Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Կյանք սարերում, կամ ֆիլմ վերադարձի մասին

Կյանք սարերում, կամ ֆիլմ վերադարձի մասին
06.07.2018 | 03:27

Քարվաճառի (Շահումյանի շրջան) Ծար գյուղը գտնվում է ծովի մակարդակից 2100 մետր բարձրության վրա: Քաղաքակիրթ աշխարհից հեռու, բնությանն ու երկնքին մոտ այս գյուղում են ապրում Արմենն ու Սվետլանան: Այստեղ է ծնվել նրանց դուստրը: Արմենը ֆրանսերենի թարգմանիչ է, նրան Մոսկվայից Ծար է բերել հայրենիքի հանդեպ սերը: Ծարում հովվություն է անում: Սվետլանան անգլերեն է դասավանդել ուղղափառ գիմնազիայում, ներկայումս գյուղի միակ դպրոցի աշակերտներին ռուսերեն և անգլերեն է սովորեցնում:


Ռեժիսոր ՔՐԻՍՏԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆԸ կեսկատակ-կեսլուրջ ասում է՝ իրեն այստեղ է բերել ամուսնու հանդեպ սերը: Նրանք երիտասարդ ռեժիսորի «Սարերում» ավարտական ֆիլմի հերոսներն են: Ընտանեկան այս զույգի մասին Քրիստինեն կարդացել է համացանցում ու վճռել է, որ պետք է ստեղծի իր պատմությունը: Օպերատոր ԳՐԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ հետ ճանապարհվել է Ծար: Ասում է՝ պատմությունը հետաքրքիր էր, տեղանքը՝ գեղեցիկ, ճանապարհը՝ շատ դժվար:
Ֆիլմում ասվում է, որ արծիվներն այստեղ ավելի ցածր են ճախրում, քան մարդիկ ապրում են: Քրիստինեն հաստատում է. «Գյուղի բնակիչներն են այդպես ասում, իսկապես գյուղում կա վայր, որտեղից երևում է արծիվների թռիչքը»:
Շահումյանի շրջանի ամենաբարձրադիր գյուղում բնակիչները քիչ են: Քրիստինեն համացանցում կարդացել է, որ Ծարում մոտ 50 ընտանիք է ապրում, բայց կարծում է, որ անհամեմատ քիչ են՝ 6-7 ընտանիք:

-Քրիստինե, կարծում եմ՝ հանդիսատեսին կհետաքրքրի՝ ի՞նչն է Արմենին ու Սվետլանային Մոսկվայից բերել Արցախի հեռավոր այս շրջանը: Ինչու՞ են ընտրել հենց Ծարը:
-Հայրենիք վերադառնալու մտադրություն Արմենը վաղուց է ունեցել: Առաջարկ է ստացել Արցախի տարբեր դպրոցներից: Ընտրել են Ծարի դպրոցը, որտեղ ռուսերեն և անգլերեն երբեք չեն դասավանդվել: ՈՒթ տարի է` Ծարում են ապրում: Շփվելով նրանց հետ՝ հասկացա, որ ինչ-որ հատուկ դրդապատճառ չկա, այս մարդիկ ուզում են գյուղի համար մի լավ բան անել և իրենցը ստեղծել:
-Գյուղական կյանքի դժվարությունները չես ընդգծել, ոչ էլ փորձել ես հերոսական, ռոմանտիկ շունչ հաղորդել այս պատմությանը: Եվ ուրեմն, ի՞նչն է գրավում հանդիսատեսին:
-Կարծում եմ՝ իրենց արարքը, վերադարձը: Քչերը կթողնեին քաղաքային կյանքն ու կգային, կապրեին այդ պայմաններում: Որքան էլ ցույց չեն տրվում դժվար պայմանները, միևնույն է, հանդիսատեսը հասկանում է:
-Պետական հոգածություն ունե՞ն նման առաքելություն ստանձնած մարդիկ: Նրանք, կարծես, վարկերից էին խոսում ֆիլմում:
-Այո, աշխատավարձը իջեցրել էին, ամուսինն ուզում էր վարկ վերցնել, կինը չհամաձայնեց:
-Այծերի հետ խաղացող փոքրիկ աղջնակը, դժվարանցանելի գյուղական ճանապարհները, գյուղական դպրոցի ժամանակ առ ժամանակ հնչող զանգը շատ բան են ասում: Բայց մի բան է կյանքը, այլ բան՝ ֆիլմը: Ի՞նչ էիր ուզում հանդիսատեսին ասել այս ֆիլմով:
-Հիմնական ասելիքն այն է, որ հայրենիքը պետք չէ թողնել, դժվարությունները ժամանակավոր են: Ֆիլմիս հերոսներն էլ վստահ են, որ մի քանի տարի դժվար կլինի, հետո ամեն ինչ լավ է լինելու: Մեր երկրին պետք են նման մարդիկ` սա է հիմնական ասելիքը: Իսկ զանգի տեսարանը անընդհատ կրկնում եմ՝ ցույց տալու համար գյուղական կյանքի միապաղաղությունը:
-Աղջնակը բնության հետ շատ ներդաշնակ է ապրում, բայց հիշում է դեպի Մոսկվա երբեմնի ճամփորդությունը, կարոտում է մեծ քաղաքի եռուզեռին։ Բնությանը այդքան մոտ երեխայի համար դժվար չի՞ լինելու ինտեգրվելը մեծ աշխարհին, թվային տեխնոլոգիաների մարտահրավերներին:
-Կարծում եմ՝ բնական է, որ երեխան սիրում է բնությունը, բնական է նաև, որ հիշում է քաղաքի եռուզեռը: Նրանք նպատակ ունեն մինչև երեխայի դպրոց գնալը Ստեփանակերտ տեղափոխվել, սակայն Ծարում շարունակելու են զբաղվել գյուղատնտեսությամբ:
-Գյուղում եկեղեցի կա՞:
-Այո, գյուղապետն ինձ պատմեց, որ գյուղն ազատագրելուց հետո ինքն ընտանիքի հետ առաջինն է մտել գյուղ: Եկեղեցին գոմի էր վերածվել, մաքրել են, նորոգել ու գործարկել:
-Քրիստինե, կինոսիրողները հնարավորություն ունեցան դիտելու ԵԹԿՊԻ-ի այս տարվա շրջանավարտների` Ռուբեն Գրիգորյանի արվեստանոցի սաների դիպլոմային աշխատանքները, այդ թվում` քո «Սարերումը» և կուրսային աշխատանքը՝ «Կյաժը» ֆիլմը, նվիրված Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանին: Սա աննախադե՞պ պրակտիկա է:
-Ինքս նման բան չեմ տեսել: Անցյալ տարի մեր ֆիլմերը ցուցադրվեցին «Նարեկացի» արվեստի միությունում, այս տարի՝ «Մոսկվա» կինոթատրոնում: Ասում են` աննախադեպ է:
-Ի՞նչ է տալիս երիտասարդ ռեժիսորին այդ ցուցադրությունը:
-Նկատում ես աշխատանքիդ թերությունները, կարծիքներ ես լսում, մասնագիտական գնահատականներ: Սպասում ենք նաև քննադատության:
-Կարծիք կա, որ կոմերցիոն ֆիլմերն են առավել պահանջված, բայց հակառակ պատկերը տեսանք:
-Իհարկե, ինձ համար շատ ուրախալի է, որ 6-10 ժամ տևող կինոսեանսին նույն մարդիկ էին մասնակցում, չհոգնեցին, չձանձրացան: Եթե չորս տարի քո կուրսի ղեկավարի, կուրսընկերներիդ հետ անդադար աշխատում ես, նման արդյունքը սպասելի է:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 5104

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ