Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Մենք ոչինչ չենք հորինում իրեն նկարագրելու համար, ընդհակառակը, մեր բոլոր խոսքերը քիչ են»

«Մենք ոչինչ չենք հորինում իրեն նկարագրելու համար, ընդհակառակը, մեր բոլոր խոսքերը քիչ են»
05.10.2018 | 03:07

Մենք ապրել ենք մի ժամանակաշրջանում, երբ ապրում էր մեծն շանսոնիեն: Մենք այն սերունդն ենք, որ տեսավ մեծն շասոնիեի մահը:
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը կանցկացվի Հայաստանում՝ առանց Ազնավուրի:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Շառլ Ազնավուրին հրավիրել էր Երևան` մասնակցելու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին, որի շրջանակներում նա պետք է երգեր:
Մենք ցավով մտածում ենք, որ Ազնավուրը չապրեց 100 տարի, թեև խոտացել էր:
Լեգենդար երգիչը խոստացել էր չդադարել երգել: Նա չդադարեց երգել:
Մամուլը, հեռուստատեսությունը, սոցցանցերը ողողված են Ազնավուրի մասին հուշերով, լուսանկարներով, ցավակցական ու հիացական խոսքերով: Համաշխարհային աստղերը, քաղաքական այրերը, հասարակ քաղաքացիները, ողջ աշխարհը հրաժեշտ է տալիս աշխարհահռչակ շանսոնիեին: Երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը ծաղիկներ և մոմեր են բերում Ազնավուրի աստղի մոտ՝ նրա իսկ անունով կոչված հրապարակում։ Մոմավառություն է կազմակերպվել նաև Հոլիվուդի փառքի ծառուղում՝ Շառլ Ազնավուրի աստղի մոտ: Էյֆելյան աշտարակը լուսավորվել է ոսկեգույն լույսերով՝ ի հիշատակ մեծ հայի: Ամենուր հնչում են Ազնավուրի երգերը: Հայաստանում ներքաղաքական անսպասելի զարգացումներն անգամ չեն ստվերում ազնավուրյան «բոհեմը»:

«ՀԱՅԻ ԱՉՔԵՐ» ԵՐԳԸ ԳՐՎԵԼ ԷՐ ԱԶՆԱՎՈՒՐԻ ՀԱՄԱՐ


«Շառլ Ազնավուր երևույթի մասին շատ հեշտ է խոսել և միևնույն ժամանակ շատ դժվար, որովհետև նա սովորական չափանիշներով չափվող արվեստագետ չէր: Պատահական չէ, որ ամբողջ հարյուրամյա պատմության մեջ համարվել է լավագույն շանսոնիե»,- Ազնավուրի մասին իր խոսքն այսպես սկսեց ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր ՌՈԲԵՐՏ ԱՄԻՐԽԱՆՅԱՆԸ, նշելով, որ բացի ազգային հպարտություն առաջացնող զգացումներից, զուտ գեղագիտական առումով նրա մեջ կա այնպիսի հրաշալի գրավչանյութ, որը վերաբերում էր իր ստեղծագործական կոմպոնենտներին՝ բանաստեղծական խոսքի արժեքն ու դա երաժշտության միջոցով արտահայտելու ունակությունը:


«Գիտեք, աշխարհի լավագույն արժեքները ստեղծվում են հիացումից: Դուք երեխային կանգնեցրեք ջրվեժի առջև և տեսեք, թե նա ինչ հիացումով կխոսի դրա մասին: Ա՛յ, դա իսկական հիացումն է, որ ոչ թե փորձում է հիացնել ինչ-որ մեկին, այլ ապրում է ինքն այդ հիացումը:
Շառլ Ազնավուրն այդ հիացումը ապրող մարդ է, որի անդրադարձը եղավ մեր սրտերում: Մենք տեսանք՝ բեմի վրա ինչ ներքին համոզված հիացումով է ներկայացնում կերպարները, և դրա համար էլ այդքան երկար ապրեց ու կշարունակի ապրել»:
Մաեստրոն ափսոսում է, որ Ազնավուրի հետ իր կապն այդքան էլ մեծ չէր: Օրինակ, «Հայի աչքեր» երգը գրել է նրա համար, բայց այդպես էլ հնարավորություն չի եղել, որ հանդիպեն, և այդ երգը տա նրան՝ երգելու:


«Ազնավուրն այսօր մարմնով մեզ հետ չէ, բայց իր ստեղծագործական գործունեությամբ այնպիսի բարձր նիշ է գոյացրել, որը շատ շատերիս համար ոչ միայն ազգային հպարտության առիթ է, այլև ուսանելու»,- հավելեց Ռոբերտ Ամիրխանյանը: Նրա բնորոշմամբ՝ ամենակարևորը մեր զգացմունքների մեջ այն է, որ մենք ոչինչ չենք հորինում իրեն նկարագրելու համար, ընդհակառակը, թվում է՝ մեր բոլոր խոսքերը քիչ են:
Հարցին՝ Ազնավուրի ո՞ր երգն է ամենից շատ սիրում, կոմպոզիտորն ասաց, որ նրա բոլոր երգերը հոգեհարազատ են: Ինչ վերաբերում է հայերեն կատարումներին, նշեց, որ դրանք երգչական ստերեոտիպեր էին, բայց իր իսկական արվեստը ուրիշ տեղում էր, ուրիշ չափումների մեջ ՝ և՛ լեզվի առումով, և՛ երաժշտական էսթետիկայի:

ԱՆՄԱՀ «ԻԶԱԲԵԼԸ» ԵՎ ԱԶՆԱՎՈՒՐԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ԳՈՇԱՎԱՆՔՈՒՄ


Արվեստի վաստակավոր գործիչ ՍԱՄՎԵԼ ՍԵՎԱԴԱՆ ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր Ազնավուրի լուսանկարը և «Հայաստան» բնանկարը՝ նվիրված շանսոնիեին:
«Քանի դեռ քո անմահ «Իզաբելը» կհնչի, դու անմահ ես: Բարի ճանապարհ ու անվերջ վերադարձ քեզ, մեր սրտի ու հոգու երգիչ»,- այս գրառումը կցված էր Ազնավուրի լուսանկարին: Իսկ «Հայաստան» լուսանկարը զուգորդվում է Ազնավուրի «Քեզ համար, Հայաստան» երգի հետ:


Լուսանկարիչն ասաց, որ Ազնավուրին լուսանկարել է մոտ տասը տարի առաջ՝ Գոշավանքում: Մեկ-երկու բառ են փոխանակել, և այդ ընթացքում մի քանի կադր լուսանկարել է: Նրա խոսքով՝ շանսոնիեին լուսանկարելը բարդ չի եղել, քանի որ նա արտիստիկ մարդ էր և շատ, այսպես ասած ֆոտոգենիկ: Հետաքրքիր մի փաստ էլ արձանագրեց. «Ազնավուրն ու հայրս նույն տարին են ծնվել, նույն օրը՝ 1924-ի մայիսի 22-ին, և նա արտաքնապես շատ նման է հորս, միայն թե վիրահատել է քիթը, հորս քիթն ավելի սուր է: Բայց երբ նկարները կողք կողքի եմ դնում, ասես նույն մարդը լինեն՝ նույն տարին ու նույն օրը ծնված»:


Սամվել Սևադան նկատեց նաև, որ մեր ժողովուրդը համախմբվում է կարևոր պահերին: Հիմա էլ համախմբված հրաժեշտ են տալիս շանսոնիեին (մեր զրույցը խորհրդարանական խժդժությունների նախօրեին էր- Ա. Ս.): Ընդգծեց նաև, որ մեր երկրի համար բոլոր կարևոր իրադարձություններին Ազնավուրը մասնակցություն է ունեցել՝ երկրաշարժ, Արցախյան ազատամարտ: «Ես ինքս նոր-նոր ԱՄՆ էի գնացել, բայց արդեն նկարչական դպրոց էի ստեղծել, սաների նկարները վաճառում էինք, գումարն ուղարկում Գյումրի, Արցախի նկարչական դպրոցներին: Ով ինչով կարողանում, օգնում էր: Ամենաաննշան բանն եմ ասում: Իսկ մեծահարուստները շատ ավելին էին անում, Ազնավուրի կոչն էլ մեծ ազդեցություն ուներ»:
Սամվել Սևադան անդրադարձավ ազնավուրյան իր ամենասիրած երգին. «Դպրոցական տարիներին, երբ «Իզաբել» էր երգում, ես գժվում էի այդ երգի համար: Հիմա էլ: Անմահ երգ է, իմ կարծիքով՝ Ազնավուրի ամենալավ երգն է»:

ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ ԷՐ «ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ. ԴԱՐԻ ԵՐԳԻՉԸ» ԳԻՐՔԸ


«Արեգ» հրատարակչության հիմնադիր տնօրեն, թարգմանիչ ՍԱՄՎԵԼ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ տեղեկացմամբ՝ հրատարակության է պատրաստվում «Շառլ Ազնավուր. դարի երգիչը» երկլեզու (ֆրանսերեն և հայերեն) գիրքը (թարգմանությունները՝ Պերճ Թյուրաբյանի, Աբրահամ Ալիքյանի և Սամվել Գասպարյանի): Գրքում տեղ են գտել 60-70 ստեղծագործություն, լուսանկարներ, Ազնավուրին բնորոշող տողեր: Գիրքը լույս է ընծայվում պետական պատվերով:


«Մենք կորցրինք մեր ամենամեծ պաշտպաններից մեկին, եթե ոչ ամենամեծին»,- ասաց Սամվել Գասպարյանը: Հիշողությունները Ազնավուրի մասին շատ են, դժվարանում է առանձնացնել: Պատմեց՝ ինչպես է լույս տեսել «Ազնավուրը՝ ծանոթ և անծանոթ» ժողովածուն. «Սպիտակի երկրաշարժի ժամանակ Ազնավուրը եկավ Հայաստան, ես պատահաբար հայտնվեցի իր խմբում, և այդ օրերին իր հետ էի: Համալսարանում սովորելու ժամանակ մի քանի երգեր թարգմանել էի, իրեն ցույց տվեցի, ասացի, որ կարող եմ գիրք դարձնել, համաձայնեց, և շարունակեցի թարգմանել ու 91-ին տպագրեցի առաջին գիրքը: Մոտ 10 հազար օրինակ վաճառվեց, դա այն օրերի համար մեծ թիվ էր: Հաջորդ հրատարակությունը երկլեզու հուշանվերային հրատարակություն էր, շատ փոքր, կարելի է ասել ձեռքի աշխատանք: Շանսոնիեին շատ է դուր եկել գիրքը: Հետո երրորդ-չորրորդ գրքերը հրատարակվեցին»:


Նոր ժողովածուն հոկտեմբերին լույս կտեսնի: Շապիկին պատկերված լուսանկարի հեղինակը Դավիթ Հակոբյանն է: Մեր զրուցակիցն ասաց, որ հետաքրքիր լուծումներով նկար է: Ազնավուրը կանգնած է սրահում, վերևում՝ առաստաղին լուսավորություն է, և այնպես է կանգնած, որ թվում է «լուսապսակը» գլխին է:
Շառլ Ազնավուրը մահացավ հոկտեմբերի 1-ին՝ 95 տարեկանում, Ֆրանսիայի հարավում գտնվող իր տանը: Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր՝ Փարիզում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Գլխավոր նկարը՝ Սամվել ՍԵՎԱԴԱՅԻ

Լուսանկարներ

. .
  • Հայաստան, Շառլ Ազնավուրի հիշատակին,հեղ.՝ Սամվել Սևադա
  • Ազնավուրը Սամվել Գասպարյանի հետ
Դիտվել է՝ 4076

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ