Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Դեպի Լուսին առաջին ու երկրորդ թռիչքները

Դեպի Լուսին առաջին ու երկրորդ թռիչքները
09.10.2018 | 09:36

Քարոզչական-տեղեկատվական «աղբարկղային» գրոհից հետո երեկ իրավիճակ փոխվեց` առաջինը հանձնվեց Գագիկ Ծառուկյանը: Երեկ նա և վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուշագիր ստորագրեցին: Բայց մինչև երեկոյան հանդիպումը Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել էր. «Խորհրդարանը դե ֆակտո լուծարված է, մնում է դե յուրե լուծարել»: Նաև ՀՀԿ խմբակցության պատգամավորներն էին հայտարարություններ արել. Գևորգ Կոստանյանն ասել էր, որ սատարում է Նիկոլ Փաշինյանին, որ Նիկոլ Փաշինյանն ազնիվ է իր նպատակների մեջ, ցանկությունների, քաղաքական ուղղվածության մեջ, որ եթե հասարակությունը կոնսոլիդացվել է Նիկոլ Փաշինյանի շուրջը, ուրեմն վարչապետի այլ թեկնածու չպետք է լինի, Արման Սահակյանն էլ գրել էր, որ կողմ է արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացվեն՝ հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը: Գևորգ Կոստանյանի «պայծառատեսությունը» հիմնավորված է` նա մանդատի խնդիր չունի, գնում է Եվրոպա աշխատանքի և նոր աշխատատեղում ժողովրդավարի իմիջը շատ տեղին է ու պահանջարկված:


Երեկոյան արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԲՀԿ նախագահին ասում էր. «Հայաստանը ոչ սովորական ներքաղաքական իրավիճակում է գտնվում, և քաղաքական ուժերի պարտավորությունն է փորձել ստեղծված իրավիճակը հաղթահարել բանակցությունների քաղաքական տրամաբանության մեջ»: Սա իսկապես շրջադարձ է, բայց ոչ Գագիկ Ծառուկյանի, այլ` Նիկոլ Փաշինյանի համար: Նա բանակցությունների պատրաստակամություն մի քանի անգամ է հայտնել, բայց ամեն անգամ այդ հայտարարություններն ուղեկցվել են նաև բոլորովին այլ հռետորաբանությամբ նրա կամ նրա կուսակիցների կատարմամբ, որ կասկածի տակ են դրել բանակցությունների բովանդակությունը: Հիմա փաստացի ոչ թե բանակցություններ են տեղի ունենում, այլ` կուսակցությունները ընդունում են Նիկոլ Փաշինյանի պահանջները` արտահերթ ընտրություններ դեկտեմբերին, իր հրաժարականից հետո վարչապետի թեկնածու չառաջադրել: Սա է տարբերությունը նախքան հոկտեմբերի 2-ը նախատեսված բանակցությունների և հոկտեմբերի 8-ին վերսկսված բանակցությունների միջև:
Մի կողմ թողած` խմբակցության պատգամավորների հայտարարությունները, ՔՊ-ի պատասխանները և հարակից հանգամանքները` Գագիկ Ծառուկյանը Նիկոլ Փաշինյանին ասում էր. «Գիտեք՝ որոշ հարցերում իմ ժողովրդի, շարժման, ձեր կողքին ենք եղել, մեր մասով աշխատանքները կատարել ենք, կատարում ենք, կատարելու եք: Մենք ընդունել ենք հեղափոխությունը: Ոչ մեկն էլ չէր պատկերացնում, որ Սերժ Սարգսյանը հրաժարական կտա: Մենք այդ պահից կանգնել ենք Ձեր կողքին։ Ես այդ ժամանակ ասել եմ ժողովրդին, ձեր ընտրյալը Նիկոլ Փաշինյանն է, ես ձեր ընտրյալի կողքին եմ։ Հիշո՞ւմ եք, առաջին հանդիպմանը, երբ ասացիք, երբ անցկացնենք ընտրությունները, ես էլ ասացի՝ հունիսին: Հիմա պատրաստ եմ, ժողովուրդը դա ուզում է, դրա անհրաժեշտությունը կա, քննարկենք, որպեսզի չլինեն հետհեղափոխական քայլեր, քննարկենք, որ զարգացում լինի, առաջընթաց լինի: Որպես գործընկեր՝ պատրաստակամ եմ լինել Ձեր կողքին տնտեսության զարգացման, երկրի բարգավաճման համար»:


Փաստացի` նա ուզում էր «գործընկերության» երաշխիքներ, որ ԲՀԿ-ն շարունակելու է բարգավաճել խորհրդարանում: Դժվար է ասել` ստացա՞վ, թե՞ ոչ: Տրամաբանորեն` ոչ, որովհետև կուսակցական մանդատները ընտրողն է տալու, իրականում գուցե այո, որովհետև նաև Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից է կախված` ընտրողը ում ինչքան մանդատ է տալու: Եվ հետո` իշխող ուժին ռենեգատները միշտ էլ պետք են` այլ ուժերի հետ հարաբերություններում օգտագործելու համար: Հավատալով ԿԸՀ-ի 100 տոկոս ազնվությանը ու Նիկոլ Փաշինյանի 100 տոկոս սկզբունքայնությանը, որևէ մեկը կասկածու՞մ է, որ այսքան պայքարից հետո նա իրեն իրավունք է վերապահելու մոդելավորել արտահերթ ընտրություններով ընտրված խորհրդարանը` թեթև շտկումներ անելով ԱԺ մտած ուժերի ու նրանց դասավորության մեջ` դա պահանջում է կառավարության շահը, կառավարություն-խորհրդարան համագործակցության շահը: Պետության շահը` վերջապես: Կա՞ առարկություն:
Ու դա Ծառուկյանը շատ լավ գիտի, եթե անգամ հուշագրում գրված լիներ, որ «Կողմերը համակարծիք են 2018-ի դեկտեմբերի ընթացքում ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ» Լուսնի վրա, Գագիկ Ծառուկյանը ստորագրելու էր ու համաձայնելու էր, որ «ԱԺ արձակմանը հասնելու նպատակով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքում «Ծառուկյան» դաշինք խմբակցությունը, որպես հեղափոխության աջակից ուժ, պարտավորվում է ՀՀ վարչապետի թեկնածու չառաջադրել, չաջակցել վարչապետի որևէ թեկնածուի։ Ինչպես նաև խմբակցության պատգամավորները չեն մասնակցի ԱԺ պատգամավորների 1/3-ի կողմից ՀՀ վարչապետի թեկնածու առաջադրելու որևէ նախաձեռնության»։ Այդպես է պահանջում Գագիկ Ծառուկյանի հեղափոխական շահը, որ այլևս նույնացել է անձնականի հետ, իսկ դա ԲՀԿ-ին վերածում է ձեռքի խաղալիքի` հիմա արդեն ՔՊ-ի, ավելի ստույգ` ՆՓ-ի ձեռքում: Իսկ արտաքուստ ամեն ինչ վայելուչ ու նույնիսկ ստեղծված իրավիճակին համահունչ է` ժողովուրդն է տերը երկրի, կուսակցությունները` ծառան են ժողովրդին: Կենացդ լինի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Երեկ երեկոյան ՀՅԴ ներկայացուցիչները՝ պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը և ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արսեն Համբարձումյանը կառավարությունում հանդիպել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ։ Ինչո՞ւ ոչ վարչապետի, այլ` փոխվարչապետի: Որովհետև ինչպես Գագիկ Ծառուկյանը իր «Կենտրոնով», ՀՅԴ-ն իր «Երկիր մեդիայով» հարցազրույց չի տվել ու չի ասել, որ ժողովրդի կողքին է ու պահանջում է ընտրություններ դեկտեմբերին և չի պատրաստվում վարչապետի թեկնածու առաջադրել գործող վարչապետի հրաժարականից հետո: Արսեն Համբարձումյանն էլ հանդիպումից հետո չի ասել, որ կողմ են դեկտեմբերին արտահերթ ընտրություններին, պարզապես փոխվարչապետ Ավինյանի հետ հանդիպումը կառուցողական և արդյունավետ է որակել։ Կասեն, նրանք էլ կասեն: Դեպի Լուսին երկրորդ թռիչքը, որոշակի հապաղումով, կգործի ՀՅԴ-ն:


Ի՞նչ է անելու ՀՀԿ-ն` պատգամավոր առ պատգամավո՞ր է տիեզերքի տոմս ստանալու վարչապետից, թե՞ խմբակցությունով կհանձնվի: Համենայն դեպս երեկ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը դեռ ասում էր. «Դեկտեմբերին արտահերթ ընտրությունների գնալը վտանգավոր քայլ է», բայց դա օրվա առաջին կեսին էր: Նա օրվա առաջին կեսին վախենում էր, որ դեկտեմբերին ընտրությունների «արդյունքում կարող ենք ունենալ միահեծան Ազգային ժողով»: Առաջ Վահրամ Բաղդասարյանն միահեծանությանը դեմ չէր, էլի դեմ չէ, բայց` ՀՀԿ-ի: Իսկ հիմա նա մտածում է ընդդիմության մասին և ճիշտ է անում: Սա այն դեպքն է, որ ՀՀԿ-ի մտահոգությունը համընկնում է քաղաքական դաշտի պրոբլեմի հետ:


Եվ ՀՀԿ-ի անհեռանկար համառությունը, որքան էլ տարօրինակ է, ավելի հարգանք է ներշնչում, քան իր երեկվա արբանյակների ինքնուրույն Լուսին թռչելու պատրաստակամությունը: Քաղաքականությունը հնարավորի արվեստ է, որտեղ ոչինչ անհնար չէ: Բարի թռիչք: Կարևորը` վայրէջք: Ճիշտ պահին ու ճիշտ տեղում:

Դիտվել է՝ 4039

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ