Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Երբ անվտանգությունը լուսանցքում է

Երբ անվտանգությունը լուսանցքում է
08.06.2018 | 00:53

ՆԱԽԵՐԳ


Օրը հանդարտ հաստատում է լույսի առավելությունը մթան հանդեպ։ Ամառ է, և խիստ խորհրդավոր են կարճատև գիշերները։ Կարելի է անկողինը փռել տանիքում, պառկել, երազել, քուն մտնել և լուսաբացից առաջ ցոլցլուն աստղեր իջեցնել երկնքից։
Հորդորում եմ ՀՀ 15-րդ վարչապետին և ՀՀ երիտկառավարությանը մինչև իրենց գործունեության 100-րդ օրը թեկուզ օրումեջ բարձրանալ տանիք և պառկել այնտեղ, երազել և քուն մտնել։ Օգտակար է այս գիշերումը, չկասկածեք, զի վանում է ժամկետանց մտքերը և համակում է հեղաշրջումային սխրանքներ իրագործելու մղումով։ Բայց ոչ թե երազում, այլ իրական կյանքում։ Միով բանիվ, բարձրացեք տանիք։

ԲԱ ՈՐ ԿԱՏՈՒՆ ԳԱ ՄԵԶ ՎՐԱ՞...


Քավ լիցի, մենք (իմա` «Իրատեսը» և ես` ծառան ձեր հեզ) չարանենգ չենք և պատրաստ ենք սրտով արի, մտքով էլ բարի աջակցելու «սիրո և համերաշխության» հեղափոխության վերջնական կայացմանը, սերը դեռ կա, համերաշխությունը ևս, սակայն չէ՞ որ սերը հուզալիցք զգացմունք է, իսկ համերաշխությունը կառուցողական գործընթաց է։ Այսինքն, սիրո պարագայում կարելի է ներողամիտ լինել և ներբողներ հղել առ Բաղրամյան-26 և Հանրապետության հրապարակ, համերաշխության դեպքում անհրաժեշտ է զինվել, այո՛, նշտարով ու անուշադրով։ Եվ անցնել գործի։ Բայց մեզ ուղերձ է հղում արդի ինքնատիպ պոետ Կարենը Անտաշյան յուր «Վիրուս ազատության» անհանգ բանաստեղծության առաջնագիր ութատողով.
Դե գիտեք ինչպես է լինում.
մեկը չարագուշակ
փռշտում է կողքիդ
հանուն ազատության,
եղբայրության և հավասարության
ու կորչում փողոցի
հրմշտոցում և դու,
որ ընդմիջման էիր գնում ընդամենը`
մի բան ծամելու արտաշնոցում
ու հետ դառնալու քո մեկուսարան,
ինքդ քեզնից անտեղյակ`
արդեն պատրաստ ես,
պատրաստվում ես։

Երկրի անվտանգությունը գերգերակա խնդիր է։ Այն ապահովելու նպատակով պետք է օր առաջ ձերբազատվել հեղափոխական հուզականությունից և անհրաժեշտ է գործնական կյանքի հուն մտնել։ Ինչ եմ առաջարկու՞մ։ Խնդրեմ, նախ դադարեցնել հայտարարագրային ջանգյուլումները, որոնք, իհարկե, դեռ շահում են հանրության հուզավառ հատվածի սրտերը, բայց խարխլում 3-րդ հանրապետության հիմքերը։ Խարխլում են, զի Ազերբայջանն անթաքույց պատրաստվում է ռազմական գործողությունների, և նրա թիկունքում ոչ միայն աշխարհի ամենահզոր բանակներից մեկն ունեցող Թուրքիան է, այլև պանօսմանյան և համաթուրանական կայսրությունը ստեղծելու մահմեդական աշխարհի երազանքը։ Վերոնշյալ կայսրության ճարտարապետները և՛ Իսրայելում են, և՛ Լոնդոնում են, և՛ Վաշինգտոնում են, ամենուր են, իսկ կայսրության շինարարներն ու աշխղեկները մեր սահմանակից հարևաններն են, այո՛, Թուրքիան և այո` Ազերբայջանը։ Զուգահեռ գործընթացներ են իրականանում, որոնք մեզ սթափության են կոչում։ Տեսեք Ազերբայջանը Նախիջևանում դիրքերն է ամրապնդում ինժեներական կառույցներ ստեղծելու շղարշի ներքո, անշուշտ, չմոռանալով իր վաղնջական գերնպատակը` հարմար պահին ներխուժել և գրավել Երևանը, լոգանք ընդունել Սևանա լճում և այլն, և այլն։ Զառանցա՞նք է, ամենևին, չէ՞ որ այս չարագույժ էթնոսը` ակ կոյունլու և կարա կոյունլու խաշնարածները, 1000 տարի, 10 դար առաջ գրեթե մերկ ու բոկոտն ներխուժելով Միջագետք, աճեց, զորացավ և համաշխարհային պատմության մեջ միակ կայսրությունն է, որը ոչ միայն չի փլուզվել, այլև պահպանում է իր դիրքերը Երկիր մոլորակում։

Այո, Թուրքիան պատմա-քաղաքական արտերևույթ է, զի աշխարհի բոլոր կայսրությունները` Արաբականն ու Մոնղոլականը, Բյուզանդականը և Խորհրդայինը գեղեցիկ մի օր փլուզվել են։ Մի՞թե երկար կյանք ունեցավ կիսաառասպելական հանճար Ալեքսանդր Մակեդոնացու անծայրածիր կայսրությունը։ Եկեք ծուռ նստենք և շիտակ դատենք. Ալիև-կրտսերը տարածաշրջանային խաղացող է (ուշադիր լինենք, խաղացող է, խաղաքարտ չէ), իսկ Էրդողանը, մի՞թե այս հարցում որևէ կասկած կա, համաշխարհային քաղաքականության արդի դեմքերից մեկն է, որի հետ ուզած-չուզած հաշվի են նստում աշխարհի հզոր տիրակալները, այդ թվում` Ռուսիո աննկուն ցար Վլադիմիր Պուտինը։ Հիշեցի տիար Վլադիմիրին և կռահեցի, որ մեր քաղաքական ներկա «հո՛պ զիլինա, զիլինան» բնավ ռազմավարական դաշնակցի սրտով չէ և, խնդրեմ, հերթական դագանակի հարվածն իջավ մեր անդյուրակիր պարանոցին, «Գազպրոմ-Արմենիան» դարձավ «Գազպրոմ» և արդեն իսկ նշյալ գազային կայսրության 100-տոկոսանոց բաժնետերն է։ ՌԴ-ն այս ամենում մեղավո՞ր է։ Ամենևին, զի համաշխարհային կառավարության դեմ պատերազմող Ռուսիան համարժեք և կանխատեսելի դաշնակցի կարոտ է ի դեմս ՀՀ-ի։ Չկասկածենք, հյուսիսային հարևանը դեռ իր խոսքն ասելու է։ Ռուսամե՞տ եմ։ Ո՛չ, երբեք, զի արմատական հայորդի եմ և ընթերցողացս հետ խոսել և խոսելու եմ հենց արմատականության դիրքերից, այն է` նշտարով և անուշադրով, ոչ թե օծանելիքով ու դիմափոշիով զինված։ Այսպես, Ռուսիայում օրենքի ուժով արգելափակված է ԼԳՏԲ-ականների և աղանդավորների գործունեությունը։ Մեզ մոտ այս որոմը շարունակ ծաղկում ու փթթում է, ինչպես մոլախոտն անտերության մատնված ագարակում։ Ռուսական գազը սահմանագլուխ է հասնում 150 դոլարով, մեր խոհանոցում ի հայտ է գալիս կրկնակի թանկ։ Պատժամիջո՞ց է։ Գուցե։ Սակայն մենք մինչ այսօր գեթ մեկ հստակ հակաքայլ կատարե՞լ ենք։ Իսկ այսօր էլ ձեռնարկու՞մ ենք ինչ-որ բաներ։ Կասկածում եմ և հրավիրում եմ ընթերցողներիս նստել հողմաղացի հովին և միասին կասկածել, զի ՀՀ երիտկառավարության ռազմավարական գերակայություններում անհայտ բացակայող է հանրապետության էներգաապահովման, որ միևնույն է, երկրի անվտանգության գերխնդիրը։ Այնինչ արևային կայաններ պետք է անհապաղ տեղադրել ամենուր` սկսած Բաղրամյան-26-ի տանիքից, վերջացրած սահմանամերձ զորամասերով։ Գումա՞ր չկա։ Լիքն է գումարը և ամենուր է այն, ուղղակի պետք է ձեռք մեկնել և վերցնել։ Մատնանշում եմ, առայժմ իր դիրքերը սանտիմետր անգամ չզիջող, պարզապես քիչ թե շատ մարդկայնացած ներհայկական քրեաօլիգարխիային պետք է կառավարական որոշմամբ պարտադրել (այո՜, այո՛, միայն պարտադրել և ստիպել, զի քրեաօլիգարխը չի ընկալում ոչ հորդորը, ոչ էլ պարսավանքը) անհապաղ ներդրումներ կատարել այլընտրանքային էներգիայի ոլորտներում։ Կշահի երկրի անվտանգությունը, մեղքը մասամբ կքավի քրեաօլիգարխը։

Երբ հոլովում եմ «երիտկառավարություն» եզրույթը, ամենևին չեմ կամենում դույզն-ինչ վիրավորել ներկա կառավարիչներին, ցանկանում եմ նրանց մղել կառուցողական սխրանքների։ Ի վերջո, ներկա կառավարության շատ անդամներ, տիար Փաշինյանի գլխավորությամբ զուտ տարիքի առումով կարող էին իմ զավակը լինել։ Միաժամանակ խիստ լավատես եմ և հույսեր եմ տածում, որ շուտով, շա՜տ շուտով կիրականանան «սիրո և համերաշխության» հեղափոխության ակնկալիքները։ Ինչի համար պետք է, որ երկրի կառավարման հարթակում դիրքավորվեն փորձառյալ անձինք, ի վերջո, տիար Փաշինյանին գահին են նստեցրել նաև միջին և ավագ տարիքի այրեր և տիկնայք։ Ինչու, դիցուք, կառավարման բարձր ատյանում չէ հայրենիքի անվտանգությունն ամեն բանից վեր դասող, փորձառյալ այր, արտակարգ և լիազոր դեսպան Արմանը Նավասարդյան։ Վերընթերցենք «Իրատեսի» նախորդ համարում տպագրված նրա հարցազրույցը և կռահենք, որ այո՛, 3-րդ հանրապետության, նաև Արցախի, անվտանգությունը ճոճքի մեջ է։ Այս պահին հիշեցնում եմ սույն հույժ նշանակալից հրապարակման խորագիրը։ «Եթե մենք չկարողանանք այսօր դիվանագիտական ու քաղաքական ճիշտ քայլեր անել, մեր գլխին մեծ վտանգ կկախվի»։ Եվ վերնագիրը. «Եթե վաղը 60 կմ հեռավորությունից ժամանակակից զենքով Երևանին հարվածեն, էլի՞ կասեն` ինժեներական աշխատանքներ են»։ Կասեն, արգո տիար Նավասարդյան։ Նաև կհավելեն, որ մենք համերաշխ ենք աշխարհի հզոր, արևմտյան տիրակալությունների հետ և ի մասնավորի կանաչ ճանապարհներ ենք հարթում ԼԳՏԲ-ականության և աղանդավորության առաջ, ընդ որում` արդեն անցել ենք գործնական քայլերի, հյուրընկալել ենք համաշխարհային սեռամոլագարության դրոշակակիր Էլթոն Ջոնին` ՀՀ 15-րդ վարչապետի և 4-րդ նախագահի մակարդակով։


Միակ պատկառելի տարիք ունեցող կառավարիչ այրն այսօր ՀՀ 4-րդ նախագահ տիար Արմենն է Սարգսյան։ Նա երկրի անվտանգությունն ապահովում է ինքնատիպ գաղափարական միջոցառումներով։ Նախ խանդավառ հյուրընկալեց տխրահռչակ Էլթոնին Ջոն։ (Սա աշխարհաքաղաքական անվտանգության երաշխիքն է)։ Ներքաղաքական կյանքում տիար Սարգսյանն ապահովում է մեր անվտանգությունն անգլոսաքսոնյան նախընտրական քարոզարշավներին հատուկ նավթալինաբույր շոյանքներով, օրինակ, պաղպաղակ է ճաշակում մանուկների հետ, զորօրինակ, նրանց համար բիֆշտեքս է պատրաստում և այլն։ Մի խոսքով` զվարճանում է և զվարճացնում։

ՎԵՐՋԵՐԳ


Նախ և առաջ` տիար Նիկոլը և Արմենը տիար պետք է հրապարակեն երկրի անվտանգության ազգային պետական հայեցակարգը։
Նախ և հետո` անհրաժեշտ է ներկա կառավարությունը համալրել երկրի անվտանգության ապահովմանը էապես նպաստող և հայ հանրության, նաև համայն հայության վստահությունը վայելող պատկառազդու գործիչներով։
Եվ վերջապես ժամանակն է հստակեցնելու, թե աշխարհաքաղաքական այս խառնակություններում մենք ՌԴ-ի համազոր դաշնակի՞ցն ենք, թե՞ այսուհանդերձ նրա վստահության քվեները քամուն տված անըմբռնելի ինչ-որ քաղաքական միավոր։
Իսկ օրը հանդարտ հաստատում է լույսի առավելությունը մթան հանդեպ։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 6469

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ