Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Ինչպիսին էլ լինեն այս ընտրությունների արդյունքները, ակնկալում ենք, որ դրանք կնպաստեն Թուրքիայի ընդհանուր վիճակի բարելավմանը»

«Ինչպիսին էլ լինեն այս ընտրությունների արդյունքները, ակնկալում ենք, որ դրանք կնպաստեն Թուրքիայի ընդհանուր վիճակի բարելավմանը»
22.06.2018 | 09:54

«Իրատեսի» հյուրն է Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր ՍԵԼԻՆԱ ԴՈՂԱՆԸ:

Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցությունը 1923 թ. հիմնադրել է Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը: 1995 թ., իբր սոցիալ-դեմոկրատ ժողովրդական կուսակցության հետ «միավորվելուց» հետո, ԺՀԿ-ն համարվում է կենտրոնամետ ձախ կուսակցություն, որի աշխարհիկության քողի տակ գերիշխում է ազգայնամոլությունը:

Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ 65 տարի անց՝ 2015 թ., ԺՀԿ-ի կողմից հայուհին ընտրվեց Մեջլիսի պատգամավոր: Երիտասարդ, ժպտադեմ, եռանդուն Սելինա Դողանի կերպարն անակնկալ էր շատերի համար: Իր ելույթներից մեկում նա ասել է, որ անցյալին վերաբերող որոշ հարցեր կան, որոնց պետք է առերեսվել. «Ես, որպես հայ պատգամավոր, բնականաբար, հայերի վերաբերյալ հարցերը խորհրդարանի օրակարգ կբերեմ: Ի տարբերություն Մեջլիսի մյուս պատգամավորների, ես ավելի քաջատեղյակ եմ հայ համայնքի խնդիրներին, այդ համայնքում եմ մեծացել»: «Կարևոր է, թե այսօր մարդիկ ինչպես են վերաբերվում խնդրին՝ օտարացնում են, թե վերաբերվում են ինչպես հավասարը հավասարին»: Նրա և Թուրքիայի ընդդիմադիր քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP-ԺԴԿ) Մեջլիսի պատգամավոր Գարո Փայլանի ելույթները և՛ Մեջլիսի պատգամավորները, և՛ հասարակությունը բարեհաճ չէին ընդունում, բայց նրանց մղեցին անդրադառնալու հայերի՝ որպես ազգային փոքրամասնության գոյության փաստին, երկրի պատմության մինչ այդ գոց, մշուշապատ էջերին և, թեկուզ չկամորեն, եզրահանգումներ անել:

Ս.թ. հունիսի 24-ին Թուրքիայում տեղի ունենալիք խորհրդարանական և նախագահի արտահերթ ընտրություններին մասնակցելու համար ԺՀԿ-ի անդամ Սելինա Դողանն այս անգամ չի ընդգրկվել ԺՀԿ-ի ընտրացուցակում, բայց շարունակում է ակտիվորեն ներկայացնել իր կուսակցության դիրքորոշումները:

Դժվա՞ր է լինել ազգային փոքրամասնության ներկայացուցիչ պատգամավոր Մեծ մեջլիսում, որքանո՞վ հաջողվեց իրագործել նախանշած խնդիրները: Այս և մի շարք հարցերի պատասխանները լսելու ակնկալիքով՝ անպայման ուզում էի հանդիպել Սելինա Դողանի հետ: Պարզվեց՝ դա այնքան էլ դյուրին չէ: Ժամանակի մեծ մասը նա Անկարայում էր կամ այլ վայրերում, ընտրողների հետ հանդիպումների՝ հետամուտ նրանց խնդիրների լուծմանը: Հետո մեր զրույցի ժամանակ նա պիտի ասի, որ ընտրողներն իրենց դիմում են ամենաբազմազան, երբեմն էլ տարակուսանք հարուցող հարցերով և նուրբ հումորով ավելացնի. «Մի գյուղացի հեռաձայնեց, ասաց, որ հարևանի անասունները մտել են իր բոստանը, օգնենք՝ դրանք հանի իր հողամասից»:

ՀԵՇՏ ՉԷ ԺԱՄԱԴՐՎԵԼ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ

Տասնյակ հազարավոր կիլոմետրերով ճամփաներ, 19,5 միլիոն բնակչություն ունեցող Ստամբուլը՝ հռոմեական և բյուզանդական ժամանակներում քրիստոնյա Արևելքի մայրաքաղաքը, Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը, այսօր ներկայանում է որպես իսլամական քաղաքակրթության կենտրոններից մեկը: Որպես շինարար, կառուցող, ստեղծագործող ժողովուրդ՝ անուրանալի է հայերի ներդրումը Կոստանդնուպոլիս-Ստամբուլի պատմության մեջ: Մշտահալած, բյուր տառապանքներ կրած, երբեմնի գունեղ դիմագիծ ունեցող պոլսահայ համայնքի բնակչության թիվն այսօր հազիվ 60000-ի է հասնում, որն էլ այսօր գոյատևելու պարտադրանքով կորցնում է իր տոհմիկ հայկականությունը: Բայց դեռ կան իրենց արմատներին, հիշատակներին հավատարիմ հայեր, որոնց շուրթերից հնչում է սքանչելի արևմտահայերենը: Եվ եթե չլիներ նրանցից մեկի հյուրընկալ, հոգատար վերաբերմունքը, հազիվ թե ինձ հաջողվեր հսկայական քաղաքի, թվում է, անվերջ ձգվող նեղլիկ փողոցների խաչուղիներում հանդիպել տարեց ու միջին սերնդի այն պոլսահայերի հետ, որոնց պատմությունները Պոլսի ու գավառի հայության անցյալ ու ներկա կյանքի խոսուն վավերագրեր են:

Իմ հանդիպումները կազմակերպելու խնդիրը սիրահոժար հանձն առավ պոլսահայ համայնքում իր հասարակական ու մասնագիտական գործունեությամբ հայտնի, հիվանդների ու հասարակության կողմից սիրված բժիշկ, գրականության գիտակ, թարգմանիչ ու նուրբ հորինվածքով պատմվածքներով հայտնի Հերմոն Արաքսի տիկինը՝ Ռիտա Համամջյան-Արաքսը: Ցավոք, Հերմոն Արաքսը մի քանի տարի առաջ մահացել էր, ու երեկոները, հերթական հանդիպումից, հարցազրույցից հետո, մինչև ուշ գիշեր ես մեծ հետաքրքրությամբ ծանոթանում էի, իրոք, «նվիրյալ» բառի ամենախոր իմաստով ջանադրորեն հայերին ու օտարներին ծառայելու պատրաստակամ, փայլուն մասնագիտական գիտելիքներ ունեցող բժշկի կյանքն ու գործունեությունը ներկայացնող հարուստ արխիվին, մտովի խոնարհվում նրա՝ ծնյալ մանկավարժի խանդավառությամբ գավառի հայ տղեկներին հայերեն սովորեցնելու գործին նվիրվելու և ապա հետագա հայեցի կրթության հարցը լուծելու համար շատ դժվարություններ հաղթահարելով նրանց Պոլիս բերելու, Դպրեվանքում տեղավորելու առաքելության առջև: Եվ այդ ծրագիրն իրագործելու խնդրում համհարզի ու նվիրյալ զինվորի պես նրան աջակցել է տիկին Ռիտան: Առանձին գրելու, հիշատակելու նյութ է նրանց սիրո, միշտ միմյանց նվիրված ու համախոհ լինելու պատմությունը՝ ընդօրինակման արժանի պատգամ այսօրվա երիտասարդ սերնդին:

Նրանց ընդարձակ բնակարանը յուրօրինակ թանգարանի է նման. ամեն անկյունում, պատերին, գրադարակներում Արաքս Հերմոն և Ռիտա Համամջյան-Արաքս ամուսինների անցած բեղմնավոր աշխատանքային, ստեղծագործական կյանքի հետաքրքիր ու խոսուն վկայություններն են, որոնք ուսումնասիրելու համար անհրաժեշտ է շատ օրեր խորասուզվել այդ աշխարհում, որում, ըստ էության, պոլսահայ համայնքի սերունդների պատմությունն է ամփոփված: Ժամանակի շնչից խունացած պատվոգրեր, շնորհակալագրեր, հիշարժան պահերի ոգեշնչումը պահող, ինքնատիպ շրջանակների մեջ առնված լուսանկարներ, հեղինակների նվիրած ասեղնագործ ու գեղանկարչական աշխատանքներ, ամենուր՝ գրադարակներում, մեծ ու փոքր սեղանների վրա, ցուցահարթակներում դասդասված արևմտահայ ու համաշխարհային գրականության նշանավոր հեղինակների գրքեր, տասնյակ տարիներ առաջ Եվրոպայում, Կ. Պոլսում հրատարակված բացառիկ արժեք ներկայացնող հանրագիտարաններ, բժշկագիտական, հայերեն բացատրական բառարաններ, վաղեմության հետքը պահող, արդեն թանգարանային նշանակության ճենապակյա, մետաղյա կենցաղային հազվագյուտ առարկաներ, սկահակներ, սափորներ, անցյալ կյանքի այլ խոսուն վկաներ, որ լուռ առանձնության մեջ փորձում են իրար կապել անվերադարձ անցյալ, ներկա ու դեռ անհայտ գալիքի օրերը: Երկնի կապույտի երանգներով նախշազարդված սափորի վրա օսմաներեն գրեր կան: Երբ հարցրի՝ ի՞նչ է գրված, տիկին Ռիտան մի պահ անակնկալի եկավ. ինչպես է, որ այսքան ժամանակ չի անդրադարձել դրան, ու խորհրդավոր հայացքն ուղղեց 103-ամյա ազգականի՝ Նուրհանի կողմը: Պարզվեց, չնայած առաջացած տարիքին, առույգ ու երիտասարդական ձիգ կեցվածքով Նուրհան դայդայը հայերենից ու իտալերենից բացի, գիտե նաև ֆրանսերեն, անգլերեն, օսմաներեն: ՈՒշիմ, ուշադիր, միջազգային լուրերի վերջին թողարկումներին քաջատեղյակ (լրատվությանը հետևում է միայն իտալական հեռուստաալիքներով) Նուրհան Ժոզեֆովիչը (օ՛հ, պոլսահայերի ազգանուններից յուրաքանչյուրը իր տխրալի պատմությունն ունի) վերցրեց սափորը, կարդաց, ու հեգնախառն ժպիտն այլայլեց դեմքը. նախշազարդող վարպետն այդ պահին ի՜նչ ապրումներով էր համակված եղել, որ սափորի կողին գրել էր. «Ա՜յս էլ կանցնի...»: Կյանքի անցողիկությունն ու ունայնությունը... Մի՞թե նույնը չեն գուժում կենտրոնական փողոցից բնակարան ներխուժող շտապօգնության ու ոստիկանության մեքենաների զօր ու գիշեր աղաղակող ազդանշանները, որ տագնապով են համակում հոգիդ... Վաղնջական ու ոչ վաղ անցյալում ստեղծված տարբեր ազգերի մշակույթների վառ վկայագրերը միտումնավոր քողարկելու, անհետացնելու բազմաթիվ օրինակներ կան Ստամբուլում և հենց ահռելի մեծ քաղաքի սրտում՝ Թաքսիմ հրապարակում, որի սալահատակի տակ դեռ շնչում է հայկական գերեզմանոցների մեռելների լռությունը, և դժվար թե Թաքսիմ հրապարակից, թվում է, դեպի հավերժություն ձգվող փողոցի տեղացի ու այլազգի ամբոխի չդադարող երթի մեջ գտնվի մեկ-երկու մարդ, որ քաջատեղյակ լինի, թե հայերին վերաբերող ի՜նչ ցավալի իրողություններ է թաքցնում Բյուզանդիոնի ժամանակներից ի վեր շատ ազգերի ստեղծագործ մտքի ու արարող ձեռքերի շնորհիվ ծաղկած-հզորացած ներկայիս բազմամիլիոնանոց Ստամբուլը: Դեպի հավերժություն ձգտող ճոխ խանութներով, սրճարաններով լի ինքնավստահ, գոռոզ փողոցը, սակայն, անկարող է թաքցնելու մուրացիկների, հտպիտների, օրվա հաց վաստակելու համար իրենց շնորհքը ցուցադրող տարբեր ազգերի ներկայացուցիչների տխուր ներկայությունը: Հատկապես երեկոներին ու կեսգիշերն անց անվերջանալի թվացող ամբոխի երթի հաճախ անհաղորդ հայացքի ներքո երգում-նվագում են մաշկի տարբեր գույն ունեցող, տարբեր տարիքի ու ազգության ներկայացուցիչներ. բարետես երիտասարդ ռուս կինը, կողքին՝ մանկական սայլակում շրջապատի ժխորին չարձագանքող մի քանի ամսական փոքրիկը, բորբոքված աչքերով սիրիացի փախստական ծերունին՝ սրնգանման փողից հնչող տառապանքի հծծյուններով, ընդվզուն ու տրտում երգերով պայքարի կանչող վայրի գեղեցիկ աչքերով քուրդ պատանիները, որոնց երգի ու հայացքի հմայքն «ստիպում» է անգամ ժլատ միջին առևտրականին ու աղքատիկ հագուկապով ուսանողուհուն բացել դրամապանակը: Այս փողոցի մի հատվածում սիրտ պայթեցնելու չափ հակադիր մի պատկերի ականատես եղա ապրիլի 24-ին. թուրք, քուրդ, հայ և այլ ազգերի ներկայացուցիչներ, ասֆալտին նստած, ձեռքներին 2015 թ. զոհ դարձած հայ մտավորականների լուսանկարները, իրենց բողոքն էին հայտնում ընդդեմ կատարված ու կատարվող ոճիրների, պահանջում, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Այստեղ հնչող «Հայր մեր» աղոթքի շշունջներից քիչ այն կողմ թուրք ազգայնականների հավաքն էր: Ելույթ ունեցողները կոկորդ պատռելով մեղադրանքներ էին հնչեցնում հայերի ու քրդերի հասցեին: Աղոթողների ու հայհոյողների միջև կանգնած էին ավտոմատներով զինված սառն ու բացակա դեմքերով ջահել զինվորները: ՈՒղեկցիս ասելով՝ նրանք հսկում են կարգուկանոնը, որ կողմերի միջև ընդհարումներ չլինեն:

Երբ ամեն անգամ տիկին Ռիտան ճիշտ մամուլի գծով պատասխանատուին բնորոշ ոճով ու երգեցիկ արևմտահայերենով պայմանավորվածություն էր ձեռք բերում ինձ համար, քիչ հեռու բազկաթոռին նստած՝ սքանչացումով վայելում էի նրա՝ Մեծարենցի զգայուն պոեզիայի ու Պարոնյանի գունագեղ հումորի համանվագ հիշեցնող խոսակցությունը: Հիացնող էր հեռախոսով բանակցելու, համոզելու նրա կարողությունը և, անշուշտ, հեռախոսի այն կողմում Պոլսի ինչ խավի, ինչ նկարագրի ու դիրքի ներկայացուցիչ էլ լիներ, անկարող էր անտարբեր վերաբերվելու տիկին Ռիտայի առաջարկին: Այդ հետևողականության շնորհիվ էր, որ, չնայած Ստամբուլից բացակայելուն և տարբեր վայրեր գործուղումներին, ի վերջո Անկարայից Ստամբուլ վերադառնալուն պես մեզ այցի եկավ Թուրքիայի Ազգային Մեծ մեջլիսի հայազգի պատգամավոր Սելինա Դողանը՝ ժպտերես, պարզ ու անմիջական երիտասարդ մի կին՝ գեղեցիկ ձևավորված թխվածքի տուփը ձեռքին, ու նրա ժպիտից ընդարձակ սրահն ավելի լուսավորվեց: Թվաց՝ վաղուց գիտեմ նրան՝ Երևանից կամ Գյումրուց՝ հարազատ ու ջերմ հոգով մեկը, ում հետ շատ եմ հանդիպել-զրուցել: Գուցե նույն զգացողությունն ինքն էլ ունեցավ, ու դրանից է, որ պարզ, անբռնազբոսիկ, առանց հատուկ պահվածքի մեր զրույցը տևեց ժամեր, և դեռ էլի կզրուցեինք, բայց Սելինան պիտի հասներ զավակին: Մեր զրույցն ուշադիր ունկնդրող տիկին Ռիտան երբեմն զգուշորեն օգնության էր հասնում Սելինային՝ պոլսահայ խոսվածքի այս կամ այն բառն արևելահայերեն «թարգմանելով»:

ՀԱՐՑՆ ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ ՊԵՏՔ Է ԼՈՒԾՎԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԵՋԼԻՍՈՒՄ

-Սիրելի Սելինա, առաջին անգամ Ձեզ տեսա Սուրբ Վարդանանց եկեղեցում՝ Սուրբ զատիկի արարողության ժամանակ: Բազմությունն այնքան հոծ էր, որ չկարողացա մոտենալ: Եվ հիմա ուրախ եմ հանդիպելու Ձեզ, Հերմոն Արաքս ու Ռիտա Համամջյան- Արաքս հրաշալի զույգի՝ տարիների տքնաջան աշխատանքով ստեղծված, հայ գիր ու գրականության անցյալ ու ներկա արժեքներով հարուստ, հայկականությամբ պարուրված այս գեղեցիկ հարկի ներքո:

Վերջին 65 տարում առաջին անգամ Թուրքիայի Ազգային մեծ ժողով մուտք գործած հայուհի պատգամավոր Սելինա Դողանի մասին Հայաստանում գիտեն և կուզենային ավելի մոտիկից ճանաչել: Պատմեք, խնդրեմ, Ձեր ակունքների մասին:

-Հայրս ծնվել է 1941 թ., Գյումուշ Հաջի գյուղում: Ես ճանաչել եմ հայրիկիս մեծ մորը: Մարզվանից էր, ֆրանսիական քոլեջ էր ավարտել: Քչախոս, լուրջ կին էր: Ապրել էր եղեռնի ցավը: 1921 թ. նրանց կողմն էր եկել Թոփալ Օսմանը, որն Աթաթուրքի օգնականն էր: Մարզվանի մեջ բոլոր քրիստոնյաներին սպանել էր տվել: Մայրս՝ Մելինե Բյքլը, ծնվել է 1947 թ.՝ Պոլսում: Նրա հայրը Կաստամոլից էր: Մեծ մայրիկիս ծնողքը Սինոփից էին: Նա նույնպես այնտեղ էր ծնվել: Ես ծնվել եմ 1977 թ., Պոլսի Բաքրգյուղում: Հայրս շատ էր հետաքրքրված Հայկական հարցով և մեզ էր փոխանցում իր ապրումները: Մինչև հինգերորդ դասարան հաճախել եմ Բաքրգյուղի Դադյան վարժարանը, այնուհետև սովորել ֆրանսիական Lyce’e Notre Dame de Sion ավագ դպրոցում, որն ավարտեցի 1996-ին: Ընդունվեցի Գալաթասարայի համալսարանի ֆրանսերեն իրավագիտության ֆակուլտետը: Ժամանակին Գրիգոր Զոհրապն այստեղ է սովորել: Համալսարանն ավարտեցի 2001-ին և խորացա իրավաբանության մեջ: Պատգամավոր ընտրվելիս արդեն 14 տարվա փաստաբանական աշխատանքի փորձ ունեի:

-Մեջլիսի պատգամավոր լինել ծրագրել-երազե՞ լ էիք:

-Հասարակական աշխատանքի փորձ ունեի: ՈՒսման շրջանում միշտ մասնակցում էի համայնքի մշակութային կյանքին. խաղում էի հայկական ներկայացումներում, պարախմբում հանդես գալիս: Երբ համալսարանի ուսանողուհի էի, 1990 թ. վերջին հիմնեցինք «Հայ կին» կազմակերպությունը: Այս կազմակերպության մասնաճյուղեր կան Եվրոպայի երկրներում և շատ ակտիվ են գործում: Մենք՝ պոլսահայ ֆեմինիստներս, ուսումնասիրեցինք այդ կազմակերպության կանոնադրությունը, գործունեությունը և ամբողջը ծանոթացրինք համայնքին: Այդպիսով, հայ ֆեմինիստական շարժման նոր էջ բացվեց: Փաստաբանի մասնագիտությունս շատ օգտակար եղավ մեր կազմակերպության ստեղծման և գործունեության ընթացքում: «Հայ կին» կազմակերպությունում ընդգրկվել էին շնորհալի, բազմակողմանի զարգացած կանայք՝ Գայուշ Չալքման Գավրիլովը, Լեռնան, Մելիսան... Նրանք անցյալի հայտնի հայ կանանց մասին հոդվածներ, աշխատություններ գրեցին, որոնք առանձին գրքով հրատարակեց «Արաս» հրատարակչությունը: Գրքի վերնագիրը՝ «Արդարության հառաչանքը», վերցված էր 1880-ականներին հասարակական գործունեություն սկսած Սրբուհի Տյուսաբի գրվածքից: Այնտեղ ներկայացված են նաև Զապել Եսայանի, Սիպիլի, Էլրիս Կեսարացու կյանքն ու գործունեությունը:

-Ինչու՞ ընտրեցիք Ժողովրդահանրապետական կուսակցությունը:

-Հայրս դեմոկրատական հայացքներ ուներ, և դա դրսևորվում էր նաև ընտանիքում: Երբեք ինձ չի ասել՝ ինչու՞ այս հայացքներն ունես, ինչու՞ ես սիրում այս կամ չես սիրում: Նա այդ կուսակցության անդամ էր, և այդ պատճառով ես կապված էի այդ կուսակցության հետ:

2015-ի ապրիլին, Սուրբ զատկի ժամանակ էր: Առավոտյան վաղ հայրս հեռաձայնեց ինձ. «Կուզենա՞ս պատգամավոր լինել»: Ասացի. «Դեռ քնած եմ, հետո խոսենք»: Կուսակցության ղեկավարն ուզում էր ազգային փոքրամասնություններից սոցիալ-դեմոկրատական հայացքներով մեկ թեկնածու լիներ, որը կարևոր էր համարում և՛ երկրի, և՛ կուսակցության համար: Զավակս 17 ամսական էր, բայց ամուսինս դեմ չեղավ: Հորս ասացի. «Եթե կուսակցությունն առաջադրի, կհամաձայնեմ»: ՈՒրիշ մի թեկնածու էլ կար՝ Թալին Էրգյունեշը՝ Թուրքիայի հայ կաթողիկե համայնքին պատկանող Սուրբ Հակոբ եկեղեցուց: Երկար քննարկումներից հետո, մի շարք խնդիրների պատճառով, Թալինի թեկնածությունը չէր անցել: Ճիշտ Սուրբ զատկի օրը, երբ ես Եշիլ գյուղի փոքրիկ Սուրբ Ստեփանոս եկեղեցում էի, հեռաձայնեցին. «Սելինա, եթե որոշեցիք, վաղը՝ երկուշաբթի, ձեր գործերը բերեք»: Ընդամենը մեկ օր կար: Ես պիտի մնայի քույրիկիս տանը, բայց վերադարձա տուն և շտապով գործերս պատրաստելով՝ մեկնեցի Անկարա: Հորս հարցրի. «Հայրիկ, Անկարայու՞մ պիտի ապրեմ: Ո՞նց կլինի բեբեկիս (երեխայի) հարցը»:

-Ներեցեք, պիտի ընդմիջեմ: Ասացիք՝ Ձեր ամուսինը համաձայն էր: Ո՞վ է նա, ինչ մասնագիտություն ունի: Ինչու՞ է ինձ թվում, որ նա փոքրիկ բեբեկի պատճառով չպետք է համաձայներ Ձեզ տեսնել մշտազբաղ պատգամավորի դերում:

-Ամուսինս՝ Էրդալ Դողանը, նույնպես փաստաբան է: ՈՒզում ենք, որ մեր երեխաները հասակ առնեն, կայանան հանդուրժողականության մթնոլորտում, չկորցնեն իրենց ինքնությունը և նաև զգան իրենց որպես աշխարհի քաղաքացի: Նա զբաղվում է մարդու իրավունքների խնդիրներով: Իր վարած գործերն այդպիսի ուղղվածության են: Նա մասնակցել է Հրանտ Դինքի դատավարությանը, հետո նաև Մալաթիայի քրիստոնյա հրատարակիչների սպանության դատավարությանը: Մալաթիայում հրատարակչություն կար, որտեղ քրիստոնեության մասին գրքեր էին տպագրում: Բողոքական միսիոներներ էին: Բողոքական միսիոներ լինելը մեղք չէ, բայց Թուրքիայի ժողովուրդը միսիոներների հանդեպ ալերգիա ունի: Անհանդուրժող են, և շատ դյուրին է այդպիսի մարդկանց բանտ դնելը: Արդեն իսկ Թուրքիայի մեջ ժամանակը մի քիչ խառն էր: Ժամանակն էր նոր թշնամիներ գտնելու. սկսեցին քրդերի, հայերի մասին խոսել: Չլուծված խնդիրները, կատարված ոճիրները պարզելու համար զոհերի ծնողները, հարազատները խմբեր ստեղծեցին, «Ժողովրդի հիշատակների կազմակերպություն», որպեսզի կատարված չարագործությունները մոռացության չտրվեն: Ամուսինս նրանց իրավաբանական օգնություն էր ցուցաբերում, բոլորի հետ կապ ուներ, մասնակցում էր հեռատեսիլի հաղորդումներին: Ընդհանրապես, նա արձագանքող, սատարող անձնավորություն է: Միշտ օգնում է դատական գործընթացներում նեղության մեջ հայտնված մարդկանց: Նաև համագործակցում է Արագած Ախոյանի գլխավորած «Վերադարձ» հիմնադրամի հետ, աջակցում Թուրքիա-Հայաստան երկխոսության հարցերում: Անշուշտ, բեբեկի հարցով չկարողացավ ինձ օգնել, բայց իր ծնողները, քույրը, իմ քույրը շատ օգնեցին ինձ: Անկարայում տուն վարձեցի: Շաբաթվա երեք օրը Անկարայում էի, երեք օրը՝ Պոլսում: Դժվար էր, խնդիրներ էին ծագում, բայց երբ նպատակ կա, ամեն դժվարության դիմանում ես, ելք գտնում:

-Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության կողմից առաջադրված և պատգամավորական մանդատ ստացած հայուհի պատգամավոր Սելինա Դողանն ասել էր, որ որպես հայ պատգամավոր Հայոց ցեղասպանության հարցը բարձրաձայնելու է Մեջլիսում, քանի որ քաջատեղյակ է Թուրքիայի հայության խնդիրներին, բայց մինչ այդ մասին խոսելը կուզենայի հնարավորության սահմանում անդրադառնաք պատգամավորի Ձեր գործունեությանը:

-Հայոց ցեղասպանության վերաբերյալ հակիրճ ասեմ, որ խորհրդարանում բանավեճի ժամանակ իմ ելույթում ասացի, որ այս հարցը միայն հայերին կամ թուրքերին չի վերաբերում, այլ ամբողջ Թուրքիային, ահա թե ինչու հարցն այլ երկրների խորհրդարանների փոխարեն պետք է լուծվի Թուրքիայի Մեջլիսում:

Ընդգրկված եմ Եվրամիության կոմիտեում: Երկու տարին մեկ այս կոմիտեի կազմը փոխվում է: Երկրորդ կոմիտեի գործունեության թեման «Տղամարդու և կնոջ իրավահավասարությունն» է: Կոմիտեի անդամ լինելով՝ հաճախ եմ լինում Բրյուսելում: Այն, որ հայ կինը հայտնվել է Թուրքիայի խորհրդարանում, մասնակցում է միջազգային կյանքին, մեծ արձագանք ունեցավ: Հրավիրեցին Ամերիկա: Այցելություններ եղան այլ քաղաքներ: Շատ դժվար էր երեխայից հեռու լինելը: Հիմա երեք տարեկան է: Արդեն Կարագյոզյան վարժարանի մանկապարտեզ է հաճախում: Հայաստանից եկած քրոջ պես հարազատ մեկը կա, չորս տարի է` մեզ հետ է: Նա ոչ միայն խնամում, այլև հայերեն է սովորեցնում Դերանին, որը շատ եմ կարևորում: Երբեմն երկուսով Անկարա են գալիս: Անկարայի խորհրդարանում մեծ պարտեզ կա, և դուստրս սիրում է խաղալ այդ պարտեզում: Երկու խորհրդական ունեմ: Նրանց հետ էլ է սիրում խաղալ: Անկարայի տան մեջ էլ ընկերներ ունի: Դյուրին չէ նրանց Անկարա բերելը: Երկու հոգու օդանավով գնալ-գալը մեծ ծախս է: Չորսուկես ամիսը մեկ են գալիս:

Իմ ազգականներն աշխատանք էին տանում Պոլս հայ պատրիարքի ընտրության համար՝ Շաքն Յալչն, Սեպուհ Ասլանգիլ, Թադեոս Բեբեք.... Թադեոս Բեբեքն ատամնաբույժ է, շատ անուշ մարդ է: Նրանք դրամ հավաքելու մեծ աշխատանք կատարեցին: Այդ գումարը դեռ պատրիարքարանի բյուջեում է: Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը շատ էր կապված մեզ հետ, օգնում էր ծրագրեր իրականացրել: Հրանտ Դինքի սպանությունից հետո ինքն էլ հիվանդացավ, ցավալի է, շատ ցավալի... Պոլսո հայ համայնքը չկարողացավ նոր պատրիարք ընտրելու որոշում կայացնել, ընտրել մեկին, որ կարողանա ծառայել համայնքի խնդիրները լուծելուն:

-Օրերս պոլսահայ մտավորական մի տիկին ասաց. «Պատրիարքարանը հայերին ձգում է դեպի իրեն ոչ թե նրանց հայ պահելու, այլ շատ քրիստոնյաներ ունենալու դիրքերից»: Ո՞վ է, ըստ Ձեզ, ամենաարժանավոր թեկնածուն:

-Պատրիարքարանի այս վիճակը՝ ընտրության հարցում տարակարծությունները, պոլսահայ համայնքի բևեռացումներից մեկն է: Պատրիարքի տեղապահ Աթեշյանն ասում է՝ թող ընտրությունները լինեն 2019-ին: Ինձ համար կարևոր չէ, թե ով կընտրվի, անձը կարևոր չէ, Աթեշյանն էլ կարող է դնել իր թեկնածությունը: Կարևոր է, որ ամեն բան սահմանված կարգով ընթանա, ընտրության նպատակը պետք է լինի պոլսահայ համայնքն ամուր ու սերտ կապերով միավորելը:

-Վերադառնանք պատգամավորական աշխատանքին:

-Մեր կուսակցությունը, ի թիվս մի շարք հարցերի, զբաղվում է նաև գաղթականների, հատկապես սիրիացիների ցավոտ խնդիրներով: Առաջին կարևոր գործը, որ արեցի, Յոզղաթ գնալս էր: Կաղանդի օրերին էր: Հանդիպեցի իրաքցի գաղթականների հետ, որոնք փախել էին «իգիլի» հետապնդումներից: Յոզղաթը շատ պահպանողական քաղաք է: Գաղթականների վիճակը շատ վատ էր, երեք-չորս ընտանիք մի տան մեջ էր ապրում: ՈՒզում էին ՄԱԿ-ի օգնությամբ Կանադա տեղափոխվել: Այդ ընտանիքներից մեկի մեծ մայրը քաղցկեղով հիվանդ էր: Նրան տարա մեր տուն, մեկ ամիս մեզ հետ ապրեց, մինչև որ հիվանդանոցի հարցը լուծվեց: Աղջիկն էր խնամում: Ցավոք, կյանքը փրկել չհաջողվեց, այդքան էլ տարիքով չէր: Շատ տխրեցի... Հայ գաղթականներին օգնելու համար համագործակցեցինք տեր Տրդատի հետ: Որոշվեց Պոլսի հայոց պատրիարքարանում խումբ կազմակերպել՝ սնունդ, հագուստ, դրամ հավաքելու համար: Շատերին օգնեցինք, անգամ ամուսնացողներ եղան: Տեր Տրդատը պսակեց: Ի վերջո, այդ զույգը մեկնեց Կանադա:

-Ձեր՝ Մեջլիսի պատգամավոր լինելն ինչո՞վ էր նշանակալի:

-Հայերը Թուրքիայի քաղաքական դաշտում որպես ազգային փոքրամասնության առանձին մի տեսակ ներկայանալուց բացի, վերջապես ընկալվեցին որպես հասարակության մաս, որը խնդիրներ ունի, որոնց լուծմամբ Թուրքիայի հասարակությունն ավելի բարվոք ու ներկայանալի կլինի: Բայց մինչև դրան հասնելը դեռ ճանապարհ կա անցնելու:

-Դժվա՞ր է լինել Մեջլիսի պատգամավոր:

-Վերջին 2-3 տարում, առանձնապես արտակարգ դրության ռեժիմ մտցնելուց հետո, երկրի իշխանությունը հասարակության բոլոր խավերի, բոլոր քաղաքական ուժերի դեմ բռնաճնշումներ կիրառեց: Շատերը մնացին անգործ, մատնվեցին քաղցի, միմյանց դեմ թշնամացան: Տնտեսության ծանր վիճակն էլ կապ ունի արտակարգ դրության ռեժիմի հետ. դրսից եկած ներդրողները լքեցին երկիրը, թուրքիացիներն էլ հեռացան երկրից, «ուղեղների արտահոսք» եղավ: Այս ամենի հետ կոտորածներ եղան հարավ-արևմուտքում, Սուրում... Մենք ասում էինք, որ այս վիճակը չի կարող անվերջ շարունակվել: Հեղաշրջման փորձի ժամանակ հենց Մեջլիսում զգացինք իրական վտանգը. մեր գլխավերևում ռմբակոծություն էր, մենք, այսպես ասած, արտակարգ պատգամավորություն անողներ էինք: Մենք ընտրվեցինք 2015 թ. հունիսի 27-ին, բայց կառավարություն չկազմեցինք: Երեքուկես ամիս ժողովներ արեցինք, բայց չկարողացանք արդյունքի հասնել: Նոյեմբերի մեկին դարձյալ ընտրություններ եղան, և մենք չգիտեինք՝ մեր թեկնածությունը կդրվի՞, թե՞ ոչ, քանի որ նախընտրական կարգ կա. նախ կուսակցության անդամներն ընտրում են նրանց, ովքեր պետք է ընտրեն թեկնածուներին, 85 %-ն այդպես է ընտրվում: Իսկ 15 %-ին մեր կուսակցության ղեկավարն ինքն է ընտրում, և պարտադիր չէ, որ տվյալ անձը կուսակցության անդամ լինի, կարող է դրսից լինել: Ես այդ 15 %-ի օրենքով դրսից ընտրվեցի: Այդ օրենքը գալիս է Աթաթուրքի հիմնած Ժողովրդահանրապետական կուսակցության ժամանակից: Մի խոսքով, շատ չմանրամասնեմ, մեծ քաղաքականություն է՝ շատ բարդություններով: Հոկտեմբերից նոյեմբերի մեկը ժամանակահատվածում Թուրքիայում շատ գեշ բաներ պատահեցին՝ ահաբեկչություններ, զոհեր եղան: Նոյեմբերի մեկին միայն Էրդողանի կուսակցությունը կարողացավ կառավարություն ձևավորել:

Հոկտեմբերի 27-ին մեր երդման արարողությունն էր: Ծնողներ եկան, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ՝ եզդիներ, գնչուներ... ՈՒրախ էինք, բայց նոյեմբերին մթնոլորտը շատ փոխվեց, վատ բաներ եղան: Մարդիկ Էրդողանին ընտրեցին վախի մթնոլորտում: Կամաց-կամաց սկսվեցին նախագահական կառավարման վերաբերյալ քննարկումներ, վեճեր, սկսեցին քրդերի կուսակցությունը չեղյալ համարել: Այնպես էր, որ իրականում մեր կուսակցության ասածներից ոչ մի բան չէր ընդունվում, կոմիտեները մեր խոսքը չէին լսում: Ամեն ոք կռիվ էր տալիս: Մարդիկ չգիտեին, թե ինչի համար են ձեռք բարձրացնում: Որոշողը Էրդողանի կուսակցությունն էր: Կարծես մեկի անձի կառավարություն էր, մեկի կամքը, կարծես թե, քրդերը չէին ընտրվել, և միայն մեկ կուսակցություն էր ապրում այս երկրի մեջ: Հետո էլ կարգը փոխեցին, և այդ օրերին խորհրդարանում ծեծկռտուքներ եղան: ՈՒզում էին մեր կուսակցությանը մեղադրել Գյուլենի հետ կապեր ունենալու մեջ: Սկսեցին մամուլում մեր կուսակցության և քրդերի կուսակցության պատգամավորների մասին սուտ բաներ գրել: Իմ մասին էլ գրեցին: Օրեր կային, որ վախենում էի տնից դուրս ելնել: Շատ փորձություններ անցա: Շատ էի նեղվում: Երբ մեկի մասին վատ բան պիտի ասել, եթե հայ ես, այդ վատն ավելի հեշտ է ասվում:

Զինվորական հեղաշրջում եղավ, որը, ըստ էության, զինվորական չէր: Տունը, որտեղ ապրում եմ, խորհրդարանին մոտ է: Մի կողմում խորհրդարանն է, մի կողմում՝ ժանդարմերիան: Խորհրդարանի շենքը գնդակոծվեց: Մեզ հետ կանչեցին խորհրդարան, բայց չորս կողմը սպանություն էր, չկարողացա գնալ:

-Թիկնապահ ունե՞ք:

-Ոչ, Կարոն ունի: Ամուսինս էլ չէր կարողանում հաճախ գալ: Միայն այն ժամանակ էր գալիս, երբ միասին դատական նիստի պիտի մասնակցեինք:

Հետո արտակարգ դրության ռեժիմ հայտարարվեց՝ 2016-ի հուլիսի 20-ին: 2016-ի հուլիսից խորհրդարանը չի գործում, որոշումները ոչ թե խորհրդարանը, այլ կառավարությունն է կայացնում: Արտակարգ դրությունը նշանակում է, որ որոշումները արտակարգ վիճակի վերաբերյալ պիտի լինեն, սակայն որոշումները ամեն բանի վերաբերյալ էին: Մեծ լսարան ունեցող հեռուստաալիքներ գոցվեցին, դեմոկրատներին, աթաթուրքականներին, արժանավոր մարդկանց լցրին բանտերը: Բանտերը չեն հերիքում: Խցերում մարդիկ քնում են իրար վրա: Թուրքիայի կեսը բանտերում է: Բանտեր այցելելիս տեսնում եմ, որ դրանց կից մասնաշենքեր են կառուցվում: Բացի այդ, ևս 130 բանտ է կառուցվում:

-Բանտում հայտնված արժանավորներից է Օսման Կավալան՝ գործարար, շնորհալի մարդ, որ օգնում-զորակցում է մշակութային գործիչներին: Մեծ բարեկամ է հայերին: Ինչու՞մ է մեղադրվում նա:

-Գոնե իմանայինք՝ ինչու՛մ, ինչու. մի ամբաստանագրի հիման վրա, որը դեռ պատրաստ չէ: Մտահոգություն կա, որ լրտեսության մեղադրանք առաջադրեն, և եթե դա արվի, շատ դժվար վիճակ կստեղծվի... Դժվար է, երիտասարդ զինվորներ են բանտարկված, և փաստաբանները նրանց չեն պաշտպանում, քանի որ արդեն 450 փաստաբան է բանտարկված: Սա, իրոք, ֆաշիզմ է:

-Այդպիսի պայմաններում լինել Մեջլիսի պատգամավոր, պայքարել արդարության, առաջադիմության, քաղաքացիների շահերի համար ծանր պարտականություն է և մեծ արդյունքների դժվար է հասնել:

-Ցավոք, այո, մեզ բաժին ընկավ պատգամավոր լինել Թուրքիայում շատ ճգնաժամային ժամանակ: Եթե պայմաններ լինեն, նորմալ պայմաններ, շատ լավ գործեր կանենք: Հազարավոր մարդիկ մեզնից օգնություն են խնդրում, և մենք չենք կարողանում նրանց խնդիրները լուծել: Սիրելի խնդիրներով, մեր համայնքի խնդիրներով պիտի զբաղվեի, բայց այդպես չեղավ: Որչափ արտակարգ դրության ժամանակ անցավ, այդչափ մեր աշխատանքն էլ արտակարգ դարձավ: Ես կրկին խորհրդարանում բարձրաձայնեցի հայերին, սիրիացիներին, հրեաներին հուզող հարցերը, և դրա համար ինձ վատ էին բնորոշում: Կային մարդիկ էլ, որ երբեք հայ չէին տեսել, բայց այս 3,5 ամսվա ընթացքում հայի վերաբերյալ իրենց հայացքները փոխվեցին: Խորհրդարանում աշխատողներ կային, մոտենում, ասում էին. «Գիտե՞ս, իմ մեծ մայրն էլ է հայ»:

-Ռմբակոծություն հենց Մեջլիսի շուրջ, նիստերի ընթացքում հոգեբանական ճնշումներ, անշուշտ, դյուրին չէ ազգային փոքրամասնությունների խնդիրները բարձրաձայնելը: Գոնե հաճելի պահեր լինու՞մ են:

-Հարկավ, լավ բաներ էլ են լինում: Օրինակ, Սուրբ զատկի օրը հավկիթներ տարա խորհրդարան. մեծ հետաքրքրություն առաջացավ: Անգամ իմ կուսակցության անդամները այնքան էլ տեղյակ չէին, թե ինչ է Սուրբ զատիկը: Վերջապես փոքրամասնությունների հարցերը բարձրացվեցին խորհրդի նիստում:

-Արտահերթ նախագահական, խորհրդարանական ընտրություններ, թեկնածուներից մեկը՝ Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահ Սելահաթին Դեմիրթաշը կուսակցությունից նախագահի թեկնածու է և բանտում է: Սպասելիքներ ունե՞ք այս արտահերթ ընտրություններից:

-Քրդամետների՝ այլ կուսակցությունների հետ դաշինքից դուրս մնալը երկրում առկա քաղաքական վիճակի թելադրանք էր: Մենք կամենում ենք, որ քրդամետ գործիչները լինեն Մեջլիսում, և որ նրանց առաջադրած նախագահի թեկնածու Սելահաթին Դեմիրթաշն ազատ արձակվի բանտից՝ նախագահի ընտրություններին մասնակցելու համար: Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը քրդերի կուսակցություն է, առաջ էլ գործում էր խորհրդարանում որպես այդպիսին: Երբ 2015-ին մտավ խորհրդարան, ասացին, որ ոչ միայն քրդերին, այլև ամբողջ Թուրքիան ներկայացնող կուսակցություն են: Նրանց ղեկավար Դեմիրթաշը հավասարակշռված անձնավորություն է: Իսկ Թուրքիայի ղեկավարությունը չէր ուզում, որ այդ կուսակցությունը կառավարությունում լինի, և Դեմիրթաշին ստիպեցին, որ հրաժարվի պատգամավորությունից, անձեռնմխելիությունից զրկեցին և բանտարկեցին: Եվ, դժբախտաբար, մեր կուսակցությունն էլ համաձայնեց դրան: Ես համամիտ չէի, բայց կուսակցության մյուս պատգամավորներն ասացին՝ «այո»: Ցավոք, մեր կուսակցության մեջ ազգայնական դրսևորումներ կան, և դա էլ պատճառներ ունի: Ասացի, որ նախագահական սիստեմ էին ուզում բերել, և եթե այդ ժամանակ մենք դա չընդունեինք, մեր կուսակցության պատգամավորների անձեռնմխելիության հարցն էլ կքննեին: Եվ մեր պատգամավորները որոշեցին, որ լավ կլինի համաձայնեն, այլապես մեր հարցը հանրաքվեով պիտի որոշվեր՝ ժողովրդին պիտի հարցնեին, ժողովուրդն էլ պիտի ասեր՝ այո, և մենք կզրկվեիք և՛ նախագահական կառավարումից, և՛ անձեռնմխելիությունից... Այդպես մեր երեսից քուրդ պատգամավորներն անձեռնմխելիությունից զրկվելով՝ բանտ ուղարկվեցին, նրանց հետ էլ մեկ հոգի մեր կուսակցությունից: Ոչ միայն բանտ գցեցին, այլև պատգամավորական մանդատներից զրկեցին, մինչդեռ 6 միլիոն մարդ էր նրանց ընտրել, և մարդիկ զրկվեցին իրենց պատգամավորներն ունենալուց:

Ինչպիսին էլ լինեն այս արտահերթ ընտրությունները, ակնկալում եմ, որ դրանք կնպաստեն Թուրքիայի ընդհանուր վիճակի բարելավմանը:

-Սիրելի Սելինա, շնորհակալություն պարզ, անկեղծ զրույցի համար: Հուսամ՝ մեր հաջորդ հանդիպմանը Ձեր պատմածներում պայծառ երանգներ կլինեն: Մաղթում եմ, որ մարդկանց օգնելու, հարեհաս լինելու հոգու խոր ակունքից բխող Ձեր մղումն արգելքների չհանդիպի և ավելի արդյունավետ հունով ընթանա:

Զրուցեց

Ասպրամ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ

Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցությունը 1923 թ. հիմնադրել է Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը: 1995 թ., իբր սոցիալ-դեմոկրատ ժողովրդական կուսակցության հետ «միավորվելուց» հետո, ԺՀԿ-ն համարվում է կենտրոնամետ ձախ կուսակցություն, որի աշխարհիկության քողի տակ գերիշխում է ազգայնամոլությունը:Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ 65 տարի անց՝ 2015 թ., ԺՀԿ-ի կողմից հայուհին ընտրվեց Մեջլիսի պատգամավոր: Երիտասարդ, ժպտադեմ, եռանդուն Սելինա Դողանի կերպարն անակնկալ էր շատերի համար: Իր ելույթներից մեկում նա ասել է, որ անցյալին վերաբերող որոշ հարցեր կան, որոնց պետք է առերեսվել. «Ես, որպես հայ պատգամավոր, բնականաբար, հայերի վերաբերյալ հարցերը խորհրդարանի օրակարգ կբերեմ: Ի տարբերություն Մեջլիսի մյուս պատգամավորների, ես ավելի քաջատեղյակ եմ հայ համայնքի խնդիրներին, այդ համայնքում եմ մեծացել»: «Կարևոր է, թե այսօր մարդիկ ինչպես են վերաբերվում խնդրին՝ օտարացնում են, թե վերաբերվում են ինչպես հավասարը հավասարին»: Նրա և Թուրքիայի ընդդիմադիր քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP-ԺԴԿ) Մեջլիսի պատգամավոր Գարո Փայլանի ելույթները և՛ Մեջլիսի պատգամավորները, և՛ հասարակությունը բարեհաճ չէին ընդունում, բայց նրանց մղեցին անդրադառնալու հայերի՝ որպես ազգային փոքրամասնության գոյության փաստին, երկրի պատմության մինչ այդ գոց, մշուշապատ էջերին և, թեկուզ չկամորեն, եզրահանգումներ անել:Ս.թ. հունիսի 24-ին Թուրքիայում տեղի ունենալիք խորհրդարանական և նախագահի արտահերթ ընտրություններին մասնակցելու համար ԺՀԿ-ի անդամ Սելինա Դողանն այս անգամ չի ընդգրկվել ԺՀԿ-ի ընտրացուցակում, բայց շարունակում է ակտիվորեն ներկայացնել իր կուսակցության դիրքորոշումները: Դժվա՞ր է լինել ազգային փոքրամասնության ներկայացուցիչ պատգամավոր Մեծ մեջլիսում, որքանո՞վ հաջողվեց իրագործել նախանշած խնդիրները: Այս և մի շարք հարցերի պատասխանները լսելու ակնկալիքով՝ անպայման ուզում էի հանդիպել Սելինա Դողանի հետ: Պարզվեց՝ դա այնքան էլ դյուրին չէ: Ժամանակի մեծ մասը նա Անկարայում էր կամ այլ վայրերում, ընտրողների հետ հանդիպումների՝ հետամուտ նրանց խնդիրների լուծմանը: Հետո մեր զրույցի ժամանակ նա պիտի ասի, որ ընտրողներն իրենց դիմում են ամենաբազմազան, երբեմն էլ տարակուսանք հարուցող հարցերով և նուրբ հումորով ավելացնի. «Մի գյուղացի հեռաձայնեց, ասաց, որ հարևանի անասունները մտել են իր բոստանը, օգնենք՝ դրանք հանի իր հողամասից»:
ՀԵՇՏ ՉԷ ԺԱՄԱԴՐՎԵԼ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄՏասնյակ հազարավոր կիլոմետրերով ճամփաներ, 19,5 միլիոն բնակչություն ունեցող Ստամբուլը՝ հռոմեական և բյուզանդական ժամանակներում քրիստոնյա Արևելքի մայրաքաղաքը, Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը, այսօր ներկայանում է որպես իսլամական քաղաքակրթության կենտրոններից մեկը: Որպես շինարար, կառուցող, ստեղծագործող ժողովուրդ՝ անուրանալի է հայերի ներդրումը Կոստանդնուպոլիս-Ստամբուլի պատմության մեջ: Մշտահալած, բյուր տառապանքներ կրած, երբեմնի գունեղ դիմագիծ ունեցող պոլսահայ համայնքի բնակչության թիվն այսօր հազիվ 60000-ի է հասնում, որն էլ այսօր գոյատևելու պարտադրանքով կորցնում է իր տոհմիկ հայկականությունը: Բայց դեռ կան իրենց արմատներին, հիշատակներին հավատարիմ հայեր, որոնց շուրթերից հնչում է սքանչելի արևմտահայերենը: Եվ եթե չլիներ նրանցից մեկի հյուրընկալ, հոգատար վերաբերմունքը, հազիվ թե ինձ հաջողվեր հսկայական քաղաքի, թվում է, անվերջ ձգվող նեղլիկ փողոցների խաչուղիներում հանդիպել տարեց ու միջին սերնդի այն պոլսահայերի հետ, որոնց պատմությունները Պոլսի ու գավառի հայության անցյալ ու ներկա կյանքի խոսուն վավերագրեր են:Իմ հանդիպումները կազմակերպելու խնդիրը սիրահոժար հանձն առավ պոլսահայ համայնքում իր հասարակական ու մասնագիտական գործունեությամբ հայտնի, հիվանդների ու հասարակության կողմից սիրված բժիշկ, գրականության գիտակ, թարգմանիչ ու նուրբ հորինվածքով պատմվածքներով հայտնի Հերմոն Արաքսի տիկինը՝ Ռիտա Համամջյան-Արաքսը: Ցավոք, Հերմոն Արաքսը մի քանի տարի առաջ մահացել էր, ու երեկոները, հերթական հանդիպումից, հարցազրույցից հետո, մինչև ուշ գիշեր ես մեծ հետաքրքրությամբ ծանոթանում էի, իրոք, «նվիրյալ» բառի ամենախոր իմաստով ջանադրորեն հայերին ու օտարներին ծառայելու պատրաստակամ, փայլուն մասնագիտական գիտելիքներ ունեցող բժշկի կյանքն ու գործունեությունը ներկայացնող հարուստ արխիվին, մտովի խոնարհվում նրա՝ ծնյալ մանկավարժի խանդավառությամբ գավառի հայ տղեկներին հայերեն սովորեցնելու գործին նվիրվելու և ապա հետագա հայեցի կրթության հարցը լուծելու համար շատ դժվարություններ հաղթահարելով նրանց Պոլիս բերելու, Դպրեվանքում տեղավորելու առաքելության առջև: Եվ այդ ծրագիրն իրագործելու խնդրում համհարզի ու նվիրյալ զինվորի պես նրան աջակցել է տիկին Ռիտան: Առանձին գրելու, հիշատակելու նյութ է նրանց սիրո, միշտ միմյանց նվիրված ու համախոհ լինելու պատմությունը՝ ընդօրինակման արժանի պատգամ այսօրվա երիտասարդ սերնդին: Նրանց ընդարձակ բնակարանը յուրօրինակ թանգարանի է նման. ամեն անկյունում, պատերին, գրադարակներում Արաքս Հերմոն և Ռիտա Համամջյան-Արաքս ամուսինների անցած բեղմնավոր աշխատանքային, ստեղծագործական կյանքի հետաքրքիր ու խոսուն վկայություններն են, որոնք ուսումնասիրելու համար անհրաժեշտ է շատ օրեր խորասուզվել այդ աշխարհում, որում, ըստ էության, պոլսահայ համայնքի սերունդների պատմությունն է ամփոփված: Ժամանակի շնչից խունացած պատվոգրեր, շնորհակալագրեր, հիշարժան պահերի ոգեշնչումը պահող, ինքնատիպ շրջանակների մեջ առնված լուսանկարներ, հեղինակների նվիրած ասեղնագործ ու գեղանկարչական աշխատանքներ, ամենուր՝ գրադարակներում, մեծ ու փոքր սեղանների վրա, ցուցահարթակներում դասդասված արևմտահայ ու համաշխարհային գրականության նշանավոր հեղինակների գրքեր, տասնյակ տարիներ առաջ Եվրոպայում, Կ. Պոլսում հրատարակված բացառիկ արժեք ներկայացնող հանրագիտարաններ, բժշկագիտական, հայերեն բացատրական բառարաններ, վաղեմության հետքը պահող, արդեն թանգարանային նշանակության ճենապակյա, մետաղյա կենցաղային հազվագյուտ առարկաներ, սկահակներ, սափորներ, անցյալ կյանքի այլ խոսուն վկաներ, որ լուռ առանձնության մեջ փորձում են իրար կապել անվերադարձ անցյալ, ներկա ու դեռ անհայտ գալիքի օրերը: Երկնի կապույտի երանգներով նախշազարդված սափորի վրա օսմաներեն գրեր կան: Երբ հարցրի՝ ի՞նչ է գրված, տիկին Ռիտան մի պահ անակնկալի եկավ. ինչպես է, որ այսքան ժամանակ չի անդրադարձել դրան, ու խորհրդավոր հայացքն ուղղեց 103-ամյա ազգականի՝ Նուրհանի կողմը: Պարզվեց, չնայած առաջացած տարիքին, առույգ ու երիտասարդական ձիգ կեցվածքով Նուրհան դայդայը հայերենից ու իտալերենից բացի, գիտե նաև ֆրանսերեն, անգլերեն, օսմաներեն: ՈՒշիմ, ուշադիր, միջազգային լուրերի վերջին թողարկումներին քաջատեղյակ (լրատվությանը հետևում է միայն իտալական հեռուստաալիքներով) Նուրհան Ժոզեֆովիչը (օ՛հ, պոլսահայերի ազգանուններից յուրաքանչյուրը իր տխրալի պատմությունն ունի) վերցրեց սափորը, կարդաց, ու հեգնախառն ժպիտն այլայլեց դեմքը. նախշազարդող վարպետն այդ պահին ի՜նչ ապրումներով էր համակված եղել, որ սափորի կողին գրել էր. «Ա՜յս էլ կանցնի...»: Կյանքի անցողիկությունն ու ունայնությունը... Մի՞թե նույնը չեն գուժում կենտրոնական փողոցից բնակարան ներխուժող շտապօգնության ու ոստիկանության մեքենաների զօր ու գիշեր աղաղակող ազդանշանները, որ տագնապով են համակում հոգիդ... Վաղնջական ու ոչ վաղ անցյալում ստեղծված տարբեր ազգերի մշակույթների վառ վկայագրերը միտումնավոր քողարկելու, անհետացնելու բազմաթիվ օրինակներ կան Ստամբուլում և հենց ահռելի մեծ քաղաքի սրտում՝ Թաքսիմ հրապարակում, որի սալահատակի տակ դեռ շնչում է հայկական գերեզմանոցների մեռելների լռությունը, և դժվար թե Թաքսիմ հրապարակից, թվում է, դեպի հավերժություն ձգվող փողոցի տեղացի ու այլազգի ամբոխի չդադարող երթի մեջ գտնվի մեկ-երկու մարդ, որ քաջատեղյակ լինի, թե հայերին վերաբերող ի՜նչ ցավալի իրողություններ է թաքցնում Բյուզանդիոնի ժամանակներից ի վեր շատ ազգերի ստեղծագործ մտքի ու արարող ձեռքերի շնորհիվ ծաղկած-հզորացած ներկայիս բազմամիլիոնանոց Ստամբուլը: Դեպի հավերժություն ձգտող ճոխ խանութներով, սրճարաններով լի ինքնավստահ, գոռոզ փողոցը, սակայն, անկարող է թաքցնելու մուրացիկների, հտպիտների, օրվա հաց վաստակելու համար իրենց շնորհքը ցուցադրող տարբեր ազգերի ներկայացուցիչների տխուր ներկայությունը: Հատկապես երեկոներին ու կեսգիշերն անց անվերջանալի թվացող ամբոխի երթի հաճախ անհաղորդ հայացքի ներքո երգում-նվագում են մաշկի տարբեր գույն ունեցող, տարբեր տարիքի ու ազգության ներկայացուցիչներ. բարետես երիտասարդ ռուս կինը, կողքին՝ մանկական սայլակում շրջապատի ժխորին չարձագանքող մի քանի ամսական փոքրիկը, բորբոքված աչքերով սիրիացի փախստական ծերունին՝ սրնգանման փողից հնչող տառապանքի հծծյուններով, ընդվզուն ու տրտում երգերով պայքարի կանչող վայրի գեղեցիկ աչքերով քուրդ պատանիները, որոնց երգի ու հայացքի հմայքն «ստիպում» է անգամ ժլատ միջին առևտրականին ու աղքատիկ հագուկապով ուսանողուհուն բացել դրամապանակը: Այս փողոցի մի հատվածում սիրտ պայթեցնելու չափ հակադիր մի պատկերի ականատես եղա ապրիլի 24-ին. թուրք, քուրդ, հայ և այլ ազգերի ներկայացուցիչներ, ասֆալտին նստած, ձեռքներին 2015 թ. զոհ դարձած հայ մտավորականների լուսանկարները, իրենց բողոքն էին հայտնում ընդդեմ կատարված ու կատարվող ոճիրների, պահանջում, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Այստեղ հնչող «Հայր մեր» աղոթքի շշունջներից քիչ այն կողմ թուրք ազգայնականների հավաքն էր: Ելույթ ունեցողները կոկորդ պատռելով մեղադրանքներ էին հնչեցնում հայերի ու քրդերի հասցեին: Աղոթողների ու հայհոյողների միջև կանգնած էին ավտոմատներով զինված սառն ու բացակա դեմքերով ջահել զինվորները: ՈՒղեկցիս ասելով՝ նրանք հսկում են կարգուկանոնը, որ կողմերի միջև ընդհարումներ չլինեն:Երբ ամեն անգամ տիկին Ռիտան ճիշտ մամուլի գծով պատասխանատուին բնորոշ ոճով ու երգեցիկ արևմտահայերենով պայմանավորվածություն էր ձեռք բերում ինձ համար, քիչ հեռու բազկաթոռին նստած՝ սքանչացումով վայելում էի նրա՝ Մեծարենցի զգայուն պոեզիայի ու Պարոնյանի գունագեղ հումորի համանվագ հիշեցնող խոսակցությունը: Հիացնող էր հեռախոսով բանակցելու, համոզելու նրա կարողությունը և, անշուշտ, հեռախոսի այն կողմում Պոլսի ինչ խավի, ինչ նկարագրի ու դիրքի ներկայացուցիչ էլ լիներ, անկարող էր անտարբեր վերաբերվելու տիկին Ռիտայի առաջարկին: Այդ հետևողականության շնորհիվ էր, որ, չնայած Ստամբուլից բացակայելուն և տարբեր վայրեր գործուղումներին, ի վերջո Անկարայից Ստամբուլ վերադառնալուն պես մեզ այցի եկավ Թուրքիայի Ազգային Մեծ մեջլիսի հայազգի պատգամավոր Սելինա Դողանը՝ ժպտերես, պարզ ու անմիջական երիտասարդ մի կին՝ գեղեցիկ ձևավորված թխվածքի տուփը ձեռքին, ու նրա ժպիտից ընդարձակ սրահն ավելի լուսավորվեց: Թվաց՝ վաղուց գիտեմ նրան՝ Երևանից կամ Գյումրուց՝ հարազատ ու ջերմ հոգով մեկը, ում հետ շատ եմ հանդիպել-զրուցել: Գուցե նույն զգացողությունն ինքն էլ ունեցավ, ու դրանից է, որ պարզ, անբռնազբոսիկ, առանց հատուկ պահվածքի մեր զրույցը տևեց ժամեր, և դեռ էլի կզրուցեինք, բայց Սելինան պիտի հասներ զավակին: Մեր զրույցն ուշադիր ունկնդրող տիկին Ռիտան երբեմն զգուշորեն օգնության էր հասնում Սելինային՝ պոլսահայ խոսվածքի այս կամ այն բառն արևելահայերեն «թարգմանելով»:ՀԱՐՑՆ ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ ՊԵՏՔ Է ԼՈՒԾՎԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԵՋԼԻՍՈՒՄ-Սիրելի Սելինա, առաջին անգամ Ձեզ տեսա Սուրբ Վարդանանց եկեղեցում՝ Սուրբ զատիկի արարողության ժամանակ: Բազմությունն այնքան հոծ էր, որ չկարողացա մոտենալ: Եվ հիմա ուրախ եմ հանդիպելու Ձեզ, Հերմոն Արաքս ու Ռիտա Համամջյան- Արաքս հրաշալի զույգի՝ տարիների տքնաջան աշխատանքով ստեղծված, հայ գիր ու գրականության անցյալ ու ներկա արժեքներով հարուստ, հայկականությամբ պարուրված այս գեղեցիկ հարկի ներքո:Վերջին 65 տարում առաջին անգամ Թուրքիայի Ազգային մեծ ժողով մուտք գործած հայուհի պատգամավոր Սելինա Դողանի մասին Հայաստանում գիտեն և կուզենային ավելի մոտիկից ճանաչել: Պատմեք, խնդրեմ, Ձեր ակունքների մասին: -Հայրս ծնվել է 1941 թ., Գյումուշ Հաջի գյուղում: Ես ճանաչել եմ հայրիկիս մեծ մորը: Մարզվանից էր, ֆրանսիական քոլեջ էր ավարտել: Քչախոս, լուրջ կին էր: Ապրել էր եղեռնի ցավը: 1921 թ. նրանց կողմն էր եկել Թոփալ Օսմանը, որն Աթաթուրքի օգնականն էր: Մարզվանի մեջ բոլոր քրիստոնյաներին սպանել էր տվել: Մայրս՝ Մելինե Բյքլը, ծնվել է 1947 թ.՝ Պոլսում: Նրա հայրը Կաստամոլից էր: Մեծ մայրիկիս ծնողքը Սինոփից էին: Նա նույնպես այնտեղ էր ծնվել: Ես ծնվել եմ 1977 թ., Պոլսի Բաքրգյուղում: Հայրս շատ էր հետաքրքրված Հայկական հարցով և մեզ էր փոխանցում իր ապրումները: Մինչև հինգերորդ դասարան հաճախել եմ Բաքրգյուղի Դադյան վարժարանը, այնուհետև սովորել ֆրանսիական Lyce’e Notre Dame de Sion ավագ դպրոցում, որն ավարտեցի 1996-ին: Ընդունվեցի Գալաթասարայի համալսարանի ֆրանսերեն իրավագիտության ֆակուլտետը: Ժամանակին Գրիգոր Զոհրապն այստեղ է սովորել: Համալսարանն ավարտեցի 2001-ին և խորացա իրավաբանության մեջ: Պատգամավոր ընտրվելիս արդեն 14 տարվա փաստաբանական աշխատանքի փորձ ունեի: -Մեջլիսի պատգամավոր լինել ծրագրել-երազե՞ լ էիք:-Հասարակական աշխատանքի փորձ ունեի: ՈՒսման շրջանում միշտ մասնակցում էի համայնքի մշակութային կյանքին. խաղում էի հայկական ներկայացումներում, պարախմբում հանդես գալիս: Երբ համալսարանի ուսանողուհի էի, 1990 թ. վերջին հիմնեցինք «Հայ կին» կազմակերպությունը: Այս կազմակերպության մասնաճյուղեր կան Եվրոպայի երկրներում և շատ ակտիվ են գործում: Մենք՝ պոլսահայ ֆեմինիստներս, ուսումնասիրեցինք այդ կազմակերպության կանոնադրությունը, գործունեությունը և ամբողջը ծանոթացրինք համայնքին: Այդպիսով, հայ ֆեմինիստական շարժման նոր էջ բացվեց: Փաստաբանի մասնագիտությունս շատ օգտակար եղավ մեր կազմակերպության ստեղծման և գործունեության ընթացքում: «Հայ կին» կազմակերպությունում ընդգրկվել էին շնորհալի, բազմակողմանի զարգացած կանայք՝ Գայուշ Չալքման Գավրիլովը, Լեռնան, Մելիսան... Նրանք անցյալի հայտնի հայ կանանց մասին հոդվածներ, աշխատություններ գրեցին, որոնք առանձին գրքով հրատարակեց «Արաս» հրատարակչությունը: Գրքի վերնագիրը՝ «Արդարության հառաչանքը», վերցված էր 1880-ականներին հասարակական գործունեություն սկսած Սրբուհի Տյուսաբի գրվածքից: Այնտեղ ներկայացված են նաև Զապել Եսայանի, Սիպիլի, Էլրիս Կեսարացու կյանքն ու գործունեությունը:-Ինչու՞ ընտրեցիք Ժողովրդահանրապետական կուսակցությունը:-Հայրս դեմոկրատական հայացքներ ուներ, և դա դրսևորվում էր նաև ընտանիքում: Երբեք ինձ չի ասել՝ ինչու՞ այս հայացքներն ունես, ինչու՞ ես սիրում այս կամ չես սիրում: Նա այդ կուսակցության անդամ էր, և այդ պատճառով ես կապված էի այդ կուսակցության հետ:2015-ի ապրիլին, Սուրբ զատկի ժամանակ էր: Առավոտյան վաղ հայրս հեռաձայնեց ինձ. «Կուզենա՞ս պատգամավոր լինել»: Ասացի. «Դեռ քնած եմ, հետո խոսենք»: Կուսակցության ղեկավարն ուզում էր ազգային փոքրամասնություններից սոցիալ-դեմոկրատական հայացքներով մեկ թեկնածու լիներ, որը կարևոր էր համարում և՛ երկրի, և՛ կուսակցության համար: Զավակս 17 ամսական էր, բայց ամուսինս դեմ չեղավ: Հորս ասացի. «Եթե կուսակցությունն առաջադրի, կհամաձայնեմ»: ՈՒրիշ մի թեկնածու էլ կար՝ Թալին Էրգյունեշը՝ Թուրքիայի հայ կաթողիկե համայնքին պատկանող Սուրբ Հակոբ եկեղեցուց: Երկար քննարկումներից հետո, մի շարք խնդիրների պատճառով, Թալինի թեկնածությունը չէր անցել: Ճիշտ Սուրբ զատկի օրը, երբ ես Եշիլ գյուղի փոքրիկ Սուրբ Ստեփանոս եկեղեցում էի, հեռաձայնեցին. «Սելինա, եթե որոշեցիք, վաղը՝ երկուշաբթի, ձեր գործերը բերեք»: Ընդամենը մեկ օր կար: Ես պիտի մնայի քույրիկիս տանը, բայց վերադարձա տուն և շտապով գործերս պատրաստելով՝ մեկնեցի Անկարա: Հորս հարցրի. «Հայրիկ, Անկարայու՞մ պիտի ապրեմ: Ո՞նց կլինի բեբեկիս (երեխայի) հարցը»:-Ներեցեք, պիտի ընդմիջեմ: Ասացիք՝ Ձեր ամուսինը համաձայն էր: Ո՞վ է նա, ինչ մասնագիտություն ունի: Ինչու՞ է ինձ թվում, որ նա փոքրիկ բեբեկի պատճառով չպետք է համաձայներ Ձեզ տեսնել մշտազբաղ պատգամավորի դերում:-Ամուսինս՝ Էրդալ Դողանը, նույնպես փաստաբան է: ՈՒզում ենք, որ մեր երեխաները հասակ առնեն, կայանան հանդուրժողականության մթնոլորտում, չկորցնեն իրենց ինքնությունը և նաև զգան իրենց որպես աշխարհի քաղաքացի: Նա զբաղվում է մարդու իրավունքների խնդիրներով: Իր վարած գործերն այդպիսի ուղղվածության են: Նա մասնակցել է Հրանտ Դինքի դատավարությանը, հետո նաև Մալաթիայի քրիստոնյա հրատարակիչների սպանության դատավարությանը: Մալաթիայում հրատարակչություն կար, որտեղ քրիստոնեության մասին գրքեր էին տպագրում: Բողոքական միսիոներներ էին: Բողոքական միսիոներ լինելը մեղք չէ, բայց Թուրքիայի ժողովուրդը միսիոներների հանդեպ ալերգիա ունի: Անհանդուրժող են, և շատ դյուրին է այդպիսի մարդկանց բանտ դնելը: Արդեն իսկ Թուրքիայի մեջ ժամանակը մի քիչ խառն էր: Ժամանակն էր նոր թշնամիներ գտնելու. սկսեցին քրդերի, հայերի մասին խոսել: Չլուծված խնդիրները, կատարված ոճիրները պարզելու համար զոհերի ծնողները, հարազատները խմբեր ստեղծեցին, «Ժողովրդի հիշատակների կազմակերպություն», որպեսզի կատարված չարագործությունները մոռացության չտրվեն: Ամուսինս նրանց իրավաբանական օգնություն էր ցուցաբերում, բոլորի հետ կապ ուներ, մասնակցում էր հեռատեսիլի հաղորդումներին: Ընդհանրապես, նա արձագանքող, սատարող անձնավորություն է: Միշտ օգնում է դատական գործընթացներում նեղության մեջ հայտնված մարդկանց: Նաև համագործակցում է Արագած Ախոյանի գլխավորած «Վերադարձ» հիմնադրամի հետ, աջակցում Թուրքիա-Հայաստան երկխոսության հարցերում: Անշուշտ, բեբեկի հարցով չկարողացավ ինձ օգնել, բայց իր ծնողները, քույրը, իմ քույրը շատ օգնեցին ինձ: Անկարայում տուն վարձեցի: Շաբաթվա երեք օրը Անկարայում էի, երեք օրը՝ Պոլսում: Դժվար էր, խնդիրներ էին ծագում, բայց երբ նպատակ կա, ամեն դժվարության դիմանում ես, ելք գտնում:-Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության կողմից առաջադրված և պատգամավորական մանդատ ստացած հայուհի պատգամավոր Սելինա Դողանն ասել էր, որ որպես հայ պատգամավոր Հայոց ցեղասպանության հարցը բարձրաձայնելու է Մեջլիսում, քանի որ քաջատեղյակ է Թուրքիայի հայության խնդիրներին, բայց մինչ այդ մասին խոսելը կուզենայի հնարավորության սահմանում անդրադառնաք պատգամավորի Ձեր գործունեությանը:-Հայոց ցեղասպանության վերաբերյալ հակիրճ ասեմ, որ խորհրդարանում բանավեճի ժամանակ իմ ելույթում ասացի, որ այս հարցը միայն հայերին կամ թուրքերին չի վերաբերում, այլ ամբողջ Թուրքիային, ահա թե ինչու հարցն այլ երկրների խորհրդարանների փոխարեն պետք է լուծվի Թուրքիայի Մեջլիսում:Ընդգրկված եմ Եվրամիության կոմիտեում: Երկու տարին մեկ այս կոմիտեի կազմը փոխվում է: Երկրորդ կոմիտեի գործունեության թեման «Տղամարդու և կնոջ իրավահավասարությունն» է: Կոմիտեի անդամ լինելով՝ հաճախ եմ լինում Բրյուսելում: Այն, որ հայ կինը հայտնվել է Թուրքիայի խորհրդարանում, մասնակցում է միջազգային կյանքին, մեծ արձագանք ունեցավ: Հրավիրեցին Ամերիկա: Այցելություններ եղան այլ քաղաքներ: Շատ դժվար էր երեխայից հեռու լինելը: Հիմա երեք տարեկան է: Արդեն Կարագյոզյան վարժարանի մանկապարտեզ է հաճախում: Հայաստանից եկած քրոջ պես հարազատ մեկը կա, չորս տարի է` մեզ հետ է: Նա ոչ միայն խնամում, այլև հայերեն է սովորեցնում Դերանին, որը շատ եմ կարևորում: Երբեմն երկուսով Անկարա են գալիս: Անկարայի խորհրդարանում մեծ պարտեզ կա, և դուստրս սիրում է խաղալ այդ պարտեզում: Երկու խորհրդական ունեմ: Նրանց հետ էլ է սիրում խաղալ: Անկարայի տան մեջ էլ ընկերներ ունի: Դյուրին չէ նրանց Անկարա բերելը: Երկու հոգու օդանավով գնալ-գալը մեծ ծախս է: Չորսուկես ամիսը մեկ են գալիս:Իմ ազգականներն աշխատանք էին տանում Պոլս հայ պատրիարքի ընտրության համար՝ Շաքն Յալչն, Սեպուհ Ասլանգիլ, Թադեոս Բեբեք.... Թադեոս Բեբեքն ատամնաբույժ է, շատ անուշ մարդ է: Նրանք դրամ հավաքելու մեծ աշխատանք կատարեցին: Այդ գումարը դեռ պատրիարքարանի բյուջեում է: Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը շատ էր կապված մեզ հետ, օգնում էր ծրագրեր իրականացրել: Հրանտ Դինքի սպանությունից հետո ինքն էլ հիվանդացավ, ցավալի է, շատ ցավալի... Պոլսո հայ համայնքը չկարողացավ նոր պատրիարք ընտրելու որոշում կայացնել, ընտրել մեկին, որ կարողանա ծառայել համայնքի խնդիրները լուծելուն:-Օրերս պոլսահայ մտավորական մի տիկին ասաց. «Պատրիարքարանը հայերին ձգում է դեպի իրեն ոչ թե նրանց հայ պահելու, այլ շատ քրիստոնյաներ ունենալու դիրքերից»: Ո՞վ է, ըստ Ձեզ, ամենաարժանավոր թեկնածուն: -Պատրիարքարանի այս վիճակը՝ ընտրության հարցում տարակարծությունները, պոլսահայ համայնքի բևեռացումներից մեկն է: Պատրիարքի տեղապահ Աթեշյանն ասում է՝ թող ընտրությունները լինեն 2019-ին: Ինձ համար կարևոր չէ, թե ով կընտրվի, անձը կարևոր չէ, Աթեշյանն էլ կարող է դնել իր թեկնածությունը: Կարևոր է, որ ամեն բան սահմանված կարգով ընթանա, ընտրության նպատակը պետք է լինի պոլսահայ համայնքն ամուր ու սերտ կապերով միավորելը:-Վերադառնանք պատգամավորական աշխատանքին:-Մեր կուսակցությունը, ի թիվս մի շարք հարցերի, զբաղվում է նաև գաղթականների, հատկապես սիրիացիների ցավոտ խնդիրներով: Առաջին կարևոր գործը, որ արեցի, Յոզղաթ գնալս էր: Կաղանդի օրերին էր: Հանդիպեցի իրաքցի գաղթականների հետ, որոնք փախել էին «իգիլի» հետապնդումներից: Յոզղաթը շատ պահպանողական քաղաք է: Գաղթականների վիճակը շատ վատ էր, երեք-չորս ընտանիք մի տան մեջ էր ապրում: ՈՒզում էին ՄԱԿ-ի օգնությամբ Կանադա տեղափոխվել: Այդ ընտանիքներից մեկի մեծ մայրը քաղցկեղով հիվանդ էր: Նրան տարա մեր տուն, մեկ ամիս մեզ հետ ապրեց, մինչև որ հիվանդանոցի հարցը լուծվեց: Աղջիկն էր խնամում: Ցավոք, կյանքը փրկել չհաջողվեց, այդքան էլ տարիքով չէր: Շատ տխրեցի... Հայ գաղթականներին օգնելու համար համագործակցեցինք տեր Տրդատի հետ: Որոշվեց Պոլսի հայոց պատրիարքարանում խումբ կազմակերպել՝ սնունդ, հագուստ, դրամ հավաքելու համար: Շատերին օգնեցինք, անգամ ամուսնացողներ եղան: Տեր Տրդատը պսակեց: Ի վերջո, այդ զույգը մեկնեց Կանադա:-Ձեր՝ Մեջլիսի պատգամավոր լինելն ինչո՞վ էր նշանակալի:-Հայերը Թուրքիայի քաղաքական դաշտում որպես ազգային փոքրամասնության առանձին մի տեսակ ներկայանալուց բացի, վերջապես ընկալվեցին որպես հասարակության մաս, որը խնդիրներ ունի, որոնց լուծմամբ Թուրքիայի հասարակությունն ավելի բարվոք ու ներկայանալի կլինի: Բայց մինչև դրան հասնելը դեռ ճանապարհ կա անցնելու:-Դժվա՞ր է լինել Մեջլիսի պատգամավոր:-Վերջին 2-3 տարում, առանձնապես արտակարգ դրության ռեժիմ մտցնելուց հետո, երկրի իշխանությունը հասարակության բոլոր խավերի, բոլոր քաղաքական ուժերի դեմ բռնաճնշումներ կիրառեց: Շատերը մնացին անգործ, մատնվեցին քաղցի, միմյանց դեմ թշնամացան: Տնտեսության ծանր վիճակն էլ կապ ունի արտակարգ դրության ռեժիմի հետ. դրսից եկած ներդրողները լքեցին երկիրը, թուրքիացիներն էլ հեռացան երկրից, «ուղեղների արտահոսք» եղավ: Այս ամենի հետ կոտորածներ եղան հարավ-արևմուտքում, Սուրում... Մենք ասում էինք, որ այս վիճակը չի կարող անվերջ շարունակվել: Հեղաշրջման փորձի ժամանակ հենց Մեջլիսում զգացինք իրական վտանգը. մեր գլխավերևում ռմբակոծություն էր, մենք, այսպես ասած, արտակարգ պատգամավորություն անողներ էինք: Մենք ընտրվեցինք 2015 թ. հունիսի 27-ին, բայց կառավարություն չկազմեցինք: Երեքուկես ամիս ժողովներ արեցինք, բայց չկարողացանք արդյունքի հասնել: Նոյեմբերի մեկին դարձյալ ընտրություններ եղան, և մենք չգիտեինք՝ մեր թեկնածությունը կդրվի՞, թե՞ ոչ, քանի որ նախընտրական կարգ կա. նախ կուսակցության անդամներն ընտրում են նրանց, ովքեր պետք է ընտրեն թեկնածուներին, 85 %-ն այդպես է ընտրվում: Իսկ 15 %-ին մեր կուսակցության ղեկավարն ինքն է ընտրում, և պարտադիր չէ, որ տվյալ անձը կուսակցության անդամ լինի, կարող է դրսից լինել: Ես այդ 15 %-ի օրենքով դրսից ընտրվեցի: Այդ օրենքը գալիս է Աթաթուրքի հիմնած Ժողովրդահանրապետական կուսակցության ժամանակից: Մի խոսքով, շատ չմանրամասնեմ, մեծ քաղաքականություն է՝ շատ բարդություններով: Հոկտեմբերից նոյեմբերի մեկը ժամանակահատվածում Թուրքիայում շատ գեշ բաներ պատահեցին՝ ահաբեկչություններ, զոհեր եղան: Նոյեմբերի մեկին միայն Էրդողանի կուսակցությունը կարողացավ կառավարություն ձևավորել:Հոկտեմբերի 27-ին մեր երդման արարողությունն էր: Ծնողներ եկան, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ՝ եզդիներ, գնչուներ... ՈՒրախ էինք, բայց նոյեմբերին մթնոլորտը շատ փոխվեց, վատ բաներ եղան: Մարդիկ Էրդողանին ընտրեցին վախի մթնոլորտում: Կամաց-կամաց սկսվեցին նախագահական կառավարման վերաբերյալ քննարկումներ, վեճեր, սկսեցին քրդերի կուսակցությունը չեղյալ համարել: Այնպես էր, որ իրականում մեր կուսակցության ասածներից ոչ մի բան չէր ընդունվում, կոմիտեները մեր խոսքը չէին լսում: Ամեն ոք կռիվ էր տալիս: Մարդիկ չգիտեին, թե ինչի համար են ձեռք բարձրացնում: Որոշողը Էրդողանի կուսակցությունն էր: Կարծես մեկի անձի կառավարություն էր, մեկի կամքը, կարծես թե, քրդերը չէին ընտրվել, և միայն մեկ կուսակցություն էր ապրում այս երկրի մեջ: Հետո էլ կարգը փոխեցին, և այդ օրերին խորհրդարանում ծեծկռտուքներ եղան: ՈՒզում էին մեր կուսակցությանը մեղադրել Գյուլենի հետ կապեր ունենալու մեջ: Սկսեցին մամուլում մեր կուսակցության և քրդերի կուսակցության պատգամավորների մասին սուտ բաներ գրել: Իմ մասին էլ գրեցին: Օրեր կային, որ վախենում էի տնից դուրս ելնել: Շատ փորձություններ անցա: Շատ էի նեղվում: Երբ մեկի մասին վատ բան պիտի ասել, եթե հայ ես, այդ վատն ավելի հեշտ է ասվում:Զինվորական հեղաշրջում եղավ, որը, ըստ էության, զինվորական չէր: Տունը, որտեղ ապրում եմ, խորհրդարանին մոտ է: Մի կողմում խորհրդարանն է, մի կողմում՝ ժանդարմերիան: Խորհրդարանի շենքը գնդակոծվեց: Մեզ հետ կանչեցին խորհրդարան, բայց չորս կողմը սպանություն էր, չկարողացա գնալ:-Թիկնապահ ունե՞ք:-Ոչ, Կարոն ունի: Ամուսինս էլ չէր կարողանում հաճախ գալ: Միայն այն ժամանակ էր գալիս, երբ միասին դատական նիստի պիտի մասնակցեինք:Հետո արտակարգ դրության ռեժիմ հայտարարվեց՝ 2016-ի հուլիսի 20-ին: 2016-ի հուլիսից խորհրդարանը չի գործում, որոշումները ոչ թե խորհրդարանը, այլ կառավարությունն է կայացնում: Արտակարգ դրությունը նշանակում է, որ որոշումները արտակարգ վիճակի վերաբերյալ պիտի լինեն, սակայն որոշումները ամեն բանի վերաբերյալ էին: Մեծ լսարան ունեցող հեռուստաալիքներ գոցվեցին, դեմոկրատներին, աթաթուրքականներին, արժանավոր մարդկանց լցրին բանտերը: Բանտերը չեն հերիքում: Խցերում մարդիկ քնում են իրար վրա: Թուրքիայի կեսը բանտերում է: Բանտեր այցելելիս տեսնում եմ, որ դրանց կից մասնաշենքեր են կառուցվում: Բացի այդ, ևս 130 բանտ է կառուցվում: -Բանտում հայտնված արժանավորներից է Օսման Կավալան՝ գործարար, շնորհալի մարդ, որ օգնում-զորակցում է մշակութային գործիչներին: Մեծ բարեկամ է հայերին: Ինչու՞մ է մեղադրվում նա:-Գոնե իմանայինք՝ ինչու՛մ, ինչու. մի ամբաստանագրի հիման վրա, որը դեռ պատրաստ չէ: Մտահոգություն կա, որ լրտեսության մեղադրանք առաջադրեն, և եթե դա արվի, շատ դժվար վիճակ կստեղծվի... Դժվար է, երիտասարդ զինվորներ են բանտարկված, և փաստաբանները նրանց չեն պաշտպանում, քանի որ արդեն 450 փաստաբան է բանտարկված: Սա, իրոք, ֆաշիզմ է:-Այդպիսի պայմաններում լինել Մեջլիսի պատգամավոր, պայքարել արդարության, առաջադիմության, քաղաքացիների շահերի համար ծանր պարտականություն է և մեծ արդյունքների դժվար է հասնել:-Ցավոք, այո, մեզ բաժին ընկավ պատգամավոր լինել Թուրքիայում շատ ճգնաժամային ժամանակ: Եթե պայմաններ լինեն, նորմալ պայմաններ, շատ լավ գործեր կանենք: Հազարավոր մարդիկ մեզնից օգնություն են խնդրում, և մենք չենք կարողանում նրանց խնդիրները լուծել: Սիրելի խնդիրներով, մեր համայնքի խնդիրներով պիտի զբաղվեի, բայց այդպես չեղավ: Որչափ արտակարգ դրության ժամանակ անցավ, այդչափ մեր աշխատանքն էլ արտակարգ դարձավ: Ես կրկին խորհրդարանում բարձրաձայնեցի հայերին, սիրիացիներին, հրեաներին հուզող հարցերը, և դրա համար ինձ վատ էին բնորոշում: Կային մարդիկ էլ, որ երբեք հայ չէին տեսել, բայց այս 3,5 ամսվա ընթացքում հայի վերաբերյալ իրենց հայացքները փոխվեցին: Խորհրդարանում աշխատողներ կային, մոտենում, ասում էին. «Գիտե՞ս, իմ մեծ մայրն էլ է հայ»:-Ռմբակոծություն հենց Մեջլիսի շուրջ, նիստերի ընթացքում հոգեբանական ճնշումներ, անշուշտ, դյուրին չէ ազգային փոքրամասնությունների խնդիրները բարձրաձայնելը: Գոնե հաճելի պահեր լինու՞մ են:-Հարկավ, լավ բաներ էլ են լինում: Օրինակ, Սուրբ զատկի օրը հավկիթներ տարա խորհրդարան. մեծ հետաքրքրություն առաջացավ: Անգամ իմ կուսակցության անդամները այնքան էլ տեղյակ չէին, թե ինչ է Սուրբ զատիկը: Վերջապես փոքրամասնությունների հարցերը բարձրացվեցին խորհրդի նիստում: -Արտահերթ նախագահական, խորհրդարանական ընտրություններ, թեկնածուներից մեկը՝ Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահ Սելահաթին Դեմիրթաշը կուսակցությունից նախագահի թեկնածու է և բանտում է: Սպասելիքներ ունե՞ք այս արտահերթ ընտրություններից:-Քրդամետների՝ այլ կուսակցությունների հետ դաշինքից դուրս մնալը երկրում առկա քաղաքական վիճակի թելադրանք էր: Մենք կամենում ենք, որ քրդամետ գործիչները լինեն Մեջլիսում, և որ նրանց առաջադրած նախագահի թեկնածու Սելահաթին Դեմիրթաշն ազատ արձակվի բանտից՝ նախագահի ընտրություններին մասնակցելու համար: Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը քրդերի կուսակցություն է, առաջ էլ գործում էր խորհրդարանում որպես այդպիսին: Երբ 2015-ին մտավ խորհրդարան, ասացին, որ ոչ միայն քրդերին, այլև ամբողջ Թուրքիան ներկայացնող կուսակցություն են: Նրանց ղեկավար Դեմիրթաշը հավասարակշռված անձնավորություն է: Իսկ Թուրքիայի ղեկավարությունը չէր ուզում, որ այդ կուսակցությունը կառավարությունում լինի, և Դեմիրթաշին ստիպեցին, որ հրաժարվի պատգամավորությունից, անձեռնմխելիությունից զրկեցին և բանտարկեցին: Եվ, դժբախտաբար, մեր կուսակցությունն էլ համաձայնեց դրան: Ես համամիտ չէի, բայց կուսակցության մյուս պատգամավորներն ասացին՝ «այո»: Ցավոք, մեր կուսակցության մեջ ազգայնական դրսևորումներ կան, և դա էլ պատճառներ ունի: Ասացի, որ նախագահական սիստեմ էին ուզում բերել, և եթե այդ ժամանակ մենք դա չընդունեինք, մեր կուսակցության պատգամավորների անձեռնմխելիության հարցն էլ կքննեին: Եվ մեր պատգամավորները որոշեցին, որ լավ կլինի համաձայնեն, այլապես մեր հարցը հանրաքվեով պիտի որոշվեր՝ ժողովրդին պիտի հարցնեին, ժողովուրդն էլ պիտի ասեր՝ այո, և մենք կզրկվեիք և՛ նախագահական կառավարումից, և՛ անձեռնմխելիությունից... Այդպես մեր երեսից քուրդ պատգամավորներն անձեռնմխելիությունից զրկվելով՝ բանտ ուղարկվեցին, նրանց հետ էլ մեկ հոգի մեր կուսակցությունից: Ոչ միայն բանտ գցեցին, այլև պատգամավորական մանդատներից զրկեցին, մինչդեռ 6 միլիոն մարդ էր նրանց ընտրել, և մարդիկ զրկվեցին իրենց պատգամավորներն ունենալուց:Ինչպիսին էլ լինեն այս արտահերթ ընտրությունները, ակնկալում եմ, որ դրանք կնպաստեն Թուրքիայի ընդհանուր վիճակի բարելավմանը:-Սիրելի Սելինա, շնորհակալություն պարզ, անկեղծ զրույցի համար: Հուսամ՝ մեր հաջորդ հանդիպմանը Ձեր պատմածներում պայծառ երանգներ կլինեն: Մաղ

Դիտվել է՝ 8007

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ