Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Առաջնահերթությունները նույնն են

Առաջնահերթությունները նույնն են
05.06.2018 | 02:50

Եվ այսպես, անցած ուրբաթ հստակ ուրվագծվեց նոր կառավարության ռազմավարական ծրագիրը, որն առաջիկայում պետք է ներկայացվի օրենսդրին։ Ինչպես այն կընդունվի, և ինչ մթնոլորտում կընթանան քննարկումները, մի քանի օրից պարզ կլինի, սակայն չի բացառվում, որ խորհրդարանական մեծամասնությունն առանձնապես չընդդիմանա ներկայացված ծրագրին, քանի որ այն զգալիորեն չի տարբերվում նախորդ կառավարության ծրագրից։
Հետևելով ծրագրում ներկայացված ուղղություններին` կարող ենք ասել, որ այն գաղափարապես չի տարբերվում նախորդ կառավարության որդեգրած ծրագրից։ Ավելին, դրանք գրեթե նույնն են, մի բացառությամբ. Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրում առաջին անգամ և հաճախակիորեն կիրառվում է «հեղափոխական» բառը։ Կարևորվում է տնտեսության երեք ճյուղերի զարգացումը, որոնք, կարելի է ասել, համարվել և համարվում են գերակա ուղղություններ։


Եվ այսպես, հունիսի 1-ին կառավարության նիստում առանձնացվեցին տնտեսության զարգացման երեք հիմնական առաջնահերթություններ։ Առաջին գերակա ուղղությունը բարձր տեխնոլոգիաների զարգացումն է։ Ծրագրում նշված է, որ հեղափոխական տեմպով պետք է զարգացնել բարձր տեխնոլոգիաների ոլորտը։ Այս համատեքստում կարևորվում է ռազմարդյունաբերական ոլորտի, գիտության և իրական հատվածի միջև համագործակցության, նորարարության, պետական կառավարման, արդյունաբերության, գյուղատնտեսության, կրթության, առողջապահության, մշակույթի բնագավառներում բարձրտեխնոլոգիաների ներդրումը։ Երկրորդ գերակայությունը գյուղատնտեսությունն է։ Նշվում է, որ ՀՀ-ում հեղափոխական մթնոլորտ պետք է զարգացնել ոլորտում, գերխնդիրը լինելու է գյուղատնտեսության արդյունավետության բարձրացումը, փոքր տնային տնտեսություններից և կոոպերատիվներից սկսած մինչև վերամշակողների և արտահանողների կենսամակարդակի և եկամտաբերության բարձրացումը` վերջացրած չմշակվող հողերի ներգրավման և ջրի հասանելիության ապահովման հարցերով։ Շեշտադրված է նաև տեխնիկայի և մնացած կարևոր հարցերի լուծումը։ Տնտեսության զարգացման երրորդ գերակա ուղղությունը, ինչպես և սպասելի էր, զբոսաշրջությունն է։ Այս հատվածում «հեղափոխական մոտեցում» բառակապակցությունը չի օգտագործվում, քանի որ թավշյա հեղափոխությունը դիտարկվում է որպես կարևոր երաշխիք ոլորտի զարգացման համար։ Ծրագրում նշվում է, որ զբոսաշրջության զարգացման համար ահռելի հեռանկարներ են բացվել` շեշտադրելով թավշյա հեղափոխությունը։ Նախատեսվում է առանձնացնել զբոսաշրջային մեծ ներուժ ունեցող ենթաճյուղերը` էկոտուրիզմը, էնթոտուրիզմը։ Կարևորված է օդային տրանսպորտի գների նվազեցմանն ուղղված ջանքերի գործադրումը, նկատի ունենալով վառելիքի գնի նվազեցմանը և վառելիքի շուկայի հակամոնոպոլացմանն ուղղված աշխատանքները։


Նկատենք, որ այս հատվածում չի նշվում գների նվազեցում ասվածը, այլ կարևորվում են դրան ուղղված ջանքերը, իսկ թե որքանով դրանք կարդարացվեն, ժամանակը ցույց կտա։
Ընդհանրապես, Հայաստանի անկախությունից ի վեր բոլոր կառավարությունների ծրագրերում ամրագրված նպատակը նույնն է` զարգացնել Հայաստանի տնտեսությունը և ապահովել սոցիալական կենսամակարդակի աճ` շեշտը դնելով գյուղատնտեսության, զբոսաշրջության, իսկ վերջին տասը տարիներին` բարձր տեխնոլոգիաների վրա։ Այնպես որ, միանգամայն սպասելի էր, որ այսօրվա կառավարության տնտեսական ծրագիրն էականորեն չպետք է տարբերվեր նախորդի ծրագրից։ Ըստ էության, 1991-ից սկսած մինչ օրս խնդիրն այն չէ, որ կառավարության ծրագիրը վատն է եղել, խնդիրն այն է, թե որդեգրած քաղաքականությունը որքան կաշխատի։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3810

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ