Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հանրակրթական դպրոցում հայոց լեզվի և գրականության դասավանդման հայեցակարգ

Հանրակրթական դպրոցում հայոց լեզվի և գրականության դասավանդման հայեցակարգ
06.06.2018 | 12:56

Հակիրճ բացատրագիր

Տեխնիկայի և գիտության սրընթաց զարգացումը նոր խնդիրներ է դնում կրթության առջև: Բազմաթիվ մասնագիտություններ, որոնք այսօր հարգի են, շատ շուտով դուրս են գալու, փոխարինվելու են մեքենաների և ռոբոտների աշխատանքով: Ահա այդ է պատճառը, որ մայրենի լեզվի և գրականության ուսուցումը ևս հիմնավոր փոփոխության կարիք ունի: Դպրոցական ուսումնառության շեշտադրումը պիտի լինի որոշակի կարողությունների և հմտությունների ձևավորումը, զարգացումը և կատարելագործումը: Հայոց լեզվի և գրականության ուսումնասիրությունը պիտի կառուցել հետևյալ սկզբունքներով.
Ժողովրդավարական. սովորողը մասնակցում է ուսումնառության գործընթացին, նրա կարծիքը և հետաքրքրությունների հիման վրա են կազմվում ընթացիկ աշխատանքները:
Անձնակենտրոն կամ սովորողակենտրոն ուսումնառություն. սովորողն ինքնուրույն է, աշխատում է հիմնականում դասարանում՝ ուսուցչի և ընկերների հետ համագործակցելով: Իրականացնում է տարաբնույթ հետազոտություններ: Տարբերակված ուսուցում. ուսումնառությունը կազմակերպվում է՝ հենվելով սովորողի անհատական առանձնահատկությունների վրա:

ՆՊԱՏԱԿ (ԻՆՉՈ՞Ւ, Ի՞ՆՉ ՆՊԱՏԱԿՈՎ)
Լեզուն մտածողության միջոց է. լեզու ուսումնասիրելով՝ պիտի զարգանան սովորողի քննադատաբար և պատկերավոր մտածելու, երևակայություն դրսևորելու, ստեղծարարության կարողությունները: Բանավոր և գրավոր խոսքով իր մտածումները, անհանգստությունները ձևակերպելու և վերարտադրելու կարողություն;


Լեզուն հաղորդակցման միջոց է. պիտի զարգանան սովորողի՝ մարդկանց հետ հաղորդակցվելու, համագործակցելու, ցանկացած միջավայրում իրեն լիարժեքորեն դրսևորելու, բանակցելու կարողությունները: Լսարանի առջև ելույթ ունենալու կարողություն: Բանավոր և գրավոր խոսքով հաղորդակցվելու կարողություն:
Գրական երկի ենթիմաստը, հեղինակի ասելքը, հերոսների արաքների դրդապատճառները, ոճական առանձնահատկությունները հասկանալու, ինքն իրեն և այլ մարդկանց ճանաչելու կարողություն, որի շնորհիվ կկարողանա կյանքում հարաբերություններ հաստատել, ճիշտ հաղորդակցվել և համագործակցել մարդկանց հետ:

Այս կարողությունների զարգացման հիմնական ճանապարհները՝
Լսել և դիտել, խոսել, կարդալ, գրել, ցուցադրել:

5-12-րդ դասարաններում հայոց լեզվի և գրականության դպրոցական
ուսումնառությունը բաժանել հետևյալ փուլերի.
Մայրենի լեզու /իբրև մեկ առարկա/– 5-6-րդ դասարաններ
Հայոց լեզու և գրականություն /իբրև մեկ առարկա/ - 7-9-րդ դասարաններ
Հայոց լեզու, խոսքի մշակույթ, հռետորական արվեստ կամ ճարտասանություն, գրականություն /իբրև երեք առարկա/ -10-12-րդ դասարաններ:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ (Ի՞ՆՉ ՍՈՎՈՐԵՑՆԵԼ)
Չափորոշիչ. տարիքային ամեն խմբի համար սահմանել չափորոշչային հստակ պահանջներ՝ 3-5 կետով, որ հնարավոր լինի ըստ դրանց նաև գնահատում իրականացնել:
Ծրագիր–համապատասխանում է տարիքային տվյալ խմբի առջև դրված նատակներին և խնդիրներին, այսինքն՝ չափորոշչին ամբողջությամբ:
Հիմնական շեշտադրումները՝
Տարբեր ժանրերի, խոսքի տարբեր ոճերի ընթերցանության նյութեր, տեսաֆիլմեր, գեղ. և փաստագրական կինոնկարներ:
Տեքստի (լսածի, կարդացածի) վերլուծություն ըստ բառապաշարի, ըստ ոճական առանձնահատկությունների, ըստ քերականական երևույթների:
Տեքստի վերարտադրություն տարբեր ձևերով և եղանակներով՝ բանավոր և գրավոր պատումներ, մենախոսություն, երկխոսություն, նամակ, օրագիր, հարցազրույց:
Տեքստի մասին՝ կարծիք, հոդված, զեկուցում, էսսե:
Ելույթ լսարանի առջև (նաև համացանցով):

Դասագրքեր. 5-9-րդ դասարան - հիմնականում տարբեր ընթերցարաններ են, որոնցում բաժիններն ըստ ժանրերի (հեքիաթ, առակ, բանաստեղծություն, պատմվածք, ինքնակենսագրական, արկածային վիպակ, վեպ, պատմական վեպ, օրագիր) և խոսքի ոճերի (գեղարվեստական, գիտաուսումնական, գիտահանրամատչելի, վարչարարական) են բաժանված:

Բառագիտական, քերականական և ոճաբանական նյութը տրվում է տեքստի հիման վրա, գործնական բնույթի է, սովորեցնում է խոսք կազմել, մտքերն արտահայտել, հաղորդակցվել, լսարանի առջև ելույթ ունենալ:
Ուսումնառությունը միջառարկայական է. լեզվի և գրականության տեքստերը հնարավորություն են տալիս ուսումնասիրելու այլ առարկաների և գիտությունների նյութեր: Մեծ տեղ է տրվում տարբեր լեզուներից հայերեն թարգմանելու գործին:

10-12-րդ դասարան – Հայոց լեզվի տեսության և գործնական աշխատանքների գրքեր, խոսքի մշակույթի և ճարտասանության կամ հռետորական արվեստի դասագիրք: Գրականությունից դասագիրք չի լինի: Դարձյալ կլինեն տարբեր ընթերցարաններ կամ հանձնարարվող երկը: Գրականության ծրագիրը ներառում է հայ մի քանի ամենանշանավոր գրողների գործերն առանց ժամանակագրության: Դրանց զուգահեռ, ըստ գրական ուղղությունների, կուսումնասիրվեն արտասահմանյան գրականության երկեր:

ԳՆԱՀԱՏՈՒՄ
Ուսուցանող և միավորային. գնահատումն իրականացվում է տարիքային ամեն խմբի համար սահմանված նպատակների համաձայն, անպայման սանդղակներով: Միավորային գնահատում կիրականացվի կիսամյակի ընթացքում 3-4 անգամ: Մնացածը ուսուցանող գնահատում է. խոսքային է, միավոր չի դրվում:
Ներքին և արտաքին գնահատում. ներքին գնահատում իրականացնում է դպրոցը, արտաքին գնահատման ներկայացվում են այն սաները, որոնք գնալու են բուհ:
Ներքին գնահատում՝ բանավոր և գրավոր խոսք պիտի կառուցի հանպատրաստից և ցանկացած թեմայով:
Արտաքին գնահատում՝ գրավոր շարադրանք, որը 2 տարվա աշխատանքի արդյունք պիտի լինի, և որը վերջնական գնահատվելու է ԳԹԿ-ում:

ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐ ԵՎ ԵՂԱՆԱԿՆԵՐ (ԻՆՉՊԵ՞Ս)
Ակտիվ ուսումնառություն, փոխներգործուն տեխնոլոգիաների և մեթոդների կիրառություն:

Այս հայեցակարգի մշակման համար որպես հիմք ծառայել են Հանրակրթության պետական կրթակարգը, Հանրակրթության պետական չափորոշիչը, հայոց լեզվի և գրականության առարկայական չափորոշիչը (հիմնական և ավագ դպրոցների համար մշակված), Միջազգային բակալավրիատի փաստաթղթերը, ինչպես նաև ճեմարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասավանդման բազմամայա փորձը:

Թամար Ալեքսանյան
Անի Հարությունյան
Անի Մակինյան
Անի Պապոյան
Նարինե Արզունյան
Արսեն Վարդանյան
Արմինե Ներսիսյան
Անահիտ Անտոնյան
Վարսենիկ Գրիգորյան
Զինաիդա Խաչատրյան
Մերի Խաչատրյան
Գայանե Սարգսյան
Նինա Վարդանյան
Վարվառա Ծատուրյան

Դիտվել է՝ 9997

Մեկնաբանություններ