«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«Զարմանում էին` ո՞վ է 10-րդ դարի այս հայ բանաստեղծը, միստիկը, աստվածաբանը»

«Զարմանում էին` ո՞վ է 10-րդ դարի այս հայ բանաստեղծը, միստիկը, աստվածաբանը»
01.06.2018 | 01:07

«Իրատեսի» հյուրը բանասեր, հայագետ, աստվածաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԱԲՐԱՀԱՄ ՏԵՐՅԱՆՆ է: Ամերիկաբնակ գիտնականի առավել կարևոր հրատարակություններից են մ. թ. առաջին հարյուրամյակի հրեա փիլիսոփա Փիլոն Ալեքսանդրացուն նվիրված երեք գրքերը: Հին հրեական այս մտածողի աշխատությունները մինչև մեր օրերն են հասել հիմնականում հին հայերեն՝ գրաբար թարգմանությունների շնորհիվ: 2017-ին Մատենադարանում անցկացվող «Նարեկացիական ընթերցումներ» 3-րդ միջազգային գիտաժողովի շրջանակում ներկայացվել է Նարեկացու տոնական ստեղծագործություններին նվիրված նրա աշխատությունը:


-Պարոն Տերյան, որքա՞ն ժամանակ է` Հայաստանում եք և գիտական ի՞նչ ուսումնասիրությունների վրա եք աշխատում ներկայում:
-Եկել եմ երեք ամսով` երեք ձեռնարկներ վերջացնելու, հուսանք, քանի դեռ այստեղ եմ, գոնե երկուսը կավարտեմ: Մեկը Կորյունի «Վարք Մաշտոցի»-ի անգլերեն նոր թարգմանությունն է: Նոր ասելով` երեսուն տարի առաջ եմ թարգմանել, բայց գրեթե ամեն տողը մեկնության կարիք ունի: Ընդարձակ ծանոթագրություններ ունեմ, որոնք ջանում եմ մեկնության վերածել և գրեթե ավարտել եմ: Իսկ երկրորդ ուսումնասիրությունը վաղ միջնադարում զարգացած Հայոց վանականության պատմությունն է, որ երբեք քննականորեն չի ուսումնասիրվել: Նպատակ ունեմ հայոց վաղ վանականության աղբյուրները ներկայացնել ժամանակագրականորեն ՝ փոքր մեկնություններով: Թող բնագրերն իրենք խոսեն իրենց մասին: Այդ բնագրերի ամենավերջին գիրքը «Հաճախապատումը» պետք է լինի՝ որպես հայոց վաղ վանականության ամենաընդարձակ աղբյուր: «Հաճախապատում» կոչված խրատական ճառերի հավաքածուն վերագրում են Գրիգոր Լուսավորչին, երբեմն էլ՝ Մաշտոցին, բայց ես համոզված եմ, որ 6-րդ դարի գրություն է, հեղինակել է անանուն աբբահայրն իր վանականների միաբանության համար:
-Նարեկացուն նվիրված Ձեր թարգմանական և մեկնողական աշխատությունն ի՞նչ արձագանք է գտել անգլալեզու ընթերցողի շրջանում և արդյո՞ք շարունակություն է ենթադրում:
-Նարեկացու մասին մի քանի հոդված հրատարակելուց, մանավանդ իր մեկնողական մեթոդը, միստիկական հայացքները, սուրբգրային մեկնություններն ուսումնասիրելուց հետո, շատ ուզեցի անգլերեն թարգմանել Նարեկացու տաղերը, գանձերը և ներբողները: Եվ ոչ միայն թարգմանել, այլև մեկնել, որովհետև դրանք դժվարիմաց են, հատկապես նրանց համար, ովքեր ծանոթ չեն ժամանակի մտայնության մեկնողական մեթոդներին կամ չգիտեն, թե Նարեկացին ինչ ճանապարհներով, միստիկական ինչ վերելքով է հասել այդ հասկացություններին: Ես այդ ամենն ուսումնասիրել եմ, տեղյակ եմ, մանավանդ որ զբաղվել եմ նաև հայրաբանությամբ: Վաղ եկեղեցու հայրաբանությունն ավանդույթ էր դարձել Նարեկացու ժամանակ: Հայրերից առաջ կար Փիլոն Ալեքսանդրացի անունով, Քրիստոսի ժամանակակից փիլիսոփա, որ մոտ 50 գրքերի հեղինակ է, 30-ը պահպանվել են, 10-ը լրիվ կորած են, 10-ն էլ մեզ են հասել միայն հայերեն (գրաբար) թարգմանությամբ, հունարեն բնագրերը չեն պահպանվել։ Փիլոնի սուրբգրային այլաբանական մեկնություններին, համոզված եմ, ծանոթ էին հայ, հույն, ասորի բոլոր հայրերը, բայց Նարեկացին ավելի մոտիկից էր հետևում այդ այլաբանությանը: Եվ ուրեմն, անգլերեն թարգմանեցի Գրիգոր Նարեկացու գանձեր-տաղեր-ներբողները՝ առաջաբանով, ներածականներով և ծանոթագրություններով: Դրանք տոնական առիթների համար գրված երգեր են՝ Սուրբ ծննդից մինչև Խաչվերացը: Գիրքը կաթոլիկ ընթերցողների (ոչ հայ) շրջանում մեծ արձագանք է ունեցել: Հրատարակիչը խնդրել է, որ թարգմանեմ նաև «Մատյան ողբերգության» պոեմը՝ նման նախորդ գրքին՝ քննական մեկնությունով, ներածականներով:
-Նարեկացի պետք է կարդալ մտքո՞վ, թե՞ սրտով:
-Մտքով և սրտով: Հավելեմ, որ Նարեկացի թարգմանողը բոլոր վերը նշածներիս պետք է ծանոթ լինի: Նարեկացին այնքան հիանալի շարահյուսություն ունի՝ ալիտերացիայով, բանաստեղծական արձակ ոճով, ինչը, անտարակույս, կորչում է թարգմանության մեջ, բայց համոզված եմ, որ կարելի է այդ հոգին վերագրավել, վերանորոգել, բառացի և միաժամանակ սահուն ու բանաստեղծականորեն հաճելի թարգմանություն կատարել:
-2015-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Նարեկացուն հռչակեց Տիեզերական վարդապետ, ի՞նչ փոխվեց դրանից հետո:
-ՈՒրախ եմ, որ տվեցիք այդ հարցը: Անշուշտ, կաթոլիկների համար պապի հայտարարությունը անակնկալ էր, նույնիսկ աստվածաբանները, միջնադարյան մասնագետները զարմանում էին, հետաքրքրվում, թե ո՞վ է 10-րդ դարի այս հայ բանաստեղծը, միստիկը, աստվածաբանը: Իր արարքով պապը, ասես, ուզում էր ասել, որ դուք՝ հայերդ, սրբացնում եք հարյուր տարի առաջ Եղեռնի զոհ դարձած ձեր նահատակներին, բայց մի մոռացեք 1000 տարի առաջ ապրող ձեր մեծ սրբին: Պապից սովորելու դաս ունենք: Մեզ համար Նարեկացին գեղեցիկ անուն է, երաժշտական իր շարահյուսությունը շատ ախորժելի է մեր ականջներին, բայց չգիտենք ինչպես գնահատել մեր գրական մեծերին, սրբերին: Ես պետք է ասեմ՝ ամաչում ենք օտարներից, որոնք երբեմն մեզնից ավելի են հետաքրքրվում Նարեկացիով: Ցավալի է, բայց այդպես է:


Զրուցեց
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 4241

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ