Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Զոհրաբ Մնացականյան. Մինսկի խմբի ձևաչափը եղել և մնում է ամենագործնականն ու ամենաարդյունավետը, որի որևէ փոփոխություն որևէ արդյունք չի ունենալու

Զոհրաբ Մնացականյան. Մինսկի խմբի ձևաչափը եղել և մնում է ամենագործնականն ու ամենաարդյունավետը, որի որևէ փոփոխություն որևէ արդյունք չի ունենալու
22.09.2018 | 14:32

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերության «Իրականում» հաղորդմանը:


-Պարոն նախարար, Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների մասին բազմիցս է խոսվում փաստերով, օրերս էլ Վարշավայում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ժողովը նվիրված էր այս հարցին։ Հայաստանում և Ադրբեջանում ժողովրդավարության վիճակն ինչպե՞ս կարող է անդրադառնալ Արցախի հիմնախնդրի հայանպաստ լուծման վրա։
- Հայաստանում և Արցախում մենք ընտրել ենք պետություն կառուցելու մի ուղի, որտեղ մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը մեր պետականության կառուցման հիմքն են: Ղարաբաղյան հիմնախնդիրը մեզ՝ Հայաստանի համար, Արցախի համար վերաբերում է մարդուն, վերաբերում է Արցախի հարյուր հիսուն հազար բնակիչներին՝ մեր հայրենակիցներին, ում անվտանգության և գոյության համար առկա է հստակ սպառնալիք: Այն պայմաններում, երբ մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ շարունակվում է այլատյացության, ատելության սերմանումը, չենք պատկերացնում, թե ինչպես է հնարավոր խոսել իրավունքի մասին...
-Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը փոխելու կարիք տեսնու՞մ եք:
-Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը եղել և մնում է ամենագործնական, ամենաարդյունավետ ձևաչափը, որի շրջանակներում տեղի է ունենում բանակցային գործընթացը: Ձևաչափի որևէ փոփոխություն որևէ արդյունք չի ունենալու: Մենք բնականաբար դեմ ենք լինելու դրան:
-Իսկ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի լիազորություններն ընդլայնելու հարցը քննարկվում էր դեռ ութ ամիս առաջ: Այստեղ որևէ առաջընթաց ունե՞նք:
- Դժբախտաբար Ադրբեջանը շարունակում է արգելափակել այս հարցը: Բայց ես ավելի կընդհանրացնեի այս հարցը, քանի որ այն ոչ միայն դրան է վերաբերում, այլև ընդհանրապես խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորմանը, զինադադարի ռեժիմի ամրապնդմանը, վերացնելուն բոլոր վտանգները, որոնք կարող են բերել լարվածության աճին: Սա ավելի համապարփակ հարց է, իր մեջ պարունակում է բազմաթիվ ենթահարցեր, որոնցից մեկն է անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնման հարցը: Մենք շարունակելու ենք այս հարցի շուրջ աշխատել:
-Հայաստանը բանակցային գործընթացին Արցախի մասնակցության վերաբերյալ ունի հստակ դիրքորոշում, որը վարչապետը բազմիցս բարձրաձայնել է: Դուք օրեր առաջ եք վերադարձել Արցախից: Արցախն է՞լ է համաձայն, որ առանց իր մասնակցության չպիտի լինեն բանակցություններ:
- Արցախն արտահայտվել է այդ հարցի վերաբերյալ: Սա նորություն չէ: Իրականում այն, որ Արցախն ունի որոշիչ ձայն այս գործընթացում, արտահայտվել է բազմիցս, և դա իրողություն է: Արցախի որոշիչ ձայնի կիրառելիությունն ապահովելու համար մենք շարունակելու ենք աշխատել այս հարցի շուրջ: Հստակ է, որ առանց Արցախի որոշումների որևէ տևական կայուն լուծում ենթադրելն ու պատկերացնելն անհնար է:
-Կարո՞ղ ենք ենթադրել, որ քանի դեռ Արցախի մասնակցության հարցը հստակ չէ, բանակցությունները կանգ են առնում։
- Ոչ, չի կարելի այդպես ասել, որովհետև մենք շարունակում ենք մնալ կառուցողական: Հայաստանը շարունակելու է կառուցողական աշխատել խաղաղ բանակցությունների գործընթացի շրջանակներում, և աշխատել բոլոր այս հարցերի շուրջ, որովհետև բանակցությունների միջոցով է, որ մենք կարող ենք լուծումներ տալ։
- ՄԱԿ-ում հանդիպելո՞ւ եք Մամեդյարովի հետ:
-Մոտ ժամանակներս մենք համաձայնեցված ձևով կհայտարարենք այդ մասին:
-Հանդիպման ժամկետը դեռ հստակ չէ՞:
-Ես փորձում եմ կոռեկտ լինել, մենք ունենք հայտարարելու համաձայնեցված պահը և շուտով այդ մասին կհայտարարենք:
-Հայ-ադրբեջանական սահմանին վերջին շրջանում նկատվող սրացումների մասին խոսենք: Չե՞ք կարծում, որ պետք է միջամտեր ՀԱՊԿ-ը՝ որպես տարածաշրջանում անվտանգությունը երաշխավորող և ապահովող կառույց:
- Այն, ինչ կատարվում և առնչվում է լարվածության աճին, դատապարտելի է և անընդունելի: Մենք խոսում ենք մեր կառուցողական ներգրավվածության՝ բացառապես խաղաղության ճանապարհով հարցը լուծելու մեր դիրքորոշման մասին: Բնականաբար, չեմ ցանկանում, որպեսզի դա ընդունվի որպես մեր կողմից վճռականության պակաս. նման բան չի եղել և երբեք չի լինելու: Քանի որ և՛ Հայաստանը, և՛ Արցախը պատրաստ են իրենց պաշտպանելու և այդ գործառույթը մշտապես ինքնուրույն կատարում են: Այդ կարողությունը կա: Միևնույն ժամանակ մենք հանդիսանում ենք ՀԱՊԿ-ի անդամ: Կա կանոնադրական պարտավորություն՝ միմյանց աջակցելու պաշտպանության ոլորտում:
Մենք մեր գործառույթը կատարում ենք այնքանով, որ ՀԱՊԿ անդամ-պետությունները տեղեկացված են և գիտեն տեղի ունեցող բոլոր զարգացումների մասին: Կանոնադրության համապատասխան դրույթների կիրառումը կլինի այն ժամանակ, երբ մենք պնդենք դա, երբ համապատասխան իրավիճակը կգնահատվի այնպես, որ այդ դրույթը պետք է կիրառել:

Դիտվել է՝ 2511

Մեկնաբանություններ