Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Հավատանք, որ մի օր հայը և Հայաստանը միասին են լինելու»

«Հավատանք, որ մի օր հայը և Հայաստանը միասին են լինելու»
14.09.2018 | 03:37

(Նախորդ մասը)

HighScope ծրագիրը ներառում է 8 ասպարեզ, իրագործվում 58՝ «Զարգացման հիմնական չափորոշիչներ» ուղղություններով, որոնք կազմում են վարժարանի կրթական ծրագրի ողնաշարը՝ ընդգրկելով այն գիտելիքներն ու հմտությունները, որ անհրաժեշտ են նախակրթարանի սաների մտավոր ներդաշնակ զարգացման համար, ձևավորում են ինքնուրույնություն, գործելու վճռականություն, ի հայտ բերում ստեղծագործական օժտվածություններ: Զարգացման գլխավոր չափորոշիչներում ներառված են նաև Թուրքիայի Հանրապետության կրթության նախարարության մանկապարտեզների համար նախատեսված կարևոր չափանիշները: Երեխաների ունակությունների բացահայտմանն ու զարգացմանը նպաստում է նաև առօրյա «Ծրագրե՛, գործե՛, արժևորե՛» միջոցառումների շարքը, որի շնորհիվ զարգանում են աշակերտների խորհելու, պրպտելու, որոշումներ կայացնելու, խնդիրներ լուծելու կարողությունները: Երևակայելու, երազելու, ձգտելու մղումները ևս ներառված են անհատական զարգացմանը նպատակաուղղված աշխատանքներում: Դասարաններում կան տարբեր՝ տունտնակի, գեղարվեստի, շինարարական, համակարգչային, գրելու, կարդալու և այլ անկյուններ:


Անգլերենի դասավանդումն սկսվում է դեռ մանկապարտեզից: Դասավանդողներն այլազգի ուսուցիչներ են, որոնց մայրենին անգլերենն է: Այս անգլիախոս ուսուցիչները բացարձակապես չեն խոսում հայերեն ու թուրքերեն, որպեսզի երեխաներն ստիպված լինեն նրանց հասկանալու համար ջանք թափել և յուրացնել լեզուն: Անգլերենով հաղորդակցվում են օրվա որոշակի ժամանակահատվածում և տարբեր խաղերի ընթացքում: Երեք տարեկանից սկսած՝ շաբաթվա մեկ օրը հատկացվում է գրադարանին: Երեխաները քննարկում են գրքերի հերոսներին, խաղում փոքրիկ դրվագներ այդ գրքերից՝ հաճախ հեղինակի մասնակցությամբ: Այդ ընթացքում իրենք էլ են սկսում ստեղծագործել: Հայերեն-թուրքերեն ուսում ստացող աշակերտների՝ արդեն 2 լեզվի իմացությունը դյուրացնում է անգլերենի յուրացումը: Առաջին դասարանից սկսած՝ նախակրթարանի և միջնակարգի բոլոր դասարաններում գործածվում է «Թվային փոխազդեցիկ ընթերցման հարթակը», որը պարունակում է 29 տարբեր մակարդակի 1400-ից ավելի անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն Էլեկտրոնային գրքեր. դրանք հնարավորություն են ընձեռում կարդալու օտար լեզվով գրված բարձրարժեք գրական գործեր:


Աշակերտի անգլերենի իմացության մակարդակի՝ միջազգային չափանիշներին համապատասխան լինելը որոշելու համար, երրորդ դասարանից սկսած, նրանց կտրվի հնարավորություն մասնակցելու Քեմբրիջի համալսարանի YLE (Young Leu rners Eng (ish)) քննությանը՝ դրա համար անհրաժեշտ պատրաստության միջոցների ապահովմամբ: Տվյալ քննության հարցերը պատրաստվում են Քեմբրիջի համալսարանի կողմից՝ մի կենտրոնից, և աշխարհի տարբեր դպրոցներում, անգլիական դեսպանատան կամ հյուպատոսարանի շենքում, անցկացվում է քննություն՝ միայն այդ ներկայացուցչությունների պաշտոնյաների հսկողության ներքո՝ զարտուղի միջոցներից օգտվելն իսպառ բացառելու համար, հենց որի շնորհիվ այդ քննությունների արդյունքում տրված վկայականներն ընդունելի են ամբողջ աշխարհում: Միջնակարգում անգլերենի դասավանդումը համապատասխանեցվում է Եվրախորհրդի հասարակաց հայտագրին (CEFR «Common European Framework of Referance for Languages»): Վարժարանի Ե դասարանում աշակերտներն ընտրում են երկրորդ օտար լեզուն՝ ֆրանսերեն կամ իսպաներեն: ՈՒսման բարձր մակարդակի մասին է վկայում նաև ժամանակակից տեխնիկական միջոցներով, գործնական աշխատանքի համար անհրաժեշտ բազմատեսակ նյութերով ապահովվածությունը: Կարևոր հանգամանք է, որ դասարաններում աշակերտների թիվը բաշխված է (9 աշակերտին՝ մեկ ուսուցիչ հարաբերությամբ), որպեսզի հնարավոր լինի յուրաքանչյուր աշակերտի հետ նաև անհատապես պարապել:


Բարձր մակարդակով են անցնում դասերից հետո խմբակների պարապմունքները: Յուրաքանչյուր աշակերտ հաճախում է իր նախասիրած խմբակը՝ թատերական, անիմացիայի, մարտարվեստի, մարզական, սեղանի թենիսի, բասկետբոլի, վոլեյբոլի, լուսանկարչական, ծաղրանկարչության, ճատրակի, կիթառի, պարի, հախճապակու, խոհանոցային... Արդեն հինգ տարի է, որ մանկապարտեզի 5 տարեկանից մինչև 10 տարեկան՝ 5-րդ դասարանի երեխաների համար անցկացվում են գծաֆիլմ-անիմացիայի պարապմունքներ, որոնց ընթացքում նրանք սկսում են զգալ, զանազանել իրականի ու երևակայականի սահմանը: Հետաքրքիր է, որ երեխաներն իրենք են հնչյունավորում ֆիլմերի հերոսներին, ծանոթանում հագուստի ձևավորման, սցենարի, բեմադրման և այլ արհեստ-արվեստների նրբություններին: 2015 թ. վարժարանի 21 սաներ մասնակցել են Վենետիկի արվեստի բիենալեին, ներկա եղել Թուրքիայի տաղավարի պատրաստման աշխատանքներին: Հետաքրքիր են հրատարակչական ակումբի աշխատանքները, որոնք անցկացվում են Իսթանպուլի Պիլկի համալսարանի «ՉՈՉԱ»-ի (Մանկանց Աշխատութիւններու Միավորում) և Լրատվության ճյուղի ուսանողների մասնակցությամբ: Լրագրողիս առանձնապես գրավեց «Լուր ա՛ռ մանուկ լրագրողեն» ծրագիրը. ամեն շաբաթ այդ խորագրի ներքո «Ակօս» շաբաթաթերում տպագրվում են վարժարանի աշակերտների գրվածքները: Հարուստ է վարժարանի գրադարանը, որտեղ կան մանկապարտեզի 3 տարեկանից մինչև 12 տարեկան՝ 8-րդ դասարանում սովորողների նախասիրություններին համապատասխան գրքեր: Ամեն ամիս գրադարանը հարստանում է նոր հրատարակված հայերեն, թուրքերեն, անգլերեն, ֆրանսերեն գեղարվեստական ու գիտահանրամատչելի գրքերով: Գործում է համակարգչային դասարանը՝ 26 համակարգչով, գրամեքենայով, բոլոր դասասենյակներն օգտվում են համացանցի ծառայությունից, դրանցում կան նաև «խելացի» գրատախտակներ և ցուցադրող սարքեր:


Վարժարանի ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում աշակերտների սննդի կազմակերպմանը: Սնունդը երեխաներին տրվում է «Տանից հետո՝ տնային ճաշ» նշանաբանով: Ճաշերի համար անհրաժեշտ մթերքը գնում են թաղամասի բանջարեղեն, պտուղ, միս վաճառողներից, հացի փռից: Վարժարանի բոլոր ծորակներից հոսում է որակյալ խմելու ջուր՝ շնորհիվ զտող սարքավորման: Աշակերտներն ապահովված են «Արտակարգ իրավիճակներից ապահովագրության ընկերության» կողմից. յուրաքանչյուրի համար վճարում է վարժարանը: Արդեն 20 տարի վարժարանը համագործակցում է վստահելի ուղևորափոխադրող նույն ընկերության հետ: Վարժարանի ապահովության սպասարկումը կատարվում է 3-հոգանոց անձնակազմի կողմից՝ 7 օր` 24 ժամ անընդմեջ:
Այսօր Գարակէօզեան կրթօջախը՝ իր մանկապարտեզով, նախակրթարանով և երկսեռ միջնակարգ ու տղաների գիշերօթիկ դպրոցներով, ծառայում է պոլսահայ նոր սերունդը ժամանակակից կյանքի ընթացքին համահունչ կրթելու և դաստիարակելու գործին: Ավարտելուց հետո էլ սաները կապ են պահպանում վարժարանի հետ, ժամանակը չի հեռացնում, չի օտարացնում նրանց սիրելի կրթօջախից, միմյանցից: Տասնամյակներ առաջ ավարտած սաները հաղորդակցվում, հանդիպում են վարժարանի սիրելի ուսուցիչների հետ, Հարազատ կրթօջախի այսօրվա բարեկեցիկ, ապահով կյանքում կարեցածի չափով իրենց ջանքն ու մասնակցությունն են ունեցել և ունեն նրա երբեմնի սաները. 104-ամյա ուղի անցած վարժարանի պատմությունն ու այսօրը հարուստ են նվիրումի հուզիչ էջերով: Ահա երկու պատմություն, որ հնարավոր չէ կարդալ առանց հուզմունքի ...

«ԳԻՏԵԻՆՔ, ՈՐ ՈՐԲ ԵՆՔ, ԲԱՅՑ ՈՐԲ ՉԵՆՔ»

ԳԱՐՕ ՕԼԳԱՐ
Եղել է Գարակէօզեանի սանոց միության խնամակալության անդամ
Ծնողներս Դերսիմից էին: Հորս անունը Խորեն էր, մորս՝ Ասլըհան: Հորս հայրը՝ Խաչիկ Բոյաջյանը, Դերսիմին մոտիկ Սվջուղ գյուղից էր: Նրան Բոզո Խաչո են ասել՝ շիկավուն մազեր ունենալու համար: Հայրս նրա առաջին կնոջ զավակն էր, ծնվել էր 1902-ին: Խաչոն 3 երեխա էլ երկրորդ կնոջից է ունենում: Սվջուղը 2 եկեղեցի, 1 վանք է ունեցել: 1915-ի կոտորածի ժամանակ Խաչոն ասել է կնոջը. «Երեխաներին հավաքիր, փախնենք»: Երեխաներից մեկին՝ հորս, թողել, գնացել են, որ եթե իրենց գլխին փորձանք գա, գոնե մի երեխա ողջ կմնա, ու... Նրանց ճակատագիրը մնացել է անհայտ: ՈՒրիշ գյուղից ոչ քրիստոնյա, ալևի մի մարդ եկել է հորս գյուղ, ասել. «Այստեղ հայ տղա կամ աղջիկ մնացած կա՞»: Ասել են. «Մի տղա կա, մեկ շրջում է ժողովրդի մեջ, մեկ անհետանում: Մեռած մարդկանց մեջ ինչ-որ բան է փնտրում»: «Ես այդ տղային պիտի տանեմ, պահեմ»,- ասում է ալևին: Հորս տանում է Մուխունթի գյուղ: Սերմնացանի ժամանակ ցորենը լցնում է հորս ափի մեջ, որ նա շաղ տա հերկի մեջ, որպեսզի հողը բերքառատ լինի: (Ըստ իսլամիստների՝ ալևի կրոնը իսլամության մի դավանանք է: Այդ առումով, կարելի է ասել, իսլամական կրոնի այն հատվածն է, որը համարժեք է քրիստոնեական կրոնի բողոքական հավատամքին, սակայն ալևիները պնդում են, որ իրենք ոչ իսլամ են, ոչ էլ քրիստոնյա, այլ ուղղակի ալևի են: Պետք է ընդունել, որ ալևիները շատ մոտ են քրիստոնեությանը, և 1915 թ., նույնիսկ դրանից առաջ էլ, կյանքի անվտանգության պատճառով իրենց կրոնը փոխել ու ստիպված գերադասել են լինել ալևի, ոչ թե սուննի:

Պատմական Հայաստանում, որտեղ այսօր 18 միլիոն ալևի կա, գրեթե բոլորի տատիկ-պապիկներն ասում են, որ ավելի լավ է հայի աղջիկ տալ, քան սուննիի (Ծանոթ. Ր. Հ. Ա.): Հայրս ապրում է նրա տանը, անասունը տանում արածելու: Շաբաթը երկու օր նա անհետանում է, գնում է իր ընտանիքը փնտրելու և լաց լինելով վերադառնում: Իր պես մի հայ որբ երեխա էլ է լինում: Իրենց հոտերը միասին են արածեցնում, նստում, միասին լաց են լինում իրենց հարազատների համար: Երբ հայրս 18 տարեկան է դառնում, սիրահարվում է մի ալևի աղջկա: Ալևին, որի տանն ապրում էր, ասում է. «Դու ալևի աղջկա հետ չես կարող ամուսնանալ: Հայի հետ պետք է ամուսնանաս»: Ամուսինը մահացած 35 տարեկան Սուլթան անունով մի հայ կին է լինում: Պսակում են իրենից տարիքով մեծ այդ կնոջ հետ: Դերսիմում այդ կինը մահանում է՝ թողնելով 2 աղջիկ երեխա՝ 1927 թ. ծնված Ալթանին և 1937 թ. ծնված Խանումին: Ալթանը՝ իմ մեծ քույրը, մորիցս 5 տարով մեծ էր:


Մայրս ծնվել է Դերսիմի Մերխո ավանում: Քույրը երեխա ժամանակ կրակից այրվել, մահացել է: Քսան տարեկան հասակում թոքաբորբից մահացել է եղբայրը: Մնացել են ինքն ու Ավետիս եղբայրը: Մորս հայրն ու քեռին դհոլ, զուռնա նվագող են եղել, հորեղբայրը քահանա է եղել: Մինչև 1947 թ. 9 տարի մորս կողմն Աֆիոնում է ապրել, ապա վերադարձել Դերսիմի Մազկիրթ: Որպեսզի թուրքերը մորս չփախցնեն, տակավին երեխա՝ մորս պսակել են: Երբ 1944 թ. ամուսնացել են, հայրս 40 տարեկան է եղել, մայրս՝ 12: Զգալով, որ իրեն տարեց մարդու են տվել, մայրս ծնողների հետ չի խոսել: Գնացել, ապրել է հորեղբոր տանը: Որոշ ժամանակ անց հորեղբայրը նրան տարել է հայրական տուն: Ի վերջո մայրս հաշտվել է այն մտքի հետ, որ ամուսինը տարիքով մարդ է: Տասնմեկ երեխա են ունեցել: Սկզբի 5 երեխան մահացել են: Այդտեղ ալևիների աղոթատեղի է եղել: Հայրս ու մայրս գնացել, գիշերը մնացել են այդ աղոթատեղիում: Վերադարձին այդտեղից հող են վերցրել: Ծնվել է Գոհարը, հետո՝ Նազլըն: Այդ հողից լցրել են Նազլըի բերանը, որ ապրի: Հետո ծնվել է Կարպիսը, ապա ես, Գառնիկը և էլի մի քույր, որին հորս առաջին կնոջ անունով Սուլթան են կոչել, այսինքն՝ Թագուհի: Երբ 65 տարի անց Ստամբուլում թոռներ էին ծնվում, մայրս ալևիների աղոթատեղիից վերցրած հողից նրանց բերանն էր դնում, որ չմեռնեն, ապրեն: Մինչև 1968 թ. մայրս 11 երեխա է ունենում: Հայրս ստիպված է եղել ընտանիքը թողնել Դերսիմում, գնալ, աշխատել Խարբերդի մետաղամշակման գործարանում: Երկար ժամանակ տուն չի վերադարձել: Մայրս երեխաներին պահելու համար ուրիշների համար ճաշեր է եփել, էրիշտա կտրել, ասեղնագործել։


Երբ հայրս մահանում է, նրա առաջին կնոջ թոռը, որ ուսանող էր Ստամբուլում, ասում է. «Իմ մեծ հայրը մահացավ, կինը չի կարողանում 6 երեխա պահել-խնամել»: Լաստիկչի Օնիկ անունով մեկն ասում է.«Թող նորից հայ դառնան, Իսթանպուլ գան: Կբաժանենք որբանոցների վրա, կմեծանան»: Փաստաթղթերում մեր ազգության դիմաց գրված էր՝ «տաջիկ» (թուրք): 1970 թ. դիմեցինք Դերսիմի Մազկիրթի դատարան, փաստեցինք, որ հայ ենք, հայ գրվեցինք և շոգեկառքով մեկնեցինք Ստամբուլ: Ճանապարհին մի կերպ տեղավորվել էինք մորս ոտքերի, թևերի վրա: Ստամբուլում նա ստիպված մեզ հանձնեց որբանոց, ինքն էլ, որպես ճաշ եփող, փոքր քրոջս հետ տեղավորվեց Գալֆաեան որբանոցում: Մայրս պատմում էր, որ որբանոցի մայրապետն ասել է. «Երբ մեռնեմ, ինձ դպրոցի շքամուտքի դռան տակ թաղեք, որ աշակերտները վրայովս մտնեն ներս, ես ինձ լավ զգամ»: Այդպես էլ անում են: 1970 թ. Գալֆաեան վարժարանի շենքը քանդեցին. ծովի վրայով հետիոտնի համար կառուցվելիք կամրջի ճանապարհն այդտեղով էր անցնելու: Քանդելու ժամանակ բացեցին, հանեցին մայրապետի աճյունը՝ նորակառույց դպրոցի շքամուտքի տակ վերահուղարկավորելու համար: Մայրս այդ պահին ներկա է լինում, զարմանում, ապշում է, որ մայրապետի մարմինը միանգամայն անխաթար է մնացել, անգամ մաշկը չի փոխվել: Ասում էր. «Խոնարհվեցի, համբուրեցի ձեռքն ու լացեցի»:


Եվ ուրեմն մայրս երկու տարեկան քրոջս հետ տեղավորվեց Գալֆաեանում, Կարպիսը՝ Ներսիսեան որբանոցում, 12 տարեկան քույրս աշխատանքի անցավ մի հարուստի ընտանիքում: Քույրերիցս Գոհարը մնաց Դերսիմում: Մի ալևի փախցրեց նրան, ու հայրս մինչև մահ չխոսեց քրոջս հետ, որ հայի հետ չամուսնացավ:
Մեծ քրոջս ուսանող տղան ինձ ու Գառնիկին տարավ Գարակէօզեան որբանոց: Այնտեղ զգացինք, որ որբ ենք: Ճաշարանում խնդրում-թախանձում էինք, որ մեզ մորս մոտ տանի: Ասաց. «Ճաշ կերեք: Ես գնամ տնօրենի մոտ, խոսեմ, հետո կգամ, ձեզ կտանեմ»: Ճաշը կերանք, բայց այդ տղան չեկավ: Որբանոցում մեզ թրքախոս էին ասում: Կրթարանի երկրորդ դասարանում երկու տարի սովորեցի, Գառնիկն էլ առաջին դասարանում սովորեց երկու տարի: Երբ գիշերները մեր վարժարանի վրայով օդանավ էր անցնում, աղաչում էինք. «Աստված ջան, օդանավն իջեցրու, թող մեզ մայրիկիս մոտ տանի»: Երկու եղբայր իրար փաթաթվում, լալիս էինք: Ծնողներին ասում էին, թե ինչ հագուստներ պետք է բերել երեխաների համար: Մայրս եկավ տնօրենուհի Սիրանույշ Ֆերուխանի աշխատասենյակ, լաց լինելով՝ ասաց. «Ես չեմ կարող երեխաներիս համար հագուստ առնել»: Տնօրենուհին ասաց. «Ինչու՞ կուլաս, ասոնք մեր երեխաներն են: Հագուստ պետք չէ առնել, մենք կուտանք»: Մայրս տարին չորս անգամ էր մեզ այցի գալիս: Ինքը լալիս էր, մենք լալիս էինք: Դժվար էր , բայց կամաց-կամաց սովորում էինք որբանոցի կյանքին: Ընկերներս մեզ եղբայր դարձան: ՈՒսուցչուհի օրիորդ Արաքսին տեսնելով, որ մյուսների ծնողները գալիս, իրենց երեխաներին տանում են, իսկ մեր ետևից եկող չկա, գնալու տեղ չունենք, մեզ տարավ իր տուն: Երբ ճաշեցինք, մեզ տարավ սինեմա՝ կինոֆիլմ դիտելու ու գիշերը բերեց որբանոց: Մեր հանդեպ շատ էր ուշադիր ու հոգատար: Քանի որ տուն չունեինք, գնալու ուրիշ տեղ չունեինք, մեզ տանում էին որբանոցի Քնալը (Փրոթի) կղզում գտնվող կազդուրման կայանը: Փրոթի հունարեն նշանակում է առաջին, քանի որ Ստամբուլից դեպի Իշխանաց կղզի ճանապարհին առաջին կղզին է: Այն կոչվում է նաև Հայոց կղզի: Երեք ամիս մնում էինք այնտեղ: Շաբաթ, կիրակի օրերին մյուս երեխաների ծնողները գալիս էին իրենց երեխաներին տեսնելու: Ես ու Գառնիկը լալիս էինք. մեր մայրը չկար:


1976 թ. ես ավարտեցի Գարակէօզեանի նախակրթարանը՝ հինգերորդ դասարանը: Ստամբուլում շատ հարուստներ կային: Գալիս էին որբանոց, ասում, թե սաներից քանի հոգի պետք է շարունակի ուսումը, քանիսը՝ աշխատի: Մինչև համալսարանն ավարտելը նյութապես և բարոյապես աջակցում էին սովորողներին: Մյուսները՝ աշխատողները, արհեստ էին սովորում և տեղավորվում աշխատանքի: Ես ու Գառնիկը պարուսույց դարձանք: Աշակերտներին պարել էինք սովորեցնում: 1986 թ. գնացինք Գարակէօզեանի սանոց միություն և, որպես մեր կողմից օգնություն, հավաքեցինք ավարտած սաներին, ասացինք, որ ուզում ենք իրենց պարել սովորեցնել: Զանգահարեցինք Գարակէօզեան վարժարանի տնօրենուհի Քլեմանս Չելիքին, ասացինք. «Մենք՝ Գարակէօզյանի սաներս, գումար ենք հավաքել, համակարգիչ գնել վարժարանի համար»: Հաջորդ անգամ զանգահարեցինք, ասացինք, որ ուզում ենք վարժարանի սովորողներին պարել սովորեցնել: Քլեմանս Չելիքն ասաց. «Շատ ուրախալի է, որ Գարակէօզեսնի երկու սան ունենք, որ ուզում են մեր երեխաներին պարել սովորեցնել»: Պատասխանեցի. «Գարակէօզեանը հինգ տարի մեզ պահեց, կրթեց, դաստիարակեց, մենք մինչև մեռնելը պարտք ենք Գարակէօզեանին»: Այդպես ամեն տարի զանգահարում, հարցնում էինք, թե ինչի կարիք կա, ինչ է պետք անել: Հին պատուհանները հանեցինք, նորերը տեղադրեցինք: Ամեն տարի հայրիկիս մահվան տարելիցին, վարժարանի բոլոր սովորողների համար ճաշ ենք տալիս: Գարակէօզեանի մեր ստեղծած պարի խումբը վեց տարի համերգներով հանդես եկավ: Մուտքը տոմսերով էր: Հավաքված գումարը հանձնում էինք Գարակէօզեանի սանոց միությանը որպես օգնություն: Պարեցինք նաև «Անաղարտ հղության» դպրոցում: Պատրիարք Մեսրոպ Մութաֆեանն ինձ կանչեց Քնալը կղզու ամառանոցը, որը կազդուրման կայանին մոտ է, և ասաց. «Կղզու մեջ երեխաները վատ միջավայր են ընկել: Պետք է կտրել նրանց այդ ազդեցությունից: Եկեք, պար սովորեցրեք»: ՈՒզեց ինձ դրամ տալ: Ասացի. «Դրամ պետք չէ: Ազգը մեզ պահեց, մենք էլ մեր ազգին ենք մինչև մահ պարտական: Ինչ կարող ենք, կանենք»: ՈՒ պատրիարքը շատ սիրեց ինձ, մտերմացավ ինձ հետ: Ցավոք, հիմա հիվանդ է, ծանր վիճակում։
(շարունակելի)

Ասպրամ ԾԱՌՈՒԿՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 7981

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ