Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Մանչեստր Սիթիի» գոլային անկոտրում ծարավը

«Մանչեստր Սիթիի» գոլային անկոտրում ծարավը
09.11.2018 | 03:09

Խաղավարտը կատարյալ ողբերգության վերածվեց «Յուվենտուսի» համար՝ դառնալով Ժոզե Մոուրինիոյի վայրի ցնծության պատճառ, որն իր թիմի միանգամայն անակնկալ հաղթանակից հետո անգամ տղայական դեբոշի հեղինակ հասցրեց դառնալ՝ հարուցելով ոչ միայն իտալացի երկրպագուի, այլև «Յուվեի» խաղացողների զայրույթը, Մադրիդի «Աթլետիկոն» հաշվի առումով ոչ, սակայն ելքի առումով կոմպենսացրեց դորտմունդյան հանդիպման ստորացումը, այս հանդիպման 2:0 հաշիվն իր տարօրինակ արտահայտությունը գտավ «Ցրվենա Զվեզդա»-«Լիվերպուլ» դիմակայությունում՝ խմբում կատարյալ քաոսի վերածելով ամեն ինչ, «Մանչեստր Սիթին» քարը քարի վրա չթողեց «Շախտյորից», իսկ Մադրիդի «Ռեալը»՝ պլզենյան «Վիկտորիայից», «Ինտեր»-«Բարսելոն», «Նապոլի»-«Պարի Սեն Ժերմեն» մրցակցություններում գրանցվեց ոչ-ոքի արդյունք նույն 1:1 հաշվի տեսքով: Մի խոսքով հանդիպումներ էին, որոնք կարելի է ասել, անտարբեր չթողեցին ֆուտբոլասերին՝ հավասարապես բավարարելով ցանկացած ճաշակի տեր մարդու պահանջ:

A ԽՈՒՄԲ
Արտագնայում Դորտմունդի «Բորուսիայից» կրած պարտությանը (ընդ որում՝ անպատվաբեր հաշվով պարտությանը) Մադրիդի «Աթլետիկոն» սեփական հարկի տակ պատասխանեց հաղթանակով (2:0): Կարճ ասած՝ վիրավորանքը փոխհատուցված է, սասանված հեղինակությունը՝ վերականգնված, չորս խաղից հետո ունեցած 9-ական միավորով թիմերը հավասար դիրքերում են:
Ոչ պակաս հետաքրքրական էր և խմբային երկրորդ՝ «Մոնակո»-«Բրյուգե» հանդիպումը, որտեղ տանտերերը խայտառակ պարտություն կրեցին 0:4 հաշվով, ինչը միանշանակ նշանակում է, որ մոնեգասկներն անելու ոչինչ չունեն Չեմպիոնների լիգայի այս խաղարկությունում: Ի միջի այլոց այնպես չէ, թե «Բրյուգեն» անելու բան ունի, բայց գոնե այս պահի դրությամբ նրա անվան դիմաց մեկ միավոր չի գրանցված, ինչպես օրվա մրցակցի պարագայում է, այլ՝ չորս:

B ԽՈՒՄԲ
Կատալոնյան հանդիպումում կրած պարտությունից հետո հուսալ, թե սեփական հարկի տակ «Ինտերն» իր բաժին վրեժի լուծումը փնտրելու էր խելահեղ գրոհների մեջ, իհարկե մանկամտության կարգի պատկերացումներից էր: Այնպես որ իտալացիների գերխնդիրը առավելագույնը չկորցնելն էր, իսկ խմբայինից դուրս գալը բնականաբար թողնվելու էր «Տոտենհեմի» հետ ունենալիք մրցավեճին:
Հուրախություն սեփական երկրպագուի, «Ինտերը» չպարտվեց՝ խաղավարտից երեք րոպե առաջ կարողանալով հավասարեցնել հաշիվը՝ 1:1: Ինչ վերաբերում է Մեսիի խաղադաշտ դուրս գալուն, ցավոք, բուժման համար եղած ժամանակահատվածը անբավարար էր եղել: Այո, նա հայտավորված էր, սակայն ի ցավ ու ափսոսանք ֆուտբոլասերի, նա այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ:
Սեփական հարկի տակ «Տոտենհեմը» չկրկնեց հոլանդական հանդիպման պատմությունն ու երեք միավոր վաստակեց «Էյնդհովենի» հետ մրցակցությունում (2:1)՝ վերջնահաշվում նրանից պլանավորված վեցի փոխարեն վաստակելով չորս միավոր, ինչն էլ, ամենայն հավանականությամբ, անգլիական ակումբի համար կլինի ճակատագրական խմբից դուրս գալու հարցում: 10 միավոր ունի «Բարսելոնը», Ինտերինը» 7-ն է, «Տոտենհեմինը»՝ 4-ը: Մեկ միավոր ունեցող «Էյնդհովենը» խմբայինից դուրս գալու անգամ աղոտ շանս չունի:

C ԽՈՒՄԲ
Փարիզյան դիմակայության օրինակով ոչ-ոքի ավարտվեց նաև կողմերի նեապոլյան մրցակցությունը՝ այս անգամ մեկական գոլով պակաս՝ 1:1: Վերջնահաշվում թերևս ամենահետաքրքիրն այն էր, որ եթե Փարիզում տանտերերն էին հետապնդողի դերում, այդ ավանդույթը զարմանալի զուգադիպությամբ (գուցե և զարմանալի օրինաչափությամբ) չխախտվեց և պատասխան դիմակայությունում:
Սակայն «Նապոլիի» ու «Պարի Սեն Ժերմենի» արտաքուստ այս խաղաղասաիրությունը նվազ հետաքրքրական կլիներ այն դեպքում, եթե «Ցրվենա Զվեզդան» չմատուցեր խմբայինի ու առհասարակ մրցումային առաջին օրվա խոշորագույն անակնկալը: Բանն այն է, որ երեք խաղից վեց միավոր ունեցող «Լիվերպուլն» այդպես էլ մնաց ունեցածով, քանզի նախկին հարավսլավական թիմն ուսուցողական միանգամայն դաժան դաս տվեց մեծամտությունից ակնհայտորեն տառապող անգլիացիներին, որոնք եկել էին հեշտ երեք միավորի հետևից, սակայն դրանք այդպես էլ թողեցին տանտերերին, քանի որ քթներին ստացան 0:2 հաշվով պարտության տեսքով:
Այս խմբում ամեն ինչ ծայրաստիճան խճճված է, չորս թիմերն էլ փլեյ օֆ դուրս գալու հավասար հնարավորություն ունեն: «Լիվերպուլն», ինչպես ասացինք, ունի վեց միավոր, ճիշտ այդքան է և «Նապոլիի» ակտիվում, «Պարի Սեն Ժերմենի» վաստակածը հինգ միավոր է, «Ցրվենա Զվեզդայինը»՝ չորս:

D ԽՈՒՄԲ
Երկու հանդիպման արդյունքով գերմանական «Շալկեին» այնուամենայնիվ հաջողվեց չորս միավոր կորզել թուրքական «Գալաթասարայից» (2:0), ինչը շատ ավելի շոշափելի դարձրեց խմբից դուրս գալու նրա հնարավորությունները, քանզի նրանից չորս միավորով հետ մնացող, չորս միավոր ունեցող թուրքական թիմին մնում է ավելի շատ ալլահին ապավինած ապրել: Իսկ խմբային առաջատարը տասը միավոր ունեցող պորտուգալական «Պորտուն» է, որը տնային խաղում էլ հզոր եղավ Մոսկվայի «Լոկոմոտիվից» (4:1)` վերջինիս վերջնականապես զրկելով լիգայի այս խաղարկությունում քիչ թե շատ թպրտալու հույսերից: Ռուսները չորս խաղն էլ տանուլ են տվել, ինչը միանգամայն միամտություն կլինի պարզապես խայտառակություն որակելը:

E ԽՈՒՄԲ
«Բավարիան» սեփական դաշտում էլ նույնությամբ կրկնեց ԱԵԿ-ի հետ հանդիպման 2:0 հաշիվը, և սրանում արտառոց ոչինչ չկա, որովհետև դաշտում միանգամայն տարբեր քաշային կարգեր ներկայացնող թիմեր էին, իսկ ահա «Բենֆիկա»-«Այաքս» մրցակցությունում կողմերը մեկական գոլ փոխանակեցին ու դրանով էլ ավարտեցին իրենց անելիքը, ինչը հոլանդական թիմի համար լավ էլ ձեռնտու հաշիվ է, քանզի խմբային երկրորդ տեղի համար պայքարում պորտուգալական թիմին դարձյալ թողեց իրենից չորս միավորի հեռավորության վրա: Ինչ վերաբերում է մյունխենցիներին, նրանք տասը միավորով առաջին հորիզոնականում են, ինչը երկու միավորով շատ է «Այաքսի» ունեցածից:

F ԽՈՒՄԲ
«Մանչեստր Սիթին» «Շախտյորին» ուկրաինացիների խաղադաշտում հաղթել էր 3:0 հաշվով: Սեփականում այդ 3:0-ն «քաղաքաբնակները» կրկնապատկեցին՝ մրցակցի պարտությունը դարձնելով անմխիթարության աստիճանի խայտառակ:
Այս միգոլանի ֆուտբոլի ֆոնի վրա կատարյալ թրատում հիշեցրեց լիոնյան հանդիպումը տեղի համանուն թիմի ու գերմանական «Հոֆենհայմի» միջև: Առաջին խաղակեսից հետո երկու անպատասխան գնդակով պարտվող գերմանական թիմն իր առանց այն էլ բարդ վիճակը բարդացրեց նրանով, որ արդեն 51-րդ րոպեից մնաց տասը հոգով; Սակայն որքան էլ տարօրինակ է, դրանից խաղն արմատապես փոխվեց հօգուտ «Հոֆենհայմի», որը նախ կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ հավելյալում էլ հավասարեցրեց ու միավոր վաստակած հեռացավ խաղադաշտից:
Առաջինն այս խմբում 9 միավոր ունեցող «Մանչեստր Սիթին» է: Վեց միավոր ունի «Լիոնը», երեքը՝ «Հոֆենհայմը»: Եվրալիգայի ուղեգիր նվաճելու հույսը դեռևս չի կորցրել երկու միավոր ունեցող «Շախտյորը»:

G ԽՈՒՄԲ
Թե «Ռոման» և թե «Ռեալը» հաղթական մրցելույթներ ունեցան իրենց արտագնաներում՝ ունեցած միավորները հասցնելով 9-ի: Իտալացիները 2:1 հաշվով առավելության հասան Մոսկվայի ԲԿՄԱ-ի նկատմամբ, իսկ մադրիդցիները գոլերի տոպրակ սարքեցին «Վիկտորիային»՝ ձևակերպելով «տաքսի»՝ 5:0: Սա մի փոքրիկ անակնկալ էր այն առումով, որ չեխական ակումբը Մյունխենում լավ էլ դիմադրել էր տանտերերին՝ զիջելով 1:2 հաշվով: Սակայն այստեղ են ասել, որ պապն ամեն անգամ փլավ չի ուտի:

H ԽՈՒՄԲ
Անակնկալ ավարտ ունեցավ «Յուվենտուս»-«Մանչեստր Յունայթեդ» դիմակայությունը: Ռոնալդուի փայլուն գոլից հետո «ծեր սինյորան» խաղը տանում էր իր համար միանգամայն ցանկալի հունով՝ ի դեպ քանիցս ունենալով հաշիվը եռապատկելու և քառապատկելու հնարավորություն, սակայն գնդակը ճանապարհին համառորեն կամ դարպասաձողին էր հանդիպում, կամ դե Խեյան էր ճանապարհը փակում: Հանդիպման ավարտին անցնելով հաշվի պահպանմանը, «Յուվեն» հաջողեցրեց ոչ միայն հաշիվը հավասարեցնող գոլ ուտել, այլև բաց թողնել պարտության հասցրած գնդակը: Փաստորեն երկու հանդիպման արդյունքով կողմերի միջև գրանցվեց ոչ-ոքի հաշիվ:
Խմբային երկրորդում «Վալենսիան» «Յանգ Բոյզի» հետ խաղում չունեցավ շվեյցարական հանդիպման թուլությունը, ինչն իր արտահայտությունը գտավ նրանում, որ միավոր կորցրած վերադարձավ այնտեղից: Սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթանակն ավելի քան պահանջված էր հատկապես «Յուվենտուս»-«Մանչեստր Յունայթեդ» դիմակայության արդյունքի ֆոնին, ինչը նշանակում է, որ իսպանական թիմը մնում է փլեյ օֆի ուղեգրի հնարավոր տիրակալների շարքում: «Յուվենտուսն» ունի 9, «Մանչեստր Յունայթեդը»՝ 7, «Վալենսիան»՝ 5 միավոր, իսկ խմբայինում միավոր բաժանողի դեր կատարող շվեյցարացիների ունեցածը մեկ միավոր է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3030

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ