Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ի վերուստ իրենց տրված «պատվեր»

Ի վերուստ իրենց տրված «պատվեր»
19.06.2018 | 05:06

Մայիսի 22-ին Հայաստանի նկարիչների միության 1-ին հարկի ցուցասրահում բացվեց Առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված «Հայաստանի առաջին Հանրապետություն-100» հոբելյանական ցուցահանդեսը։
Տոնական էր տրամադրությունը հանրապետական հոբելյանական ցուցահանդեսում։ Ներկայացված էին ինչպես գեղանկարչական, գրաֆիկական, այնպես էլ քանդակագործական աշխատանքներ և դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ, բնապատկերներ, դիմանկարներ, ֆիգուրատիվ և վերացական բնույթի ստեղծագործություններ։ Ստեղծագործությունները խորհրդանշական հնչողություն ունեին, բազմանշանակ էին և բազմապիսի։


Հոբելյանական ցուցահանդեսի հաջողությունը պայմանավորվեց ոչ միայն ընդհանուր լավատեսական տրամադրությամբ, այլև բովանդակության խորությամբ ու մատուցման բազմազանությամբ։
Խստագույն ընտրությամբ անցած գործերը շունչ և կյանք էին հաղորդել աննախադեպ այս նկարահանդեսին։ Հանդիսատեսին նախ դիմավորում էին պատմական դեմքերի` Արամ Մանուկյանի (հեղ.` Լ. Վարդանյան) և Գրիգոր Չուբարի (հեղ.` Ա. Զարդարյան) դիմանկարները։ Տարիել Հակոբյանը ներկայացրել էր «Գարեգին Ա. Հովսեփյան, դեպի Սարդարապատ» տպավորիչ քանդակը։ Ակամա մտածում ես, թե ինչու նման գործերը չեն զարդարում մեր կյանքը։ Մ. Մելքոնյանի «Արամ Մանուկյանը» անտարբեր չէր թողնում դիտողին։
Հոբելյանական այս ցուցահանդեսի կորիզը մի քանի արվեստագետների աշխատանքներն էին` Կ. Աղամյանի «Մենք ենք մեր ուժը» մեծածավալ խորհրդանշական կտավը, Խ. Ազիզյանի եռամաս հայրենասիրական շարքը։ «Երազ իմ երկիր հայրենի-1», «Արարատի նման գագաթ չկա», Մ. Փարեմուզյանի «Կռվախնձորը» և կրկին «Երազ իմ հայրենի-2»-ը։

Ստեղծագործությունները, թերևս, չնկարագրենք, դրանք տեսնել է պետք։

Նկարահանդեսում առանձին աշխատանքներ հանգուցային դեր ունեին։ Դրանք էին` Վան Սողոմոնյանի «Երկրի և երկնքի միջև» ծավալուն վերացական գործը, հայտնի վերացարկող նկարիչ Յուրի Հարությունյանի ստեղծագործության անվանումը բարդ էր, սակայն համարժեք էր նրա խորհրդին` «Խոստովանյալ լույսն ազատության», Սերվենտ Պողոսյանի մեծաչափ «Տոնական օր» վառ տրամադրություն ստեղծող գործը։
Պետք է նշել, որ շատ ստեղծագործություններ ստեղծվել էին տարիներ առաջ և կրում էին զանազան հույզեր, փիլիսոփայական ամփոփումներ և սպասումներ։
Առանձնացնենք մի քանիսը. Յուրի Խաչանյանի «Հաղթանակ և պարտությունը», Սարին Ոսկյանի «Արդյոք, թերևս և ինչպեսը», Նունե Թումանյանի «Քայլը», Կարո Վարդանյանի «Ցնորքը», Նարեկ Կնյազյանի «Ըմբոստը», Ռաֆայել Ջավախյանի «Ծնունդը», Աշոտ Արամյանի «Մարգարեությունը»։


Ավելացնենք մի քանի այլ աշխատանքներ, որոնք գրավեցին մեր ուշադրությունը. Հովհաննես Գասպարյան` «Հաղթական կամուրջ», Մարտին Ակողլյան` «Գինու տոնը», Ֆաենբերգ Սարգսյան` «Ծեր կնոջ դիմանկարը»։
Կային բնապատկերներ, գողտրիկ գեղանկարչական աշխատանքներ, որոնք համահունչ էին հույս և հավատ ներշնչող իրականությանը։ Հիշենք Արամ Հակոբյանի «Կեսօրը», Արտյուշա Ավետյանի «Խաղաղ դաշտում», Սերգեյ Նարազյանի «1918-1920 թթ. Հայաստան» շարքից «Ֆայտոնը», Արտաշես Աբրահամյանի «Սխրանք», Արա Շահումյանի «Սպիտակ գենոցիդ, ընդվզում, աղոթք» գործերը։


Յուրաքանչյուրը կարող էր իր ճաշակին և տրամադրությանը հարիր ստեղծագործություն գտնել։ Պատահական չէր, որ ցուցասրահը 1-ին հարկում մշտապես լի էր այցելուներով։
Ինչպես միշտ, չկար պետական պատվեր, և ինչպես միշտ, նկարիչները, քանդակագործները, դեկորատիվ-կիրառական արվեստի ներկայացուցիչները ստեղծագործում են` կատարելով ի վերուստ իրենց տրված «պատվերը»։


Յուրի ԽԱՉԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3017

Մեկնաբանություններ