Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Թրամփի ու Էրդողանի երկակի խաղը` որտե՞ղ է Ջամալ Հաշոգին

Թրամփի ու Էրդողանի երկակի խաղը` որտե՞ղ է Ջամալ Հաշոգին
18.10.2018 | 16:42

ԱՄՆ-ի ու Թուրքիայի նախագահները բացատրություն են պահանջում լրագրողի անհետացմանը` ջանալով պահպանել իրենց հարաբերությունները Էր Ռիադի հետ` գրում է Բենժամեն Բարտը Le Monde-ում: Հաշոգիի գործը արդեն երրորդ շաբաթն է ձգվում, Թուրքիան ու ԱՄՆ-ը ձգտում են ելք գտնել ճգնաժամից ու ինչ-որ փոխզիջում, որ թույլ կտա Էր Ռիադին դեմքը պահպանել` հաստատելով սաուդցի լրագրողի սպանությունը: Դա հետևում է հեռախոսային երկու խոսակցություններից, որ հոկտեմբերի 14-ին ու 15-ին վարել են Էրդողանն ու Թրամփը Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանի հետ: CNN-ի տվյալներով` մշակվել է սցենար, որ հայտնի լրագրողի մահը համարվի «սխալ հարցաքննության հետևանք», որ անցկացվել է «առանց թույլտվության` ոչ թափանցիկ գործողության ընթացքում»: Սալմանի ու Թրամփի զրույցից հետո, որ կայացավ շաբաթ օրը ԱՄՆ նախագահի «շատ խիստ պատժի» սպառնալիքից հետո, Էր Ռիադի վրա ճնշումը թուլացավ:


«Իմ` սովորաբար լավ տեղեկացված, աղբյուրները նավթային ընկերություններում արձանագրում են խիստ լարվածություն արքայական ընտանիքի ներսում,-ասում է Կառնեգի հիմնադրամում Մերձավոր Արևելքի փորձագետ Ջոզեֆ Բաուտը,-նրանք հասկացան, որ Մուհամեդ իբն Սալմանը սխալ է գործել ու հետդարձի ճանապարհ են փնտրում` դեմքը չկորցնելով»: Կարո՞ղ է Թուրքիան հաստատել «չվերահսկվող տարրերի» սցենարը, որ նշել էր Թրամփը: Լիովին հնարավոր է` գտնում է Բաուտը: Հայտարարելով, որ ցանկանում է լույս սփռել այս սկանդալի վրա` Էրդողանը զգուշանում է նավթային միապետությանը բացահայտ մեղադրելուց: Նրա խորհրդականներից մեկը նույնիսկ հիշատակեց, որ մի քանի օր առաջ առաջադրվել է շատ թե քիչ անկախ գործակալների սխալի վարկածը: «Թուրքաին հաճույքով կապրեր առանց այս ճգնաժամի,-գտնում է թուրք վերլուծաբան Սելիմ Սազակը` Century Foundation ամերիկյան ընկերության անդամը:- Երկիրը մտահոգված է տարադրամային դժվարություններով ու սիրիական դոսիեով, բավականաչափ խնդիրներ ունի, որ լուծում են պահանջում: Առավելևս որ Սաուդյան Արաբիան հզոր երկիր է ու վայելում է համարյա ամբողջ արաբական աշխարհի աջակցությունը: Էրդողանը, հավանաբար, բացատրել է Սալմանին, որ չի կարող հաստատել, թե ոչինչ չի կատարվել, բայց պետք է մշակեն միջանկյալ լուծում, որ սուդցիներին կազատի ստորացումից ու թուրքերին թույլ չի տա հիմար չերևալ»:
Բենժամեն Բարտ, Le Monde

Հ.Գ. Ի՞նչ կատարվել: Սաուդցի հայտնի լրագրող Ջամալ Հաշոգին, որ հայտնի էր թագավորության քաղաքականության քննադատությամբ և հեռացել էր երկրից: Հոկտեմբերի 2-ին նա մտել է Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն ու անհետացել: Թուրքական ԶԼՄ-ները գրում են, որ նրան տանջել են ու սպանել: Սաուդյան Սրաբիան իր առնչությունը հերքում է, Արևմուտքը պահանջում է հետաքննություն ու սպառնում է պատժամիջոցներով:
Հոկտեմբերի 2-ին ժամը 03.13-ին Սաուդյան Արաբիայից մասնավոր ինքնաթիռ է վայրէջք կատարել Ստամբուլի օդակայանում` սաուդցի 9 պաշտոնյաներով: Նրանք իջևանել են Ստամբուլում հյուպատոսարանին մերձակա հյուրանոցում ու տեղեկացրել են, որ 3 օր կմնան: 13.14-ին Ջամալ Հաշոգին մտել է հյուպատոսարան, նա իր բջջային երկու հեռախոսները թողել է հարսնացուի մոտ ու խնդրել օգնություն կանչել, եթե չվերադառնա: 16.00-ին հյուպատոսարանից դուրս են եկել 6 մեքենաներ: Եվս երկուսը ուղղվել եմ Սաուդյան Արաբիայի հյուպատոսի կեցավայր ու այնտեղ են մնացել 4 ժամ: Այդ օրը կեցավայրում աշխատող Թուրքիայի քաղաքացիներին ասել էին, որ աշխատանքի չգան: 17.15-ին ևս մեկ մասնավոր ինքնաթիռ է վայրէջք կատարել Ստամբոլում Սաուդյան Արաբիայից և մեկ ժամ հետո թռել է Կահիրե, այնտեղից` Էր Ռիադ: 22:46-ին սաուդյան առաջին ինքնաթիռը թռել է Դուբայ:
Հոկտեմբերի 3-ին Ջամալ Հաշոգիի հարսնացուն, ընկերներն ու բարեկամները հայտարարել են, որ նրա հետ ինչ-որ բան է պատահել հյուպատոսարանում: Թուրքիայի նախագահի մամլո քարտուղար Իբրահիմ Կալինը տեղեկացրել է, որ լրագրողը դեռ հյուպատոսարանում է ու հույս է հայտնել, որ շուտով իրավիճակը կպարզվի: Թուրքիայի ԱԳՆ-ն հրավիրել է Սաուդյան Արաբիայի դեսպանին` Հաշոգիի շուրջ ստեղծված իրավիճակի պարզաբանման համար: Թուրքական հեռուստատեսությունը հաղորդել է, որ դեսպանը հանդիպմանն ասել է` չգիտի, թե Հաշոգին որտեղ է: Սաուդյան Արաբիայի պաշտոնական ներկայացուցիչները հայտարարել են, որ Հաշոգին հյուպատոսարան եկել է ու կարճ ժամանակից հեռացել:
Հոկտեմբերի 4-ին Սաուդյան Արաբիայի քաղաքականության ու տնտեսության հարցերով քարտուղարի տեղակալը բանակցություններ է վարել Էր Ռիադում Թուրքիայի դեսպանի հետ` Հաշոգիի խնդրով:
Հոկտեմբերի 5-ին Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամեդ բին Սալմանը ասել է, որ պատրաստ է թույլ տալ թուրքական իշխանություններին խուզարկել սաուդյան հյուպատոսությունը Ստամբուլում: «Մենք ոչինչ չունենք թաքցնելու» ասել է արքայազնը Bloomberg-ին հարցազրույցում:


Հոկտեմբերի 6-ին Թուրքիան հետաքննություն է սկսել Հաշոգիի անհետացման փաստով: Reuters-ի անանուն աղբյուրների հաղորդումով` լրագրողին հյուպատոսարանում սպանել են ու այդ սպանությունը վաղուց ծրագրված է եղել: Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոս Մոհամես ալ Օտաիբին հայտարարել է, որ լրագրողը հյուպատոսարանում չէ: «Ես հաստատում եմ, որ Ջամալը ոչ հյուպատոսարանի տարածքում է, ոչ Սաուդյան Արաբիայում: Հյուպատոսարնն ու դեսպանությունը հիմա փորձում են նրան գտնել»` ասել է Օտաիբին:
Հոկտեմբերի 7-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարեց, որ անձամբ է հետևում հետաքննության ընթացքին: Հոկտեմբերի 8-ին Էրդողանը ասաց, որ սաուդյան կողմը պետք է ապացուցի, որ Հաշոգին դուրս է եկել հյուպատոսարանից. «Հյուպատոսարանի աշխատակիցները չեն կարող պատասխանատվությունից խուսափել` հայտարարելով «Նա այստեղից դուրս է եկել»: Հոկտեմբերի 9-ին Թուրքիայի ԱԳՆ մամլո խոսնակ Համի Աքսոյը հայտարարեց, որ Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքում խուզարկություն կլինի:
ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարեց, որ ԵՄ-ն ամբողջությամբ աջակցում է ԱՄՆ դիրքորոշմանը և սպասում է լրագրողի գործի հետաքննությանը: Իրենց անհանգստությունը հայտնեցին և Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն ու ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակը: ԱՄՆ-ում հայտարարեցին, որ որևէ տեղեկություն չունեն լրագրողի մասին, Դոնալդ Թրամթը խոստացավ հարցը քննարկել սաուդցի պաշտոնյաների հետ: Հոկտեմբերի 10-ին ԱՄՆ էներգետիկայի նախկին նախարար Էռնեստ Մոնիզը հայտարարեց, որ դադարեցնում է համագործակցությունը Սաուդյան Արաբիայի հետ մինչև անհետացած լրագրողի մասին տեղեկություններ չհայտնվեն: Մոնիզը սաուդյան NEOM նախագծի կառավարիչներից է, որի գինը 500 միլիարդ դոլար է: ԱՄՆ 22 սենատոր նամակ հղեցին նախագահին խնդրելով մտածել Սաուդյան Արաբիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին Հաշոգիի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով:
Հոկտեմբերի 11-ին թուրքական մամուլը գրեց, որ իշխանություններն ունեն տեսա և լսաձայնագրություններ` ինչպես են Հաշոգիին հարցաքննել, տանջել ու սպանել` հյուպատոսարան մտնելուց հետո: Հաղորդվում էր, որ նրա մարմինն անդամահատել են: Ապացույցներ առայժմ չկան: Թուրքիան ընդունեց Սաուդյան Արաբիայի առաջարկը` համատեղ աշխատանքային խումբ ստեղծել լրագրողի անհետացումը հետաքննելու նպատակով: Թրամփը հայտարարեց, որ խոչընդոտներ չի տեսնում Հաշոգիի պատճառով սաուդյան ներդրումներն արգելակելու համար, այլապես դրանք կուղղվեն Ռուսաստան կամ Չինաստան: ԱՄՆ Կոնգրեսը ուժեղացրեց ճնշումը ԱՄՆ զենքը սուդյան Արաբիային վաճառելու որոշման դեմ, բայց Թրամփը դեմ է սահմանափակումներին: Բրիտանացի միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնը հայտարարեց, որ կասեցնում է Սաուդյան Արաբիայի հետ բանակցությունները տիեզերական ծրագրում միլիարդավոր ներդրումների պայմանագրի հարցով: Լրագրողներն ու մեդիաընկերությունները հրաժարվեցին Էր Ռիադում «Ապագայի ներդրումային նախաձեռնությունը» համաժողովին մասնակցությունից: Նրանց թվում` Bloomberg-ը, CNBC-ին, The Economist-ը, The New York Times-ը, The Financial Times-ը: Uber-ի ղեկավարը հրաժարվեց մամլո ասուլիսից:


Էրդողանը, ավարտելով Հունգարիա այցը, ինքնաթիռում հայտարարեց. «Մենք կհետաքննենք Հաշոգիի գործի բոլոր հանգամանքները, Նման դեպքերում Թուրքիան չի կարող լռել»: Նա կասկած հայտնեց, որ սաուդյան կողմը, ինչպես պնդում է, չունի հյուպատոսարանի ներսում կատարված տեսաձայնագրություններ: «Դուք ընդհանրապես պատկերացնու՞մ եք, որ այնտեղ տեսախցիկներ չեն եղել»` հարցրեց նա: Այնուամենայնիվ, չնայած Կատարի ճգնաժամի պատճառով լարված հարաբերություններին, Էրդողանը կտրուկ հայտարարություններ չի անում Էր Ռիադի հասցեին:


Հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասաց, որ սպասում է կատարվածի «լիակատար պարզաբանմանը»: Սաուդյան Արաբիայի ներքին գործերի նախարարը հայտարարեց, որ Հաշոգիի սպանության մեղադանքը «սուտ է» է իր երկրի կառավարության հասցեին:
Հոկտեմբերի 13-ին թուրքական մամուլը հաղորդեց, որ իշխանությունները գտել են Հաշոգիի Apple Watch ժամացույցով արված ձայնագրությունը, որը իբր հաստատում է նրան կտտանքների ենթարկելն ու սպանելը: Ժամացույցը սինխրոնացված էր հեռախոսի հետ, որ Հաշոգին տվել էր հարսնացուին: Փորձագետներն ասում են, որ քննիչները հազիվ թե կարողանան ժամացույցից ձայնագրություն ստանալ տեխնիկական պատճառներով, բայց չեն վիճարկում ձայնագրության գոյությունը: ԱՄՆ նախագահը CBS News-ին հարցազրույցում ասաց, որ Սուդյան Արաբիան «խստորեն կպատժվի», եթե պարզվի, որ լրագրողն իրոք սպանվել է հյուպատոսարանում: Նույն օրը նա հայտարարեց, որ ԱՄՆ-ը «ինքն իրեն կպատժի», եթե դադարեցնի Էր Ռիադին զենքի վաճառքը:


Հոկտեմբերի 14-ին Սաուդյան Արաբիայի ֆոնդային շուկան 7 տոկոսով անկում գրանցեց` 2014-ի դեկտեմբերից հետո առաջին անգամ, երբ նավթի գինն ընկավ: Թագավորությունը հայտարարեց, որ կպատասխանի Հաշոգիի հետ կապված ցանկացած պատժամիջոցի: Իշխանությունները շնորհակալություն հայտնեցին այլ երկրների կառավարություններին, այդ թվում ԱՄՆ-ի, «հապճեպ եզրակացություններից ձեռնպահ մնալու համար»: Թագավոր Սալման բին Աբդուլազիզ Ալ Սաուդը հեռախոսային բանակցություններ ունեցավ Էրդողանի հետ ու հայտարարեց, որ երկու երկրների հարաբերություններն ամուր են մնում: Հոկտեմբերի 15-ին թագավորը հրամայեց դատախազությանը ներքին հետաքննություն սկսել Հաշոգիի անհետացման գործով: ԶԼՄ-ների թուրք աղբյուրները հաղորդեցին, որ սաուդա-թուրքական աշխատանքային խումբը խուզարկություն կանցկացնի Ստամբուլի հյուպատոսարանում հետաքննության շրջանակներում: ԶԼՄ-ներում հայտնվեցին կադրեր, որ քննիչների գալուց առաջ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան են մտնում մի խումբ մարդիկ` ենթադրաբար կլինինգային ընկերությունից իրենց սարքավորումներով: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաղորդեց, որ լրագրողին կարող էին սպանել ինքնուրույն գործած քիլերները:
Հոկտեմբերի 16-ին սաուդյան հյուպատոսարանում 8 ժամ տևած խուզարկությունն ավարտվեց, ոստիկանության տվյալներով` շենքի փորձանմուշներից բացի քննիչները նմուշներ են վերցրել հյուպատոսարանի այգու հողից, նաև մետաղե դուռը: Թուրքիայի ԱԳ նախարարը հաղորդեց, որ խուզարկություն կկատավի նաև հյուպատոսի Ստամբուլի կեցավայրում, նաև հյուպատոսարանին պատկանող մեքենաներում: Իսկ հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետքարտուղար Մայք Պոմպեոյին հանձնարարեց մեկնել Սաուդյան Արաբիա և տեղեկություններ ստանալ լրագրող Ջամալ Հաշոգիի առեղծվածային անհետացման մասին: Էր Ռիադից Մայք Պոմպեոն Անկարա մեկնեց Էրդողանի հետ բանակցելու ու նրան հանդիպեց Անկարայի Էսենբողա օդանավակայանում: Բանակցությունները տևցին 40 րոպե և Էրդողանը թռավ Քիշինյով:


Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բին Աբդուլ Ազիզ Ալ Սաուդի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հանդիպումից հետո Պետդեպի խոսնակ Հիզեր Նոյերթը ասաց, որ թագավորը պարտավորվել է աջակցել Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն մուտք գործելուց հետո անհայտ կորած սաուդացի հայտնի ընդդիմադիր լրագրող, The Washington Post-ի թղթակից Ջամալ Հաշոգիի գործի բացահայտմանը: ՄԱԿ-ի մարդու իրավունքների նորանշանակ գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը պահանջել է դիվանագիտական անձեռնմխելիությունից զրկել Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության անձնակազմին` դա կօգնի հետաքննությանն ավելի ստույգ ու օբյեկտիվ տվյալներ ձեռք բերել: The Independent-ը հայտնում է, որ լրագրողի անհետացման պատճառով Մեծ Բրիտանիան նույնպես կարող է պատժամիջոցներ կիրառել սաուդցի պաշտոնյաների դեմ։
Արդեն 16-րդ օրն է մի քանի պետություն չեն կարողանում պարզել` որտե՞ղ է Ջամալ Հաշոգին, կամ նրա դին, եթե սպանվել է: Թե՞ չեն ուզում: Լրագրողի սպանությունը դադարել է քրեական գործ լինել ու դարձել է քաղաքական առևտրի առարկա, որտեղ բոլոր կողմերը դեմքը փրկելու խնդիրն են լուծում: Փաստացի` Հաշոգիին այլևս ոչ ոք չի էլ որոնում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2079

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ