Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Անհավանականը ակնհայտ ներկայացնելու փնտրտուքում

Անհավանականը ակնհայտ ներկայացնելու փնտրտուքում
29.06.2018 | 02:45

Վերջին օրերին որոշ լրատվամիջոցներ, ամենայն հավանականությամբ, իրենց տերերի համար ցանկալին որպես կատարված փաստ ներկայացնելով, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են հրապարակում հայտնի գործարար, «Ֆլեշ» ՍՊԸ-ի հիմնադիր-նախագահ ԲԱՐՍԵՂ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ ընկերության առնչությամբ:


Մասնավորապես, ըստ այդ ԶԼՄ-ների տարածած տեղեկությունների, Բարսեղ Բեգլարյանի ընկերության տնօրենին իբր հունիսի 27-ին «բերման են ենթարկել», վերջինս էլ իրեն ուղղված բոլոր հարցերին պատասխանել է. «Ես ոչինչ չգիտեմ, ինձ ոնց ասել են, այդպես էլ արել եմ, էլ հարցեր մի տվեք»:
Իրականությունը պարզելու նպատակով դիմեցինք «Ֆլեշ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն ՅԱՇԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ փաստաբան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ ԿՐՈՄՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ու նախ փորձեցինք պարզել, թե հիշյալ ընկերության գործադիր տնօրենին (նրա պաշտոնը ոչ թե տնօրեն է, այլ գործադիր տնօրեն) հունիսի 27-ին կամ, թեկուզ, դրանից առաջ որևէ իրավապահ մարմին բերման ենթարկե՞լ է ընդհանրապես:


«Ո՛չ, ընկերության գործադիր տնօրենին ինչպես հունիսի 27-ին, այնպես էլ դրանից առաջ որևէ իրավապահ մարմին բերման չի ենթարկել,- փաստեց Կրոմվել Գրիգորյանն ու շարունակեց,- ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժինը Յաշա Խաչատրյանին հունիսի 23-ին հրավիրել է որպես վկա, մենք միասին ենք գնացել»:
Փաստաբանը միանշանակ հերքեց նաև մամուլում երեկ հրապարակված այն տեղեկությունը, որ հարցաքննության ընթացքում ընկերության տնօրենը քննիչին ասել է, թե ինքը ոչինչ չգիտի, իրեն ինչպես ասել են, այդպես էլ արել է, և խնդրել է հարցեր չտալ:


Ի պատասխան մեր մյուս հարցի, թե Յաշա Խաչատրյանին վերոնշյալ քննչական բաժինն ի՞նչ գործով է հրավիրել որպես վկա, Կրոմվել Գրիգորյանն ասաց. «Մեկ այլ ընկերությունում` «Ֆլեշ Մոտորսում», երկուսուկես տարի առաջ տեղի ունեցած մի միջադեպի գործով»:
Տեղեկանալով վերոնշյալին, բնականաբար, հարց առաջացավ` իսկ գուցե «Ֆլեշ Մոտորս» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենի՞ն են իրավապահ մարմինները բերման ենթարկել, գուցե նա՞ է ասել «Ես ոչինչ չգիտեմ, ինձ ոնց ասել են, այդպես էլ արել եմ, էլ հարցեր մի տվեք», այսինքն` լրատվամիջոցը պարզապես շփոթել է «Ֆլեշ Մոտորս»-ի գլխավոր տնօրենին «Ֆլեշ» ընկերության գործադիր տնօրենի հետ: Սակայն, ինչպես պարզեցինք մեր աղբյուրներից, իրավապահները հունիսի 27-ին կամ դրանից առաջ «Ֆլեշ Մոտորս»-ի տնօրենին ևս բերման չեն ենթարկել:


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հ. Գ. Խնդրին առնչվող մանրամասները՝ «Իրատեսի» հաջորդ՝ հուլիսի 3-ի համարում:

Դիտվել է՝ 4427

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ