Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Հայաստանի բրյումերի 18-ը

Հայաստանի բրյումերի 18-ը
17.07.2018 | 00:51

Այն տպավորությունն է, որ Հայաստանը չգիտի` աշխարհի հետ ինչպես հարաբերվել ու ընդհանրապես չգիտի` ի՞նչ է ուզում: Կամ գիտի, բայց չի կարողանում ձևակերպել: Գուցե չի ուզում: Տարբերակներ կան, բովանդակություն չկա:


Վարչապետի բրյուսելյան այցը այդ շարքից է: Թվում էր` այցը վաղուց հայտնի էր ու պիտի լավ կազմակերպված լիներ, մասնավորապես` հանդիպումների ու ակնկալիքների մասով: Առաջին հայացքից ամեն ինչ նորմալ էր հանդիպումների մասով` Տուսկ, Մոգերինի, Մակրոն, Մերկել, Ստոլտենբերգ, Ցիպրաս, Թրյուդո և այլք: Միայն Դոնալդ Թրամփը «դիմացավ», կամ էլ գլուխը խառն էր. Մերկելին ու Մեյին էր սովորեցնում` ինչպես կառավարել, Մակրոնն էլ էլի ոտքի տակ էր ընկնում ու ԵՄ-ին պաշտպանում: Չավուշօղլուն էլ` կողքով անցավ, բայց հետ դարձավ, բարևեց, շնորհավորեց ու չգիտես ինչու` չասաց, Ալիևի հերն էլ անիծած, վաղը սահմանը բացում ենք, երկուշաբթի օրվանից դիվանագիտական հարաբերությունները հաստատված կլինեն: Ակնկալիքներն էին անհասկանալի: Փաստացի` ՀՀ վարչապետին թվում էր, որ հենց Եվրոպայում իրեն տեսնեն, ասելու են` դու քո քայլն արեցիր, մենք էլ մերն ենք անում` քանի՞ միլիարդ եվրո է պետք, որ հաջորդ քայլդ անես: Ասա, մինչև տուն հասնես, հետևիցդ ուղարկում ենք: Չասացին, ու դա դարձավ մեծ հայկական հիասթափության պատճառ: Իսկ ի՞նչ էր ասում Հայաստանը: Մինչև Բրյուսել, Բրյուսելում, Բրյուսելից հետո: Որ ոչինչ չի փոխվել ու չի փոխվելու արտաքին քաղաքական օրակարգում: Այն տպավորությունն էր, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե Բրյուսել, այլ Մոսկվա էր գնացել: Կամ` գնացել էր Բրյուսել, որ Մոսկվային հավաստիացնի` ոչինչ չի փոխվել:


Ոչ ոք չի ասում, որ ամեն մայրաքաղաքում Երևանը պիտի այդ երկրին հաճո հայտարարություններ անի, բայց կա դիվանագիտական մինիմում, որ պահանջում է ճկուն լինել ու երկրի շահը պաշտպանել` առանց քաղաքականության փոփոխության: Եթե կուզեք` դա դիվանագիտական քաղաքավարություն է: Դեռ Բրյուսելում` Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքն… անքաղաքավարի է: Մինչ Երևանում հուզված հետևում էին այցին ու դիֆիրամբներ ձոնում… ժողովրդավարական երկրի վարչապետի հմուտ քայլերին, հիանում էին, որ աշխարհը մեզ հետ խոսում է որպես ժողովրդավարական պետություն, այցը, ասում էին, առանցքային նշանակություն ունի, բովանդակային փոփոխությունների հարց է բարձրացնում, արտաքին քաղաքական նոր օրակարգ է ձևավորում և այլն, և այլն, և այլն, վարչապետի առաջին նահանջն արձանագրվեց Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումում, երբ Ստեփանակերտի բանակցային սեղան վերադարձը «մոռացվեց»:


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բրյուսելում ԱԳ նախարարների հանդիպումից հետո տարածել են հայտարարություն, որտեղ ոչ մի բառ չկա այդ հարցով, ինչպես չկա ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրություններում: Հայաստանին պետք է դուրս գալ «մադրիդյան սկզբունքների» փակուղուց: Ադրբեջանը պնդում է իր սուբստանտիվը` տարածքների վերադարձ, հետո նոր կարգավիճակի քննարկում, ի՞նչ է առաջարկում Հայաստանը: Վստահության վերականգնու՞մ` բանակցությունների համար: Հրադադարի պահպանման մեխանիզմների ներդրումը Բաքուն համարում է ստատուս քվոյի ճանաչում և մերժում է: ՈՒ` ի՞նչ: Շարունակելու՞ ենք տեղապտույտը` գերխնդիր դարձնելով կաշկանդել Բաքվին, որ նոր պատերազմ չսկսի:


ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ասում էր` Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխություն չի լինելու: Չլինելու գերխնդրով աշխատող նախարարության հաջողություններին դժվար է վստահել, երբ չի բացատրվում, թե ինչ է լինելու ընդհանրապես: Առավել ևս, որ վարչապետը բառացիորեն մեղադրում է եվրոպացիներին` պահանջելով «քաղաքականության մեջ շոշափելի փոփոխություն»: Սքանչելի պահանջ է ու շատ արդիական: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ ինչպես ժողովրդավարությունն էր Հայաստանում ձևական, այնպես էլ ձևին, ոչ թե բովանդակությանն էին ուղղված Եվրոպայի հետ հարաբերությունները: Ժամանակն է, որ բովանդակություն հաղորդվի հարաբերություններին, բայց դա փոխադարձ շարժում է: Ի՞նչ բովանդակություն է Հայաստանը հաղորդում իր ժողովրդավարությանն ու ի՞նչ է ակնկալում ԵՄ-ից:

«Իմ բոլոր հանդիպումներում ասել եմ, որ ժողովրդավարությունը մեզ համար արտաքին քաղաքական կողմնորոշում չէ, այլ արժեքային համակարգ, և հույս ունեմ, որ ԵՄ-ում հենց այդպես են ընկալում իրավիճակը: Քանի որ ժողովրդավարությունը մեզ համար համոզմունք է և արժեքային համակարգ է, ես որևէ կասկած չունեմ, որ մենք ժողովրդավարական բարեփոխումները մինչև վերջ կտանենք, և հաջողություն կարձանագրվի»` ասել է Նիկոլ Փաշինյանը: Հայտարարություն, որ անցած երկու ամսում կոնկրետ արտահայտություն չի ունեցել: Եվրոպայում հավատում են գործերին: Ո՞րն է եղել գործը: Կոռուպցիայի դեմ պայքա՞րը: Եվրոպային դրանով չես զարմացնի: «Մենք, ըստ էության, մեր անելիքները գիտենք, և մեր գործընկերները պետք է ճշտեն իրենց անելիքները: Մեր հեղափոխությունից հետո ԵՄ-ից լսել ենք բազմաթիվ ողջունող հայտարարություններ, բայց քաղաքականության մեջ որևէ շոշափելի փոփոխություն չկա: ԵՄ քաղաքականությունը նույնն է, ինչ 4 ամիս առաջ, և կարծում ենք, որ պետք է կամ հայտարարությունների ոգևորված տոնայնությունն իջեցնեն, կամ քաղաքականությունը էականորեն փոխեն»` ասել է Նիկոլ Փաշինյանը: Այո՞: Իսկ որո՞նք են մեր անելիքները, որ մենք գիտենք: Որ ԱԺ արտահերթ ընտրություններ ենք անելու՞: Հետո՞: Բրյուսելում ճանաչողական հանդիպումներ ունենալուց հետո ԵՄ-ի վրա «տակառ գլորելուց» առաջ Հայաստանը պետք է իր զարգացման հեռանկարը հրապարակի, որ ԵՄ-ն հասկանա` հիմա ու՞մ հետ գործ ունի: Երկրի՞, որ արտաքին քաղաքականության մեջ փոփոխություններ չի անելու, այսինքն` մնալու է ռուսական ուղեգծի մեջ, բայց հայտարարելու է, որ հավասար գերակայություններ են հայ-ռուսական ու հայ-արևմտյան վեկտորների զարգացումը: Երկրի՞, որ փոխում է տնտեսության զարգացման տրամաբանությունը ու շեշտադրում է արտադրության զարգացումը, նոր աշխատատեղերի ստեղծումը, ուրեմն պետք է աջակցել տնտեսությանը: Թե՞ երկրի, որ շարունակում է գլոբալ հայության ներդրումները որոնել, առանց ասելու` ինչ ոլորտներում է ծախսելու: Այսինքն` շարունակվելու է հախուռն, անծրագիր ու անկանոն շարժը կամ տեղում դոփելը: Նույնիսկ հեղափոխությունը բուռն ողջունած ՀԱԿ-ը հարկ համարեց հայտարարություն անել տնտեսական քաղաքականության վերաբերյալ` նշելով. «Տնտեսության կառավարման բնագավառում կառավարության կողմից արվում են որոշ քայլեր, որոնք բացասական ազդեցություն կունենան բիզնեսի վրա»: ՈՒրեմն ի՞նչ է ուզում Հայաստանը Եվրոպայից: Առավել ևս, որ վարչապետը 10 միլիոն եվրո աջակցությանն ի պատասխան եվրոպացիներին հեգնում է, որ Հայաստանի օլիգարխին մի լավ թափ տան, բազմապատիկը կստանան: Այսինքն` Հայաստանում ի՞նչ է փոխվել` «թափ են տալիս» ու ապրում են: Հազիվ թե վարչապետի «նոր բառապաշարը» Եվրոպային հույսեր ներշնչի կամ կողմնորոշի:


Ամենօրյա քրեական քրոնիկոնը` կոռուպցիայի դեմ հայկական պայքարը, Եվրոպային ավելի շուտ տրամադրելու է սպասել` մինչև ցուցադրական շոուներն անցնեն ու որոշակիություն մտնի` նվազագույնը հասկանալու` ու՞մ հետ Հայաստանում կարելի է գործ ունենալ, ո՞վ կոռուպցիոներ չէ: Մինչև դատական իշխանությունը անկախ դառնա` պաշտպանելով ոչ թե քաղաքական պահանջը, այլ օրինականությունը: ԵՄ-ից ու Արևմուտքից Հայաստանի նկատմամբ բովանդակային քաղաքականություն կարող եք ակնկալել միայն ընտրություններից հետո: Եվրոպայի համար էլ պարզ է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը պահպանելու է իշխանությունը, որ Հայաստանում գործնականում նորից ընտրություն չկա` որևէ այլ քաղաքական ուժ ժողովրդի համար մրցակից չէ այն ուժին, որ առաջին համար կունենա Նիկոլ Փաշինյանին: Բայց ինչպես Հայաստանում, այնպես էլ Եվրոպայում չգիտեն` ի՞նչ է անելու Նիկոլ Փաշինյանը հետո` շարունակելու՞ է կոռուպցիոն բացահայտումները, թե՞ անցնելու է կոռուպցիան կանխելու համակարգային քայլերին, որ պրակտիկա են Եվրոպայում: Այո, այդ ընթացքով Նիկոլ Փաշինյանը կարող է խորհրդարանում մենակ կամ դաշինքով ստանալ մեծամասնություն ու ի՞նչ: Երկրո՞րդ ՀՀԿ ենք ունենալու, թե՞ ԱԺ-ում լինելու է մրցունակ ու գործունակ ընդդիմություն, որ ցանկացած իշխանության հաջողության անհրաժեշտ գործոն է:

Ընդդիմություն, որ ընդհանրություն չի ունենա այսօրվա պատեհապաշտական ընդդիմության հետ` ի դեմս ԲՀԿ-ի կամ իրադարձային ու ինչպես Նիկոլ Փաշինյանն է բնորոշել «քաղաքական դիակ» ՀՀԿ-ի հետ: Պետության շահը պահանջում է, որ խորհրդարանում լինի գաղափարական, հստակ քաղաքական օրակարգ ունեցող ընդդիմություն, որ օգնելու է վարել հայամետ արտաքին քաղաքականություն ու զարգացնել տնտեսությունը: Կա՞ն այդպիսի ուժեր: Ընդունեք, որ ոչ միայն իշխանությունն է հարց, այլև ընդդիմությունը: Եվ քաղաքական դաշտը մաքրել է պետք տարատեսակ ատավիզմներից, որ փորձելու են վերականգնել իրենց իրավունքները: Եվ այդ շրջագծում արտահերթ խորհրդարանական ընտրություններին նախապատրաստությունը միայն Ընտրական օրենսգրքի փոփոխությունները չեն, որ առայժմ առանձնանում են ԱԺ-ի ու կառավարության հանձնաժողովների փոխհրաձգությամբ, եթե չասենք` Դավիթ Իոաննիսյանի սկանդալային հայտարարություններով, որ փաստացի` կապ չունեն այն Հայաստանի հետ, որ պիտի վերջապես ունենա ընտրություններով ձևավորված իշխանություն, որ լեգիտիմության խնդիր չունի ու ազատ է իր գործողություններում:
Առայժմ քաղաքական դաշտում ինքնահաստատվելու փորձեր են անում կամ իրենց քաղաքական ժամանակը սպառածները, կամ նորահայտները, որ վտանգավոր են պետության համար` ինչպես «Հիմնադիր խորհրդարանն» ու «Սասնա ծռերը»:
Նոր ընդդիմությունը հին անուններ չի կարող ունենալ, մոռացեք ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին, ՀՀԿ-ին, եթե հավատացել եք հեղափոխությանը և ուզում եք Հայաստանն էլ իր բրյումերի 18 ունենա:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. Հեղափոխության հետ հավասար խոսվում է հակահեղափոխության մասին ու չգիտես ինչու` հակա-ները պատկերացվում են քաղաքական ու տնտեսական դաշտում, բայց նրանք ի հայտ եկան ու բարգավաճում են հոգևոր դաշտում, իսկ իրականում` անօրինականության: Թավշե հեղափոխության սկանդալային ֆենոմենը` հարձակման թիրախ դարձավ Հայ առաքելական եկեղեցին և պարզվեց, որ անկախության տարիներին եկեղեցին չի ունեցել ու չունի ինքնապաշտպանական օրենքներ և այսօր հայտնվել է ամենաանպաշտպանի կարգավիճակում: Ինչու՞: Ինչու՞ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հարկ է համարում հայտարարել` «Վերջին շրջանում Հայ առաքելական եկեղեցու նվիրապետի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները մտահոգիչ դրսևորումներ են ստանում։ Նպատակային դիտարկումը վկայում է, որ նկատելի են իրավունքից դուրս գործելու ու անգամ բռնություն գործադրելու միտումներ: Այս երևույթը վտանգավոր է հասարակությունում հանդուրժողականության ու համերաշխության տեսանկյունից» և ընդամենը եզրակացնում է. «Ստեղծված իրավիճակը պահանջում է խաղաղ ու փոխհամաձայնեցված լուծում»: ՈՒ՞մ հետ փոխհամաձայնեցված` ինչպես Միքայել եպիսկոպոս Աջապահյանն է որակել «եկեղեցաքանդ և մոլեռանդ շարժման հե՞տ»: Միայն նրա՞նց, թե՞ բոլորիս «բարոյական մահվան բոթն» է եպիսկոպոսը գուժում, միայն ի՞ր, թե՞ բոլորիս «ցմահ կամավոր ապաշխարության շրջան» է սահմանում` անտարբերության ու անգործության համար: Աշխարհի ո՞ր երկրում են կաթողիկոսի ճանապարհը փակում ու հարձակվում վրան, իսկ ոստիկանությունը գալիս է ու… հարձակվողներին չի ձերբակալում: Հայ առաքելական եկեղեցին ու նրա կաթողիկոսները հալածանքների ենթարկվել են որպես կանոն օտար իշխանությունների կողմից: Ի՞նչ իշխանություն է Հայաստանում, որ աղանդավորների ու խելագարների է պաշտպանում ընդդեմ եկեղեցու ու կաթողիկոսի: Հետո էլ ասում են` անձեռնմխելիներ չկան: Կան, խելագար մարգինալները, որ ճաղերի հետևում հայտնվելու փոխարեն… ռեկտոր են դառնում: Ո՞վ է ապաշխարելու:

Դիտվել է՝ 3422

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ