Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Պատվիրելով սիրել միմյանց՝ Հիսուս հավաստում է, որ Ինքը մեզնից մեկն է

Պատվիրելով սիրել միմյանց՝ Հիսուս հավաստում է, որ Ինքը մեզնից մեկն է
24.07.2018 | 00:24

«Սերը.... ամեն բանի հավատում է, մշտապես հույս է տածում... Արդ՝ մնում են այս երեքը. հույս, հավատ, սեր, և սրանցից մեծագույնը սերն է» (Ա Կորնթ.13.7,13):
Հույսը այն լավագույնի ակնկալությունն է, որին հավատում ենք: Ոչ ոք վատ բանի չի սպասում, այլ միայն լավին:


Սիրո մեջ են ամբողջանում և իմաստավորվում հույսն ու հավատը: Մենք էլ կմնանք այնքանով, որքանով հավատում, հույս ենք տածում և սիրում, որքանով որ ունենք հավատի, հույսի և սիրո գործեր: Սերը ոչ միայն գործողություն է, այլև կոնկրետ արդյունք: Արդյունքն է գործի անմահությունը: Այդպես էլ մենք գործում ենք, քանի դեռ ապրում ենք այս աշխարհում, և հավերժ կապրենք, եթե մեր գործերը սիրո գործեր են, որովհետև սիրուց է ծնվում կյանքը, սիրով է կյանքը փոխանցվում և պահպանվում:
Փրկվել՝ նշանակում է անդրադարձնել Աստծո սերը, այո՛ այո՛, հենց Աստծո սրբարար սերը և ո՛չ մարդու աշխարհահոտ ու մեղսալի սերը: Անդրադարձնել, այն է՝ առատորեն տալ ու բաշխել մարդկանց Աստծո սերը, որը նա տալիս է մեզ միայն այլոց հետ կիսելու պայմանով: Մենք, լսելով «սեր» բառը, նախ և առաջ հասկանում ենք զգացմունք, ցանկություն, կիրք, կապվածություն, և որպես զգացմունք՝ սիրուն հակադրում ենք ատելությունը: Սակայն եթե դիտարկենք սերը՝ որպես արժեք (իսկ որպես այդպիսին սերը այսօր, որպես կանոն, չի դիտարկվում), որպես մարդ-Աստված և մարդ-մարդ հարաբերության միջոց և շաղախ՝ «Սերն է օրենքի լրումը» (Հռոմ.14.10), ապա այսօր աշխարհում և մարդու սրտում սիրուն փոխարինելու է գալիս փողը:


Փողը մի համընդհանուր տոնավաճառ հիշեցնող այս աշխարհում հանդիսանում է միջանձնային (տվյալ դեպքում՝ շուկայական) հարաբերությունների հիմք, միջոց և նպատակ, ինչպես սերը՝ Աստծո անմահ արքայության մեջ: Մարդիկ իրենց հույսը դնում են փողի վրա, անվերապահորեն հավատում են փողի ուժին, այդ պատճառով աշխարհում ծաղկում են խաբեությունն ու կաշառակերությունը, գողությունն ու սպանությունը: «Սերն ընկերոջը չար բան չի անի» (Հռոմ.14.10), այնինչ փողի հանդեպ թուլությունը մղում է մարդուն խլել իր նմանից նրա ինչքն ու կյանքը: Այսօրվա աշխարհում ապրող մարդիկ կարիք ունեն հույսի, հավատի և սիրո, սակայն գտել են դրանց փոխարինողը, քանզի նրանք համոզված են, որ սիրով, թե առանց սիրո կարելի է գոյատևել, իսկ առանց փողի անհնար է «մարդավարի ապրել»:


Մարդիկ չեն ուզում ընդունել Աստծո սերը, որպեսզի փրկվեն, սակայն հեշտորեն ընդունում են աշխարհի խաբեությունը և հայտնվում մահվան որոգայթներում. «Եվ անօրինության շատանալուց շատերի սերը պիտի ցամաքի» (Մատթ. 24.12), իսկ առանց ճշմարիտ սիրո կվերանա նաև հավատը. «Երբ Աստծո Որդին գա, արդյո՞ք երկրի վրա հավատ կգտնի» (Ղուկ. 18.8): Հիսուս, դեռևս իր երկրային գործունեության սկզբում, տալիս է ամենաառաջին և մեծ պատվիրանի սահմանումը (Մարկ.12; 29-31)՝ երևան հանելով դարեր առաջ հրեաներին տրված տասնաբանյայի բուն բովանդակությունը՝ սեր: Իսկ իր քարոզության վերջում տալիս է «նոր պատվիրան», որը ըստ էության նույն մեծ պատվիրանն է՝ բովանդակային նոր, խորքային բացահայտումներով. սիրեցե՛ք միմյանց, (Հովհ. 13.34-35): Հիսուս մեզ նաև ապահովագրում է մի մեծ սխալից, այն է՝ ամեն մի տարերային զգացմունք ու զգացողություն սեր անվանելուց: Նա, ով պատվիրեց, ով «իսպա՛ռ սիրեց», նաև ասաց. «Ով Իմ պատվիրաններն ընդունում և դրանք պահում է, նա՛ է, որ Ինձ սիրում է. և ով Ինձ սիրում է, պիտի սիրվի Իմ Հորից. Ես էլ նրան պիտի սիրեմ և Ինձ պիտի հայտնեմ նրան» (Հովհ. 14.21):


Սիրո պատվիրանը նախ և առաջ հնարավորություն է՝ սիրելու սեփական անձը, քանզի մեկը որևէ կերպ չի կարող սիրել իր նմանին, եթե չի սիրում իր անձը, քանզի Աստված չի պատվիրում ուղղակի սիրել ընկերոջը, այլ՝ սեփական անձի պես. սա ընկերոջը սիրելու չափանիշն է, որի շնորհիվ հասկանում ենք, թե ինչպես պետք է Աստծու՛ն սիրենք. առավել քան մեզ. սիրելով մեզ՝ մենք սիրում ենք մեր էությունը, սիրելով Աստծուն՝ մենք սիրում ենք մեր ողջ էությամբ:


Պատվիրելով սիրել միմյանց՝ Հիսուս հավաստում է, որ Ինքը մեզնից մեկն է, միևնույն ժամանակ Նա, ում պետք է սիրել ողջ էությամբ, Նա Աստծո՝ մեզ հայտնված սերն է, միևնույն ժամանակ՝ այդ սերը փոխադարձելու անզուգական հնարավորությունը:
Սիրել Աստծուն նշանակում է հավատալ այդ հնարավորությանը՝ որպես մեր փրկության երաշխիք, և հուսալ այդ փրկությունը՝ որպես այդ հնարավորությունը իրացնելու անխուսափելի հետևանք:


Երեցկին
Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2509

Մեկնաբանություններ