«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Մտքին եկածը լեզվին չեն տալիս

Մտքին եկածը լեզվին չեն տալիս
17.07.2018 | 01:27

Նոր իշխանության երիտասարդ կադրերը շատ հաճախ են հայտնվում հանրության ուշադրության կենտրոնում անզգույշ ու անտրամաբանական հայտարարությունների պատճառով: Ոմանք պնդում են, թե երիտասարդ ու անփորձ են, դրա համար էլ անընդհատ սայթաքում են: Հասկանալի է, որ երիտասարդ են, բայց գոյություն ունի հասարակության առաջ պատասխանատվության զգացում կոչվածը, որ թույլ չպիտի տա մտքին եկածը լեզվին տալ:


Այս օրերին համացանցը ակտիվ քննարկում է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանի անհեթեթ հայտարարությունները, որոնք, ի դեպ, նա համարեց համատեքստից կտրված ու սխալ մեկնաբանված: Ընդհանրապես հերքումներն ու պարզաբանումներն իրավիճակը փրկելու և հասարակական ցասումը մեղմելու ձև են, ոչ ավելին: Ենթագիտակցորեն ասված մտքերն ավելի ճիշտ են բնութագրում անհատի էությունը, քան հասարակական ճնշման տակ դրանց այլակերպ մեկնաբանությունները:


Երբ Փաշոյանը խոսում է ապրիլյան հերոսների մասին ու, մեղմ ասած, ոչ տեղին ու անգիտակից արտահայտություններ անում, հասկանում ես, որ նա արժեքային համակարգի հետ կապված խնդիրներ ունի: Ամեն ոք կարծիքի իրավունք ունի, բայց ողջ հարցն այն է` այդ մարդը հասկանու՞մ է, թե ինչ դիրք է զբաղեցնում, ու ինչպես կարող են այդ հայտարարություններն ընդունվել մի հասարակության մեջ, որն օրը մթնեցնում է սահմանից ստացվող լուրերով։ Իր խոսքերի համար Կարպիս Փաշոյանն իրեն հաշիվ տալի՞ս է: Պատերազմող երկրում հերոսաբար կյանքը զոհած երիտասարդների գիտակցված մահը համարել «մանկահասակ տղաների» արարք, առնվազն անպատկառություն է, անարգանք նրանց շիրիմների հանդեպ: Վառոդի հոտը չշնչած այս երիտասարդ կառավարիչները կարող են այս կամ այն թեմայի շուրջ ճամարտակելու շռայլությունն իրենց թույլ տալ, բայց թող հեռու մնան այն թեմաներից, որոնք նրանց գիտակցությանը խորթ են:


Այս տարբերակում լավագույն լուծումը կլիներ, որ Արարատ Միրզոյանը ժամ առաջ ազատվեր նման խոսնակից, այլապես ստացվում է, որ նա էլ է համամիտ Փաշոյանի մտքերին, ինչին չենք ուզում հավատալ: Ի դեպ, հայրենիքի պաշտպանության դիրքերում մարմնական վնասվածք ստացած զինծառայողները բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և պահանջել, որ Արարատ Միրզոյանը ներողություն խնդրի «մեր նահատակ եղբայրների, մասնավորապես, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ընտանիքից, ինչպես նաև հայրենիքը պաշտպանելիս վիրավորված բոլոր տղաներից իր մամլո խոսնակի արտահայտությունների համար, բնականաբար, վերջինիս պաշտոնանկ անելուց հետո միայն»:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3127

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ