«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Հենրի Քիսինջեր. Եթե դա լինի Թրամփի դարաշրջանի արդյունքը, կլինի ճակատագրի հեգնանքը

Հենրի Քիսինջեր. Եթե դա լինի Թրամփի դարաշրջանի արդյունքը, կլինի ճակատագրի հեգնանքը
22.07.2018 | 14:53

Financial Times-ի խմբագիր Էդվարդ Լյուսը զրուցել է Հենրի Քիսինջերի հետ` Թրամփի ու Պուտինի հանդիպման հաջորդ օրը: Ի՞նչ տպավորություններ ունի Քիսինջերը հանդիպումից: «Այդ հանդիպումը պիտի կայանար: Ես մի քանի տարի սպասում էի: Հանդիպումը թաղված է ամերիկյան ներքաղաքական պրոբլեմների բեռի տակ և որոշակիորեն կորսված շանս է: Բայց, կարծում եմ, պետք է վերադառնալ ինչ-որ կետի:

Տեսեք` ինչ է կատարվում Սիրիայում ու ՈՒկրաինայում: Ռուսաստանը յուրահատուկ գիծ ունի` աշխարհի ցանկացած վայրում ցնցումները ազդում են նրա վրա` շանս են տալիս ու ընկալվում են իբրև սպառնալիք: Այդ ցնցումները շարունակվելու են, վախենում եմ, որ տեմպերն էլ արագանալու են»` ասաց նա:
Քիսինջերը պատրաստվում է դասախոսություն կարդալ Ռուսաստանի «գրեթե միստիկ» ունակության մասին` դիմանալու տառապանքներին: Նրա առանցքային միտքն է` այն տարիներին, երբ Պուտինը դեռ չէր բռնակցել Ղրիմը, Արևմուտքը սխալմամբ մտածում էր, որ Ռուսաստանը կընդունի կանոնների վրա հիմնված արևմտյան աշխարհակարգը: ՆԱՏՕ-ն սխալ էր մեկնաբանում Ռուսաստանի գիտակցության մեջ խոր նստած հարգանքի պահանջը` վերապատմում է Լյուսը: «ՆԱՏՕ-ի սխալը տեսակետն է, որ կա ինչ-որ պատմական էվոլյուցիա, որ շարժվում է Եվրասիայով, և չընկալելը, որ այդ շարժման ընթացքում բախվելու է ինչ-որ իրողության` չափազանց տարբեր վեստֆալյան պետական կազմավորումից (պետության մասին արևմտյան պատկերացումները): Իսկ Ռուսաստանի համար դա նրա նույնականությանը նետված մարտահրավեր է»` ասել է Քիսինջերը: Ցանկանու՞մ է նա ասել, որ մենք «թերագնահատում ենք Թրամփին, որ իրականում Թրամփը գուցե մեզ ծառայություն է մատուցում, որ մենք չենք նկատում»` հարցրել է Լյուսը: «Ես չեմ ուզում շատ խոսել Թրամփի մասին, որովհետև ինչ-որ ժամանակ նրա մասին պիտի խոսեի ավելի կապակցված, քան հիմա»: Լյուսի համառ խնդրանքից հետո նա հավելել է. «Կարծում եմ` Թրամփը այն պատմական կերպարներից է, որ ժամանակ առ ժամանակ հայտնվում են, որ նշանավորեն դարաշրջանի ավարտը ու ստիպեն հրաժարվել հնացած ձևականություններից: Դա անպայման չի նշանակում, որ Թրամփը ինքը գիտի կամ մշակում է ինչ-որ վիթխարի այլընտրանք: Գուցե դա պարզապես պատահականություն է»:


Ինչի՞ կվերածվի Գերմանիան, եթե Թրամփը հրամայի ԱՄՆ-ին ՆԱՏՕ-ից դուրս գալ: «20-րդ դարի 40-ականներին եվրոպացի ղեկավարները հստակ գիտեին` ուր են գնում,- ասաց Քիսինջերը:- Հիմա նրանք հիմնականում ուղղակի փորձում են տհաճություններից խուսափել»: Լյուսը նկատեց, որ դա վատ է ստացվում, Քիսինջերը համաձայնեց. «Գերմանացի մի հայտնի գործիչ վերջերս ինձ ասաց, որ Ամերիկայի հետ տարաձայնությունները միշտ ընկալել է իբրև Ամերիկայից տարածություն պահպանելու միջոց, բայց հիմա նկատում է` միտքը, որ աշխարհում Ամերիկա չի լինի, ավելի շատ է վախեցնում»: Լյուսը ենթադրել է, որ Թրամփը վախեցնում է արևմտյան երկրներին` հարկադրելով ինքնուրույնանալ: «Եթե դա լինի Թրամփի դարաշրջանի արդյունքը, դա կլինի ճակատագրի հեգնանքը: Բայց դա անհավանական է»` պատասխանել է Քիսինջերը և հավելել, որ այլընտրանքը անցանկալի տեսք ունի: Եթե Ատլանտիկայով անցնի բաժանման գիծը, Եվրոպան կվերածվի «Եվրասիայի կցորդի» և կհայտնվի Չինաստանի իշխանության տակ, որն ուզում է վերադարձնել «Միջին թագավորության» պատմական դերը և դառնալ «ամբողջ մարդկության գլխավոր խորհրդատուն»: Կարծես թե Քիսինջերը գտնում է, որ Չինաստանը շարժվում է դեպի իր նպատակը: Ամերիկան այդ ընթացքում կվերածվի աշխարհաքաղաքական կղզու` շրջապատված երկու վիթխարի օվկիանոսներով` կանոնների հիմքում կարգի բացակայությամբ, որին կարելի է ընդօրինակել:

«Այդ վիճակում Ամերիկան ստիպված կլինի ընդօրինակել վիկտորիանական Բրիտանիային, բայց չտրվելով աշխարհի մյուս երկրներին կռվացնելու սովորույթին` ինչպես անում էր Բրիտանիան եվրոպական մայր ցամաքի երկրների հետ»` ասաց Քիսինջերը: Լյուսը փորձել է Քիսինջերի մտքերը նրա փոխարեն ձևակերպել` «Դուք տագնապում եք ապագայի համար, սակայն կարծում եք, որ շանս կա, որ Թրամփը պատահաբար մեզ այնպես կվախեցնի, որ մենք նորից կհնարենք կանոնների վրա հիմնված կարգը, որ ինչ-որ ժամանակ համարում էին` ինքնին հասկանալի»: «Ես կարծում եմ, որ մենք հիմա ամբողջ աշխարհի համար շատ բարդ շրջան ենք ապրում»` պատասխանեց Քիսինջերը: Լյուսը հարցրել է, թե պատմական ո՞ր դարաշրջանը կարող է ներկայի հետ համեմատվել: Քիսինջերը պատմել է ինչպես իբրև ԱՄՆ-ի նորաթուխ քաղաքացի ծառայել է բանակում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Նա նաև հիշել է` ինչն է պատանի փախստական գերմանացուն Ամերիկա բերել: Երբ 1938-ին Գերմանիան մտավ Ավստրիա, հրեաներին Քիսինջերի հայրենի քաղաքում արգելել են տներից դուրս գալ: Առաջին իսկ հնարավորությունն օգտագործելով` նրա ծնողները Ամերիկա են եկել: «Պարետային ժամ էր, ամենուր գերմանացի զինվորներ էին,- պատմում է նա:- Դա ցավոտ փորձ էր, որ երբեք իմ հիշողությունից դուրս չի գալիս»: Լյուսն ասում է, որ Քիսինջերը երկար մտածեց` ինչ պատասխանել:


Էդվարդ ԼՅՈՒՍ, Financial Times
Հ.Գ. Սքանչելի բնորոշումներ են, չէ՞: Երևի դժվար գործ է` ծեր հրեա լինել ԱՄՆ-ում, որ մշտապես հարաբերվել է աշխարհի հզորների հետ ու իրավիճակը տեսնում է ներսից ու դրսից միաժամանակ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3633

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ