Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Հետհեղաշրջումային տնտեսություն

Հետհեղաշրջումային տնտեսություն
22.05.2018 | 00:42

Ներքաղաքական ցնցումներին հաջորդած թոհուբոհի մեջ մոռացության է մատնվել մի շատ կարևոր հարց՝ տնտեսության վիճակը: Տնտեսությունն ուղղակի փոխկապակցված է մարդկանց սոցիալական վիճակի հետ, ինչը կարևոր նշանակություն ունի հասարակություն-կառավարություն տանդեմում վստահության ձևավորման հարցում:


Եվ այսպես, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կաբինետը ձևավորվեց այն ժամանակահատվածում, երբ Հայաստանի տնտեսությունը 2017-ի վերջում պաշտոնապես գրանցել է 7,5-տոկոսանոց աճ, իսկ 2018-ի առաջին երեք ամիսներին այդ աճը կազմել է 16 %: Ի դեպ, այս մասին օրերս խոսեցին նաև միջազգային ֆինանսական կառույցները, հորդորելով Հայաստանին պահպանել տնտեսական աճի տեմպը: Փաստորեն, տնտեսական հատվածում վարչապետ Նիկոլ Փաշինյանին համեմատաբար լավ ժառանգություն է բաժին հասել, ի տարբերություն նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի, քանի որ 2016-ին տնտեսական աճ գրեթե չկար: Եթե սրան էլ հավելենք, որ ապրիլից սկսված քաղաքացիական պայքարի ողջ ընթացքում, մինչև մայիսի 8-ը նախկին կառավարությունն իր տնտեսական ծրագրերը շարունակել է իրականացնել, ապա պետք է ենթադրել, որ տնտեսական դաշտում գործընթացները կանգ չեն առել: Գուցե դրանք որոշակի չափով դանդաղել են, ինչը բնական է, սակայն այն, որ դրանք կանգ չեն առել, շատ կարևոր է տնտեսությունը առողջ պահելու հարցում:


Գաղտնիք չէ, որ ներքաղաքական և արտաքին քաղաքական դրսևորումներին տնտեսությունը առաջին հերթին է արձագանքում և, որպես կանոն, բացասաբար: Բացասական ազդակներ նկատվեցին մի քանի շաբաթ առաջ, մասնավորապես, առևտրային բանկերում արձանագրվեց կապիտալի տարհանում: Սակայն այս գործընթացը կարճ ժամանակահատվածում կանգ առավ: Այս պահին, ըստ ֆինանսական փորձագետների, նման խնդիր այլևս չի նկատվում առևտրային բանկերում: Այն փաստը, որ ներքաղաքական իրավիճակը շատ կարճ ժամանակահատվածում կայունացավ, նույնպես նպաստավոր է տնտեսության համար:
Միևնույն ժամանակ չի կարելի ակնկալել, որ առաջիկա մի քանի ամսում Հայաստանը կունենա տնտեսական մեծ առաջընթաց: Տնտեսությունն ու գործարար աշխարհն ունեն իրենց կանոնները, ֆինանսական աշխարհը սիրում է կայունություն, սա է նրա վստահության երաշխիքը: Այս առումով կարծում ենք, որ առաջիկա մեկ տարին լուրջ փորձաշրջան է լինելու նոր կառավարության համար. և՛ տեղի, և՛ արտերկրյա գործարարները ուշադրությամբ հետևելու են ոչ միայն կառավարության ներկայացրած ծրագրին, այլև այն իրականացնելու գործելաոճին:


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2490

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ