Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Նիկոլ Փաշինյանի «զիլինան»

Նիկոլ Փաշինյանի «զիլինան»
21.09.2018 | 12:17

Երեկվա հանրահավաքը սենսացիոն էր: Սև-սպիտակի 10-օրյակից հետո Նիկոլ Փաշինյանը 180 աստիճանի շրջադարձ արեց: Համարյա ամեն երեկո, միայն Փարիզի համար բացակա դրեք, վարչապետը գնում էր քարոզարշավի ու անջուր բաժակում փոթորիկ սարքում: Երեկ նա վերջին փամփուշտը կրակեց: Նիկոլ Փաշինյանը խնդրեց, որ Երևանի ավագանու ընտրություններում քվեարկեն «Իմ քայլը» դաշինքի օգտին, որովհետև քվեարկելով քաղաքացին իրեն կօժտի խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մանդատով. «Երբ ՀՀ քաղաքացիները, հեղափոխության մայրաքաղաք Երևանի բնակիչները տալիս են իրենց ուժեղ մանդատը, ես դրա վրա հիմնվելով՝ կհրավիրեմ բանակցությունների խորհրդարանական ուժերի ղեկավարներին, ԱԺ նախագահությանն ու խմբակցությունների ղեկավարներին՝ քննարկելու այս հարցը, բայց ինձ համար կարևոր է, որ այս հարցում ունենամ ձեր ուժեղ աջակցությունը»:


Համեմատության համար` հիշեցնեմ միայն նախորդ օրվա ելույթը. «Ոմանք ասում են, որ խորհրդարանում չեն քվեարկի մեր օգտին: Այ քեզ բան, ինչի՞ մենք խնդրել ենք, որ մեզ աջակցեք կամ քվեարկեք: Գնանք, ձորից ընկնենք, մեր հույսը ժողովրդի աջակցությունն է»: Մալաթիա-Սեբաստիայի հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը պարզապես բղավում էր, որ խորհրդարանական այն ուժերը, որ ասում են, թե Փաշինյանին չեն աջակցի, իսկ արտահերթ խորհրդարանական ընտրությունների որոշումը կայացրել է ժողովուրդը, և ով այդ որոշմանը դեմ գնաց, կնքում է իր քաղաքական մահկանացուն: «Որպեսզի այդ մարդիկ լավ հասկանան, թե ինչ է կատարվել, նրանք, այնուամենայնիվ, եթե մտածում էին, թե ինչ-որ ձայն կարող էին ստանալ, նրանք ընդհանրապես պիտի ձայն չստանան, քանի որ դեմ են ժողովրդին, բայց դա ես չեմ կարող որոշել, դա դուք պետք է որոշեք, ժողովուրդ»:


Ժողովրդից նոր մանդատ խնդրելը, իհարկե, 100 տոկոսանոց դեմագոգիա է, շարքային ընտրողին խաբելու պարզ մանիպուլյացիա` ոչ մի մանդատ էլ նրան պետք չէր ու հիմա էլ պետք չէ խորհրդարանական ուժերի հետ բանակցելու համար, հերիք է վարչապետի պաշտոնը: Բանակցությունները նորմալ սկսելու ու հաջողությամբ ավարտելու համար ընդամենը պետք էր …քայլ անել: Իսկ քայլից առաջ պետք չէր անվերջ հայտարարել, որ բոլորը սև են ու միայն ՔՊ-ն է սպիտակ, թշնամի-թշնամի խաղալ, երևի մանկության օրերին Նիկոլ Փաշինյանը չի հասցրել սրտի ուզածի չափ կռիվ-կռիվ խաղալ հասակակիցների հետո ու հիմա է պակասը լրացնում: Առավելևս պետք չէր ժողովրդին դագանակ սարքել իբր խորհրդարանին որոշում պարտադրելու համար` խորհրդարանը թշնամու տարածք չէ, որի վրա կռիվ է տանում ժողովրդին: Այն ժողովրդին, որին ամեն անգամ հայտարարում է, թե սիրում է, սիրելիս հարգում են, հարգելիս` խաղալիքի տեղ չեն դնում: Առաջին հայացքից կարող է թվալ, որ Նիկոլ Փաշինյանը վերջապես գիտակցել է, որ չի կարող քաղաքական դաշտում միայն մեկ կուսակցություն գործել, որ քաղաքական կուսակցությունների հետ պետք է հաշվի նստել` նրանց տեսակետները լսել, սեփականը ներկայացնել, բա-նակ-ցել: Իրականում երեկ Նիկոլ Փաշինյանը ընդամենը իր ասած «զիլինայի» նոր տարբերակն էր պարում` ընտրություններում, ինչպես պատերազմում, հաղթանակի համար բոլոր միջոցները լավն են` հզոր մանդատ տվեք, որ բանակցեմ: Քանի՞ անգամ տան: Մայիսի 1-8-ը տվածը կորցրե՞լ է:

Օրինակ` հիմա առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը շատ լուրջ պիտի մտածի` իսկ ինքը մանդատ ունի՞ առաջին փոխվարչապետի գործը անելու, թե՞ իրեն էլ նորից պիտի մանդատ տան: Տիգրան Ավինյանն էլ: Մյուսները թող իզուր չչարչարվեն, մտածել, միևնույն է, չի ստացվելու: Կամ` ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը ոչի՞նչ չունի Նիկոլ Փաշինյանին հարցնելու: Համենայն դեպս` իր քայլերի մասին: Միայն թե ոչ հեռախոսով, ավելի լավ է` տետատետ: Կամ կգտնվի՞ գոնե մեկ կամիկաձե Նիկոլ Փաշինյանի կուսակցությունում, որ նրան ասի` մի ստի, «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկելով բոլորովին էլ չեն քվեարկելու խորհրդարանը լուծարելու ու արտահերթ ընտրությունների օգտին, եղած-չեղած Կարգին Հայկոյին են քաղաքապետ դարձնելու: Ճիշտը ասա: Ուզում ես` բոլորի քիթը տրորել: Ու Երեւանի ավագանու ընտրության քաղաքական կոնտեքստը բոլորովին էլ երևանցիների հզոր մանդատը ստանալով արտահերթ ընտրության շուրջ քաղաքական ուժերի, խորհրդարանի ներկայացուցիչների հետ բանակցելը չէ, այլ այդ մանդատը բանակցություններում թափ տալը: Ու ընդդհանրապես` ի՞նչ ես խառնվել իրար:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Կամիկաձե, իհարկե, չի գտնվի: Բայց հարց տվող կլինի, եթե ոչ Փաշինյանին, գոնե ինքն իրեն` ինչու՞ է Նիկոլ Փաշինյանն ամեն օր փողոցներում աղմկում, Բաղրամյան 19 գնալու ու բանակցելու փոխարեն: Ի՞նչն է խանգարում: Ինչու՞ է նախ կռիվ սկսում, հետո ասում` էս ինչի՞ են հետս կռվում, վերջում էլ իբրև սեփական եզրակացություն հայտարարում` ինչ իրեն էին ասում` արա, քեզ համար ենք ասում:


Այս «զիլինան» արդեն ձանձրացնում է, ամեն օր «մանդատակռիվ» չեն անում: Երևանի ավագանու ընտրություններում հաղթելը Ազգային ժողովը լուծարելու նախապայման դարձնում են, երբ վստահ չեն, որ կհաղթեն, կամ ուզում են համոզվել, որ ժողովրդին պարացնելու ժամանակը դեռ չեն վատնել: Իրականում Նիկոլ Փաշինյանը վաղուց ինքն իրեն դուխով տեղավորել է բանաձևի մեջ` «ժողովուրդը ես եմ», բայց խելամտություն ունի ժողովրդին չասելու: Կասի խորհրդարանի արտահերթ ընտրություններից հետո: Հիմա միայն ակնարկում է. «Հայաստանում հիմնադրվում է կառավարման նոր համակարգ, որն ուղիղ ժողովրդաիշխանությունն է, սակայն սա չի նշանակում, որ մեր նպատակը ձեզ տնից տեղից կտրել ու ամբողջ օրը փողոցներ հանելն է, հեղափոխություններ անելը»: Ժողովրդաիշխանության փոխարեն դրեք «ճիշտ» բառը ու կստանաք` ինչի՞ համար է այս «զիլինան» հարցի ճիշտ պատասխանը:

Դիտվել է՝ 2768

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ