Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Նոր Կալեդոնիան դեմ է անկախությանը

Նոր Կալեդոնիան դեմ է անկախությանը
05.11.2018 | 09:21

Նոր Կալեդոնիայում նոյեմբերի 4-ին Ֆրանսիայից անկախության հանրաքվե անցկացվեց: Քվեաթերթիկների 95%-ի մշակումից հետո արշիպելագի բնակիչների 56,8%-ը դեմ է անկախությանը: Հանրաքվեին մասնակցել է 80%` 2014-ի տեղական ընտրությունների մասնակիցներից մեկ քառորդով ավելի: Արշիպելագում բացվել էր 283 ընտրատեղամաս: France-Presse-ը հաղորդում է, որ մայրաքաղաք Նումեայում ընտրատեղամասերում երկար հերթեր էին: Ընտրելու իրավունք ունեին 268000 ընտրողներից 17400-ը` ընտրացուցակների կազմման բարդ համակարգի պատճառով, որ հաշվի է առնում տեղում բնակվելու 10 տարվա պահանջը և մի շարք այլ գործոններ, թույլ չեն տալիս քվեարկել ֆրանսիացիներին, որ Նոր Կալեդոնիայում են բնակվում 1998-ից հետո: Քվեարկության արդյունքները խիստ տարբերվում էին տարբեր շրջաններում` արշիպելագի հյուսիսի ու հարավի ամենամեծ կղզու առանձին ընտրատեղամասերում անկախությանը կողմ է քվեարկել մասնակիցների 90%-ը: Քվեարկությունը Նոր Կալեդոնիայում անցնում էր իրավապահ մարմինների խստացված վերահսկողությամբ` հանրաքվեի մասնակիցների անվտանգությունն ապահովում էին 1430 ժանդարմներ: Ակտիվիստների ու իշխանության բախումները կանխելու համար արշիպելագում արգելել էին ալկոհոլի վաճառքը կիրակի օրը: Միջանկյալ արդյունքների հրապարակումից հետո Նումեայում սկսվեցին անկարգություններ: France-Info-ն տեղեկացրեց, որ քաղաքի աղքատ թաղամասերում 7 մեքենա է այրվել:


Նոր Կալեդոնիան Ֆրանսիայի կայսրության մաս է դարձել 1853-ին: 1946-ին արշիպելագը ստացել է Ֆրանսիայի անդրծովյան տարածքի կարգավիճակ: Անկախության շարժումը սկսվել է 1970-ականներին: Նոր Կալեդոնիայի անջատման կողմնակիցները սուր կոնֆլիկտի մեջ էին Ֆրանսիայի կառավարության հետ: 1988-ին անջատողականները պատանդ վերցրին Ուվեա կղզու ժանդարմներին, հարձակման ժամանակ 21 մարդ զոհվեց` 19-ը անկախականներից: 1998-ին Ֆրանսիան ստորագրեց Նումեայի համաձայնագիրը, որով արշիպելագի բնակիչները ստանում էին նշանակալից ինքնավարություն և անկախության հանրաքվեի անցկացման իրավունք մինչև 2018-ի նոյեմբեր: Եթե բնակիչները Ֆրանսիայից Նոր Կալեդոնիայի անջատման դեմ քվեարկեն, ակտիվիստները իրավունք ունեն ևս երկու հանրաքվե անցկացնել մինչև 2022-ը:
RFI


Հ.Գ. Ելիսեյան պալատում ուշադիր հետևում էին հանրաքվեին և արդյունքների հրապարակումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ասաց. «Մեծամասնությունը կողմ է, որ Նոր Կալեդոնիան մնա ֆրանսիական: Ես մեծագույն հպարտություն եմ ապրում, որ մենք միասին անցանք այս պատմական փուլը»: «Իբրև նախագահ` ես հպարտ եմ, որ Նոր Կալեդոնիայի բնակիչների մեծ մասն ընտրեց Ֆրանսիան: Յուրաքանչյուրը պետք է այդ հպարտությունը զգա ու կիսի,-հայտարարեց Մակրոնը:- Միակ պարտվածն այսօր արհամարհանքը, դաժանությունը, վախն ու բաժանությունն են»: Նախագահը ընդգծեց, որ հանրաքվեի անցկացմանը Ֆրանսիայի կառավարությունը չեզոքություն է պահպանել և հնարավորություն է տվել միջազգային դիտորդներին ներկա լինել քվեարկությանը: «Կառավարությունն առաջարկում է Նոր Կալեդոնիայի բոլոր քաղաքական ուժերին առաջիկայում հանդիպել: Սկսած վաղվանից` բանակցություններին կմասնակցեն վարչապետն ու անդրծովյան տարածքների նախարարը»` ասաց Մակրոնը:


Քվեարկության արդյունքները մեկնաբանել է և Հանրապետականների նախագահ Լորան Վոկիեն: «Նոր Կալեդոնիայի ժողովրդի համար այս կարևոր օրը ես ուզում եմ հիշել Շառլ դե Գոլի խոսքերը կալեդոնցիներին` «Աշխարհի այդ մասում դուք ունեք կարևոր ֆրանսիական դեր: Դուք Ֆրանսիայի մասն եք` ավստրալիական Ֆրանսիայի»: Ֆրանսիայի ընդդիմադիրները դժգոհ են հանրաքվեի արդյունքներից: «Քվեարկության արդյունքները հիասթափություն են նրանց համար, ովքեր հավատում էին, որ անկախությունն անհրաժեշտություն է արշիպելագի բնակչության համար»` հայտարարեց «Անհնազանդ Ֆրանսիա» կուսակցությունը:
Լինում են և այսպիսի հանրաքվեներ: Նոր Կալեդոնիան եզակի չէ` Շոտլանդիան ևս դեմ քվեարկեց Մեծ Բրիտանիայից անջատվելու հանրաքվեում: Փոխարենը Մեծ Բրիտանիան կողմ քվեարկեց Եվրամիությունից դուրս գալուն: Կատալոնիան կողմ քվեարկեց Իսպանիայի Թագավորության կազմից դուրս գալուն ու դեռ Իսպանիայի կազմում է: Չկասկածեք, որ Էմանուել Մակրոնը սկսելու էր Կատալոնիայի անկախության գործընթաց, եթե կատալոնացիները կողմ քվեարկեին անկախությանը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2191

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ