«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

«Ափսոսում եմ, որ Խաչատրյանը երեք բալետ է գրել, այլ ոչ՝ տասը-տասնհինգ»

«Ափսոսում եմ, որ Խաչատրյանը երեք  բալետ է գրել, այլ ոչ՝ տասը-տասնհինգ»
08.06.2018 | 00:21

Բալետի փառատոնի շրջանակում, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, հունիսի 8-ին, 11-ին և 13-ին կներկայացվեն Արամ Խաչատրյանի «Սպարտակ», «Գայանե» և «Դիմակահանդես» բալետները: Աշխարհահռչակ կոմպոզիտորի ծննդյան 115-ամյակին նվիրված երաժշտական կարևորագույն այս իրադարձությունը կյանքի է կոչվել օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանի նախաձեռնությամբ:
Փառատոնը կմեկնարկի «Սպարտակ» բալետով՝ Յուրի Գրիգորովիչի բեմադրությամբ: «Սպարտակի» վրա կոմպոզիտորն աշխատել է երեքուկես տարի, հիմնականում ամռանը, Հին Ռուզայի կոմպոզիտորների տանը, ընդհանուր առմամբ, 8 ամսում և ավարտին հասցրել 1954 թվականի փետրվարի 22-ին:


Հունիսի 11-ին՝ «Գայանեն», և 13-ին՝ «Դիմակահանդեսը» կներկայացվեն թատրոնի գլխավոր բալետմայստեր Վիլեն Գալստյանի բեմադրությամբ:
Արամ Խաչատրյանի «Գայանեի» պարտիտուրի պատմությունը սկիզբ է առնում դեռևս 1939-ին գրված «Երջանկություն» բալետից: Մոտ 700 էջ ունեցող պարտիտուրը կոմպոզիտորը գրել է կես տարում:


«Ռազմաճակատին զենք, հաց, մախորկա էր անհրաժեշտ, իսկ հոգևոր սննդի՝ արվեստի կարիք ունեին և՛ ճակատը, և՛ թիկունքը»,- ասել է նա:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Վիլեն Գալստյանը պատմեց, թե ինչպես է դարձել «Գայանեի» լիբրետոյի հեղինակը: 1973-ին պետք է բեմադրվեր «Գայանեն»: Ռուս դրամատուրգի գրած սցենարը ոչ մի կապ չուներ իր մտածած Գայանեի հետ: Պետք է ձևափոխվեր սցենարը: Դիմում է Սիլվա Կապուտիկյանին, Պարույր Սևակին, բացատրում է, թե ինչ է ուզում: Սակայն այդպես էլ ոչ ոք հանձն չի առնում գրել լիբրետոն, հորդորում են, որ հենց ինքն էլ գրի: Իսկ թե ինչպես է գլուխ բերել այդ ծանր ու պատասխանատու աշխատանքը, մեկնաբանում է շատ պարզ՝ ինձ թելադրում էր երաժշտությունը:


«1941 թվականին Խաչատրյանը ռուսական դասական երաժշտության ավանդույթներով գրեց երաժշտություն Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի, իսկ 1954-ին՝ Լավրենյովի «Լերմոնտով» դրամայի բեմադրությունների համար: 1982 թ. կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանը, երկու դրամաների երաժշտությունը խմբագրելով, ստեղծեց «Դիմակահանդես» բալետը, որը բեմադրվեց Երևանի օպերայի և բալետի թատրոնում և մեծ հաջողություն ունեցավ:


Երկար դադարից հետո՝ 2017-ին, «Դիմակահանդեսը» Հայաստանի օպերային թատրոնի բեմում վերաբեմադրվեց: Վիլեն Գալստյանի խոսքով, «Դիմակահանդեսը» նույնպես մեր հարստությունն է. «Ես շատ հպարտ եմ, որ ունենք Արամ Խաչատրյան, մեր այս փոքր ազգին նա երեք բալետ է նվիրել: Օրինակ, ՈՒկրաինան մեծ պետություն է, ոչ մի ազգային բալետ չունի»:


Առաջատար պարող, վաստակավոր արտիստ ՌՈՒԲԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ բնորոշմամբ՝ երեքն էլ հաջողված, շքեղ, հեքիաթային ներկայացումներ են, յուրատեսակ թե՛ երաժշտության առումով, թե՛ խորեոգրաֆիայի, թե՛ դեկորացիայի ու զգեստների: «Ափսոսում եմ, որ Խաչատրյանը երեք բալետ է գրել, այլ ոչ՝ տասը-տասնհինգ,- ասում է արտիստն ու հավելում.- ինչպես Արամ Խաչատրյանին ճանաչում է բերել հատկապես «Սուսերով պարը», ինչն ամենևին նրա սրտով չէր, ինձ էլ Հայաստանում, նաև Հայաստանի սահմաններից դուրս սկսեցին ճանաչել Սպարտակի դերապարով»:


Բալետային խմբի ղեկավար ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ խոսքով՝ «Սպարտակը» նշաձող է, աշխարհում քիչ թվով թատրոններ կարող են անդրադառնալ այս ներկայացմանը, բեմադրելու համար ֆիզիկական և հոգևոր ներուժ է պետք: Բալետային խմբի ղեկավարն ընդգծեց, որ բարձրակարգ արտիստներ ունենք և պետք է գնահատենք մեր ունեցածը:
Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը կնշանավորվի խաչատրյանական երեք բալետներին նվիրված ցուցահանդեսով, որը տեղի կունենա թատրոնի ճեմասրահում: Նախատեսված է նաև Արամ Խաչատրյանի մասին պատմող տեսաֆիլմի ցուցադրություն:
Կոնստանտին Օրբելյանի տեղեկացմամբ՝ «Գայանե» բալետը հուլիսի 24-ին ներկայացնելու են Մոսկվայի Մեծ թատրոնում՝ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան աջակցությամբ: Մաեստրոյի խոսքով՝ սա պատմական իրադարձություն է: «Գայանեն» Մոսկվայում ներկայացվել է 60 տարի առաջ, իսկ մեր օպերայի և բալետի թատրոնը Մեծ թատրոնում վերջին անգամ հյուրախաղերով հանդես է եկել 1975-ին: Հավելենք, որ դիրիժորական վահանակի մոտ լինելու է Կոնստանտին Օրբելյանը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4142

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ