Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Բոլոր պետական ինստիտուտները աստիճանաբար կվարկաբեկվեն, եթե այսպես շարունակվի»

«Բոլոր պետական ինստիտուտները աստիճանաբար կվարկաբեկվեն, եթե այսպես շարունակվի»
31.07.2018 | 02:09

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը շատերը ցնծությամբ ընդունեցին, սակայն կան անհատներ էլ, որոնք Հայաստանի երկրորդ և Արցախի առաջին նախագահի կալանավորումն այնքան էլ միանշանակ չեն ընդունում: Ազատամարտիկ, ռազմական և հասարակական գործիչ ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ևս մտահոգիչ է համարում նման քայլը, քանի որ ամեն վայրկյան պատերազմի սպառնալիքը կախված է մեր գլխին, իսկ Քոչարյանն ազատամարտի ակունքում կանգնած մարդ է, և նրա կալանավորումը հարված է մեր պետությանը: Նրա հետ զրուցեցինք նաև նոր կառավարության քայլերից և առկա խնդիրներից: Իսկ մինչ այդ մեր զրուցակիցն անդրադարձավ ողջ համացանցը ողողած վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի «Կանայք հանուն խաղաղության» արշավին և նրա հնչեցրած կոչին. «Կարելի է, որպես կին և մայր, հասկանալ նրա կոչը, բայց որպես կառավարության ղեկավարի կնոջ՝ ոչ: Նման անհեռատես քայլերը և քաղաքական սխալները, այն էլ այսպիսի հարթակներում, լի են վտանգավոր միտումներով։ Երբեք մեր թշնամին նման հուզիչ և խաղաղասիրական խոսքերից չի փոխվում: Ինչպես կարելի է հայտարարել, թե կապ չունի ինչից է ծագել կոնֆլիկտը կամ ադրբեջանցի զինվորների ու մեր զինվորների հայացքների նմանությունից խոսել: Ես 14 տարեկան եմ եղել, որ գնացել եմ կռիվ ու շատ լավ գիտեմ նրանց դեմքերը: Ասում է, երեխաներ են, նրանք մեր պարիսպներն են, մեր երկրի անվտանգության երաշխավորները: Նրանք չեն կարող լինել վախվորած ու խուճապահար: Ի վերջո, նրանք կանգնած են իրենց հողի համար, այդպիսի համեմատությունները լուրջ քաղաքական բացթողումներ են, որոնք արժանացան ժողովրդի կոշտ գնահատականին: Ինձ համար ընդունելի չեն նման հայտարարությունները, դրանք պացիֆիստական կոչեր են, որոնք մեր երկիրը և ժողովրդին ոչ մի լավ տեղ չեն տանի»:

-Ինչպե՞ս եք գնահատում Ռոբերտ Քոչարյանի կալանավորման փաստը:
-Տասը զոհերից մեկը իմ ուսանողական ընկերն էր: Դա ինձ համար շատ մեծ ցավ էր, մեծ կորուստ, բայց զգացմունքային դաշտը մի կողմ եմ թողնում և իրողությունները դիտարկում ավելի սթափ: Չեմ կարող որևէ իրավական գնահատական տալ, բայց որպես ՀՀ քաղաքացի ես մտահոգ եմ այդ երևույթով, հատկապես երբ խոսում են գործի միակողմանի լինելու մասին, բայց սպասենք զարգացումներին: Ինձ մի հարց էլ է հետաքրքրում. հիմա եթե ցույցեր լինեն, ժողովուրդը դուրս գա ինչ-որ հարցով պայքարի, և հանկարծ բախումներ սկսվեն, լարվածություն լինի, պետությունը ի՞նչ է անելու, իրավապահները ի՞նչ են անելու: Հիմա միայն խոսում են 2008-ի սահմանադրական կարգի տապալման մասին, իսկ 1996-ին ի՞նչ էր: Կապրենք, կտեսնենք, թե այս ամենն ինչի է հանգեցնում:
-ԼՂՀ պաշտպանության նախարարը վերջերս հայտարարեց, որ սահմանային խախտումները կտրուկ նվազել են, սակայն դրան զուգահեռ Ադրբեջանը զինուժ է կուտակում առաջնագծում: Ասել է՝ անդո՞րր է փոթորկից առաջ:
-Մենք ունենք մարտունակ բանակ, հետախուզական վարչություն, որոնք եթե լավ չաշխատեին, այսօր այստեղ նստած չէինք լինի: Բայց մենք ցանկացած պահի, ընդ որում, ողջ ազգով պետք է պատրաստ լինենք պատերազմի: Սա ամենևին պատերազմի կոչ չէ, ես պատերազմ տեսած մարդ եմ, և հավատացեք՝ ամեն պատերազմ տեսած մարդ ամենաշատը կցանկանա, որ խաղաղություն լինի: Բայց, ցավոք, մենք այլ իրավիճակում ենք: ՈՒնենալով ագրեսոր հարևաններ, մենք պետք է է՛լ ավելի հզորացնենք մեր բանակը և դիվանագիտական ճանապարհներով էլ ավելի շեշտադրենք մեր դիրքորոշումը:
-Խոսքը նախ և առաջ սոցիալ-տնտեսական զարգացմա՞ն մասին է: Իսկ դրա միտումներն այսօր առկա՞ են:
-Ոչ միայն սոցիալ-տնտեսական զարգացման: Այսօր մենք պատերազմական երկիր ենք, ի՞նչ ենք անում, որպեսզի Երևանում քաղաքացին կարողանա պատերազմի դեպքում պաշտպանվել: Վերջին շրջանում Նախիջևանում թշնամին ակտիվացել է, ավելին, Դավիթ Տոնոյանը հայտարարեց, որ մենք սպասում ենք պատերազմի և ոչ միայն արցախյան ճակատից: Սա կոնկրետ ուղերձ էր ժողովրդին և համապատասխան կառույցներին: Բացի բանակից, մյուս կառույցները ինչո՞վ են զբաղված, օրինակ, ինչպե՞ս են փորձում պատրաստել ժողովրդին: Եթե այսօր, Աստված չանի, Հայաստանի վրա հարձակում լինի Նախիջևանից (այն դեպքում, որ հիմա արդեն հրթիռային համակարգեր են աշխատում), գիտե՞ք` քանի կիլոմետր է այնտեղից Երևանը, «ռագատկայով» էլ խփեն, կհասնի: Եթե Արցախի ՊԲ նախարարը խոսում է Մինգեչաուրի ջրամբարին հարվածելու մասին, ապա ի՞նչն է Ադրբեջանին խանգարելու հարվածելու Երևանին: Այդ դեպքում մենք բացի գիշերային ակումբներից, փաբերից, ռեստորաններից շենքերի տակ ունե՞նք ապաստարաններ, գիտե՞նք ինչ անել, եթե տագնապ եղավ: Սա ամենևին էլ խուճապ ստեղծելու համար չեմ ասում, պարզապես պետք է այս հարցում էլ կարևորել գրագետ և պրոֆեսիոնալ աշխատանքը։
-Փաստորեն, Դուք վերապահումնե՞ր ունեք այսօրվա կադրային քաղաքականությունից:
-Այո, ունեմ և, մեղմ ասած, վերապահումներ։ Բայց քանի անադեկվատ մթնոլորտը չի չեզոքացել, ի սկզբանե ասեմ, դեռ 2016-ին էի այդ մասին խոսում, հետո ընտրված խորհրդարանի պատկերը ինձ մեծ հիասթափության առիթ տվեց: Այսօր է՛լ ավելի խայտառակ վիճակ է, կարծում եմ, այդպես էլ կշարունակվի: Մենք ներքաղաքական հարթությունում աղետալի ամորֆ վիճակում ենք, փաստացի չկա ընդդիմություն, երկրի ղեկը հայտնվել է ծայրահեղ լիբերալիստական մտածողությամբ մարդկանց ձեռքին, մերժվում են ազգային բոլոր պրոյեկտները, անկախ ֆորմատներից, մոտիվացիաներից, միանձնյա կառավարման երկիր ենք դառնում՝ հղի շատ վատ հետևանքներով: Ամբողջ ժողովրդին իրար դեմ են լարել, եթե այսպես շարունակվի, կարծիքների, տեսակետների ազատության մասին ժողովուրդը արդեն կերազի: Սա լավ տեղ չի տանելու, հային հայի դեմ են հանում, սրանում ժողովրդավարության նշույլ անգամ չկա: Հասկանալի է, որ ժողովուրդը այսքան տարի որոշ մարդկանց երեսից կողոպտվել է, հիմա բացահայտում են, ու մարդիկ արդարության ձգտումով ուրախանում են, բայց սա իրականում տարբեր քաղաքական ուժերի կողմից խաբված ժողովրդի զգացմունքների վրա սպեկուլյացիա անել է: Բացահայտում եք, լավ եք անում, մի կողմ թողնենք, թե ճշմարտությունը որն է, բացի այդ բացահայտումներից, ուրիշ գործ չկա՞ անելու: Ախր, շատ շատ անելիքներ կան, զուգահեռ գործ արեք, գոնե սկսեք, թե չէ ուշանալու եք, որովհետև այսպես երկիր չեն առաջնորդում, ղեկավարում: Բոլոր պետական ինստիտուտները աստիճանաբար կվարկաբեկվեն, եթե այսպես շարունակվի:
-Իշխող կուսակցությունը Երևանի քաղաքապետի թեկնածու է առաջադրել Հայկ Մարությանին: Ի՞նչ կարծիք ունեք:
- Արգիշտիի որդի Մենուան իր գերեզմանում շուռումուռ եկավ երեկ: Սիտքոմների ժանրի երգիծական դերասանը... դրա մասին եմ ասում, պետական ինստիտուտներն են վարկաբեկում, լրջացեք: Թե չէ նույն այդ ժողովուրդը, որ հավատաց ձեզ, ձեզ խելքի կբերի: Արժեհամակարգ են խաթարում, մի փոքր հետ գնամ, չնայած երկրում առկա բազմաթիվ խնդիրներին, համակարգային լճացումներին, կոռուպցիային, բայց վերջին տասը տարում մենք որդեգրել էինք ազգային ուղղվածությունը, ազգայինն էր արմատանում: Նոր կադրերը՝ իրենց ընդգծված կոսմոպոլիտիզմով, ծայրահեղ վիճակի են հասնում՝ մերժելով ցանկացած ազգայինը: Սա այլ տենդենց է, ազգային պետական շահին վնասող, թե ուր են տանում այս թելերը, քաղաքագետները կարող են խորքային վերլուծել:
-Բացի արժեքային խնդիրներից, ի՞նչ բացթողումներ ունի նոր իշխանությունը:
-Այդ կադրերից յուրաքանչյուրն իր գործը նորմալ չի անում, չգիտեն որն է առաջնայինը, որը` երկրորդայինը: Բայց եթե չեն հասկանում, պետք է կողքին երկու հոգի հասկացող պահեն, խելացի մարդկանց հրավիրեք պետական ոլորտ: Եթե կողքինդ էլ է տգետ ու քցող, ապա քեզ էլ է քցելու անպայման, ինչպես նախորդներին քցեցին: Հիմա բոլորին ձերբակալելով ու՞ր են հասնելու, ե՞րբ է այս շոուն ավարտվելու: Ասում եք՝ սիրո հեղափոխություն: Չարությամբ սեր չեն սերմանելու: Հիմա ամեն վայրկյան սպասում ենք, թե ԱԱԾ-ն ու՞մ տունն է գնալու: Էս ի՞նչ եք անում: Սա՞ է երկիր կառավարելը:
-Իրենք հիմա զբաղված են կոռուպցիա բացահայտելով:
-Է հա, էլի թող բացահայտեն, դա իրավապահների գործն է, եթե դու վստահ ես քո երկիրը զարգացնելու, արդարություն հաստատելու տեսլականների վրա, գործ արա այդ ուղղությամբ, անընդհատ շոուներով ժողովրդի սի՞րտն եք հովացնում: Հասկացանք, ընտրազանգված եք հավաքում առաջիկա ընտրությունների համար, բայց կարո՞ղ է գիտեք էս ժողովուրդը ձկան ուղեղով է, միայն այս բացահայտումներով եք համակրանքի արժանանալու, բա մարդկանց սոցիալական հարցե՞րը, բա երկրի վիճա՞կը, բա աշխատավարձե՞րը... Ասում եք` դեռ շուտ է, դեռ պետք է հասկանաք, ծանոթանաք, բա որ մարդկանց փողոց էիք հանում, չգիտեի՞ք, թե ինչ ուղղությամբ եք տանելու երկիրը: Նո՞ր եք ծանոթանալու, թե էս ազգն եք անխելքի տեղ դրել, թե՞ երկիրը հասցնել իննսունականների վիճակին... Էլի՞ խորհուրդ եք տալու ժողովրդին, մեկը մյուսից, հարևաններից պարտք անելով ապրեն: Նորից եմ կրկնում՝ այս ձեռագրի ճանապարհը կարճ է:
-Նոր կառավարության բացատրությունն իր կադրերին այն է, որ նրանք մաքուր կենսագրություն ունեն, կոռումպացված չեն, թալանի չեն մասնակցել:
-Մաքուր կենսագրությունը ո՞րն է, այսինքն` գրանտներ է կերել, թալանին չի մասնակցել: Մաքուր կենսագրության չափանիշը ո՞րն է: Ես կարող եմ ցուցակներ ներկայացնել մարդկանց, որոնք իսկապես մաքուր կենսագրություն ունեն, բոլոր հնարավորությունները ունենալով, երբեք բյուջեին մոտ չեն գնացել։ Թալանելու համար նախ դեռ պետք է իրենք հասած լինեին թալանի տեղին, որ չեն հասել դրան, չի նշանակում՝ չեն թալանել: Եթե հնարավորություն չեն ունեցել թալանելու, դա դեռ չի նշանակում, որ չեն կարող թալանել: Գրանտ բերում են, գրում են մի թիվ, ծախսում են մեկ այլ թիվ, գրպանները դնում են մեկ այլ գումար, սա թալան չէ՞: Եթե իշխանափոխություն է եղել, ուզում եք բան փոխեք, եկեք իրական փոփոխություններ անենք: Մինչդե՞ռ... ուշանում եք, արդեն շատ եք ուշանում: Այս ամենը ոչ միայն կբերի ներքաղաքական լուրջ ճգնաժամի, այլև միջազգային դաշտում մեր երկրի մեկուսացմանը:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 12836

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ