Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Խնդիրը ռազմական հաղթանակ տանելը չէ, խնդիրը հաղթանակը ճիշտ օգտագործելն է»

«Խնդիրը ռազմական հաղթանակ տանելը չէ, խնդիրը հաղթանակը ճիշտ օգտագործելն է»
25.05.2018 | 03:10

Հայաստանի առաջին Հանրապետությունը ծնունդ առավ 1918 թ. մայիսի 28-ին մայիսյան հերոսամարտերից՝ Սարդարապատից, Բաշ-Ապարանից և Ղարաքիլիսայից հետո, և գոյատևեց երկու տարի: Մի քանի օր հետո նշելու ենք այս պատմական իրադարձության 100-րդ տարեդարձը։ Ի՞նչ դասեր պետք է քաղենք Առաջին հանրապետությունից։ Այս հարցով դիմեցինք պատմաբան ԳԵՎՈՐԳ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ։


«Նախ պետք է շնորհավորեմ բոլորիս Առաջին հանրապետության 100-ամյակի առթիվ։ Բայց պետք է ասեմ նաև, որ պատմությունը ցույց է տվել, որ մենք շարունակում ենք կրկնել Առաջին հանրապետության թույլ տված շատ սխալները։ Այդ առումով դասեր չենք քաղել։ Առաջին խնդիրը, որ ցանկանում եմ նշել, հարևանների հետ կոնֆլիկտային իրավիճակն է։ 100 տարի է անցել, ցավոք, մինչև հիմա էլ մեր երկու հարևանների հետ կոնֆլիկտային իրավիճակը շարունակում է պահպանվել, ինչն իսկապես սպառնալիք է մեր պետության համար։ Երկրորդ կարևորագույն խնդիրը. Առաջին հանրապետության ժամանակ շատ լուրջ խմորումներ կային ներքին քաղաքական կյանքում, և պետք է ասեմ, որ այսօր էլ դրանք առկա են։ Երրորդ խնդիրը թույլ տնտեսությունն է։ Ինչպես Առաջին հանրապետության ժամանակ, այնպես էլ հիմա մեր տնտեսությունը տարածաշրջանում մրցունակ չէ։ Սրանք հարցեր են, որոնց մասին պետք է համարձակություն ունենալ բարձրաձայնելու»,- ասում է Գևորգ Մելքոնյանը։


Պատմաբանը նկատում է, որ Սարդարապատի ճակատամարտի հաղթանակը մենք չկարողացանք օգտագործել և Բաթումի բանակցություններում կնքեցինք խայտառակ պայմանագիր, որով Հայաստանի տարածքը սահմանափակվում էր Երևանով և Սևանի շրջանով։ Խնդիրը ռազմական հաղթանակ տանելը չէ, խնդիրը հաղթանակը ճիշտ օգտագործելն է։ Նույնն էլ, ըստ մեր զրուցակցի, կարող ենք զուգահեռել Երրորդ հանրապետության պատմության հետ։ Արցախյան պատերազմում տարած հաղթանակը մենք չենք կարողանում ամրագրել դիվանագիտական ասպարեզում, և հիմա այդ առումով լուրջ խնդրի առջև ենք կանգնած։ «Առաջին հանրապետության առջև ծառացած մարտահրավերները, որոնք գոյություն ունեին 100 տարի առաջ և պատճառ դարձան Առաջին հանրապետության կործանման, մեծ հաշվով, որոշակի տարբերությամբ, շարունակում են պահպանվել այսօր։ Հետևաբար, Առաջին հանրապետության մասին խոսելը, 100-րդ տարեդարձին նվիրված տոնակատարությունները պետք է զուգորդվեն նաև այն կոպիտ սխալների բարձրաձայնմամբ, որոնց մասին շատերը նախընտրում են լռել, փոխարենը խոսում են միայն դրական շեշտադրմամբ։ Իրականում, եթե ամեն ինչ դրական էր, Առաջին հանրապետությունը երկու տարվա կյանք չէր ունենա։ Շատ քիչ պատմաբաններ կան, որ համարձակություն են ունենում խոսելու այդ մեծ բացթողումների և դրանց շարունակականության մասին»,- ասում է Գևորգ Մելքոնյանը։


Պատմաբանը ավելացնում է, որ յուրաքանչյուր պետության զարգացման հիմքում իր իրական պատմության իմացությունն է, ոչ թե հեքիաթներին հավատալը։ Ըստ նրա՝ հասարակությանը շատ են ներկայացվում հեքիաթներ, պետք է ներկայացվի իրական պատմությունը, թեկուզ դա շատերին հաճելի չէ։ Ներկայացվելու դեպքում մարդիկ կիմանան այդ սխալները և գուցե փորձեն խուսափել դրանցից։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 6006

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ