Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Նիկոլ Փաշինյան. Եկեղեցու հեղինակության համար լա՞վ է, որ կաթողիկոսը թիկնազորով շրջի մի երկրում, որտեղ բնակչության 90 տոկոսը ՀԱԵ հետևորդ է

Նիկոլ Փաշինյան. Եկեղեցու հեղինակության համար լա՞վ է, որ կաթողիկոսը թիկնազորով շրջի մի երկրում, որտեղ բնակչության 90 տոկոսը ՀԱԵ հետևորդ է
21.11.2018 | 00:04

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը համակարծիք չէ, որ կառավարությունը չի պաշտպանում Հայ Առաքելական եկեղեցուն։ Նա ասուլիսում պարզաբանեց, թե ինչու են դեմ եղել Ամենայն հայոց կաթողիկոսին պետբյուջեից անվտանգություն ապահովելու նախագծին։ «Ասում էին՝ մտել են ցուցարարները վեհարան, ինչո՞ւ նրանք այդտեղ չեն, որովհետև ոստիկանությունը հատուկ գործողությամբ նրանց դուրս է հրավիրել այնտեղից, իսկ այս ընթացքում ինչո՞ւ նորից չեն մտել, որովհետև ոստիկանությունը, նախորդ փորձը հաշվի առնելով, ապահովել է, որ նրանք չմտնեն այնտեղ։ Բա կաթողիկոսի ճանապարհը փակել են, բա ինչի՞ մինչ հիմա այդ ճանապարհը փակված չէ, պատասխանը պարզ է՝ որովհետև ոստիկանությունը գործողություններ է ձեռնարկել, որ ճանապարհը բաց լինի»,- ասաց նա։ Փաշինյանը նկատեց, որ ԱԺ-ն ցանկանում էր օրենք ընդունել, որը կոչվում էր «Պետական բարձրաստիճան պաշտոնյաների պահպանության մասին» ՀՀ օրենք, այսինքն՝ ստացվում էր, որ Ամենայն հայոց կաթողիկոսը պետական բարձրաստիճան պաշտոնյա է։ «Մենք համարո՞ւմ են, որ կաթողիկոսը պետական բարձրաստիճան պաշտոնյա է, այսինքն՝ այս շեշտադրմամբ մենք եկեղեցու էությունը խաթարո՞ւմ ենք, թե՞ ոչ։ Մենք համարում ենք, որ Հայ առաքելական եկեղեցու հեղինակության համար լավ է, որ կաթողիկոսը թիկնազորով շրջի մի երկրում, որտեղ բնակչության 90 տոկոսը Հայ առաքելական եկեղեցու հետևորդ է։ Նման բան առաջարկողը մտածո՞ւմ է, որ եկեղեցու հեղինակությանն է ծառայում: Ամենայն հայոց կաթողիկոսը պետական բարձրաստիճան պաշտոնյա դառնա՞ դրանից բխող հետևանքներով»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, թե ՀՀԿ-ն «խռովում ու դուրս է գալիս»՝ մոռանալով, որ նախկինում ինքն էր մեծամասնություն, բայց չի ընդունել նման օրենք։ «Այսինքն՝ այս երկրում կյանքը սկսե՞լ է 2018-ի մայիսից, բա դրանից առաջ ընդունեիք։ Բա էդ ո՞ր իշխանության տարիներին են ձեր իսկ ասած աղանդները տարածում գտել ՀՀ-ում, ինչ է՝ 6 ամսվա ընթացքում եղա՞վ։ Հիմա էլ ակնարկում են, որ կաթողիկոսի դեմ շարժումն իշխանության կողմից է հրավիրված։ Հերիք է, հիմա ուղիղ կասեմ՝ դա արտահայտությունն է եկեղեցու ներքին խնդիրներին։ Որևէ մեկ բան է անում ու հույս ունի, որ վարչապետը գնալու է, եկեղեցու ներսում հարաբերություն կարգավորի։ Հիմա էլ LGBT թեման են շահարկում, չեն պատասխանում կոնկրետ մի հարցի, երբ ՀՀ որևէ քաղաքացի հայտարարում է, որ սեռական փոքրամասնության ներկայացուցիչ է, մենք ի՞նչ պետք է անենք նրանց։ Ասեք՝ սպանում ենք, ինչ է, գնդակահարում ենք, քառատում են, արտաքսում են ՀՀ-ից, թող ասեն ՝այդ մարդիկ մինչև մայիսը ՀՀ-ում այդ համայնքը չի՞ եղել, հա՞»,- ընդգծեց վարչապետի պաշտոնակատարը։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2000-ականներին, երբ ՀՀԿ-ի, ինչպես Փաշինյանը որակեց, ծաղկուն շրջան էր, ՀՀ-ում հրապարակվել է նախարարների, բարձրաստիճան պաշտոնյաների ցուցակ, ովքեր ունեն սեռական այլ կողմնորոշում։ «Այն ժամանակ այս նույն մարդիկ, չգիտես՝ ինչու, ցույցեր չէին անում, տակից այդ ցույցերը չէին ֆինանսավորում։ Հիմա էլ բան են գտել։ Հիմա ասում են՝ եկեք ցույց արգելենք, որ ցույց արգելեն, չեն ասելու, որ, ա՜յ, դրա համար եք եկել իշխանության, ա՜յ, սկսվեց, հիմա եկեղեցու դիմաց եք արգելում, վաղը կառավարության դիմաց կարգելեք, տեսեք՝ չի փոխվել էս երկրում ոչ մի բան։ Մանկամիտ քաղաքականություն են վարում»,- շարունակեց վարչապետի պաշտոնակատարը։ Փաշինյանը նկատեց, որ իր անվտանգության կորտեժը 70 տոկոս սահմանափակել է, օրինակ՝ հրաժարվել է ավտոտեսուչների ուղեկցումից։ Հիմա նրա մոտ հարց է առաջանում՝ եթե երկրի առաջին դեմքին չեն ուղեկցում, ինչու մյուսներին ուղեկցեն։ «Մենք ճշմարտության հետ առերեսվելու հետ խնդիր չունենք, բայց շատ անգամ մենք չենք առերեսվում՝ ուրիշների շահերը հաշվի առնելով, որ չասեն, թե մենակ մեր շահերի մասին ենք մտածում։ Ասել եմ ու էլի կասեմ՝ մեր բարեկրթությունը չմեկնաբանեք որպես թուլություն։ Կարգին հաղորդման «սկետչ» կար, որը լրիվ տեղին է, որ ասում է՝ շեֆ ջան, ոնց որ տենց «չոտկի» չէիր ասում։ Ճշմարտություն եք ուզո՞ւմ, մինչև վերջ կբացահայտենք ու քարուքանդ կլինեք»,-եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։

Դիտվել է՝ 2006

Մեկնաբանություններ