Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ի՞նչ խորհրդարան է ուզում Նիկոլ Փաշինյանը

Ի՞նչ խորհրդարան է ուզում Նիկոլ Փաշինյանը
31.10.2018 | 09:21

Երեկ ժամը 18-ին լրացավ վարչապետի թեկնածուների առաջադրման ժամկետը, միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է։ Աժ 43 պատգամավորներ նրան երկրորդ անգամ առաջադրեցին վարչապետի թեկնածու: Առաջին ընտրության դեպքում վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունքը բոլոր խմբակցություններն ունեին, երկրորդ անգամ թեկնածու կարող էր առաջադրել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը՝ 35-ը: Հավաքվել է 43 ստորագրություն` «Ելքին», «Ծառուկյան» դաշինքին միացել են ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավորներ: Նպատակը այս անգամ ևս Փաշինյանի չընտրվելն է։ Գործող Աժ-ն կարձակվի, եթե երկու անգամ չընտրի վարչապետ: Առաջին անգամ չընտրեց հոկտեմբերի 24-ին: Նորից չի ընտրելու: Նախ` «Ելք»-ի պատգամավոր Ալեն Սիմոնյանը ասում էր, որ եթե այլ առաջադրումներ չլինեն, Փաշինյանի թեկնածությունը չեն առաջադրի, բայց մտքները փոխեցին և վարչապետի պաշտոնակատար ու վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը նորից կգա խորհրդարան, ելույթ կունենա, կպատասխանի պատգամավորների հարցերին: Բնական է` պոպուլիստ ու ակտիվիստ Նիկոլ Փաշինյանը առիթը բաց չի թողնի ասելու այն` ինչ արդեն բազմիցս ասել է: Այս անգամ, թերևս, գնահատական տա նաև Ընտրական օրենսգրքի չընդունմանը ու վերահաստատի, որ ՔՊ-ի համար մեկ է` հին, թե նոր օրենսգրքով կգնա ընտրությունների, կարևորը քաղաքական կամքն է` ժողովրդի հաղթանակն է, որ ոչ ոք նրանից խլել չի կարող և այլն, և այլն… «Խոնարհվում եմ ձեր առաջ Հայաստանի հպարտ քաղաքացիներ, համբուրում եմ ձեզ…» շարքից: Վարչապետի ընտրության հարցով հատուկ նիստը կլինի նոյեմբերի 1-ին, ժամը 12.00-ին:
Իսկ մյուս խմբակցություննե՞րը:


ՀՅԴ-ն բնավ մեղքի զգացում չունի ձախողված Ընտրական օրենսգրքի համար:
Արմենուհի Կյուրեղյանը, օրինակ, ասում էր` իսկ ո՞վ էր ասել, որ ՀՅԴ-ն ամբողջ կազմով պիտի կողմ քվեարկի: ՀՅԴ-ականներն էլ կգնան ընտրությունների հաղթելու համար: Դա նախընտրական քաղտեխնոլոգիա է` բոլոր կուսակցություններն են հայտարարելու, որ պայքարում են հաղթելու ու մեծամասնություն լինելու համար: Ո՞ր զինվորն է մարտի գնում պարտվելու: Իվերջո` խորհրդարանի ընտրությունը այն մարտն է, որտեղ նվազագույնը երեք հաղթող լինելու է` գործող օրենսգրքով: Կարող էր` չորսը լինել, բայց 6-րդ գումարման ԱԺ-ն մերժեց նոր օրենսգիրքը, որ հին կանոններով ընտրվի 7-րդ գումարման ԱԺ-ն:
«Ծառուկյան» խմբակցությունը արդեն սպառիչ պատասխանել է բոլոր հարցերին` երբ խորհրդարանում էր Գագիկ Ծառուկյանը: Ընտրությունների են գնալու Գագիկ Ծառուկյանի ձեռամբ կազմած ցուցակով, Ծառուկյանն այլևս օլիգարխ չէ` կառավարման է հանձնել ունեցվածքը ու քաղաքական գործիչ է, որ հավակնում է խորհրդարանական ընտրություններում հաղթանակի: Եթե ոչ իր, կուսակիցների կարծիքով: ԲՀԿ-ն հույս ունի, որ նոյեմբերի 1-ին ֆորս մաժորներ չեն լինի և ՀՀԿ-ն պերմանենտ սուիցիդի ճանապարհով չի գնա:


ՀՀԿ մամուլի խոսնակ, Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը արդեն ասել է. «Դեմ լինելով դեկտեմբերին հապճեպ ընտրություններին, այնուամենայնիվ մենք չենք պատրաստվում կողմ քվեարկել Փաշինյանի վարչապետությանը»։ Իզուր: Շատ իզուր: ՀՀԿ-ն հանգիստ կարող է կողմ քվեարկել ուՆիկոլ Փաշինյանին ընտրել վարչապետ` միանգամից փակելով արտահերթ ընտրությունների հարցը: Դա իսկապես կլինի ուժի ցուցադրություն: Միևնույն է` Ընտրական օրենսգրքի նախագծին երկրորդ անգամ չքվեարկելով` ՀՀԿ-ն ապացուցեց, որ խորապես անտարբեր է, թե ինչ է մտածում իր մասին ընտրողն ընտրություններից առաջ: Առավելևս, որ մասնակցելով ընտրություններին` ՀՀԿ-ն թիրախ է դառնալու մյուս կուսակցությունների համար, որ իրենց ընտրարշավը կազմակերպելու են «նախորդ հանցավոր ռեժիմի» դեմ պայքարի սկզբունքի հիման վրա` հիմնականում այլ ասելիք չունենալով: Արդեն հիմա ԲՀԿ պատգամավորները իրենց ելույթներում ու հայտարարություններում բացեիբաց սկսել են ընտրարշավը այդ ոգով: Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելով` ՀՀԿ-ն միանգամից իրավիճակ է փոխում: Փողո՞ցը: Նիկոլ Փաշինյանը մի քանի ժամում մարդկանց կլցնի Բաղրամյան 19-ը ու այդ նպատակով էլ հոկտեմբերի 2-ից բաց է պահում Աժ դարպասնե՞րը: Հետո ի՞նչ: Թեկնածուն առաջադրվել ու ընտրվել է` ոչ մի օրենք չխախտելով, իսկ բանավոր պայմանավորվածությունը քաղաքական կատեգորիա չէ: Բայց ՀՀԿ-ն դա չի անի ոչ թե Նիկոլ Փաշինյանին կամ ինքն իր խոսքը հարգելով, այլ` չափազանց պահպանողական ու ծեր լինելով` նման քայլի համար: Փոխարենը ՀՀԿ-ն սկսել է ավելի ու ավելի բարձրաձայն խոսել իր հավակնություններից` ոչ թե 3-րդը կամ 4-րդը լինելու, այլ… Հիշեք քաղտեխնոլոգիայի օրենքը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Կառավարությանն առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր. «Ընտրական օրենսգրքի ընդունումը, ի հեճուկս հեղափոխության հիմնական քայլերից մեկը լինելու հանգամանքի, պատշաճ տեղ չի գրավել վարչապետի առաջնահերթություններում: Նման պայմաններում զարմանալի չէ, որ ՀՀԿ-ին (ու մի քիչ էլ ՀՅԴ-ին) հաջողվեց տապալել նախագծի ընդունումը: Ավելի լավ (և հեղափոխության հռչակված քայլերին համապատասխան) կլիներ ընտրությունները անցկացնել գարնանը՝ բարեփոխված Ընտրական օրենսգրքով, քան հիմա՝ հնով:


Արդյունքում կրկին ունենալու ենք կիսաքաղաքական և կիսաթաղային ընտրություններ: Քաղաքական մշակույթի զարգացումն էլ մի 5 տարով հետ է ընկնելու»: Դանիել Իոանիսյանին ոչ ոք չառարկեց: Իսկ գուցե հենց դա էր Նիկոլ Փաշինյանի ցանկությու՞նը: Ո՞վ ասաց, որ նա պատրաստ է վարչապետ լինել մի երկրում, որի խորհրդարանը կիսաքաղաքական ու կիսաթաղային չէ, այլ` քաղաքական ու սկզբունքային:

Դիտվել է՝ 4800

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ