Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ամեն ինչ անփոփոխ է կամ ամեն ինչ փոխվում է

Ամեն ինչ անփոփոխ է կամ ամեն ինչ փոխվում է
19.10.2018 | 00:59

Կեցության գլխավոր բանավեճերը մեր թվարկությունից առաջ են սկսվել, ու մեր թվարկությունից առաջ են բանաձևվել երկու հիմնական հայեցակարգերը: Մ.թ.ա. 540-ին է ծնվել Էլեացի Պարմենիդեսը: «Բնության մասին» նրա աշխատությունը էլեական փիլիսոփայության հիմքն է: Նրան են համարում կեցության ու գիտակցության հարցերի սկզբնավորողը: Պարմենիդեսը պնդում էր, որ կեցությունից բացի ոչինչ չկա, և մտածողությունն ու մտածածը կեցություն են, որովհետև ոչնչի մասին մտածել հնարավոր չէ: Կեցությունը անշարժ է, միատարր, կատարյալ ու սահմանափակ, գնդաձև: Միով բանիվ` ամեն ինչ անփոփոխ է, ոչինչ չի անցնում: Ճշմարտության չափանիշ նա համարում էր բանականությունը և մերժում էր զգացողությունները, որ ճշգրիտ չեն: Մ.թ.ա. 544-ին է ծնվել հեփեսոսցի Հերակլիտեսը, նրան համարում են դիալեկտիկայի հայրը: Պահպանված միակ աշխատությունը նույնպես կոչվում է «Բնության մասին»: Նա է բանաձևել «Ամեն ինչ հոսում է, ամեն ինչ փոխվում»: Նա ամեն ինչի հիմքում տեսնում էր կրակը ու կրակն էր համարում սկիզբ կամ նախնական մատերիայի հիմք: Հերակլիտեսն է սահմանել հակադրամիասնության օրենքը: Նա համարում էր, որ մարդու գլխավոր ունակությունը ճշմարտությունը ճանաչելն է: Բանականությունն է ճշմարտության չափանիշը, որ դասակարգում է իրերն ու իրադարձությունները: «Ամեն ինչ անփոփոխ է, ու ոչինչ չի անցնում»` Պարմենիդես, «Ամեն ինչ հոսում է, ամեն ինչ փոխվում»` Հերակլիտես: Սա հենց այնպես` մտածողությունը մարզելու համար:


Գիտակցությունից անցնենք կեցության: Հոկտեմբերի 16-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց: Տեխնիկական: Տուրք Սահմանադրությանը, որ իրավական այլ ճանապարհ չի թողնում ԱԺ արտահերթ ընտրությունների համար: Նա, ինչպես և կառավարությունը իր նորանշանակ նախարարներով, շարունակելու է պաշտոնավարել, և գործնականում միայն «պաշտոնակատար» բառն է հավելվել վարչապետի ու նախարարների անուններին, մնացածն անփոփոխ է: Հարկավ, հնչել ու հնչում են ռիսկերի նախազգուշացումներ: Գործնականում ռիսկերը վերացված են, եթե չստեղծվի ֆորս մաժոր: Ֆորսի ու մաժորի համար էլ նախադրյալներ են պետք, իսկ ներքաղաքական դաշտում կամիկաձեներ չեն մնացել: Համարյա բոլոր գործող ու չգործող անձինք հայտարարել են, որ իրենց վրա հույս չդնեն: Կա՞ արտաքին միջամտության վտանգ: Իհարկե` կա: Հայաստանի վարչապետի լեգիտիմությունը բնազդային ինքնապահպանման խնդիր է առաջացնում ԵԱՏՄ տարածքում, հավելեք հակակոռուպցիոն ու հակամենաշնորհային քաղաքականությունը, որ սպառնալիք է ռուսական ազդեցության ստվերային մեխանիզմներին։ Երբ ռուս փորձագետներն ու նրանց տեղական խոսափողները մտահոգվում են Հայաստանում քաղաքական մենաշնորհի հաստատումով, բնավ հայկական ժողովրդավարության լացը չեն լացում: ԱԺ արտահերթ ընտրություններից հետո Մոսկվան Հայաստանի իշխանության ու ընդդիմության մեջ կորցնում է հենարանն ու վերահսկողության հնարավորությունը: Ընդդիմության առանցքի շինարարության մեջ Մոսկվան ձախողվեց Հայաստանում, մնում է մեծ ու փոքր տհաճությունների մարտավարությունը, որ հաջողություն չի խոստանում և մատնահետքեր է թողնում:


Հոկտեմբերի 2-16-ին խորհրդարանական քաղաքական ուժերը արագացված ժամանակի միջով անցան` հընթացս հաստատելով, որ ամեն ինչ փոխվում է, ու ոչինչ չի փոխվում: Թե քանի՞ հայտարարություն այս օրերին հնչեց, թող ապագայի պատմաբանները հաշվեն, ներկան արձանագրում է, որ դեկտեմբերին լինելու են Աժ արտահերթ ընտրություններ, ու հիմա քաղաքական օրակարգի առաջին հարց է դարձել Ընտրական օրենսգիրքը: Կառավարությունը հավանություն է տվել Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթին, որ արդեն հոկտեմբերի 23-ին կարող է Աժ-ում ընդունված լինել։ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը փաթեթի կարևորագույն նպատակ է համարում Հայաստանում ժողովրդավարական ընտրական ինստիտուտի կայացումը։

Ընտրական օրենսգրքում և հարակից օրենքներում լրացումներով ու փոփոխություններով լուծվում են թեկնածուների տարածքային ցուցակների վերացման, պարզ համամասնական ընտրակարգի ընդունման, կոալիցիաների ձևավորման սահմանափակումների վերացման, 6 օրից 10 օրվա ընդլայնման, բազմակարծության ապահովման նպատակով կուսակցությունների ընտրվելու նվազագույն շեմի նախկին 5 տոկոսի փոխարեն 4-ի իջեցման, դաշինքների` 7-ի փոխարեն 6 տոկոսի իջեցման, ընտրագրավի նվազման խնդիրները:
Հոկտեմբերի 22-ին Աժ-ն կառավարության առաջարկով արտահերթ նիստ կգումարի` օրակարգում ունենալով Ընտրական օրենսգրքի և այլ օրենքներում փոփոխությունների փաթեթը: Վարչապետն ու առաջին փոխվարչապետը համարյա մեկ օր խորհրդարանում անցկացրին: Քաղաքական ուժերի հետ հանդիպումների մեջ: Կողմերի տպավորությունները` ըստ Պարմենիդեսի ու Հերակլիտեսի գլխավոր թեզերի: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին մտահոգում է ԸՕ-ի քննարկման շտապողականությունը։ Վիգեն Սարգսյանը հապճեպությունը բացատրում է նպաստավոր պայմաններով. «Այսօր գործադիր իշխանություն ունեցող քաղաքական ուժը համարում է, որ նպաստավոր պայմաններ են իր համար ընտրություններ անցկացնելու և դիմում է մի քայլի, որը մեծ վնաս է հասցնում ժողովրդավարությանն ու Հայաստանում քաղաքական կուսակցությունների կայացման գործընթացին»: ՀՀԿ-ից ոչ ոք չգիտի` կուսակցությունը կմասնակցի՞ ընտրություններին:

Նրանք միայն անձնական տեսակետներն են հիմնավորում` ընդհանուր հայտարարում ունենալով «այո»-ն: Հիմնավորումները իրարամերժ են, բայց գլխավորը այլ հարց է` Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, որոնցով նախատեսված է նաև, որ ԱԺ-ում պետք է լինեն նվազագույնը 4 կուսակցություններ, նշանակում է, որ նույնիսկ 2-3 տոկոս ձայն հավաքածները կարող են ԱԺ մտնել: Սա գեղեցիկ խայծ է, որ ՀՀԿ-ն կողմ քվեարկի` քաղաքական գործընթացից դուրս չմնալու համար: Այլ հարթության քննարկում է, թե ՀՀԿ-ին ի՞նչ է պետք` սոսկ ներկայացվածությու՞ն ԱԺ-ում, թե՞ դադար վերցնելով` կուսակցության վերակազմավորում` վերից վար ու հիմնովին:
ՀՅԴ-ն վարչապետի հետ հանդիպմանը` ի պատասխան նրա հույսի, որ «քաղաքական գործընթացները և քաղաքական իրավիճակը կընթանան համագործակցության շարունակության տրամաբանությամբ», Արմեն Ռուստամյանի շուրթերով ասաց. «ՀՅԴ-ն այն կուսակցությունն է, որ անկախ նրանից, թե ինչպիսի զարգացումներ տեղի կունենան ներքաղաքական առումով, մենք հստակ ունենք մեր գաղափարներն ու քաղաքական դիրքորոշումները, որոնք անփոփոխ են մնալու: Մենք վստահ ենք, որ ի շահ մեր երկրի առջև կանգնած թե ներքին, թե արտաքին մարտահրավերների լուծման, անկախ հետագա որևէ դասավարումից՝ մենք, միևնույն է, պետք է շարունակենք միմյանց հետ համագործակցել ի շահ մեր երկրի, մեր պետության: ՀՅԴ լիարժեք աջակցությունը միշտ եղել է և կլինի»: Արմեն Ռուստամյանը նաև ոսկի խոսքեր է ասել. «Հեղափոխությունն ունի փուլեր, որ պետք է անցնի:

Մեզ համար մերժման փուլը նույնպես շատ կարևոր էր, որը ենթադրում էր մերժել անցյալի բոլոր բացթողումները, սխալները: Պետք է կարողանալ վերադասավորվել և անցնել արագ կառուցման, և այդտեղ մեր ամբողջական աջակցության վրա Դուք կարող եք միշտ հույս ունենալ»: Ահա ևս մեկ պատճառ, թե ինչու է ԸՕ-ն փոփոխվում` հօգուտ կուսակցությունների թվի մեծացման: Ի վերջո, դա նաև ՔՊ-ին է ձեռնտու, մյուս կուսակցությունների մանդատները պտտվում են 30 տոկոսի շրջանակներում, իսկ 3 կուսակցության պարագայում ենթադրյալ ընդդիմադիր կուսակցություններն ունենում են 15+15 տոկոս` պլյուս-մինուսով, որ նրանց գործոն է դարձնում` չմանրելով մանդատով ընձեռված հնարավորությունները, երբ 30-ը բաժանվում է 2-ի, ոչ թե 3-ի, 4-ի կամ 5-ի: Այս պարագայում բացատրությունը, որ փոխարենը մեծանում է կուսակցությունների` հանձնաժողովներում ներկայացվածության քվոտան, առանձնապես կարևոր չէ ու հակակշիռ չի ստեղծում` ՔՊ-ի մեծամասնության պատճառով: Փաստացի, եթե ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն այս խայծը կուլ են տալիս, հավելեք նաև «Ելքի» ձայները, որ ի սկզբանե կողմ էր արտահերթ ընտրություններին ու նոր Ընտրական օրենսգրքի ընդունմանը, ԲՀԿ-ի ձայներն այնքան էլ պետք չեն: ԲՀԿ-ն պատճառ ունի ԸՕ-ի փոփոխությունները չընդունելու, թեպետ հրապարակավ չի կարող հայտարարել ու կորոնի այլ հիմնավորումներ, ասենք, իրենց բոլոր առաջարկները չեն ներառվել ԸՕ փոփոխությունների մեջ, գործող Ընտրական օրենսգրքի ռեյտինգային քվեարկության հնարավորությունը, որ շատ հարմար է ԲՀԿ-ին` քվեներ հավաքելու համար: Վարչապետի հետ ԲՀԿ նախագահի ստորագրած հուշագի՞րը: ԲՀԿ-ն Գևորգ Պետրոսյանի շուրթերով ասում է. «Մենք ունենք որոշակի պնդումներ, որոնք անելու ենք նաև հուշագրից հետո, և նաև որոշակի առումով հղկում է մտցնում խմբակցության քաղաքական հավակնությունների, դիրքորոշումների մեջ, քանի որ հուշագիրը լայն փաստաթուղթ է»: Գևորգ Պետրոսյանը վստահ է. «ԲՀԿ-ն այսօր բարձր վարկանիշ ու վստահություն ունի հասարակության շրջանում, դա հիմք է տալիս ողջամտորեն հուսալու, որ մենք կունենանք բավական պատկառելի ներկայացվածություն»: Երևանում ավագանու ընտրությունները դժվար այդ լավատեսությունը ներշնչեին, ԲՀԿ-ի հույսը մարզերն են, որտեղ Գագիկ Ծառուկյանի բարեգործությունը լավ հիշողություններ ու երախտագիտության զգացումներ է թողել:


Հոկտեմբերի 16-ին կառավարության արտահերթ նիստում Նիկոլ Փաշինյանը արեց Հայաստանի ապագայի համար կարևոր հայտարարություն, որ աղոտ հույսեր է ներշնչում` հնարավոր է ժամանակի մեջ Նիկոլ Փաշինյանը քաղաքական գործչից պետական գործիչ դառնա` հաղթահարելով կուսակցապետի գերակայությունը վարչապետի վրա: Բացատրելով նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու որոշումը` նա կարևորեց քաղաքական ռասիզմի բացառումը: Ճիշտ արեց, բայց դա առաջին հերթին ինքն իրեն ուղղված խոսք էր` ո՞վ էր սևերի ու սպիտակների բաժանում կուսակցական դաշտը, ուրեմն և հանրությանը, որ ձայն էր տալու այդ կուսակցություններին: Ո՞վ էր ինքնամոռաց խրամատներ փորում «Իմ քայլի» հանրահավաքներում` ճարտասանության ու ձայնի հերն անիծելու հաշվին: Երբ հանրային որևէ դեմք իրեն թույլ է տալիս հասարակական կարծիքի հետ խաղալ ու քաջ Նազարի պես մեկ էս դիհը, մեկ էն դիհը անցնելու հրահանգներ տալ, արդեն դժվար է հավատալ, երբ ասում է. «Գալիս է լիարժեք համախմբման ժամանակը, կա բարիկադներ կառուցելու ու այդ բարիկադները ապամոնտաժելու ժամանակ»: Ավելի ազնիվ է ասել` պատրաստ չէի, ես էլ չէի հավատում, որ հեղափոխություն կլինի ու վարչապետ կդառնամ, կադրեր չունեմ: Հետո հիշեցնել, որ չեն հրաժարվում պետական կառավարման համակարգի օպտիմալացման և ավելի արդյունավետ կառավարություն ունենալու տրամաբանությունից: Առանցքայինը տրամաբանություն բառն է: Մինչև այսօր գործած «տրամաբանությունը» չի կարող ընտրություններից հետո գործել: Արդեն պետական կառավարման ամբողջ պատասխանատվությունը ստանձնած` Նիկոլ Փաշինյանը չի կարող իրեն թույլ տալ ոլորտներն ավերող նախարարներ ունենալ, որ բացի ՔՊ-ի հետ ինչ-որ կապ ունենալուց որևէ այլ արժանիք, մասնագիտական ու կառավարման հմտություններ չունեն` սկսած սփյուռքի նախարարից մինչև առողջապահության: Կադրային քաղաքականությունը չպիտի լինի այլևս նրա աքիլեսյան գարշապարը: Անցումային շրջանում ներվում էր, ընտրություններից հետո չի ներվի: Նիկոլ Փաշինյանը չպիտի բոլորի գործն անի ու նետվի ամեն տեղ, որտեղ իր նշանակած կադրերը ձախողվում են: Ոչ մի հեղափոխություն անվավեր չի դարձնում պրոֆեսիոնալիզմը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Այս ամենը և ժամանակի մեջ ի հայտ եկող ևս մի քանի իրողություններ ու փաստեր կհամոզեն, որ մ.թ.ա. 500-ականներին սկսված Պարմենիդեսի ու Հերակլիտեսի բանավեճն անվերջ է, որովհետև և «Ամեն ինչ անփոփոխ է ու ոչինչ չի անցնում», և «Ամեն ինչ հոսում է, ամեն ինչ փոխվում»: Նայած` նպատակահարմարության: Այս դեպքում` քաղաքական: ՈՒ ֆիզիկոսներն այդպես էլ չեն գտնելու բացատրությունը Զենոնի առեղծվածի` ինչու՞ արագավազ Աքիլեսը չի կարողանում առաջ անցնել դանդաղաշարժ կրիայից: Արդեն 2600 տարի: Համենայն դեպս` քաղաքականության մեջ: Կյանքում էլ: Երբ ելակետերը տարբեր են, հարթությունները չեն հատվում:

Դիտվել է՝ 2682

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ