարց եք բարձրացնում: Աճեմօղլուի հիմնական դրույթն այն է, որ աշխարհում ինստիտուտներն են որոշում պետությունների, երկրների ճակատագրերը: Անկախ աշխարհագրական դիրքից, եթե երկրում կան ինստիտուտներ (խոսքը վերաբերում է ժողովրդավարական և ընտրովի ինստիտուտներին), երկրի հաջողությունները դրանցից են կախված: Եթե ինստիտուտները չեն աշխատում, երկրները կախված են առանձին մարդկանց խամաճիկներից, նշանակում է՝ այդ երկրները հաջողություններ չեն գրանցում: Շատ կարճ ներկայացրի Աճեմօղլուի գրքի տրամաբանությունը: Նա իր գրքում նաև պատմական ակնարկ է անում, որը շատ նման է Ադամ Սմիթի հայտնի գրքին: Նա և Ռոբերտսոնը փորձում են ապացուցել, որ այս կերպ պետք է լինի մարդու զարգացման այս դարաշրջանը: Սա ընդհանուր մոտեցում է: Իր գալով նա մասնագիտական ու կառավարության շրջանակին հերթական անգամ այս մոտեցումը ներկայացնելու առիթ է ունենալու, իսկ տնտեսության մեջ դրա կոնկրետ իրականացումը կախված է միայն մեզանից: Հավատացնում եմ, որ մեր տնտեսագիտական շրջանակում (գիտական, ակադեմիական, փորձագիտական, բուհական) կան շատ պատրաստված մարդիկ, բազում գաղափարներ, որոնք թղթի վրա են, իրականություն չեն դարձել, քանի որ քաղաքական այդպիսի խնդիր դրված չի եղել: Մեզանում լիովին այլ քաղաքական խնդիրներ են առաջնային համարվել: Ավելին, եթե մեր կառավարության անդամները բարի լինեն ու կարդան, ծանոթանան գիտական հանդեսներում ակադեմիական հրապարակումներին, ՀՊՏՀ-ի, ԵՊՀ-ի, Սլավոնական համալսարանի տնտեսագիտության ամենամյա գիտաժողովների նյութերին, հրապարակումներին, նույնիսկ որևէ միջազգային կազմակերպության (թող ինձ ներեն նրանք, նրանց օգնությունը կարևոր է) օգնության կարիքն էլ չի լինի, որովհետև այս ամեն ինչում կան և համաշխարհային փորձը, և յուրահատուկ մոտեցում հայաստանյան տնտեսական իրողություններին: Այս ամենն անգին հարստություն է: Խնդիրն այն է, թե կառավարությունը որքան է պատրաստ հետևելու և ծանոթանալու դրանց: Նոր բան պետք էլ չէ ասել: Առաջին հերթին պետք է մոտեցումները փոխել: Հետո անհրաժեշտ է, որ պետական ինստիտուտները (սա էլ Աճեմօղլուի ասածն է) պատրաստ լինեն այդ ամենն ընկալելու, մարսելու: Ի դեպ, սա կառավարությունից չի կախված, այլ ՀՀ քաղաքացուց, հասարակությունից: Մենք որքա՞ն ենք պատրաստ այդ նոր խաղի կանոններն ընդունելու և ապրելու դրանցով, դա լինի առօրյա կյանքում, բիզնես գործունեությունում, ուսման, մշակույթի մեջ: Մեզ մոտ ամեն ինչ աղճատված է: Բոլորիս մեջ նստած է այն տեսակետը, որ եթե ուզում ենք ինչ-որ խնդիր լուծել, պետք է ծանոթ-բարեկամ ունենանք կամ կաշառք տանք: Մտածողության փոփոխությունն ավելի կարևոր է, քան ինչ-որ ծրագիր որևէ բնագավառի համար ներկայացնելը: Դա հնարավոր չէ շոշափել, չափերը զգալ, որովհետև դրանք մարդկային հարաբերություններ են ու փիլիսոփայություն: Եթե փիլիսոփայությունը փոխվում է, դրական արդյունքը շատ մեծ է լինում: Մենք վերջին տասնհինգ տարուց ավելի բացասական դաշտում ենք, այսինքն, եթե մեզ մոտ նույնիսկ դրական փոփոխություն է լինում, մենք այլ կերպ ենք ընկալում, քանի որ մտածում ենք, որ իշխանությունը դա անում է իր առանձին խմբերի շահերը սպասարկելու համար, ինչը, ցավոք, իրականություն է: Սա էլ է Աճեմօղլու: Նա իր գրքում խոսում է այս մասին, երբ կարդում ես, քեզ թվում է՝ հանգամանորեն ներկայացնում է Հայաստանը, բայց խոսում է ընդհանրապես նմանատիպ երկրների մասին: Եթե խաղի կանոնները փոխվեն ու մարդիկ զգան, որ բարեփոխումները նախ իրենց համար են, հետո իշխանության ներկայացուցիչների, առաջընթաց կլինի:

Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 3718

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ