Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Երևի պետք է քանդել-հավաքել, բայց դա էլ չի դառնա պատմական շենք»

«Երևի պետք է քանդել-հավաքել, բայց դա էլ չի դառնա պատմական շենք»
28.09.2018 | 11:45

Վտանգված է երևանյան հերթական պատմական նշանակության շենքը:
Արամի 23 հասցեում գտնվող շենքի պատերին մեկ ամիս առաջ սկսել են լայն ճեղքեր առաջանալ, սյուներն օր օրի իրարից հեռացել են մի քանի միլիմետրով: Այս մասին ահազանգել է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար, «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայի նախագահ Տիգրան Հեքեքյանը: Անկախ փորձագետների գնահատմամբ` պատճառը «Հին Երևան» նախագծի աշխատանքներն են, որոնք ընթանում են շինարարական չափորոշիչների կոպիտ խախտումներով։ Բոլոր շահագրգիռ և պատասխանատու կառույցները (ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայություն, արտակարգ իրավիճակների նախարարություն, մշակույթի նախարարություն, Երևանի քաղաքապետարան, քաղաքաշինական կոմիտե) խնդրին տեղյակ են: ԱԻՆ-ը արգելել է շարունակել աշխատանքը շենքում:


Արամի 23 հասցեում է գտնվում «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայի գրասենյակը: Վերջին ավելի քան 20 տարիներին այստեղ փորձեր ու տարատեսակ միջոցառումներ են իրականացվում. անվտանգության նկատառումներով` երգչախմբերն այսօր փորձերն այլ վայրում են անցկացնում:


Տիգրան Հեքեքյանը բողոքի ակցիայի ժամանակ նշել էր, որ մինչև վերջ պայքարելու են, իսկ եթե շենքը փուլ գա, պահանջելու են հիմնովին վերակառուցել: Առայժմ շինարարներից պահանջվում է շենքը փրկել, պատերն ամրակայել, հողային ապարները ամրացնել:
Մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանը ֆեսյբուքյան իր էջում գրել էր, որ նախարարությունը դիմել է Երևանի քաղաքապետարան` հուշարձան-շենքի անխաթարության ապահովության համար միջոցներ ձեռնարկելու: Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի հետ այցելել են շինհրապարակ, համապատասխան մասնագետներն ուսումնասիրել են իրավիճակը և ներկայացրել, թե ինչ միջոցներ կարելի է ձեռնարկել հուշարձան շենքը փլուզման վտանգից զերծ պահելու համար: Առաջարկը ներկայացվելու է կառուցապատողներին:


Քաղաքաշինության կոմիտեից փորձեցինք պարզել` ինչու՞ պատմական շենքը աղետալի վիճակում հայտնվեց, հնարավո՞ր չէր կանխարգելել վտանգը: Իսկապե՞ս կա փլուզման վտանգ, և, ի վերջո, ի՞նչ միջոցառումներ են նախատեսվում շենքը փրկելու համար: Այս հարցերը մնացին անպատասխան, քանի որ մասնագետի հետ զրուցել չհաջողվեց:
ՈՒշագրավ է անվանի ճարտարապետ ՀՐԱՉՅԱ ՊՈՂՈՍՅԱՆԻ կարծիքը: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ եթե շենքի հարևանությամբ աշխատանքներ են ընթանում, պետք է ամրացնել շենքը, որ այն չտուժի: «ՈՒրիշ հարց, եթե նախագծով նախատեսված լիներ շենքը քանդել-տեղափոխել մեկ այլ վայր, բայց եթե շենքը պապանվող է, պետք է պահպանեին: Դրա համար բազմաթիվ եղանակներ կան, որոնք չեն իրականացվել»:


ՏԻԳՐԱՆ ՀԵՔԵՔՅԱՆԻ խոսքով` այնքան անօրինական և անգրագետ ձևով են ընթացել շինարարական աշխատանքները, որ բոլորն ասում են` սա հատուկ է արված, որ վնասվի շենքը. «Չկա շենք, չկա խնդիր: Այնպիսի աղետ է հասցվել, որ ոմանք ասում են` ժամանակավոր հնարավոր կլինի ամրացնել, ոմանք` ժամանակավոր էլ չի լինի: Կարող են պահել շենքը, որ չքանդվի, բայց հետագայում ինչ կլինի, ոչ ոք չի կարող ասել: Երևի պետք է քանդել, հավաքել, բայց դա էլ չի դառնա պատմական շենք»:


Նախորդ նամակներից մեկ ամիս է անցել, մաեստրոյի կարծիքով` ներդրողները փորձում են հայկական ձևով բանակցություններ վարել, «հարցը տակից» լուծել: Իրենք և մշակույթի նախարարությունն ասում են` ոչ: Գործն առաջ չի գնում: Երեկ չափագրումներ են իրականացվել: Քանդող կողմը խոստացել է` որ օրը չափագրումներ լինեն, մեկ օր անց որոշումը կտան, թե ոնց են պատկերացնում փրկել շենքը: Տիգրան Հեքեքյանն ընդգծում է, որ լուծումը տալուց հետո անկախ փորձագետները պետք է հավանություն տան իրենց ասածին: Մյուս կողմից էլ, զավեշտալի է, որ մեկ օրում լուծվելիք խնդիրն այսքան ձգձգվում է:
Սեպտեմբերի 29-ի ժամը 13:00-ին դարձյալ ակցիա է նախատեսվում` շենքը փրկելու պահանջով:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2308

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ