Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Շատ դառնացա և՛ իմ հոր կառույցի համար, և՛ քաղաքի»

«Շատ դառնացա և՛ իմ հոր կառույցի համար, և՛ քաղաքի»
28.06.2018 | 18:54

Մինչ Արամ Մանուկյանի աղմկահարույց հուշարձանը փորձում էր գտնել իր տեղը մեր քաղաքում, մամուլը ողողվեց քաղաքաշինության կոմիտեի հայտարարությամբ առ այն, որ ստացել են բազմաթիվ դիմումներ և արձագանքներ՝ Երևան քաղաքի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի մուտքային համալիրի մոտ Առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի տեղադրման առնչությամբ:

«Ներկայում, քաղաքաշինական նորմերի խախտումներով, կատարվում են արձանի տեղադրման աշխատանքներ՝ ճարտարապետներ Ջիմ Թորոսյանի և Մկրտիչ Մինասյանի հեղինակությամբ նախագծված համալիրի տարածքում»: Հայտարարության վերջում ասվում է, որ հաշվի առնելով թվարկված հանգամանքները, քաղաքաշինության կոմիտեն անհրաժեշտ է համարում հստակեցնել իր դիրքորոշումը, այն է՝ առաջարկում են դադարեցնել արձանի տեղադրման շինարարական աշխատանքները, կազմակերպել համատեղ քննարկում շահագրգիռ գերատեսչությունների հետ և տվյալ համալիրի տարածքում որևէ արձանի տեղադրման նպատակահարմարության հարցը դարձնել հանրային քննարկման առարկա:

Թեմայի շուրջ զրուցեցինք Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն ԱՆՈՒՇԻԿ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ, ով մրցույթի հանձնաժողովի անդամ է եղել և մշտապես դեմ է արտահայտվել այդ աշխատանքին:

Նշեց, որ առաջին փուլում այն առհասարակ չէր ներկայացվել, միանգամից երկրորդ փուլ է անցել, և, ի վերջո, խախտումներով անցկացրել են. «Գիտեմ մարդկանց, որ պարզապես ստիպել են քվեարկել այդ տարբերակի օգտին, հատկապես՝ ավագանու նիստի ժամանակ: Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շատ ճիշտ որոշում կայացրեց, ասաց, որ պետք է դադարեցվեն արձանի տեղադրման շինարարական աշխատանքները: Դրանից հետո գլուխն էին տեղադրում: Ես չգիտեմ, ինչու է հակառակն արվում: Առհասարակ, շատ անհաջող է հուշարձանը՝ թե՛ գեղարվեստական տեսակետից, թե՛ մասշտաբի: Բոլորը գիտեն, որ հապշտապ է արված, փնթի: Եվ, եթե չեմ սխալվում, դա միակ լուծումն էր, որի տեղադրման համար պետք է քանդվեին ճարտարապետներ Ջիմ Թորոսյանի և Մկրտիչ Մինասյանի հեղինակությամբ նախագծված համալիրի տարածքի աստիճանները: Մյուս աշխատանքները 4-5-մետրանոց էին, կամ ավելի փոքր, և չէին խեղաթյուրում տարածքը»:


Ջիմ Թորոսյանի դուստր ԱՆԱՀԻՏ ԹՈՐՈՍՅԱՆԻՑ հետաքրքրվեցինք՝ հայտնե՞լ է իր դժգոհությունը համապատասխան մարմիններին և ի՞նչ բացատրություն-պատասխան է ստացել: «Ժամանակին, երբ իմացա այդ մասին, բնականաբար, շատ դառնացա և՛ իմ հոր կառույցի համար, և՛ քաղաքի, բայց դա չորս-հինգ ամիս առաջ էր, ու ամբողջովին հուսալքված էի: Բարեբախտաբար, նոր իշխանությունները շատ ավելի պարկեշտ են,- ասաց մեր զրուցակիցը, նշելով, որ մի քանի օր առաջ Քաղաքաշինության կոմիտեից կապվել են իր հետ, խնդրել են, որ իբրև ժառանգներ ինքն ու քույրը դիմում գրեն, և կարծես թե որոշում կա դադարեցնելու շինարարությունը:


«Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանը (նախկին անվանումը՝ «Լենինի հրապարակ») ժամանակին պետական մրցանակ է ստացել, մասնագետների կողմից բարձր է գնահատվել, անթույլատրելի է, որ բարեկարգելու փոխարեն քարերն են կտրում՝ ճաշակի տոտալ բացակայությամբ, բոլորովին ուրիշ տիպի քարերով հուշարձան են տեղադրում: Իմ դաստիարակությունը մի քիչ այլ է, հաշվի առնելով, որ հայրս ճարտարապետ է, ամեն անգամ հերթական նման այլանդակություն տեսնելով, անընդհատ մտածում էի, որ կանգ կառնեն, բայց տեսնում եմ, որ ագահությունն ու անճաշակությունը չափ ու սահման չունեն»:
Թե հետագայում ինչ լուծում կստանա խնդիրը, Անահիտ Թորոսյանի խոսքով, քաղաքային նոր իշխանությունների որոշելիքն է, սակայն հույս ունի, որ մի քիչ գրագետ մարդիկ կզբաղվեն դրանով, և քաղաքաշինական էթիկան ու նորմերը կպահպանվեն:


Մինչ պրպտում էինք խնդիրը, լիահույս, որ մի բան փոխվում է, հայտարարվեց տխրահռչակ արձանի առայժմ ոչ պաշտոնական բացման օրն ու ժամը:
Քաղաքաշինության կոմիտեից հետաքրքրվեցինք՝ ինչու՞ է հայտարարվել կասեցման մասին, եթե աշխատանքները շարունակվում են, անգամ բացումն է արվում: Ասացին, որ հավանաբար լավ չենք կարդացել հայտարարությունը, ոչ թե դադարեցվել է, այլ առաջարկել են դադարեցնել: Իսկ ահա արձանի բացման մասին ոչինչ ասել չէին կարող, իրենք չեն տեղադրողը, հետևաբար, ե՞րբ, ինչպե՞ս կբացվի, ոչինչ ասել չեն կարող:
Անսալով կոմիտեի աշխատակցի դիտողությանը՝ նորից կարդացինք հայտարարությունը. գործածվել էր «անհրաժեշտ է համարվում» բառակապակցությունը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4626

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ