Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ֆրեսկոն» ինքնըստինքյան ծնվեց. կար հոգևոր, ոչ կոմերցիոն ֆիլմերի պահանջարկ»

«Ֆրեսկոն» ինքնըստինքյան ծնվեց. կար հոգևոր, ոչ կոմերցիոն ֆիլմերի պահանջարկ»
15.06.2018 | 01:39

Հունիսի 22-ին կմեկնարկի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի հինգերորդ միջազգային փառատոնը: Կարապի լճի տարածքում, զուգահեռ` դահլիճներում, տեղի կունենան ֆիլմերի դիտում-քննարկումներ, համերգային ծրագրեր, վարպետության դասեր: Վրանային ճամբարը, որը փառատոնի գլխավոր ծրագրերից է, տեղի կունենա Գորիսում և Տաթևի վանքի տարածքում: «Ֆրեսկոն» իր շուրջն է համախմբում տարբեր երկրներից ժամանած հոգևորականների, արվեստագետների, կինոգործիչների: Այս տարի ներկայացված հազար հայտից ընտրվել է 28 ֆիլմ 13 երկրից:


«Ֆրեսկո»-ի կազմակերպիչ ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ մեզ հետ զրույցում նշեց, որ փառատոնի հանձնախումբը կազմված է տարբեր ոլորտների, սոցիալական տարբեր խմբերի ներկայացուցիչներից` մանկատան աշխատակիցներ, երիտասարդներ, հոգևորականներ, կինոոլորտի ներկայացուցիչներ. «Փառատոնը չի դիտարկվում մասնագիտական տեսանկյունից` ռեժիսուրա, օպերատորական աշխատանք, այլ ավելի շատ հաշվի են առնվում լավագույն ուղերձները, մրցանակները շնորհվում են «Հավատ», «Հույս», «Սեր», «Խաղաղություն» «Քաջություն», «Մարդասիրություն», «Հայրենասիրություն» անվանակարգերում»:


Փառատոնի ծրագրում տեղ են գտել նաև հայաստանյան ռեժիսորների աշխատանքներ: Ներկայացվելու են Միքայել Նազարենկոյի «Մտորեք», Աշոտ Գևորգյանի «Ախթալայի Սուրբ Աստվածածին եկեղեցին», Ալբերտ Խուդոյանի «Տեղ չկա», Նվեր Մնացականյանի «Որտե՞ղ է երջանկությունը» ֆիլմերը: Աննա Կարապետյանի խոսքով` «Ֆրեսկո»-ի մրցութային ծրագրում ցուցադրվում են այն ֆիլմերը, որոնք հեռուստատեսությամբ չեն ցուցադրվել, համացանցում հասանելի չեն. «Հայ հանդիսատեսի համար սա պետք է լինի առաջին դիտումը»,- ասաց մեր զրուցակիցը: Անդրադառնալով «Մեր երկրում շատ են փառատոները, ինչո՞ւ պետք է լինի նաև «Ֆրեսկոն» հարցին` ասաց, որ, իսկապես, Հայաստանում շատ կան փառատոներ, և իրենք, որպես «Ֆորմիկա» Արտ ընկերության ներկայացուցիչ, ներգրավված են փառատոնային շատ աշխատանքներում, նաև հեռուստահաղորդում ունեն, որոնց մեծ թվով երիտասարդներ են մասնակցում: ««Ֆրեսկոն» ինքնըստինքյան ծնվեց, երիտասարդները գալիս էին, քննարկում, միտք ծագեց, որ կա հոգևոր, ոչ կոմերցիոն ֆիլմերի պահանջարկ, նաև անհրաժեշտություն` մշակութային կյանքում ընդգրկելու սոցիալական խոցելի խմբերի (մանկատան սաներ, սահմանափակ հնարավորություն ունեցող անձինք), որոնք, իրականում, մեծ ներուժ ունեն: Այդպես էլ «Ֆրեսկոն» ֆիլմի դիտումից դարձավ ֆիլմարշավ, հետո` փառատոն ու գնալով ընդլայնվում է»:


Հոբելյանական «Ֆրեսկոն» կտևի 10 օր: Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես հարյուրավոր կամավորների ձեռքերով պատրաստվում են փառատոնի հուշանվերները` մոմեր, աղոթքներ, հայկական խաչքարեր, մրցանակներ, որոնք բաժանվում են հանրությանը: Այս փոքրիկ հուշանվերները ոչ միայն գեղեցիկ խորհրդանիշ են, այլև երիտասարդներին և խոցելի խմբերը միավորելու և ներառական կրթության միջոց:
Փառատոնի կազմակերպիչներն են «Ծիածան» սոցիալական ՀԿ-ն, «Ֆորմիկա» Արտ ընկերությունը։ Աջակիցներն են մշակույթի նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը և «Կլոր սեղան» հիմնադրամը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
  • Վարպետության դասեր Սանահինի վանքում
  • Վրանային կինոճամբար Լոռի մարզում
  • Փառատոնի բացումը Կարապի լճի տարածքում
Դիտվել է՝ 4027

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ