«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Պետությունը չի ցանկանում կաթողիկոսին անվտանգության երաշխիքներ տրամադրել

Պետությունը չի ցանկանում կաթողիկոսին անվտանգության երաշխիքներ տրամադրել
09.11.2018 | 01:02

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը բացասական եզրակացություն է տվել ՀՀԿ խմբակցության անդամ Միհրան Հակոբյանի այն նախագծին, որով սահմանվում է օրենքով երաշխավորել Ամենայն հայոց կաթողիկոսի անվտանգությունն այնպես, ինչպես ՀՀ նախագահի, վարչապետի և Ազգային ժողովի նախագահի անվտանգությունը: Այսօրվա գործող օրենքով Ամենայն հայոց կաթողիկոսի անվտանգության ապահովումն իրականացվում է վարչապետի հայեցողությամբ: Կառավարության բացասական եզրակացությունը ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստում ներկայացրեց արդարադատության նախարարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ Սահմանադրությամբ եկեղեցին և կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից: Ըստ այդմ, կաթողիկոսի անվտանգության ապահովումը վարչապետի հայեցողությամբ պետք է իրականացվի։ Ի դեպ, նախագծի մյուս դրույթով պատգամավորն առաջարկում էր «արգելել հավաքները սեփականության կամ վարձակալության իրավունքով կրոնական կազմակերպություններին պատկանող տարածքներում, եթե չկա այդ կազմակերպությունների համաձայնությունը»։ Արդարադատության փոխնախարար ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ այս առնչությամբ մի քանի հարց ուղղեցինք։

-Պարոն Հովհաննիսյան, ինչու՞ է կառավարությունը բացասական եզրակացություն տվել այս նախագծին և որոշել չապահովել կաթողիկոսի, այսպես ասած, մշտական անվտանգությունը։

-Մեր կարծիքով դա հակասահմանադրական է, որովհետև այս նախագծով արգելվում է հավաքներ կազմակերպելու և դրանց մասնակցելու սահմանադրական իրավունքը։ Այս սահմանադրական իրավունքը կարող է սահմանափակվել, եթե այլոց իրավունքներին անհամաչափ սահմանափակումներ են առաջ բերվում։ Հավաքների կազմակերպման, մասնակցության իրավունքը գերակա է մյուս իրավունքներին։ Շատ կարևոր է նաև այս հարցում Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի ուսումնասիրումը։ Եվրոպական դատարանն էլ թույլ չի տալիս կամայականորեն արգելել այս կամ այն հավաքը։ Իսկ կրոնական կազմակերպությունների հետ կապված Եվրադատարանն ասում է՝ այո, դու կարող ես արգելել հավաքը, եթե դրանով խախտվում է մյուս անձի դավանանքի իրավունքը։ Այսինքն, ենթադրենք մուսուլմանը ինչ-որ տեղ նամազ է անում, մեկը գալիս է այդտեղ ու հավաք է անում, թույլ չի տալիս, որ նա աղոթի։ Այստեղ ոստիկանությունը գործուն միջոցներ պետք է ձեռնարկի։ Բայց օրենքով գրել, որ ի սկզբանե արգելվում է, նույնիսկ մտքներով չանցկացնեն, որ այս տարածքում հավաք կարելի է անել, կարծում եմ, հավաքի անցկացման իրավունքին հակասում է։

-Այս նախագիծը նախապատմություն ունի։ Մենք տեսանք, թե հեղափոխությունից հետո ինչպես ոմանք ներխուժեցին Մայր աթոռի դիվանատուն, ինչպես օրեր շարունակ այնտեղ վրաններ խփած ցույց էին անում. մի՞թե սա նույն Եվրադատարանի իրավունքի ուղղակի օրինակ չէ, երբ պետք է արգելել հավաքը, երբ աղոթքին խանգարող հանգամանքեր կան։ Մայր աթոռը աղոթատեղի չէ՞։

-Նման դեպքեր հնարավոր են ոչ միայն Հայ առաքելական եկեղեցու, այլև մասնավոր սուբյեկտի տարածքում, երբ հավաքի ժամանակ խախտվում են մարդկանց իրավունքները։ Մենք դեպքի համար պետք է անհատական մոտեցում ցուցաբերենք, իսկ ոստիկանությունն էլ արագ արձագանքի։

-Կանխակալ վերաբերմունք չկա՞։ Շատերը կարծում են, որ նոր կառավարության անդամների գերակշիռ հատվածին խորթ են հայ հոգևոր արժեհամակարգը, հավատը, դրա համար էլ նման վերաբերմունք կա եկեղեցու հանդեպ։

-Բացարձակ նման բան չկա։ Բնականաբար, պետությունը պարտավոր է ապահովել և՛ անձանց հավաքների անցկացման իրավունքը, և՛ առաքելական եկեղեցու, մյուս բոլոր կրոնական կազմակերպությունների անխափան գործունեությունը։ Սա պետության պոզիտիվ պարտականությունն է։

-Պարոն Հովհաննիսյան, նորմա՞լ էր, որ ցուցարարները փակել էին կաթողիկոսի ճանապարհը, և նա չէր կարողանում առաջ շարժվել։ Անվտանգության անհրաժեշտությունը գուցե նաև դրանի՞ց է առաջացել։

-Իհարկե նորմալ չէր։ Այդ ժամանակ ոստիկանությունն էլ արձագանքեց, և արագ այդ հարցը լուծվեց։ Բայց մենք չպետք է մեկ դրվագով պայմանավորված օրենքներում նման խիստ մոտեցում ցուցաբերենք։ Հաջորդ օրը, ենթադրենք, քաղաքացիները հավաքվում են Սահմանադրական դատարանի դիմաց, ի՞նչ անենք, ասենք ՍԴ նախագահին էլ եկեք մտցնենք այս ցուցակ, որպես բարձրաստիճան պաշտոնատար անձի, որը պարտադիր պետք է պաշտպանություն ունենա։ Կարծում եմ, այս հարցում օրենսդիրը բավականին ճկուն է եղել, այսինքն, եթե նման դեպքեր լինում են կամ տեղեկություն կա, որ նման վտանգ է սպառնում, ապա վարչապետը տրամադրում է անվտանգություն։ Թող ոչ մեկի մտքով էլ չանցնի, թե նման դեպքերում վարչապետն անգործություն է ցուցաբերում։

-Վարչապետի հայեցողությանը թողնելը ևս խոցելի չէ՞։ Ենթադրենք, վարչապետն աթեիստ է կամ առաքելական եկեղեցու հետևորդ չէ, այս դեպքում մեկ անձի հայեցողությանը թողնելը ճի՞շտ է։

-Հարցն աթեիստ լինել-չլինելը չէ։ Վարչապետն ունի պարտավորություն ապահովելու քաղաքական կամ կրոնական աձի անվտանգությունը։ Եթե կա պոտենցիալ վտանգ, վարչապետի պարտականությունն է աչալուրջ լինել այս բոլոր դեպքերում և անհրաժեշտության դեպքում տալ պաշտպանության միջոց։

Զրուցեց

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 4534

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ