Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«Ինչ-որ մարդիկ ինչ-որ պահից սկսեցին կյանքին նայել իրենց մեքենայի պատուհանից»

«Ինչ-որ մարդիկ ինչ-որ պահից սկսեցին կյանքին նայել իրենց մեքենայի պատուհանից»
09.11.2018 | 01:37

ՀՀԿ-ն կենտրոնացնում է բոլոր ուժերը, ծանրութեթև անում իշխանափոխությունից հետո մնացած ռեսուրսները և պատրաստվում ընտրապայքարի։ Սակայն թիկունքում ունենալով բավականին մեծ բացասական բեռ, դժվար է լինելու այսօրվա իրողություններում համոզել հասարակությանը, որ նախկին գործելաոճն այլևս չի կրկնվի։ Կարճ ժամանակում պետք է կարողանալ համախմբվել և գործի դնել ողջ ներուժը, թե ինչ կստացվի, կերևա ոչ միայն ընտրությունից հետո, այլև նախընտրական քարոզչության օրերին` հանրային տրամադրություններից։ Մինչ այդ ՀՀԿ խորհրդի անդամ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻՑ հետաքրքրվեցինք` ինչպես են փորձելու դրական լույսի ներքո ներկայանալ հանրությանը։

-Չեմ ցանկանում Ձեզ հետ համաձայնել, թե անցած տարիներին բացասական բեռ ունենք,- ասաց պատգամավորը։- Ցանկացած իշխանություն ունենում է և՛ դրականը, և՛ բացասականը, այսինքն, ցանկացած իշխանություն և՛ սիրված է, և՛ չսիրված։ Հիմնականում սիրված չէ։ Վստահեցնում եմ ձեզ, որ այսօր ձևավորված իշխանությունը, որ ընտրությունից հետո իր մեթաստազները կտարածի և ամբողջական իշխանություն կունենա, ամենաշատը 1-2 տարուց նույնքան չսիրված է լինելու, որքան «Հանրապետականը»։ Այստեղ երկրորդ կարծիք չկա։ Հիշենք, թե ինչպիսի փառահեղ արդար ընտրություններով Լևոն Տեր-Պետրոսյանը, ՀՀՇ-ն եկան իշխանության, բայց ինչպիսի անփառունակ վախճան ունեցավ այդ իշխանությունը։ Հիշենք` Ռոբերտ Քոչարյանի կառավարման տասը տարիներին ինչպես էին հայհոյում Լևոն Տեր-Պետրոսյանին և ՀՀՇ-ին՝ մոռանալով, որ այսօր իշխանության գլուխ Քոչարյանն է, դրանից հետո ՀՀԿ-ն էր իշխանության, ու հայհոյում էին Քոչարյանի իշխանությանը։ Ցավոք, բոլոր հասարակություններին է սա բնորոշ։ Չեն սիրում իշխանություններին հատկապես հայերը, որովհետև մենք պետության, պետականության զգացողություն չունենք։
-Ամեն դեպքում, իշխանություններն իրենց քայլերով չե՞ն նպաստում հանրային վերաբերմունքի ձևավորմանը։
-Միանշանակ նպաստում են։ ՀՀԿ-ն ուներ իր սխալները, առաջինն այն էր, որ ինչ-որ պահից կտրվեց ժողովրդից, ինքս մեր խորհրդի նիստում այդ մասին բազմիցս ասել եմ։ Փոխանակ գնայինք ժողովրդի մեջ, կանգնեինք չարքաշ աշխատող գյուղացիների կողքին, նրանց հետ ցեխոտվեինք, մրսեինք, տեսնեինք քարուքանդ ճանապարհները (մի անգամ «նարոդնիկություն» շարժումն եմ անգամ օգտագործել), որպեսզի նրանց խնդիրները հասկանայինք և լուծեինք։ Սահմանադրական բարեփոխման «Այո/Ոչ»-ի քարոզարշավի ժամանակ, լրագրողական գործունեության ընթացքում ես այդ խնդիրներին մշտապես բախվում էի։ Միշտ էլ իրատես եմ եղել։ Ինչ-որ մարդիկ ինչ-որ պահից սկսեցին կյանքին նայել իրենց մեքենայի պատուհանից, և կտրվեց ժողովրդի հետ կապը։ Այնպես չէ, որ մենք անսխալական ենք, ու հանկարծ ժողովուրդը սկսեց իշխանությանը չսիրել։ Չսիրելն աստիճանաբար եղավ, ինչը սպառնում է նաև այսօրվա իշխանությանը։
-Ի՞նչ կռվանով եք մտնելու ընտրապայքարի մեջ։
-Կռվան, որպես այդպիսին, գոյություն չունի։ ՀՀԿ-ն իր բոլոր թերություններով, սխալներով, սայթաքումներով հանդերձ, գաղափարական կուսակցություն է, քաղաքական միավոր է։ Անձերը, պաշտոնյաները սխալներ են գործել, բայց ՀՀԿ-ն գաղափարական ուժ է։ Եթե նայեք քաղաքական գունապնակը, վախենամ, թե երկրորդը չգտնեք, որպես գաղափարական հենքով ստեղծված կուսակցություն։ Սա է հիմնական կռվանը, բեռը, պատասխանատվությունը, դրա համար ՀՀԿ-ն մի կողմ քաշվելու իրավունք չունի։ Մանավանդ այս իրավիճակում, երբ փողոցով իշխանության եկած անձը, ուժը միանձնյա է ղեկավարում և չունի քաղաքական թիմ։ Այս իմաստով լրիվ պատկերացնում եմ Նիկոլ Փաշինյանի վիճակը, որովհետև նա մտածող, խելացի ու ադեկվատ մարդ է, հասկանում է, որ չունի այն քաղաքական բազիսը, հիմքը, թիկունքը, որը կարող է նրան սատար կանգնել։ Նա միայնակ է իշխանությունը տանում, միայնակ տարավ Երևանի ավագանու ընտրությունը, հիմա միայնակ կտանի նաև խորհրդարանական ընտրությունը, միայնակ «լայվ» է մտնում ցանկացած լարված իրավիճակում, միայնակ փորձում է իրավիճակները շտկել։ Այս իմաստով չեմ նախանձում Նիկոլ Փաշինյանին, որը գիտակցում է, որ չունի վահան։
-Այսօր իշխող կուսակցության ներկայացուցիչները հայտարարում են, թե ՀՀԿ-ն չէ, որ իրենց ընդդիմություն պետք է դառնա։ Ասել է՝ թերհավատ են, թե կարող եք ընդդիմադիր դաշտն զբաղեցնել։
-Իրենք ինչ ասեն-չասեն, միանշանակ է, որ հասկանում են` այսօր իրական ընդդիմություն կարող է լինել միայն «Հանրապետականը»։ Զուտ փաստերով խոսենք, ԲՀԿ-ն բազմաթիվ թղթեր ստորագրեց, հիմա էլ ջերմեռանդորեն փորձում է ամեն ինչ անել, որ ասի՝ ես քեզ հետ եմ, Նիկոլ ջան։ Նույնն անում է ՀՅԴ-ն։ «Ելք» խմբակցությունը չկա, այսինքն, սա այն քաղաքական հենարանը չէ, որին նա կարող է հենվել։ Արտախորհրդարանական քաղաքական ուժերը բավարար պոտենցիալ չունեն, չնայած շատ գրագետ ուժեր ունենք։ Մնում է միայն ՀՀԿ-ն, որը որպես քսան տարվա քաղաքական ուժ, գիտի բոլոր խնդիրները, ծակուծուկերը, իշխանության բոլոր նախադասությունների ենթատեքստերը։ Ով, եթե ոչ ՀՀԿ-ն, կարող է բոլոր խնդիրների մասին խոսել արդեն ընդդիմության դիրքերից։ Դեռ տարիներ առաջ էի ասում, որ ուրախ կլինեմ լինել ընդդիմադիր պատգամավոր, որովհետև ավելի ազատ ես, քո արածն ավելի շատ է երևում, երբ իշխանությունն ականջալուր է լինում քո բարձրացրած հարցերին։ Այլընտրանք չկա, ՀՀԿ-ն միակ ընդդիմությունն է, որը լինելու է ոչ թե «աբիժնիկ», նեղացած, այլ գաղափարական, տեղեկացված, քաղաքական լուրջ ճանապարհ անցած ընդդիմություն։ Ցանկացած իշխանություն կերազի այսպիսի ընդդիմություն ունենալ։


Զրուցեց
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 4338

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ