«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Երկու հարցազրույց Անթալիայից` Էդուարդ Շարմազանով և Օքթայ Ասադով

Երկու հարցազրույց Անթալիայից` Էդուարդ Շարմազանով և Օքթայ Ասադով
11.10.2018 | 14:34

Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվում էր Եվրասիական պետությունների խորհրդարանների ղեկավարների երրորդ միջազգային համաժողովում, որին մասնակցել են ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովը:


Էդուարդ Շարմազանով. Իսկ ինչու՞ Թուրքիայում չէր Լեռնային Ղարաբաղի պատվիրակությունը


-Ինչու՞ Դուք համաժողովում ելույթ ունեցաք անգլերեն, մինչդեռ Ուզբեկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի ներկայացուցիչները խոսում էին ռուսերեն, իսկ Ձեր գործընկերը Բաքվից` ադրբեջաներեն:
-Ես անգլերեն խոսեցի, թեպետ կարող էի հայերեն խոսել, որովհետև թուրքական կողմը ներկայացրել էր հայերենից իր թարգմանչին, որ կարող էր աղավաղել իմ խոսքերը:
-Ի՞նչ տպավորություններ ունեք Եվրասիայի երկրների խորհրդարանների խոսնակների խորհրդակցությունից:
-Գիտեք ինչը ինձ զարմացրեց` դահլիճում 40 երկրների պատվիրակների հետ հավասարը հավասարի պես նստած էին Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության ներկայացուցիչները: Ընդգծում եմ` չճանաչված պետության: Այդ դեպքում` ինչու՞ չեն հրավիրել Արցախի Հանրապետության պատվիրակությանը: Դուք լսեցիք, որ ես բարձրաձայնեցի մեր հայտնի դիրքորոշումը, որ Արցախի Հանրապետության ժողովուրդը պետք է ազատություն ստանա, դա ամենաճիշտը կլիներ և միայն ազատության ու ազգերի ինքնորոշման սկզբունքի պայմաններում մենք կարող ենք լուծել շատ ու շատ կոնֆլիկտային հարցեր, որ գոյություն ունեն այնպիսի վիթխարի մայրցամաքում, ինչպիսին Եվրասիան է: Բայց ադրբեջանական կողմը, բնականաբար, չաջակցեց` հղում անելով ՄԱԿ-ի ԱԽ հայտնի բանաձևերին:
-Արարողակարգային փաստաթղթերում տեղեկություններ չկան` բանակցե՞լ եք Դուք ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ:
-Այո, մենք երեկ նրա հետ հանդիպել ու զրուցել ենք: Մենք հիմա, իրոք, հարաբերությունների այլ մակարդակ ունենք: Իդեպ, հոկտեմբերի 29−30-ին մենք սպասում ենք ՌԴ Պետդումայի պատվիրակությանը Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորությամբ Երևանում:
-Չեմ կարող չհարցնել Ձեզ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին: Կհաջողվի՞ կարգավորել ճգնաժամը խորհրդարանի ու վարչապետի միջև:
-Ահա ինչ կասեմ, Ստանիսլավ, անձնական զրույցներում, իսկ մենք վաղուց ենք իրար ճանաչում, հայտարարվում է, որ ամեն ինչ նորմալ կլինի: Մենք բոլորս գնում ենք ընտրություների, այդ ընտրությունները պետք է լինեն ազնիվ, թող հաղթի ուժեղագույնը: Բայց սկզբունքորեն մենք նոր կառավարության հետ կողմնորոշված ենք երկրի ու ազգի համախմբման, խնդիրների լուծման ուղղությամբ: Իսկ խնդիրներ մեր երկրում, ինչպես հասկանում եք, քիչ չեն:

Օքթայ Ասադով. Ադրբեջանը երբեք չի զիջի իր հողերը


-Ինչպե՞ս եք գնահատում այսօրինակ հանդիպումների նշանակությունը, ի՞նչ հեռանկարներ եք տեսնում:
-Անկասկած, լավ եմ գնահատում ու հեռանկարներ եմ տեսնում: Մենք միայն շոշափում ենք համագործակցության նոր ձևերը, ուսումնասիրում ենք միմյանց: Իհարկե, հիմա մենք անցնում ենք քաղաքական խնդիրների քննարկմանը, խոսում ենք տնտեսության ու անվտանգության մասին: Այդ ամենը բոլորիս է վերաբերում: Մեր մայրցամաքի ամեն երկրում կա իր օրենսդրությունը, խնդիրը մի շարք օրենքների նույնականացումն է, այդ նախաձեռնությամբ հանդես եկան Ռուսաստանն ու Հարավային Կորեան:
-Մի շարք հարցերում Դուք տարբեր տեսակետներ ունեք հայկական կողմի հետ: Ես չեմ կարող Ձեզ չհարցնել Լեռնային Ղարաբաղի կարգավորման մասին: Ի՞նչ կա այդ հարցում:
-Դե մենք իմ հայ գործընկերոջ հետ կրկնեցինք հայտնի ու առաջ էլ հնչած դրույթները: Ադրբեջանը երբեք չի զիջի իր հողերը: Ղարաբաղը պետք է լինի մեր հանրապետության կազմում: Մենք պատրաստ ենք Ղարաբաղի ժողովրդին տրամադրել ամենաբարձր ինքնավարության կարգավիճակ:
-Դուք հնարավոր համարու՞մ եք հայերի ու ադրբեջանցիների համատեղ կեցությունը: Մի՞թե ամբողջ խնդիրը հողն է:
-Հողի խնդիր կա: Սակայն երբ մենք սկզբունքորեն կորոշակիացնենք դիրքերը, Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման դեպքում, մենք, իհարկե, կփոխենք մեր վերաբերմունքը հայերի նկատմամբ, կհամագործակցենք: Մենք նրանց հետ, այնուամենայնիվ, պատմականորեն միշտ խաղաղ ենք ապրել: Մենք ունենք հնարավոր համագործակցության տարբերակներ, եթե միայն հայկական կողմը փոխի իր դիրքորոշումը:
-Ինչպիսի՞ն են ռուս-ադրբեջանական հարաբերությունները:
-Դուք գիտեք` մենք այսօր հանդիպեցինք ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ: Մենք խոսում էինք իբրև վաղեմի բարեկամներ: Մենք վեճեր ու խնդիրներ չունենք: Առավելևս հիմա, երբ հարաբերությունները մեր երկրների միջև վերելքի մեջ են, կտրուկ աճել է ապրանքաշրջանառությունը: Ու, ընդհանրապես, ինձ ռուսական կողմը չի անհանգստացնում, մենք դրական տրենդ ունենք, դրական զարգացում: Անկասկած` մենք կաջակցենք միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման Վոլոդինի բոլոր նախաձեռնություններին: Ստանիսլավ Տարասով, REGNUM


Հ.Գ.
Ահա այսպիսի քառանկյուն` Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան-Թուրքիա: Իդեպ` Անթալիայում գտնվող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքել է թուրքական մամուլում տարածված լուրերին, թե իբր Եվրասիական պետությունների խորհրդարանների ղեկավարների երրորդ միջազգային համաժողովում վեճ է ծագել իր և Թուրքիայի խորհրդարանի նախագահի միջև. «Տարածված լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Իմ ելույթից հետո մեկ ժամից ավելի եղել եմ դահլիճում, ոչ Ասադովը, ոչ Յիլդիրիմը չեն արձագանքել իմ հայտարարությանը: Յօլդիրիմի և իմ միջև վեճ չի եղել: Դահլիճից դուրս եմ եկել բացառապես Կիպրոսի խնդրի հետ կապված, դրանից հետո կամ նիստից հետո, եթե իրենք որոշել են արձագանքել, դա իրենց խնդիրն է: Ի տարբերություն իրենց, ես բոլորի աչքերին նայելով եմ արտահայտվել, տեղյակ չեմ՝ ինձնից հետո խոսել են, թե՝ ոչ: Այս պահին ևս գտնվում եմ Թուրքիայում: Երեկոյան մասնակցել ենք պաշտոնական ընդունելությանը: Այնտեղ ևս որևէ մեկը ինձ չի հակաճառել։ Հետևաբար, վեճի մասին լուրերը հերքում եմ, քանի որ վեճը լինում է, եթե երկու կողմերը ներկա են լինում: Ինչ վերաբերում է հայտարարության տեքստին, դա լկտի սուտ է, հայտարարության տեքստի ժամանակ բոլորս այնտեղ ենք եղել, ես ևս ստորագրել ու քվեարկել եմ»:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3837

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ