Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Երևանն Իրանին առաջարկելու բան չունի, ավելի լավ է կատարի 2016-ի «տնային առաջադրանքը»

Երևանն Իրանին առաջարկելու բան չունի, ավելի լավ է կատարի 2016-ի «տնային առաջադրանքը»
18.09.2018 | 01:27

(Նախորդ մասը)

Բայց վերադառնանք հայկական շրջանակների «Երևանը պետք է հանդես գա Թեհրանին նոր առաջարկների փաթեթով» քաջալերիչ և իրականությունից կտրված խորհուրդներին: Բանն այն է, որ Հայաստանն Իրանին առաջարկելու բացարձակապես ոչինչ չունի: Այսօր միակ բանը, որն Իրանի համար իմաստ ունի և գոնե 50 %-ով կապված է Հայաստանի հետ, կլիներ Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցք ստեղծելու՝ նախագահ Ռոհանիի կառավարության մտադրությունը: Բայց իրանցիներն իրանցի չէին լինի, եթե ի սկզբանե հաշվարկած չլինեին, որ այստեղ ավելի շատ ոչ թե Հայաստանն է պետք, այլ Վրաստանը: ՈՒստի Թեհրանը լրջորեն աշխատել և աշխատում է ոչ միայն հայոց, այլև վրաց իշխանությունների հետ: Այն, որ Իրանում այդ միջանցքի մասին խոսեցին, ըստ էության, Իրաքն ու Սիրիան իսլամական արմատական-խալիֆաթականներից մաքրելուն զուգընթաց, հիշել է տալիս, որ դեռ նախկին նախագահ Մահմուդ Ահամադինեջադի կառավարության ժամանակ Իրանը Իրաքից և Սիրիայից համապատասխան փաստաթղթեր ստացավ դեպի Միջերկրական ծով միանգամից երկու՝ ավտոխճուղային և գազամուղային, միջանցքի մասին: Իրանա-իրաքյան և իրանա-սիրիական պայմանագրերի իրականացմանը խանգարեցին «Արաբական գարունը» Սիրիայում, այնուհետև «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման ագրեսիան 2014 թ. ամռանը: Իրանն ապացուցում է, որ Մերձավորարևելյան ողջ ողբերգությունը ԱՄՆ-ի և Իսրայելի ուղղակի ահաբեկչական պատերազմն է ինչպես Իրանի, այնպես էլ ողջ մուսուլմանական աշխարհի դեմ: Այժմ Իրաքով ու Սիրիայով դեպի Միջերկրական ծով միջանցքներ ստեղծելու Իրանի ջանքերը վերականգնված են, հետևաբար կվերականգնվեն նաև Սևծովյան միջանցքն ստեղծելու ջանքերը: Բայց իրանական այդ նախագծի շրջանակում Հայաստանը «խաղ» և «խաղային մանևրների» դաշտեր չունի: Իսկ այն շատախոսությունը, թե Իրանը պետք է հրապուրել Սյունիքի մարզի ազատ առևտրի գոտի (ԱԱԳ) կատարվող ներդրումներով, և դա իբր կլինի համատեղ ԱԱԳ-ներ ստեղծելու մասին ԵԱՏՄ-ի հետ Իրանի պայմանագրի իրականացում, ընդամենը դատարկ խոսակցություն է: Այդ առթիվ արժե վերհիշել խնդրի աստառը:


Իսկ աստառը 2016-ի դեկտեմբերին ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի այցն է Հայաստան: Այն, ինչ այդ մեկօրյա, այսինքն՝ աշխատանքային, ոչ թե պաշտոնական այցի մասին այդ ժամանակ գրում էին հայկական և ռուսական ԶԼՄ-ները, լավ է հիշվում, և դժվար չէ հիշողության թարմացումը: Ընթերցողների ուշադրությունը շեշտադրեմ հայ-իրանական այդ բանակցությունների որոշ մանրամասների վերաբերյալ իրանական ԶԼՄ-ների հաղորդագրությունների վրա: Առայժմ մեջբերումներ կանեմ միայն IRNA պետական տեղեկատվական գործակալությունից, չնայած Ռոհանիի այցի մասին հաղորդել են նաև Fars-ը, Mehr News-ը, IRIB-ը, Pres TV-ն և այլն: «Իրանի նախագահ Հասան Ռոհանին կոչ արեց լիովին վերականգնել Հայաստանի հետ բանկային կապերը առևտրատնտեսական համագործակցության մակարդակը բարձրացնելու նպատակով: Այդ դիտողությունները նա արեց Երևանում իրանա-հայկական առևտրական կապերի կոնֆերանսի փակման արարողության ժամանակ: «Իրանցի և հայ գործարարները պետք է ծանոթանան առևտրատնտեսական համագործակցության ոլորտում երկու երկրի հնարավորություններին և դրանք օգտագործեն ի բարօրություն մեր երկրների»,- ասաց նախագահ Ռոհանին: Նա նաև ասաց, որ Իրանի և Հայաստանի պաշտոնատար անձինք պետք է հող նախապատրաստեն համագործակցության և կապերի ընդլայնման ճանապարհին խոչընդոտների վերացման համար: Նախագահը նշեց, որ Իրանի և Հայաստանի միջև անցագրային ռեժիմի վերացումը կարևոր քայլ է զբոսաշրջության, մշակութային և գիտական կապերի ընդլայնման ճանապարհին: Ինչ վերաբերում է Հայաստան իրանական գազի արտահանման զարգացման ջանքերին, ապա նախագահ Ռոհանին ընդգծեց բանկային հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունը: Հաշվի առնելով ֆինանսական և վարկային փոխանակության, ինչպես նաև գործարարների և մասնավոր հատվածի համար մաքսատան ծառայությունների թեթևացման անհրաժեշտությունը, նախագահ Ռոհանին ասաց, որ «Արաս» ազատ գոտին (Իրանի տարածքում) կարող է նպաստել երկու երկրի միջև առևտրական հարաբերությունների զարգացմանը: Ինչ վերաբերում է Իրանի և Հայաստանի աշխարհագրական դիրքին, նախագահ Ռոհանին նշեց, որ երկու երկրներ կարող են տարանցման միջանցք դառնալ Հյուսիսի ու Հարավի միջև: Նա ասաց, որ Սև ծովի և Պարսից ծոցի կապը մեծ հնարավորություններ կստեղծի երկու երկրի, ինչպես նաև տարածաշրջանի պետությունների միջև առևտրատնտեսական հարաբերությունների համար:

«Ինչ վերաբերում է երկու երկրի միջև արտոնյալ առևտրին, ապա խոշոր քայլեր պետք է անեն և՛ Իրանը, և՛ Եվրասիան»- ասաց Ռոհանին: Նա երկու կառավարություններին կոչ արեց դրական քայլեր նախաձեռնելու ապագայում տնտեսության, գիտության ու տեխնիկայի ոլորտներում համագործակցությունն արագացնելու համար: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կոնֆերանսում հայտարարեց, որ Հայաստանը իրանցի գործարարների համար կավելացնի երաշխիքների մակարդակը, և հայտնեց իր երկրի հետաքրքրվածությունը Սև ծովի և Պարսից ծոցի կապով: Նա նաև հույս հայտնեց, որ արագ կհասնեն ազատ առևտրի մասին համաձայնության: Սարգսյանը նաև նշեց, որ իր երկիրը շահագրգռված է Թեհրանի ու Երևանի միջև ուղիղ չվերթերի իրականացմամբ»:


Այսպիսով, ինչպես տեսնում ենք, իրանական կիսապաշտոնական լրատվամիջոցը հստակ շեշտադրում է անում. Հայաստանով Իրան-Եվրոպա ոչ մի տարանցիկ միջանցք Ռոհանին Երևանում չի քննարկել, և դա վերաբերում է նաև խողովակաշարերին: Խոսք է եղել Հյուսիս-Հարավ տարանցիկ միջանցքի մասին, այսինքն, առավելագույնը մինչև Սև ծով և... Ռուսաստան: Եթե հիմա որևէ մեկն ինձ ցույց տա, որ Իրանի համար «Հյուսիս» հասկացությունը կարող է էլի ինչ-որ բան նշանակել, ապա ես հրապարակայնորեն շնորհակալություն կհայտնեմ աշխարհագրական նոր հայտնագործության համար և կստորագրեմ այդ մարդուն Նոբելյան մրցանակի առաջադրելու մասին ցանկացած հանրագրի տակ: Այնուհետև. Հայաստանում ոմանց երազանքները՝ իրանական գազի մատակարարումներն ավելացնելու, էլ չասած «երկրորդ գազամուղի» շինարարության մասին, որն «իրանական գազը Հայաստանով Եվրոպա տարանցելու» հայկական իշխանության և գործարարության հույսն է, ընդհանրապես ցնորք են: Ռոհանին կոշտ կերպով Սարգսյանին առաջարկել է հաղթահարել ամերիկյան վետոն, որին հնազանդորեն հետևում էր Երևանը, մասնավորապես Հայաստանում իրանական բանկերի հնարավորությունների զարգացման հարցում: Հավատացեք, ոչ ոք, բացի ԱՄՆ-ից ու ԵՄ-ի երկրներից, չի սահմանափակել իրանական բանկերի գործունեությունն աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում: Եվ ես չգիտեմ՝ Փաշինյանը պատրաստ կլինի՞ կատարելու Ռոհանիի «պատվերը» «Հայաստանի հետ Իրանի բանկային կապերն ամբողջությամբ վերականգնելու» և «բանկային հարաբերությունները կարգավորելու» գծով, ինչպես և, ԱՄՆ-ի հսկողությունից ազատ, աշխատեցնելու «Արաս» ազատ գոտին «Իրանի և Հայաստանի սահմանամերձ տարածքում», բայց՝ Իրանում, ոչ թե Հայաստանում: Նախկին նախագահ Սարգսյանը փաստորեն հրաժարվել է Ռոհանիի պայմանները բավարարելուց, քանի որ շատ էր կախված ԱՄՆ-ից:


Եկեք ազնիվ լինենք. հայկական գոնե մեկ ԶԼՄ-ում երբևէ լուսաբանվե՞լ են այդ հարցերն այն տեսանկյունից, որից դրանք ներկայացրել է Ռոհանին 2016 թ. դեկտեմբերի 21-ին՝ Երևանում: Ոչ, ինչի մասին ասես գրել են, միայն ոչ իրանական տեսակետի մասին, թե ինչը կամ ով է խանգարում հայ-իրանական հարաբերություններին: Հետևենք Հայաստանում Ռոհանիի բանակցությունների մասին IRNA-ի հաղորդագրություններին: «Ռոհանին ասաց, որ երկու երկիրը կարող են համագործակցել երկաթուղային տրանսպորտի և Պարսից ծոցը Սև ծովին միացնելու ոլորտում, ինչպես նաև «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի ոլորտում, որն օգտակար կլինի ողջ տարածաշրջանի համար: Նա ընդգծեց կապերի զարգացումը էներգետիկայի ոլորտում, այդ թվում՝ Հայաստան իրանական գազի արտահանման աճը և երկու երկրի միջև էլ. էներգիայի երրորդ ցանցի կառուցումը»: Տեսեք, թե այն ժամանակ Իրանի նախագահն ինչ նրբորեն ուրվագծեց Հայաստանի հետ համագործակցության գերակայություններն այսօրվա համար: Եվ հենց այդ նպատակով նա Երևանին կոչ էր անում ավելի համարձակ նայելու «Արաս» ազատ գոտուն: Այնուհետև. «Նախագահ Ռոհանին շրջակա միջավայրի ոլորտում համագործակցելու կոչ արեց, ավելացնելով, որ Իրանը պատրաստ է զարգացնելու հարաբերությունները Եվրասիայի պետությունների հետ՝ ազատ առևտրի նպատակով»: Ահա և ակնարկ Ամուլսարի ոսկու հանքավայրը անգլիացիներին հանձնելու մասին (կամ, այնուամենայնիվ, ամերիկացիներին, հաշվի առնելով, թե 2018-ին գործարքին ինչպես պաշտպան կանգնեց Հայաստանում հենց ԱՄՆ-ի, ոչ թե Մեծ Բրիտանիայի դեսպանը):

Որևէ մեկը մոռացե՞լ է, որ Ջերմուկի շրջակայքը չափազանց մոտ է Իրանի սահմանին, հետևաբար ազդելու է (ցիանիդների կիրառման պատճառով) իրանական սահմանամերձ տարածքների վրա: Իրանն այդ մասին հիշեցրեց: Բայց գիտենք Փաշինյանի ասածը, իբր Ամուլսարի խնդիրն այնքան «հեռու է գնացել», որ գործարքի չեղյալ հայտարարումն անհնար է:
Այժմ՝ ամենակարևոր մասը: Հայկական աղբյուրների հաղորդումներից գիտենք, որ Ս. Սարգսյանը և Հ. Ռոհանին 2016 թ. դեկտեմբերին շոշափել են և Արցախի հարցը, և Սիրիան Հալեպով ու ողջ սիրիահայ համայնքի խնդիրները: Այդ մասին IRNA-ն գրում է. «Ինչ վերաբերում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ղարաբաղյան հակամարտությանը, նախագահ Ռոհանին հայտարարեց, որ Իրանը հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը, որպես Իրանի բարեկամ և հարևան երկրներ, վեճը կկարգավորեն բանակցությունների միջոցով անպարտելի խաղի շրջանակում: Նա ասաց, որ ահաբեկչությունը լուրջ սպառնալիք է տարածաշրջանի համար և ընդգծեց Իրանի ու Հայաստանի համագործակցությունն այդ վտանգավոր վիրուսն արմատախիլ անելու նպատակով»: Մոտավորապես նույն կերպ է արտահայտվել Mehr News գործակալությունը: Բայց ավելի զարմանալի է Արցախի վերաբերյալ կարծիքների փոխանակման մեկնաբանությունը Մոսկվայում հիմնավորված Iran.ru կայքի կողմից: Իմանալով, թե ով է գլխավորում այդ կայքը, և հասկանալով, թե այն ինչ կապեր ունի ՌԴ բարձրագույն իշխանության հետ, ես ոչ մի վայրկյան չեմ կասկածում, որ 2016-ի դեկտեմբերի 21-ի բանակցությունների մասին իր հայտնած լուրը Iran.ru կայքը պատահաբա՛ր չի վերնագրել այսպես. «Իրանը կօգնի, որ լուծվի ԼՂՀ հակամարտությունը»՝ հղում անելով Mehr News-ին, չնայած վերջինիս հաղորդագրության մեջ չկա «ԼՂՀ» արտահայտությունը: Սա հենց այն «կիսաերանգ» ակնարկներից է, որոնք մեզ հաճախ մատուցվում են որպես այլ երկրների նկատմամբ ԱՄՆ-ի «իրական քաղաքականության» դրսևորում: ՈՒրեմն, տիկնայք և պարոնայք, խնդրում եմ ծանոթանալ իրանական «իրական քաղաքականությանը»:


Կրկին վերադառնանք IRNA-ին. «Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, որ արդեն հող է նախապատրաստված Թեհրանի ու Երևանի համակողմանի կապերի զարգացման համար, և որևէ խոչընդոտ չկա համագործակցությունն առաջ մղելու ճանապարհին: Հայաստանի նախագահը նշեց, որ կողմերը մտադիր են մեծացնելու ապրանքաշրջանառությունը, տնտեսական և մշակութային կապերը էներգետիկայի, ջրային պաշարների, տրանսպորտի և բանկային ասպարեզներում: Նախագահ Սարգսյանն ասաց, որ երկու երկիրը հավատում են ահաբեկչության դեմ պայքարի հաջողությանը և տարածաշրջանում անվտանգության վերականգնմանը»: Այսինքն, բանկային կապերի վերականգնման հարցերը, որոնց մասին հիշեցրեց Ռոհանին, Հայաստանի նախագահը պատրաստ էր լուծելու դեռ 2017-ի հունվար-փետրվարին: ՈՒզում եմ հարցնել՝ իսկ ո՞վ էր խանգարում Իրանի համար այդքան էական հարցերը մինչ այդ լուծելուն: Լավ, հավատանք ոչ միայն իրանական աղբյուրներին, այլև Հայաստանի նախկին նախագահին, որն ասաց, թե որևէ խոչընդոտ չկա: Այդ դեպքում ակնկալում ենք հայ-իրանական բոլոր հեռանկարային նախագծերի արագացված իրականացում: Մի՞թե վարչապետ Փաշինյանն էլ հենց դա չի համոզում Իրանին՝ սկսած այս տարվա ապրիլի վերջից:


Մնացած ամեն ինչը լավ հայտնի է: 2016-ի բանակցությունների գլխավոր փաստաթուղթը Ս. Սարգսյանի և Հ. Ռոհանիի համատեղ հռչակագիրն է, որի բովանդակությունը լայնորեն լուսաբանվել է: Այնուհետև՝ ըստ կարևորության. համաձայնագիր «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև՝ Մեղրի-Նուրդուզ սահմանային անցակետի համատեղ օգտագործման մասին»: Եվ միայն հետո՝ հուշագրեր. «Սպորտի ոլորտում Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության միջև համագործակցության մասին», «Արտակարգ իրավիճակների ոլորտում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարարության միջև համագործակցության մասին», «ՀՀ պատմության թանգարանի և ԻԻՀ ազգային թանգարանի միջև համագործակցության մասին», «Զբոսաշրջության բնագավառում Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ժառանգության, արհեստների և զբոսաշրջության կազմակերպության միջև համագործակցության մասին»: Այստեղ նկարագրվածի վերլուծությունը, նույնիսկ ոչ շատ խոր, սույն տողերի հեղինակին հիմք տվեց 2016-ի դեկտեմբերին պնդելու, որ «Իրանի նախագահն այցելեց Հայաստան և... «տնային առաջադրանք» թողեց»: Իսկ որոշ հանկարծական փոփոխություններ ու փաստեր հիմք են տալիս ենթադրելու, որ նախկին նախագահ Սարգսյանն այդպես էլ չկատարեց պարոն Ռոհանիի տված «տնային աշխատանքը»:

Այժմ հարցն այն է, թե արժե՞, որ Փաշինյանն ուշադրություն դարձնի «Երևանը պետք է նոր առաջարկություններ անի Թեհրանին» տիպի խորհուրդներին, եթե Իրանը մինչև այժմ սպասում է դեռ Ս. Սարգսյանին տրված «տնային առաջադրանքի» կատարմանը, թե՞, այնուամենայնիվ, նախ կհետաքրքրվի, թե Թեհրանն ինչ է սպասում Երևանից:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 3126

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ