Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Գրեթե ամեն օր ստանում ենք բոթ, որ հերթական գրադարանն է փակվել»

«Գրեթե ամեն օր ստանում ենք բոթ, որ հերթական գրադարանն է փակվել»
06.11.2018 | 01:13

Գրադարանային ոլորտում առկա խնդիրների մասին «Իրատեսը» զրուցել է մշակույթի նախարարի տեղակալի պաշտոնակատար ՎԱՀԵ ԲՈՒԴՈՒՄՅԱՆԻ հետ:

-Գրադարանները կարծես ուշադրության կենտրոնում են հայտնվել: Թեև թվում է՝ միշտ կար որոշակի ուշադրություն, պարբերաբար ասվում էր, որ գրադարանները համալրվում են նոր գրքերով: Բայց երբ խոսում էինք գրադարանավարների, գրադարանների տնօրենների հետ, հատկապես մարզային, պարզվում էր՝ գոնե լավ գրքերի պակասը մշտառկա խնդիր է: ՈՒրեմն, քի՞չ է համալրվում, թե՞ անհրաժեշտ գրքերով չի համալրվում գրաֆոնդը:
-Նախ՝ անհամաձայնությունս եմ ուզում հայտնել. ես կարծում եմ, որ գրադարանների մասին քիչ է խոսվում, նախկինում էլ քիչ է խոսվել: Չէի ուզի ասածս որևէ մեկին վիրավորեր, որովհետև սա միտումնավոր չի արվել, հանգամանքների բերումով գրադարանը միշտ համարվել է նվազ կարևորություն ունեցող տիրույթ: Բացի այդ, բացասական գնահատական տալը, գրադարանային ոլորտի խնդիրները բարձրաձայնելը նախկինում ընդունված չեն եղել, և հիմա տպավորություն է ստեղծվում, թե մշակույթի նախարարությունն է դժգոհում գրադարանների վիճակից: Իսկ դժգոհելու պատճառներ իսկապես կան, որովհետև մենք մտել ենք մի պայքարի մեջ, որտեղ կան բազմաթիվ գործոններ, սուբյեկտներ, և աշխատանք չի արվում:
Մշակույթի նախարարությունն իր ենթակայության տակ ունի 12 գրադարան (10 մարզային, 2 ազգային` Հայաստանի ազգային և Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանները), համայնքապատկան գրադարանների ցանցը, վերջին տվյալներով, 700-ից ավելի է (իհարկե, կարելի է վիճարկել, ասել, որ գոնե գործող գրադարանները շատ ավելի քիչ են): Վերջիններիս պարագայում ներգրավված են համայնքների ղեկավար մարմինները և կան միջնորդող օղակներ՝ մարզպետարաններ, որոնց հետ աշխատում է տարածքային զարգացման և կառավարման նախարարությունը: ՈՒրեմն, հարցը բազմաճյուղ է, և նշված մարմիններից բոլորը պետք է ներգրավված լինեն գրադարանների հարցի կարգավորման գործընթացներում: Օրինակ, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ համայնքային գրադարանները բավականին խոցելի վիճակում են, մենք գրեթե ամեն օր ստանում ենք բոթ, որ հերթական գրադարանն է փակվել: Ցավալի է, բայց դա մեր իրականությունն է: Օրերս լուր ստացանք, որ մի գրադարանի գրքերի զգալի մասը այրվել է, մի մասն էլ բաժանել են: Կարելի է ենթադրել, որ որոշել են կոծկել գրադարանի փակման հարցը կամ հեշտությամբ ազատվել գրքերից: Ոչ ոք հստակ չի կարող ասել: Մեկ ուրիշ համայնքապատկան գրադարան ավագանու որոշմամբ փակելու են, տեղում ունենալու են սգո սրահ: Եվ նման դեպքերը օրինաչափ են դարձել:
-Ի՞նչ պատճառաբանությամբ են փակում գրադարանները:
-Հաճախ ասում են՝ մեր միջոցները սուղ են, կամ գրադարանում ընթերցող չկա, այսինքն, որպես կանոն, երբ խնայողությունների կարիք է լինում, առաջին տեղը, որտեղից կարելի է միջոցներ խնայել, գրադարաններն են: Չէի ուզի բացասական հունի մեջ ընկներ խոսակցությունը, սա ինձ համար ցավոտ խնդիր է, ու կարող եմ երկար խոսել:
-Կա՞ն համայնքային գրադարաններ, որ աչքի են ընկնում ժամանակակից մոտեցումներով, ակտիվ գործունեությամբ:
-Իհարկե՝ կան: Բայց կուզեի հստակեցնել. համայնքային գրադարան ասելով՝ մենք հասկանում ենք հանրային գրադարանները, հանրային գրադարան ասելով՝ նկատի չունենք մասնավոր, դպրոցական կամ համալսարանական գրադարանները, որովհետև դրանք նախատեսված են դպրոցի կամ համալսարանի, մասնավորի դեպքում ՝ մասնավոր ընկերության համար: Դիլիջանում Կենտրոնական բանկի ստեղծած գրադարանը բավական լավ աշխատանք է անում համայնքի ու, երևի թե, ողջ մարզի համար, աշխատում է որպես բաց գրադարան, սակայն բնույթով, իրավական տեսանկյունից մասնավոր է: Առանձնանում է նաև Դիլիջանի միջազգային դպրոցի գրադարանը, որը նույնպես հանրային չէ: Պարզապես այս երկու օրինակները չնշել չէի կարող:
-Այսինքն՝ լավ գրադարան ունենալու համար ֆինա՞նս է պետք:
-Ես չէի ցանկանա հարցին այդ կերպ մոտենալ, որովհետև ստացվում է, որ եթե ես չունեմ ֆինանս, կարող եմ չունենալ գրադարան: Երբևէ որևէ մեկի մտքով չի անցնում, որ եթե դու դպրոցում ունես մեկ աշակերտ կամ դպրոցի շենքային պայմանները վատն են, կամ դրա տեղը կարող ես ավելի շահութաբեր հիմնարկ ունենալ, պետք է այդ դպրոցը փակել: Բայց գրադարան փակելը օրինաչափ է թվում: Մինչդեռ եթե դու դպրոցը փակում ես, համայնքի տարբեր տարիքի դպրոցական երեխաներին զրկում ես կրթության իրավունքից, գրադարանի պարագայում նույնն ես անում բոլոր բնակիչների համար՝ զրկելով նրանց մշակութային կյանքով ապրելու իրավունքից: Իսկ մարդու մշակութային կյանքով ապրելու, այդ թվում՝ գրքային հավաքածուներից օգտվելու իրավունքը սահմանված է օրենքով:
Հետևաբար, տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են կազմակերպել գրադարանային գործունեություն: Եվ հակառակը, եթե համայնքը գրադարանը փակում է, զրկում է բնակիչներին գրադարանից օգտվելու հնարավորությունից, դա ոչ միայն օրենքի, այլև իրավունքի խախտում է: Այս մտածողությունը պետք է արմատավորել մարդկանց գիտակցության մեջ, տարածել-հասցնել ամենահեռավոր համայնքների բնակիչներին, որ ճանաչեն իրենց իրավունքներն ու պահանջատեր լինեն:
-Ենթադրում եմ, որ հնամաշ են պահանջված, շատ թերթված, գրքերը: Ինչպե՞ս պետք է դրանք փոխարինել նորերով: Վերահրատարակվու՞մ են այդ գրքերը, հրատարակչությունների ու գրադարանների միջև կա՞ փոխադարձ համագործակցություն՝ լրացնելու համար գրքերի բացը: Եվ ի՞նչ դեր պետք է ունենա պետությունն այս դեպքում:
-Մաշված կամ հնացած են ոչ թե պահանջարկ ունեցող, այլ հին գրքերը, որոնք 50-60 տարի շարունակ օգտագործվում են: Կան գրքեր, որ շատ պահանջված են, բայց, ենթադրենք, 2-3 տարի առաջ են լույս տեսել՝ բազմաթիվ օրինակներով:
Գրադարանները և հրատարակչությունները միասին շատ լավ աշխատում են, նախ, այդ հարցումների իմաստով. գրադարանները երբեմն հուշում են հրատարակիչներին, թե որ գրքերն են պահանջված, հնամաշ: Եվ հակառակը՝ հրատարակիչները գրադարաններին առաջարկում են իրենց գրքերը, հաճախ, զեղչերով: Իհարկե, խոսքն այն գրադարանների մասին է, որ ունեն համալրման բյուջե և կարող են իրենց գիրք գնելու «ճոխությունը» թույլ տալ: Կարծում եմ՝ այո՛, այստեղ պետությունը նույնպես պետք է դեր ունենա: Մենք ունենք նման գաղափար՝ առաջիկայում պետական պատվերի ծրագրում ներառել նաև վերահրատարակվող գրականություն:
-«Պարտադիր օրինակի մասին» օրենքը ինչպես հարկն է չի կիրառվում և տարակարծությունների առիթ է տալիս: Մեծ հաշվով՝ մեկական օրինակ գիրք հրատարակիչնե՞րը պիտի տրամադրեն, թե՞ պետք է գնի գրադարանը ¥գրադարանները¤՝ պետական միջոցներով:
-Սա շատ կարևոր հարց է և առանձին մեծ զրույցի թեմա: Եթե փորձենք մակերեսային ձևակերպում տալ, ըստ էության, խոսքը երկու արժեքների հակադրության մասին է: Մի կողմից, կա մասնավոր սեփականության իրավունքը, ինչը նշանակում է, որ դու որպես պետություն իրավունք չունես քո քմահաճույքից ելնելով մարդուց խլելու սեփականության իրավունքը, իսկ գիրքը հրատարակչի համար իր սեփականությունն է: Մյուս կողմից, կա հանրային շահ, ինչը արտահայտվում է նրանում, որ ցանկացած մշակութային փաստաթղթային ժառանգություն պետք է պահպանվի եկող սերունդների համար, իսկ գիրքն այս ժառանգության ձևերից մեկն է: Կրկնում եմ, որ սա խնդրի մակերեսային ձևակերպումն է, շատ ավելի մանր ու նուրբ հարցեր կան:
-Ինչպե՞ս են համալրվում գրադարանները:
-Սա նույնպես երկար զրույց է ենթադրում: Նախարարության ենթակայությամբ գործող գրադարանները ստանում են հատկացումներ՝ իրենց գրքային ֆոնդը համալրելու համար: Համայնքային գրադարանները ենթադրաբար պետք է գումար ստանան համայնքապետարանից՝ համալրման համար, սակայն, երբ զրուցում ես գրադարանների տնօրենների հետ, ասում են, որ չեն ստանում հատկացումներ: Մշակույթի նախարարությունը կարող է 12 գրադարանները վերցնել իր թևի տակ, ասել, որ սրանք իմն են, համալրվում են, ու խնդիրը լուծված համարել: Բայց այդպես չէ: Եթե մեզ համար իսկապես կարևոր է ունենալ նոր գրականությամբ համալրված արդի գրադարաններ, ուր մարդիկ հաճույքով կայցելեն, վստահ, որ կգտնեն իրենց փնտրած կամ խանութում տեսած գիրքը, ուրեմն, ավելի համակարգային լուծում է անհրաժեշտ:
Համալրման մի քանի ճանապարհ կա. նախարարությունը գումարներ է տրամադրում գրադարաններին՝ գրքեր գնելու: Երկրորդ ճանապարհը գրքերի գնման ճանապարհն է. մշակույթի նախարարությունը գրքեր է գնելու հրատարակիչներից ու բաշխելու է գրադարաններին: Այդ գրքերը հասնելու են նաև համայնքային գրադարաններ: Դա 2019 թվականի առաջին ծրագրերից է: Երրորդ ճանապարհը նվիրատվությունն է, որ կազմակերպում են անհատները և կազմակերպությունները: Եվ մի կարևոր խնդիր. ազգային գրադարանի պահեստում կա գրքային ֆոնդի ահռելի կուտակում:
-Խոսքը պետական պատվերով և աջակցությամբ տպագրվող գրքերի մասի՞ն է:
-Այո: Համեմատության համար ասեմ, որ Շենգավիթի գրադարաններից մեկը 21 հազար գրքային ֆոնդ ունի: Ազգային գրադարանի պահեստներում 80 հազարից ավելի գիրք կա, այսինքն՝ մի քանի գրադարանի բավականացնող գիրք: Սա նշանակում, որ մենք տարիներ շարունակ հրատարակել ենք գրքեր, պահել ենք պահեստներում, ու այդ գրքերը ոչ ոքի չեն հասել: Չեմ ուզում կտրուկ գնահատականներ տալ, բայց ամենաակնառու խնդիրը, որին հանդիպել եմ նախարարություն գալով, սա է: Փաստորեն ընթերցվելուց «զրկված է» շուրջ 80 հազար գիրք: Առաջիկայում այդ գրքային ֆոնդը պետք է ամբողջությամբ բաշխվի: Տարբեր եղանակներ ենք մտածում, համագործակցում ենք սփյուռքի նախարարության հետ, մտադիր ենք հանրագիտարանային գրականությունը ավագ դպրոցներին բաշխելու, մտածում ենք նաև սահմանամերձ գյուղերի, քրեակատարողական հիմնարկների, զորամասերի գրադարանների հետ կապված տարբերակներ:
-Նախարարությունը ամիսներ առաջ հայտարարություն տարածեց այն մասին, որ գրադարանների հավաքածուների համալրման բյուջեն կրկնապատկել է: Ի՞նչ կասեք սրա մասին:
-Բանն այն է, որ մարզային գրադարանների համալրման բյուջեն պարբերաբար կրճատվել է: Մեր խնդիրը ոչ միայն այդ գումարը վերականգնելն է, այլև կարճ ժամանակում այն ավելացնելը: Նորից հստակեցնեմ, որ խոսքը մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող գրադարանների մասին է, որոնք բավականին լավ վիճակում են գտնվում, որովհետև պարբերաբար տարբեր ծախսերի համար պետական հատկացումներ են ստանում: Այդ գրադարաններից յուրաքանչյուրը կարող է տարվա ընթացքում մի քանի տասնյակ գիրք ձեռք բերել, երբ երկրում 300-ից ավելի անուն գիրք է հրատարակվում: Այսինքն` չնչին տոկոսը հրատարակվող ամբողջ գրականության: Խնդիրն ավելի հստակ պատկերացնելու համար ասեմ, որ համալրման բյուջեի կրկնապատկումը կարևոր քայլ էր, բայց դրանով մենք դեռ քիչ ենք մոտենում գրադարանների ընթերցողական պահանջարկը բավարարելու նշաձողին:
-Գրադարանային պայմանների մասին ի՞նչ կասեք:
-Բավական տարբերություն կա մարզային և համայնքային գրադարանների պարագայում: Որոշ գրադարանների դեպքում բավական անհուսադրող են ընդհանուր շենքային պայմանները։ Այս խնդիրները հատկապես սրվում են ձմռան ամիսներին: Բայց կան գրադարաններ, որ բավականին լավ վիճակում են, վերանորոգված են (ոչ միայն մարզային, նաև համայնքային): Քաղաքապետարանի նախաձեռնությամբ տարիներ առաջ վերանորոգվեցին Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանը, նաև մասնաճյուղերը, Շենգավիթի գրադարանը հիմնովին վերակառուցվեց, և մարզային շատ գրադարաններ են վերանորոգվել:
(շարունակելի)

Զրույցը՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Լուսանկարը՝ Ալեք ԼԵՎԱՍԳԱՆԻԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4538

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ