«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«Ընտրությունների համար խելամիտ ժամկետ պետք է սահմանել»

«Ընտրությունների համար խելամիտ ժամկետ պետք է սահմանել»
01.10.2018 | 15:39

Թեև արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամկետները պարզ չեն, այդուհանդերձ, քաղաքական ուժերն սկսել են մոբիլիզացնել իրենց ռեսուրսները` որոշելու, թե ինչ չափով են պատրաստ պայքարի մեջ մտնել։ Քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԸ համախոհների հետ նոր շարժում է ստեղծում (Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական շարժում՝ ՀՔԴՇ) և կարծում է, որ ողջամիտ ժամկետում պետք է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որպեսզի կուսակցությունները կարողանան պատրաստվել։


-Պարոն Շիրինյան, ՀՀԿ-ն չի մերժում Նիկոլ Փաշինյանի՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու շուրջ քննարկումներին մասնակցության հայտը, սակայն ԱԺ-ի լուծարումն էլ ինքնանպատակ է որակում։ Ի՞նչ սպասել այս հակասական իրավիճակում։
-Մայիսի 2-ից հետո այս Ազգային ժողովը լիովին կորցրել է իր օրինականությունը։ Անգամ այս իշխանությանը կարելի է մեղադրել խորհրդարանը չցրելու մեջ։
-Որոշ քաղաքական ուժեր պնդում են, որ չպետք է շտապել արտահերթ ընտրությունների անցկացման հարցում, դեռ կուսակցությունների մասին օրենքը պետք է փոխել։ Մյուսներն էլ համոզված են, թե տնտեսության զարգացումն ամենևին պայմանավորված չէ խորհրդարանի լուծարմամբ։ Ո՞րն է Ձեր դիրքորոշումը։
-Այո, համամիտ եմ, որ կուսակցությունները դեռ պետք է կայանան, որի համար ժամանակ է պետք։ Սեղմ ժամկետում հնարավոր չէ նորմալ ընտրություններ կազմակերպել։ Հին կուսակցություններն աղբանոցում են, նորերը պետք է ձևավորվեն։ Հին կուսակցություն չկա, Երևանի ավագանու ընտրություններին նրանք հանրության կողմից արդեն մերժվել են, իսկ տարած-հետ բերած տարբերակը չի աշխատում։ Ասել է՝ խելամիտ ժամկետ է պետք, որպեսզի նոր կուսակցությունները կայանան, որովհետև խորհրդարանական երկրում առանց կայացած կուսակցությունների չի լինում։ Ըստ այդմ, ընտրությունների համար խելամիտ ժամկետ պետք է սահմանել։
-Ե՞րբ է այդ խելամիտ ժամկետը։
-Եկող տարվա մարտը, ապրիլը, երբ կուսակցությունները կկազմակերպվեն նաև նյութապես։ Իհարկե, շատերը կարող են այս կամ այն օլիգարխից գումար վերցնել և դառնալ նրա ծառան, բայց ամեն դեպքում գաղափարական կուսակցությունների կայացման համար ժամանակ է պետք։ Այսուհանդերձ, արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետը շահագրգիռ քննարկման նյութ է։ Իշխանությունը վախենալու ոչինչ չունի, որովհետև Երևանի ավագանու ընտրությունները հօգուտ իրենց է եղել, քաղաքապետն իրենց կուսացությունից է, այսինքն՝ վարչապետը Երևանում ինստիտուցիոնալ, լրացուցիչ հենարան է ստացել։ Եթե նախկինում կար հին ուժերի ռեստավրացիայի խնդիր, այսօր դա էլ է վերացել։
-Այդ դեպքում ինչու՞ է իշխանությունը շտապում, ի՞նչ մտավախություններ կան։
-Իրենց պետք է հարցնել, ես դա չեմ հասկանում։ «Կարմիր գվարդիականների» գրոհ կարող են կազմակերպել և ստանալ 90 տոկոս ձայն, ինչը կլինի Հայաստանի քաղաքական կյանքի վերադարձ դեպի ՀՀԿ-ի ժամանակներ։ Սա անթույլատրելի, անցանկալի հաղթանակ է, դա կնշանակի հին քաղաքական համակարգի վերադարձ։
-Դուք միակուսակցական խորհրդարանի վտա՞նգ եք տեսնում, իմա՝ ՔՊ-ի նման հաղթանակի դեպքում Հայաստանից քաղաքական գունապնակն իսպառ վերանալու՞ է։
-Խորհրդարանը պետք է ունենա աջ ուժեր՝ պահպանողականներ, կենտրոնում մշակույթի և էկոլոգիական ժառանգության պաշտպաններ, ձախ դեմոկրատականներ և հավասարության իդեալը կրողներ։ Եթե խորհրդարանում այս ուժերը չլինեն, հնարավոր չէ, որ նորմալ քաղաքական կյանքը զարգանա։ Սա խիստ մտահոգիչ հարց է պետության ապագայի համար։ Անթույլատրելի է խորհրդարանում ունենալ որևէ կուսակցության մենաշնորհ։ Կապ չունի` դա ՔՊ-ն է, թե մեկ այլ կուսակցություն։ ՔՊ-ն էլ կարող է դառնալ նոր ՀՀԿ, մանավանդ այն իրողության պայմաններում, երբ կադրային բանկի լուրջ սով ունի, բոլոր հարցերով զբաղվում են, բացի տնտեսությունից։
-Փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ հեղափոխական բոլոր ուժերը պետք է համախմբվեն ՔՊ-ի շուրջ։ Դուք շարժում եք ստեղծում, ասել է՝ տարակարծություն կա՞ այսօրվա քաղաքական կուրսի առնչությամբ։
-Հեղափոխության հենց առաջին օրից կանգնել եմ նրանց կողքին, պաշտպանել եմ վարչապետին, ընդ որում, ոչ պաշտոն եմ ստացել, ոչ էլ անձնական որևէ նկրտում ունեմ։ Հիմա էլ շարունակում եմ աջակցել արդեն իմ համակիրներով։ Բայց սա չի նշանակում, որ մեկ ուժով պետք է խորհրդարան ձևավորել։ Մենք ժամանակի ընթացքում լինելու ենք հզոր շարժում։ «Սասնա ծռերի» համագումարը ցույց տվեց, որ մեր ժողովրդի մեջ առողջ ուժն ապրում է։ Մեր շարժումն ու այս ուժը միասին կարող են ձևավորել խորհրդարանի աջ՝ պահպանողական բևեռը, որը մեր ազգի համար մեծ նշանակություն ունի։ Եթե շուտ տեղի ունեցավ արտահերթ ընտրությունը, շատ նոր ուժեր գրանցման խնդիր էլ են ունենալու։ Եթե ժամանակը ճիշտ ընտրեն, Նիկոլ Փաշինյանը կունենա ոչ միայն լավ ՔՊ, այլև լավ խորհրդարան։ Մենք կունենանք 4-րդ հանրապետություն, գիտության ու մշակույթի հայրենիք և արդյունաբերական Հայաստան։
-Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հնարավոր է դեկտեմբերին ընտրություններ լինեն։ Այս պարագայում մոռանա՞նք լավ խորհրդարան ունենալու մասին։
-Հաստատապես չի լինելու այն, ինչ ուզում ենք։ Բայց նա նաև բանակցությունների շարք է սկսում, կարծում եմ, այդ ընթացքում ճիշտ որոշում կկայացվի։ Իսկ որ արտահերթ խորհրդարանական ընտրություն պետք է լինի, միանշանակ է, կասկածից վեր է։ Ժողովուրդը մայիսին դեմ քվեարկեց այս խորհրդարանին։
-Միտինգով քաղաքական հարցեր կարգավորելը խելամի՞տ տարբերակ է։
-Այո, դա դեմոկրատիայի բարձրագույն ձևն է։ Ժողովուրդը կազմակերպվում է որպես իշխանություն և միտինգով հարց է լուծում։
-Ոմանք ասում են, թե միտինգներով հարցեր լուծելը վատ նախադեպ կարող է ստեղծել։ Համաձայն չե՞ք։
-Ոչ, նոր եկած իշխանությունն էլ կվախենա սխալներ գործելուց, քանի որ իր վզից էլ կբռնեն ու կշպրտեն։


Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 3078

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ