USD488.57
EUR549.84
RUB7.22
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Mariam Merabova in Armenia
 

«Եթե Ռուսաստանը ցանկանա, Արցախի հարցը կլուծվի այնպես, ինչպես Ղրիմի հարցը»

«Եթե Ռուսաստանը ցանկանա, Արցախի հարցը կլուծվի այնպես, ինչպես Ղրիմի հարցը»
24.07.2018 | 01:32

Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում, ղարաբաղյան հակամարտությանն անդրադառնալով, բաց տեքստով դիմեց Ռուսաստանին. «ՌԴ-ն որպես գերտերություն ունի հնարավորություն թույլ չտալ պատերազմի վերսկսումը մեր տարածաշրջանում: Եվ ես չեմ կարող հավատալ, որ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը իր լծակները չի օգտագործի տարածաշրջանում պատերազմի վերսկսումը թույլ չտալու համար: Ես չեմ հավատում դրան: Ես չեմ կարող հավատալ, որ Ռուսաստանը թույլ կտա պատերազմ կամ չի օգտագործի իր լծակներն Ադրբեջանին սադրանքից հետ պահելու համար»: Այս և Ռուսաստանի հանդեպ վերջին շրջանի որդեգրած քաղաքականության շուրջ զրուցեցինք քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԻ հետ:

-Ի՞նչ է նշանակում Փաշինյանի հայտարարությունը, այսինքն՝ այսուհետ հակամարտության գոտում ցանկացած ռազմական գործողության պատասխանատուն Ռուսաստա՞նն է:
-Լևոնա-ռոբերտա-սերժական իշխանությունների ձևավորած կարծրատիպերը կոտրվում են, այսինքն` չպետք է սողալ, որովհետև անարդյունավետ է: Այնքան սողացին, մինչև ապրիլյան պատերազմը եղավ: Հիմա հստակ վարչապետի շուրթերով հայտարարվում է մի բան, որը բացարձակ ճշմարտություն է: Եթե Ռուսաստանը չցանկանա, ոչ միայն Ադրբեջանը չի կարող հարձակվել, այլև այդ արհեստական, սուտ պետությունն էլ չի լինի: Եթե Ռուսաստանը ցանկանա, Արցախի հարցը կլուծվի այնպես, ինչպես Ղրիմի հարցը: Ընդ որում, Արցախի հարցն ավելի արդար է, քան Ղրիմինը: Ինչու՞ է վարչապետն առանց ավելորդ խաղիկների, պարզ այս մասին ասում, որովհետև ունի ողջ հայության վստահության քվեն: Ասել է՝ նա իրեն շատ պինդ է զգում: Թավշյա հեղափոխությունը բարոյական արժեք է, որն ազդակ դարձավ աշխարհին: Նախորդ բոլոր ղեկավարները սովոր չէին ճիշտ խոսքին և ռուսներին սովորեցրել էին, որ իրենց հետ ինչպես ուզեն, վարվեն՝ ի հաշիվ մեր աղքատության ու մեր արյան: Այս հեղափոխությունը վերադարձրեց մեր բարոյական արժեքները, երբ ճշմարտություններն ուղիղ կարող ենք ասել: Չգիտես ինչու, տարածված կարծիք է, թե հայերը դիվանագիտություն չեն կարող վարել: Տխմարություն է: Առևտրական ժողովուրդը միշտ լավ դիվանագետ է լինում: Հիմա վարչապետը ճշմարտությունը հրապարակավ ասում է, որ եթե պատերազմ լինի, ուրեմն սանձազերծողը Ռուսաստանն է:
-Այդ մասին հաճախ են տարբեր վերլուծաբաններ ասում, բայց մի բան է, երբ քաղաքական հարթակից է այն հնչում, մեկ այլ բան, երբ իշխանության գլուխն է այդ մասին ոչ դիվանագիտորեն ձևակերպում: Սա ուղիղ հարված չի՞ ընկալվի:
-Հրաշալի է, որ վարչապետը բաց տեքստով այդ մասին ասաց: Քաղաքական իրատեսության տեսանկյունից շատ ճիշտ հայտարարություն է, որով ռուսական կողմին չի վիրավորում, բայց առաջին պլան է մղում մեր ազգային շահերը:
-Մեր անվտանգությունը բոլոր թելերով կապված է այդ երկրի հետ, մեր երկրի պաշտպանվածության առումով մտահոգիչ իրավիճակ չի՞ կարող ստեղծվել:
-Այդպես չէ, որ բոլոր թելերով կապված ենք: Այ, հիմա վերադարձ է լինում: Մենք վերադառնում ենք մեր ինքնիշխանության ու անվտանգության վերականգնմանը: Ռուսաստանի հետ կառուցում ենք փոխգործակցված հարաբերություններ և դառնում ենք իսկական դաշնակիցներ՝ թաղելով նախորդ իշխանություններին՝ իրենց որդեգրած քաղաքականությամբ:
-Անհանգստություն չկա՞, որ Ռուսաստանը հենց մատնանշած լծակները գործի կդնի, ու սահմանում կունենանք անկանխատեսելի իրավիճակ:
-Ռուսաստանը կարող է քայլեր անել ոչ մեկի կարծիքը հաշվի չառնելով, բայց նաև Ռուսաստանը զգուշանում է, քանի որ գործ ունի ողջ հայության հետ: Տարիներ շարունակ տարբեր ցանցերի ու մարդկանց միջոցով մեր մեջ փորձել են ռուսահպատակություն դաստիարակել: Հիմա մենք վերադառնում ենք մեր ակունքներին, Արտաշես Մեծագործի պատկերացումներին, որ Հայաստանը պետություն է և վերջ: Իսկ Ռուսաստանն այս պահին նման քայլի չի գնա: Մենք ուզում ենք այդ երկրի հետ բարեկամություն, բայց ինչպես հավասարը հավասարի հետ:
-Փանիկ գյուղում տեղի ունեցածը շատերը համարում են Հայաստանում առկա հակառուսական տրամադրությունների պատասխան կամ ակնարկ: Համամի՞տ եք:
-Այո, Ռուսաստանն այստեղ բնավորություն է ցույց տալիս, շանտաժ է անում: Այլապես ինչպես է պատահում, Աստրախանից Սիրիա ուղիղ խփում են, իսկ իրենց քթի տակի գյուղի տեղը շփոթել էին, ու տանկերն այլ տեղ էին գնացել: Հեռադիտակ, հեռախոս չունեի՞ն: Խայծ էր, որը կերան վարչապետով, իշխանության անդամներով ու վերլուծաբաններով: Առաջիններից եմ եղել, որ ասել եմ՝ սա Ռուսաստանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտելու, ինքնիշխանության դեմ արած քայլ է, որով հայ ժողովրդի դիմադրությունն են փորձում:
-Հետաքրքիր է, որ վարչապետն այն որակեց սադրանք, ԱԱԾ տնօրենն ու պաշտպանության նախարարը` անփութություն ու սխալմունք: Ինչը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել:
-Չեմ մեկնաբանում մյուսների ասած խոսքերը, ինձ համար հիմք է կառավարության ղեկավարի որակումը, որովհետև նա է պետության դիրքորոշումը ներկայացնում: Իսկ պաշտպանության նախարարն առավել կարևոր հայտարարություն է արել: Իմ հարցազրույցներում անընդհատ ասել եմ, որ պետք է վերանայել հայ-ռուսական միջպետական պայմանագրերը: Հիմա այդ մասին խոսում է նաև Դավիթ Տոնոյանը:
-Կարծես Ռուսաստանի հետ քաղաքականության վերանայում ենք անում, Դուք այդ տպավորությունն ունե՞ք:
-Ընդգծված քաղաքականություն չի էլ եղել, որ մի հատ էլ վերանայենք: Սերժը կախվել է Պուտինի քուղերից, ժողովուրդը գնացել է կոլապսի: Շատ էական հարց է, որ բոլորը պետք է հասկանան՝ մենք պետք է Ռուսաստանի հետ ունենանք փոխգործակցված հարաբերություններ:
-Ի դեպ, Հայաստանում շատերը մտահոգություն են հայտնում, որ Ռուսաստանի հետ ճակատ ճակատի տալը կարող է լավ հետևանքների չբերել՝ հիշեցնելով Վրաստանի և ՈՒկրաինայի օրինակը, որոնք հողեր կորցրին: Ասել է՝ մենք էլ վտանգի տակ ենք դնում Ղարաբաղը: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս տեսակետը:
-Մեր դեպքում Ադրբեջանն է բան կորցնելու: Ի վերջո, պետք է այդ ստրկական հոգեբանությունից դուրս գանք: Ապրիլյան պատերազմին մենք կռվել ենք: Հարավային Օսիայում վրացական բանակը կռվե՞լ է ռուսների դեմ, կամ Ղրիմից ուկրաինական զորքը փախչու՞մ էր ռուսներից: Անգամ մեկ մարդ չմահացավ Ղրիմում: Հայկական բանակը ապրիլին ռուսական սադրանքը Ադրբեջանի կատարմամբ տապալել է: Դրանք ընդհանրապես համեմատելու օրինակներ չեն, թող վերջ տան այս շահարկումներին: Այս անգամ վստահ եմ, եթե որևէ նման սադրանքի դիմեն, մենք Կուր-Արաքսը ստեղծելու ենք, այս անգամ կորցնողը հաստատապես Ադրբեջանն է լինելու: Բայց վստահ եմ, որ ռուսական կողմը չի գնա սադրանքների:


Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 5295

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao