Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Եթե որևէ մեկը կարծում է՝ Փաշինյանը Ձմեռ պապ է ու եկել է նվերներ բաժանելու, չարաչար սխալվում է»

«Եթե որևէ մեկը կարծում է՝ Փաշինյանը Ձմեռ պապ է ու եկել է նվերներ բաժանելու, չարաչար սխալվում է»
19.06.2018 | 04:21

Վերջին օրերին մեկը մյուսի հետևից ազատ են արձակվում հանրային ուշադրության կենտրոնում հայտնված դեմքեր, որոնք մեղադրվում էին ամենատարբեր հանցանքներ կատարելու մեջ: Հատկապես ուշագրավ էր Երևանի ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբավորման մի քանի անդամների խափանման միջոցի փոփոխությունը, ինչից հետո ազատության մեջ հայտնվեց նաև Պավլիկ Մանուկյանի որդին՝ Արամ Մանուկյանը, կամ էլ «Իգլայի» գործով կալանավորված Սամվել Բաբայանը: Հասարակության մի մասը նրանց քաղբանտարկյալ էր անվանում, այն տրամաբանությամբ, թե նախորդ իշխանությունները վերջիններիս ազատազրկել էին՝ բացառապես քաղաքական դրդապատճառներով: Խիստ մասնագիտական մանրամասների հետևից չընկնելով, նկատենք միայն, որ ՊՊԾ գունդը գրավածները, օրինակ, իրենց պատիժը կրում էին և կրում են մի քանի ոստիկանի կյանքը խլելու ու զինված հարձակում գործելու համար, իսկ թե քաղաքական որ հայացքների համար որտեղ և ինչ չափով են հալածվել, թողնենք յուրաքանչյուրիս դատին:


Վերոնշյալ անձանց ազատ արձակումը նախաձեռնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը: Երևույթը, ըստ քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆԻ, անկասկած քաղաքական ենթատեքստ ունի: «Իրատեսի» հետ զրույցում նա ասաց, որ Նիկոլ Փաշինյանը, այդ անձանց ազատ արձակելով, նախ փորձում է ապացուցել, որ Հայաստանում քաղբանտարկյալներ, այնուամենայնիվ, կան, և ինքը նրանց ազատություն է շնորհում՝ որպես բարի կամքի դրևսորում: Իրականում, սակայն, Համբարյանի կարծիքով, խնդիրը հետհեղափոխական էյֆորիայի ֆոնին սեփական վարկանիշն է՛լ ավելի բարձրացնելն է:
«Փաշինյանը փորձում է օգտագործել այդ էյֆորիան՝ հասարակությանը ցույց տալով, թե ազատ է արձակում նախորդ իշխանություններից հալածված քաղաքական ու ոչ քաղաքական դեմքերին: Սրանով նա փորձում է ցույց տալ, որ նախորդ իշխանությունները պակաս ժողովրդավար էին, իսկ ինքը ժողովրդավար լիդեր է:


Ինչ վերաբերում է քաղբանտարկյալներին, իմ տեսակետն այդ մասով հետևյալն է. այո, իրոք, անձինք կային, որ քաղբանտարկյալներ էին: Օրինակ, չեմ կարծում, որ հրապարակում տոնածառ զարդարելու համար մարդուն կարելի էր մի քանի տարի նստեցնել բանտում, բայց, միևնույն ժամանակ, կարծում եմ, որ եթե տեղի է ունեցել հարձակում ՊՊԾ գնդի վրա, և այդ հարձակման ժամանակ մարդ է մահացել, անպայման մահվան փաստը պետք է բացահայտվի, ու մեղավորները պետք է պատժվեն: Իշխանությունները գալիս ու գնում են, բայց երբ որ որևէ իշխանություն թույլ է տալիս, որ հանցագործը չպատժվի, դա ուղղակի պատուհաս է դառնում ոչ միայն այդ արարքը թույլ տվողի, այլ նաև հաջորդ իշխանությունների գլխին»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:
Վերջինս, որպես պատմաբան, փաստեց նաև՝ ոչ մի հեղափոխությունից հետո հասարակության նպատակներն ու երազանքները 100 տոկոսով չեն իրականանում, մարդիկ նոր իշխանություններից լիովին չեն ստանում այն, ինչ ակնկալում էին, ուստի հետհեղափոխական էյֆորիան գնալով նվազում է, ու հասարակությունը սկսում է խնդիրներ ունենալ նոր իշխանությունների հետ:


«Որոշ նախարարների գործունեության հետ կապված` այդ խնդիրներն արդեն իսկ նկատելի են, քանի որ մարդիկ հիշում են, թե ինչ էին ասում տվյալ պաշտոնյաները մինչև իշխանության գալը և դրանից հետո: Սա շատ լավ հասկանում է Փաշինյանը ու փորձում է այն բացասական կարծիքը, որ առաջացել է ու կարող է առաջանալ հասարակության շրջանում, կոմպենսացնել քայլերով, որոնք հասարակությունը կընկալի ու կողջունի: Այս ամենը հաշվի առնելով՝ վարչապետ Փաշինյանն ու իր թիմը փորձում են հնարավորինս արագ կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և եթե իշխանափոխությունից հետո հայտարարվում էր, որ ընտրությունները, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան 2019-ի մարտ-ապրիլ ամիսներին, հիմա խոսում են 2018-ի աշնանը դրանք կազմակերպելու մասին»,- մանրամասնեց Շիրակի պետական համալսարանի դասախոսը:


«Իրատեսի» դիտարկմանը, թե անազատության մեջ գտնվող մարդկանց ազատություն «շնորհելով», փաստորեն, Փաշինյանը դիվիդենդներ է հավաքում, Գագիկ Համբարյանը դրական պատասխան տվեց: «Եթե որևէ մեկը կարծում է, թե Նիկոլ Փաշինյանը Ձմեռ պապ է ու եկել է նվերներ բաժանելու, չարաչար սխալվում է: Փաշինյանն իշխանություն ունեցող անձ է, և նա, առաջին հերթին, մտածում է որպես քաղաքական գործիչ: Նրա ցանկացած քայլ կապված է ապագայում իր իշխանությունն է՛լ ավելի ամրապնդելու հետ»,- նկատեց նա, հավելելով, որ այս մեթոդները շատ վաղուց փորձարկված են, օրինակ, Վրաստանում կամ ՈՒկրաինայում, և այն, ինչ տեղի է ունենում մեզ մոտ, բնավ նորություն չէ: Հիշեցրեց նաև, որ Միխեիլ Սաակաշվիլին, երբ եկավ իշխանության, անմիջապես ձերբակալեց Էդուարդ Շևարդնաձեի դստեր ամուսնուն, ինչը ողջունեց վրաց հասարակությունը:
Քաղաքագետը նկատեց նաև, որ Հայաստանում այժմ պարադոքսալ վիճակ է: Ըստ նրա՝ մեր երկրում քաղաքական ճգնաժամ է, և շատերը չեն հասկանում ու ընդունում դա:

«Պառլամենտական համակարգում կառավարությունը պետք է ամուր հենարան ունենա օրենսդիր մարմնում, բայց այսօր Նիկոլ Փաշինյանն ընդամենը ինը պատգամավոր-թիմակից ունի խորհրդարանում, և սա նոնսենս է, աշխարհի որևէ երկրում չկա նման բան: Որքան էլ «Ծառուկյան» դաշինքը, ՀՅԴ-ն ու որոշ ՀՀԿ-ականներ նրան պաշտպանեն, ներկա վարչապետը շատ լավ է հասկանում` երբ նահանջի հետհեղափոխական էյֆորիան, ինքը շատ լուրջ փաստի առաջ կարող է կանգնել, ու պառլամենտը, կարող է հեռացնել իրեն պաշտոնից: Նաև այս հանգամանքը հաշվի առնելով է, որ վարչապետն այժմ ակտիվորեն պատրաստվում է խորհրդարանական ընտրությունների»,- իր տեսակետն այսպես հիմնավորեց Համբարյանը:
Վերջինս ոչ միայն չբացառեց այս օրերին ազատ արձակված անձանց ներգրավումը քաղաքական գործընթացներում, այլև համոզվածությամբ նկատեց, որ թե՛ Ժիրայր Սէֆիլյանը, թե՛ Սամվել Բաբայանն ու այլ գործիչներ ակտիվորեն կմասնակցեն սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Նա չբացառեց մեկ այլ հանգամանք ևս՝ վերոնշյալ անձինք սեփական քաղաքական թիմերով կարող են հանդես գալ: «Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ, օրինակ, Ժիրայր Սէֆիլյանը, որը 2016-ին դեմ էր, որ Նիկոլ Փաշինյանն առաջնորդի Սարի թաղում՝ ՊՊԾ գնդի մոտ հավաքված ցուցարարներին (հիշում եք՝ դա ապացուցող հեռախոսազրույցը հրապարակվեց), հիմա նույն կերպ դեմ չի լինի Փաշինյանին: Այսինքն, չեմ բացառում, որ Ժիրայր Սէֆիլյանը հիմա կարող է միայն շնորհակալություն հայտնել գործող վարչապետին, որ իրեն ազատեց երկարատև բանտարկությունից, ու սկսի քաղաքական սեփական կուրսը մշակել: Այդպես եղավ նաև ՈՒկրաինայում, երբ Պյոտր Պորոշենկոն Ռուսաստանում դատապարտված օդաչու, ՈՒկրաինայի հերոս Նադեժդա Սավչենկոյին ազատ արձակելու համար դիմեց ՌԴ-ին, բայց երբ Սավչենկոն վերադարձավ Կիև, խորհրդարանի ամբիոնից բացահայտ կերպով սկսեց սպառնալ, թե կսպանի նախագահ Պորոշենկոյին»,- բացատրեց քաղաքագետը:


Գագիկ Համբարյանը նկատեց, սակայն, որ եթե ընտրությունները շատ արագ տեղի ունենան, Փաշինյանի «դաբրոյով» ազատ արձակվածները պարտավորված կլինեն նրա հետ մեկ միասնական թիմով մասնակցելու ընտրություններին: Մեր զրուցակիցը հավելեց նաև, որ ընտրությունների ժամկետներն ինչքան հետաձգվեն, ապա չի բացառվում, որ քաղաքական գործիչներից շատերն ընդամենը շնորհակալություն կհայտնեն Փաշինյանին, ասելով` շատ շնորհակալ ենք, որ մեզ ազատեցիք, բայց մենք էլ մեր ծրագրերն ունենք:
Գագիկ Համբարյանի համոզմամբ հնարավորինս արագ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու Նիկոլ Փաշինյանի մտադրությունը բացատրվում է նաև իր թիմում առկա կադրային քաղցի խնդրով: Նոր կառավարությունում արհեստավարժ ու փորձառու մասնագետների պակասը հասարակությունն արդեն զգում է, իսկ այս կամ այն պաշտոնյայի՝ սկանդալի վերածվող հայտարարությունները վկայում են մեկ բան՝ այդ մարդիկ անցնելու դեռ շատ ճանապարհ ունեին:


«Եթե հետհեղափոխական էյֆորիա չլիներ, պատկերացրեք, թե ինչպես հասարակությունը կարձագանքեր ԲՈՀ-ի նորանշանակ տնօրենի լուսանկարներին, որ տարածվեցին համացանցում: Եթե մարդիկ այդ լուսանկարը տեսնեին 4-5 ամիս հետո, դրանք մեծապես կազդեին Փաշինյանի վարկանիշի վրա, բայց հիմա այդքան էլ սուր չընկալվեցին դրանք»,- ասաց Գագիկ Համբարյանը, ամփոփելով, որ ժողովուրդը դեռ հավատում է Փաշինյանին, դեռ երկրպագում է նրան, բայց հետհեղափոխական էյֆորիան երկար ձգվել չի կարող:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3969

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ