«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

«Այս իշխանությունը կոպտագույն սխալներ է անում և՛ ներքին, և՛ արտաքին քաղաքականությունում»

«Այս իշխանությունը կոպտագույն սխալներ է անում և՛ ներքին, և՛ արտաքին քաղաքականությունում»
02.10.2018 | 00:51

Երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մեկնարկում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման նպատակով խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ աշխատանքային կարգով քննարկումները։ Աշխատանքային քննարկումներին կհաջորդեն պաշտոնական քննարկումները։ «Մենք քննարկելու ենք, թե ինչպես, ինչ մեթոդներով կարող ենք հասնել շուտափույթ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Հույս ունեմ, որ այս հարցի վերաբերյալ քաղաքական, խորհրդարանական ուժերի հետ մեզ կհաջողվի գալ համաձայնության, և քաղաքացիների աջակցությանը դիմելու անհրաժեշտություն չի լինի։ Չնայած, եթե այդպիսի անհրաժեշտություն առաջանա, հույս ունեմ, որ դուք բոլորդ պատրաստ կլինեք քաղաքական այդ գործընթացին աջակցություն ցուցաբերելու այս կամ այն ձևով»,- հայտարարեց Փաշինյանը։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեմայով զրուցեցինք քաղաքագետ ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆԻ հետ։

-ՀՀԿ-ն չի մերժել քննարկումներին մասնակցելու հայտը, սակայն կտրուկ դեմ է խորհրդարանի ինքնալուծարմանը։ Ի վերջո, ինչպե՞ս է հանգուցալուծվելու այս ներքաղաքական թնջուկը։
-Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարևոր են, սակայն դրանից առաջ կա ևս մեկ կարևոր հանգամանք։ Հիմա քաղաքական ուժերը պետք է նախ և առաջ քննարկեն այլ հարց։ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած երեք ազդեցիկ ուժեր` ԲՀԿ, ՀՅԴ և «Լույս» դաշինք, ջախջախիչ պարտություն կրեցին, և տրամաբանական կլիներ, որ նրանք քննարկեն իրենց պարտության պատճառները։ Եթե այդ պատճառները չգտնեն, անիմաստ է այն հարցը, թե երբ կլուծարվի ԱԺ-ն, որովհետև և՛ մինչև դեկտեմբեր, և՛ մինչև մայիս անցկացվող ընտրություններում նրանք միանշանակ պարտվելու են։ Այս ուղղությամբ ոչ մի աշխատանք չեն տանում։ Եթե աշխատանք չկա, նշանակում է` այդ ուժերն ինքնաբուժվելու, քաղաքագիտական լեզվով ասած, ռեբրենդինգի ենթարկվելու, իրենց գործունեությունը վերաիմաստավորելու, իմիջի փոփոխություն իրականացնելու նպատակ չունեն։ Իսկ ԱԺ-ն լուծարելու մի քանի ճանապարհ կա. վարչապետը հրաժարական է տալիս և երկու անգամ խորհրդարանը չի ընտրում վարչապետ, ինքնաբերաբար ԱԺ-ն լուծարվում է։
-Բայց վարչապետը չի ցանկանում հրաժարական տալ, այդ մասին դեռ օգոստոսի 17-ի հանրահավաքում հայտարարեց։
-Եթե մինչև դեկտեմբեր են ընտրություններ անցկացվելու, ուրեմն վարչապետը պետք է հրաժարական տա, իսկ եթե սահմանադրական փոփոխություններով ենք գնում ընտրությունների, ուրեմն դա կլինի մայիսին, որովհետև խիստ կասկածելի է, որ մինչև տարեվերջ սահմանադրական փոփոխություններն ավարտին կհասցնեն։ Իսկ վարչապետի հայտարարության առնչությամբ պետք է նկատել, որ նա այդ մասին խոսել է մինչ սեպտեմբերի 23-ի ընտրությունը. հիմա ստեղծվել է մի իրավիճակ, երբ վարչապետը շատ հանգիստ կարող է հրաժարական տալ։
-Տեսակետ է հնչում, որ եթե ընտրություններն ավելի վաղ անցկացվեն, կուսակցությունները չեն կարող համախմբվել, խորհրդարանը կլինի ամբողջությամբ ՔՊ-ի ենթակայության տակ, ինչը նշանակում է գնալ միակուսակցական համակարգի։ Այս մտահոգությունը Դուք ունե՞ք։
-Ոչ, որովհետև եթե ընտրություններով է քաղաքական ուժը խորհրդարանում դառնում մեծամասնություն, միակուսակցականության մասին խոսք լինել չի կարող։ Ավելին, ըստ Սահմանադրության, խորհրդարանի 30 %-ը պետք է լինի ընդդիմություն։ ՔՊ-ն, լավագույն դեպքում, կարող է ունենալ 70 %։ Եթե անգամ 70/30 հարաբերակցությունն էլ համարվի միակուսակցական համակարգ, դա վտանգ չի ներկայացնում, քանի որ այս պահին դատական համակարգը իշխանության վերահսկողության տակ չէ։ Սրան գումարած` լրատվական դաշտը ևս միատարր չէ, ընդդիմության դաշտում հայտնվող ուժերը բազմաթիվ լրատվամիջոցներ ունեն, որոնք կարող են խորհրդարանական ընտրություններից հետո քննադատության ենթարկել իշխանություններին։ Եվ, ի վերջո, կա քաղհասարակություն, որն իր խոսքը կարող է ասել և վեր հանել իշխանության թերությունները։ Այնպես որ, միակուսակցականության խնդիր չկա։ Եվրոպական խորհրդարանական երկրներում շատ ուժեր մեծ ներկայացվածություն են ունենում խորհրդարանում, բայց միակուսակցականության մասին խոսք լինել չի կարող։ Միակուսակցականությունը վտանգավոր է, եթե ընտրությունների ինստիտուտը չի աշխատում։
-Օրենքի պահանջ է, որ խորհրդարանի 30%-ը լինի ընդդիմություն, Ձեզ համար այսօր պա՞րզ է, թե որոնք են հայաստանյան ընդդիմադիր ուժերը։
-Այս պահի դրությամբ միակ ընդդիմությունն այն ուժն է, որը չի մասնակցում գործադիր իշխանության ձևավորմանը, այսինքն` ՀՀԿ-ն, բայց վերջինս էլ ԱԺ-ի ղեկավարումն է իրականացնում։ Ստացվում է, ՀՀԿ-ն էլ դասական ընդդիմություն չէ։ Այժմ պետք է առաջնորդվել 2017-ին ձևավորված խորհրդարանով, երբ «Ելքն» իրեն ընդդիմություն է հայտարարել, բայց նրա ներկայացուցիչը վարչապետ է, մյուս ուժերն էլ, բացի ՀՀԿ-ից, իշխանությունում ներկայացուցիչներ ունեն։ Փաստացի այսօր ընդդիմություն չունենք։
-Իսկ դա վտանգավոր չէ՞։
-Իհարկե վտանգավոր է, քանի որ այս կառավարությունը կոպտագույն սխալներ է անում և՛ երկրի ներսում, և՛ արտաքին քաղաքականությունում, ինչը ենթակա է խիստ քննադատության, բայց քննադատող չկա։ Քննադատողը ՀՀԿ-ն է, որի հանդեպ վստահություն չկա, իսկ մյուսների քննադատությունն էլ տրամաբանական չէ, քանի որ նրանք ներկայացուցիչներ ունեն գործադիրում։ Այս աբսուրդային իրավիճակին պետք է վերջ դրվի, որովհետև սա վնաս է բերում արդեն պետությանը։
-Այսինքն, որքան շուտ լինեն խորհրդարական արտահերթ ընտրություններ, այնքան լա՞վ։
-Այս պայմաններում` այո։ Ժամանակը, որ մինչև մյուս տարվա մայիսն է տրված, պետք է նպատակին ծառայեցնել։ Հաշվի առնելով երկրում տեղի ունեցած իրադարձությունները` կուսակցություններն այս ժամանակահատվածը պետք է օգտագործեին իրենց իմիջի վերականգնման համար, սակայն այս հինգ ամսվա ընթացքում հայտնի կուսակցությունները ոչ մի աշխատանք չեն իրականացրել, ավելին, սեպտեմբերի 23-ից հետո էլ տպավորությունն այնպիսին է, որ կարծես ոչինչ էլ չի եղել, շարունակում են պահպանել իրենց նախարարարական պորտֆելները, մինչդեռ պետք է հրաժարական տային և դառնային ընդդիմադիր ուժ, քննադատեին իշխանություններին։ Դրա համար էլ մինչև մայիս տրվող ժամանակն անիմաստ է, ինչու՞ այդ ընթացքում շարունակել պետությունից բարձր աշխատավարձ տալ այս պատգամավորներին։ Երևանում հեղափոխությունն արդեն ավարտվել է, հստակ է` ով է իշխանություն, ով է ընդդիմություն, խորհրդարանում դա հստակ չէ։ Դրա համար էլ հնարավորինս շուտ պետք է գնալ ընտրությունների։

Զրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 3264

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ