«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«Գույների բաժանելը հասարակական գործունեության լավագույն ճանապարհը չէ»

«Գույների բաժանելը հասարակական գործունեության լավագույն ճանապարհը չէ»
07.09.2018 | 00:25

Շուտով մեկնարկելու է Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրության քարոզարշավը, որին այս անգամ բավականին շատ ուժեր են մասնակցում: Չնայած քաղաքական գունապնակը բավական բազմերանգ է, սակայն ի սկզբանե թեկնածուներից մեկն այն բաժանեց երկու գույնի՝ սևերի ու սպիտակների: Մասնակից ուժերից ամենաապաքաղաքականը, թերևս, իշխող կուսակցության թեկնածու Հայկ Մարությանն է, որն էլ սկզբից ևեթ աչքի ընկավ ոչ միանշանակ հայտարարություններով: Քաղաքապետի ընտրությանը մասնակցում են նաև փորձառու գործիչներ, որոնցից մեկն էլ «Ժառանգություն» կուսակցության ցուցակը գլխավորող Րաֆֆի Հովհաննիսյանն է: «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հետ զրուցեցինք քաղաքապետի ընտրության մասին:

-Սա քաղաքակա՞ն, թե՞ զուտ ՏԻՄ ընտրություն է: Հաշվի առնելով ընտրությանը մասնակցող որոշ թեկնածուների ոչ քաղաքական լինելը, դուք քաղաքակա՞ն, թե՞ ընդամենը ՏԻՄ ընտրության եք մասնակցում:
-Միանշանակ՝ քաղաքական: Երևանի քաղաքապետի ընտրությունն ավելին է, քան զուտ ՏԻՄ ընտրություն: Այստեղ է ապրում հանրապետության բնակչության կեսից ավելին, ուստի սա չի կարող միայն տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություն լինել: Առավել ևս, որ հանքարդյունաբերությունը հանած, Հայաստանի տնտեսության առյուծի բաժինը Երևանին է բաժին հասնում: Ավելին, ավագանու անդամների ցուցակներն ու գործընթացը խոսում են քաղաքական ընտրության մասին: Ինչ վերաբերում է ոչ քաղաքական թեկնածուների առկայությանը, ցավոք, չունեցանք այն վիճակը, որն ավելի նպատակահարմար կլիներ այս պարագայում: Իմա՝ քաղաքապետի ընտրության ժամանակ ժողովուրդը պետք է ուղիղ ընտրեր քաղաքապետ, ոչ թե ավագանի: Երևանում պետք է երկու ընտրություն լիներ՝ քաղաքապետի և ավագանու, որն ավելի մրցակցային կդարձներ ընտրությունները:
-Այսպես թե այնպես, հիմա էլ հասարակությանը չի հետաքրքրում, թե ովքեր են ավագանու կազմում, նրանց հետաքրքիր է, թե ով է ցուցակը գլխավորում, որի հաղթանակը մեխանիկորեն նշանակում է, որ այդ անձն է լինելու քաղաքապետ:
-Այո, կա նման իրավիճակ, երբ մարդիկ ցուցակի առաջին համարին են ընտրում: Սակայն դա այդքան էլ այդպես չէ, քանի որ թեկնածուները միայնակ հանդես չեն գալիս, ավագանու անդամներով են ներկայանում: Եթե ընտրության կարգն այսպիսին չլիներ, ու քաղաքացին ընտրեր միայն քաղաքապետ, լիովին այլ վիճակ կլիներ:
-Դուք արդեն հրապարակել եք ձեր ծրագիրը: Ի՞նչ եք կարծում հասարակությունը պատրա՞ստ է ծրագրերով ընտրություն անելու:
-Ե՛վ հասարակությունը պատրաստ չէ, և՛ կարծում եմ, այդպես պետք էլ չէ: Միայն ծրագրի վրա շեշտը դնելն այնքան էլ համոզիչ չէ, որովհետև ունեցել ենք հանրապետական կուսակցություն, որը ևս ոչ այդքան վատ ծրագրեր էր երբեմն-երբեմն ներկայացնում, սակայն գործնականում մեկ քայլ անգամ չէր կատարում: Խոսել այն մասին, որ պետք է միայն ծրագրով ընտրող հասարակություն ունենանք, այնքան էլ ճիշտ չէ: Հասարակությունը պետք է նայի, թե տվյալ քաղաքական ուժն ինչ կենսագրություն ունի, ինչ անցած ուղի, ինչպես է հասարակության շահերը պաշտպանել:
-Եթե ձեր ցուցակի օրինակով դիտարկենք, ուշագրավ իրավիճակ է ստեղծվել՝ մի կողմում ընտրություններին մասնակցած, փորձառու քաղաքական գործիչ է, մյուս կողմում քաղաքականությունից կիլոմետրերով հեռու, իշխող քաղաքական ուժը ներկայացնող, ըստ այդմ, հասարակության զգալի հատվածի վստահությունը վայելող թեկնածու: Այս հակադրության մեջ ձեր ուժի հաղթելու հնարավորությունները որքա՞ն են:
-Այն, որ Նիկոլ Փաշինյանի աջակցությունն ունեցող ցանկացած ոք մեկնարկային առավելություն ունի, ոչ մեկի համար գաղտնիք չէ: Մինչդեռ, ստանդարտ իրավիճակում լուրջ գործունեության հետագիծ չունեցող թեկնածուն որևէ հնարավորություն չէր ունենա: Հաշվի առնելով Րաֆֆի Հովհաննիսյանի անցած ճանապարհը, կարծում եմ, կարող ենք դրական արդյունքների մասին կանխատեսել:
-Հայկ Մարությանը հայտարարեց, որ, բացի իրենցից, մյուս ուժերը «սև» են: Դուք ձեզ սև համարու՞մ եք:
-Ես քաղաքական գործունեության բավականին մեծ փորձ ունեմ, որպեսզի գործող ուժերին գույների չբաժանեմ: Բացի այդ, կարծում եմ, գույների բաժանելը հասարակական գործունեության լավագույն ճանապարհը չէ: Համենայն դեպս, դա նրա որոշումն է, առավել ևս, որ նա ավելի ուշ զղջումով հանդես եկավ:
-Ո՞վ է ձեր մրցակիցը՝ իշխանության թեկնածու՞ն, թե՞ մյուս ուժերի թեկնածուները ևս:
-Ընտրապայքարում թույլ մրցակից չկա: Ես երբևէ ինձ թույլ չեմ տա ասել, որ մենք միակն ենք, կամ Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքապետի միակ թեկնածուն է, մրցակից չունենք: Ամեն մեկն իր արժանիքներն ունի, հետագիծը, հասարակությունը բոլորի գնահատականը կտա:
-Վստահություն կա՞, որ այս ընտրություններն իսկապես արդար են անցնելու:
-Իրավիճակի փոփոխությունից հետո հույս ունեմ, որ կունենանք քիչ թե շատ նորմալ ընտրություններ:
-Եթե հիշենք Րաֆֆի Հովհաննիսյանի մասնակցությունը նախորդ ընտրություններին, պաշտոնապես կես միլիոն քվե հավաքած նախագահի թեկնածուի ձայները շատ արագ փոշիացա՞ն...
-Այդ ձայները չեն փոշիացել: Քաղաքական գործընթացները, մարդկանց հոգեբանությունն այնպիսին էին, որ քաղաքացիներն այլ ելքեր որոնեցին: Դրան գումարած աշխարհաքաղաքական պայմաններն այլ էին, լրատվական դաշտը լիովին այլ վիճակում էր, իսկ ընդդիմադիր որոշ գործիչներ իշխանությանը տարբեր քայլերում աջակցում էին: Հանրագումարում պետք է փաստել, որ շատ գործոններ զգալիորեն տարբեր էին այսօրվա վիճակից:
-Լինելով քաղաքական, սա նախ և առաջ ՏԻՄ ընտրություն է, և մարդիկ ցանկանում են լսել, թե բավականին շատ խնդիրներ ունեցող մայրաքաղաքում ի՞նչ կփոխվի, եթե դուք ստանձնեք Երևանի կառավարման գործը: Որո՞նք են լինելու ձեր առաջնահերթությունները:
-Ծրագրում հանգամանորեն շարադրել ենք մեր քայլերը: Երևանում ամեն ինչն է առաջնահերթ: Մենք կարիք ունենք հայտարարված ծրագրերն ու քայլերը կյանքի կոչելուն: Այս տարիների ընթացքում խնդիրները չեն լուծվել, կուտակվել են ու մեծացել: Դրանց լուծման բանալին տնտեսական զարգացումն է և քաղաքաշինական նոր ծրագրերը:

Զրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 3730

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ