Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Քաղաքական դաշտը պետք է մաքրել թափոններից»

«Քաղաքական դաշտը պետք է մաքրել թափոններից»
23.11.2018 | 01:33

«Սասնա ծռեր» կուսակցության նախընտրական ցուցակի երկրորդ համարը քաղաքագետ ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ է։ Ինչու՞ է որոշել այս քաղաքական ուժի հետ մասնակցել ընտրություններին, և ի՞նչ են առաջարկում «Սասնա ծռերը» հանրությանը։

-Հեղափոխության օրերին Դուք ակտիվ մասնակցում էիք, քայլում էիք, Ձեզ անգամ բերման ենթարկեցին, սակայն այսօր Ձեզ տեսնում ենք «Սասնա ծռերի» ցուցակում։ Ինչու՞։
-Նախ` ինձ ՔՊ-ից առաջարկ չի եղել, որ ես էլ մերժեմ։ Ես այն մարդկանցից եմ, որ մշտապես պայքարի մեջ պետք է լինի։ «Քաղպայմանագիրը» շատ բաներ ճիշտ է արել, բայց վերջերս բավականին սխալներ է թույլ տալիս։ Մեծամասնությունը, որ պետք է այդ ցուցակում լինի, լինելու է կոճակ սեղմող։ Սա ինչ-որ առումով օբյեկտիվ է, բայց ես այն մարդը չեմ, որ գնամ խորհրդարան կոճակ սեղմելու համար, ձուլվեմ այդ մասսայի հետ։ Կարծում եմ, ես առավել օգտակար կլինեմ հենց «Սասնա ծռերի» հետ։ Կամաց-կամաց պետք է մաքրենք քաղաքական դաշտը։
-Ինչի՞ց կամ ումի՞ց պետք է մաքրել։
-Թափոններից։ Չեմ ցանկանում խնդիրն անձնականացնել, բայց կան քաղաքական ուժեր և մարդիկ, որոնք վերջին կես տարվա մեջ 10 անգամ իրենց կարծիքը փոխեցին։ Ի վերջո, այս բեռից պետք է պրծնենք։ Իհարկե, կան ազնիվ մարդիկ, միշտ էլ եղել են, սակայն, ընդհանուր առմամբ դաշտը պետք է մաքրել։ «Սասնա ծռերն» ակնհայտ ազնիվ, բաց մարդիկ են, դա ինձ համար գրավիչ է։ Հաջորդ կարևոր հանգամանքն այն է, որ «Սասնա ծռերն» ունեն հայեցակարգ։ Ոչ մի երկրորդ ուժ այդ հայեցակարգը չունի, թող մեկը ներկայացնի, ես ներողություն կխնդրեմ։
-Այդ հայեցակարգում պահանջատիրության մասին է խոսվում, որքանո՞վ է դա իրատեսական։
-Բայց Դուք գիտեք, որ աշխարհն էլ է լուրջ փոխվում։ 3-4 հզորագույն պետություններ՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Թուրքիան վերանայում են երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սահմանված խաղի կանոնները՝ Հելսինկյան եզրափակիչ ակտը։ Ռուսաստանը հրաժարվեց բուդապեշտյան պայմանավորվածությունից ու գնաց, գրավեց Ղրիմը, ԱՄՆ-ն էլ վերանայում է համաշխարհային առևտրի կազմակերպության հետ աշխատանքը, դուրս եկավ ժնևյան ֆորմատից, որը ՄԱԿ-ում իր ֆորմատն է։ Մեծ Բրիտանիան դուրս է գալիս ԵՄ-ից։ Սա նշանակում է, որ Եվրատլանտյան դաշտում լուրջ վերադասավորումներ են ընթանում։ Թուրքիան էլ հայտարարում է, որ վերանայում է Լոզանի պայմանագիրը։ Սրանք ընդամենը մի քանի օրինակներ են։ Աշխարհը արմատական փոփոխությունների եզրին է, ու շատերը հետ են գալիս 19-րդ դար։ Ռուսաստանն ասում է, որ կվերականգնի ազդեցության գոտիների քաղաքականությունը, նույն պահին հակադարձում է Մեծ Բրիտանիան, թե իրենք էլ հզոր երկիր են ու ինչու պետք է ԵՄ-ով սահմանափակվեն։ Ասել է՝ «Սասնա ծռերի» պահանջատիրական, վիլսոնյան ակտերը դառնում են արդիական։ Մեր քաղաքական ուժը հասկանում է նաև, որ այս ամենը պետք է տեղայնացվի այսօրվա իրավիճակում, դրա համար նրանք հրավիրեցին ինձ ու Արա Պապյանին, որպեսզի ակտիվ մասնակցենք այս քաղաքական գործընթացին և վերամշակենք իրենց ծրագիրը։ «Սասնա ծռերն» ունեն ուժեղ վերլուծական խումբ։ Նրանց հայեցակարգի կարևոր բաղադրիչներից մեկն էլ վերաբերում է Ղարաբաղյան հիմնախնդրին։ Ավարտվում է Մադրիդյան սկզբունքների դարաշրջանը։ Դրա մեխը փոխզիջումն էր, հիմա ո՞րն է փոխզիջման սահմանը։ Ադրբեջանը 2012-ից հետո խոսում է ոչ թե փոխզիջման, այլ Երևանն էլ գրավելու մասին։ Նրանք ռեալ տապալում են գործընթացը։ Ինչու՞ ենք մենք մեզ խաբում։ Իսկ այս ամենի երկարաձգումը մեզ համար շատ վտանգավոր է դառնում, քանի որ չունենք այս հարցում տեսլական։ «Սասնա ծռերն» ասում են, որ վերջին կետը պետք է լինի Ղարաբաղը Հայաստանին միացնելը, սխալ է, որ Հայաստանը և Ղարաբաղը տարբեր ճանապարհներով գնան։ Նախորդ իշխանություններն էլ տեսլական չունեին ու անընդհատ մանևրում էին, դրա համար նաև եղավ 2016-ի ապրիլյան պատերազմը։ Այլ հարց է, թե ինչ ճանապարհներով միացում տեղի կունենա։ Դա արդեն հաշվարկների ու քննարկումների խնդիր է։
-Այսօր ընտրություններին մասնակցող քաղաքական հիմնական դերակատարները նախընտրում են քիչ խոսել ղարաբաղյան հակամարտության մասին, ինչու՞, դա վտանգավոր թեմա՞ են համարում։ Անհրաժեշտ չէ՞ այսօր հանրությանը ներկայացնել իրենց դիրքորոշումը, որպեսզի մարդիկ հասկանան՝ հող հանձնո՞ղ, թե՞ չհանձնող ուժի են գործուղում խորհրդարան։
-Շատերը չգիտեն, թե ինչպես պետք է վարվել այդ հակամարտության հետ, սա օբյեկտիվորեն հասկանալի է, չունեն տեսլական, քանի որ իրենք էլ խճճված են։ Չգիտեն` ճանաչե՞ն Ղարաբաղի անկախությունը, դու՞րս գան Մինսկի խմբից։ «Սասնա ծռերը» հստակ դիրքորոշում ունեն՝ միավորում, որին հասնելու ճանապարհները կարող ենք քննարկել։ Ադրբեջանում էլ շատ լավ գիտեն, թե ինչ խառնաշփոթ է մեզանում, դրա համար էլ դա օգտագործում են, ինչ-որ խոստում են տալիս, հետո գնում են, նորից կրակում։ Անվտանգության հարցերը ևս կարևորվում են այս քաղաքական ուժի ծրագրում։ Մենք այսքան կախում չպետք է ունենանք այլ երկրից։ Տեսեք, թե ինչ է կատարվում ՀԱՊԿ-ում։ Կապվել ենք ՀԱՊԿ-ի հետ, իսկ այդ կառույցը մեզ ջարդում է։ Ի՞նչ է նշանակում համատեղ զորքերի ստեղծում, որը ռուս հրամանատար պետք է ղեկավարի։
-Այսօրվա իշխանությունն ի՞նչ է անում այդ ազդեցության թուլացման համար։ Ստացվու՞մ է։
-Փորձ արվում է, բայց չի ստացվում։ Փաշինյանը մի լուրջ բանի հասավ, հետ կանչեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին։
-Դա դրակա՞ն ազդեցություն ունեցավ։
-Դրական, թե բացասական` դժվար է ասել, բայց դա նշանակում է սուվերենության դրսևորում։ Իսկ թե ինչու այդ ամենը բացասական հետևանք ունեցավ, որովհետև դա պայմանավորված էր թիմի ոչ ճիշտ աշխատանքով։ Համակարգում մնացին հին կադրերը, որոնք նույն կերպ են աշխատում, դրան էլ գումարվեց իր թիմի անփորձ լինելը։ Պետք է քայլերը հաշվարկված անեին։ Սակայն մենք լռեցինք, և Ռուսաստանն ու մյուս երկրները մեր դեմ դուրս եկան։ Վերջին նիստում քննարկվեց նաև ՀԱՊԿ-ում դիտորդների և գործընկերների կարգավիճակի հարցը։ Փաշինյանի թիմից ոչ մեկը նրան չասաց, որ պետք չէ դա քվեարկել, որովհետև պարզ է, չէ՞, որ վաղը, մյուս օրը Բելառուսը կբերի Ադրբեջանին ու կասի՝ նրան դարձնենք դիտորդ։ Իսկ դրա դեմն առնելը դժվար է, կամ ինչ պատճառով պետք է դեմ լինես։ Կասեն՝ դեմ ես, դուրս արի ՀԱՊԿ-ից։ Մինչդեռ ավելի ցածր մակարդակով հնարավոր էր այդ հարցը կասեցնել։ Ինչպես կարելի էր թողնել, որ Ադրբեջանը լինի դիտորդ։ Ակնհայտ է` դա արվում է, որ վաղը Պակիստանը, Աֆղանստանը ևս դառնան դիտորդ, նույնիսկ Թուրքիան կարող է դիտորդ դառնալ։ Ամեն անգամ վետոյի իրավու՞նքն է գործելու։ Պետք էր նախապես կանխել, այնինչ նախկին ոչ հաջող կադրերը շարունակում են մնալ ու աշխատել։ Ասում էին, թե նախկինների փորձը կօգտագործեն, տեսնում ենք, էլի, փորձի օգտագործումը։ Ինչպես նախկինում չէին աշխատում, հիմա էլ չեն աշխատում։
-Իսկ նորերը աշխատու՞մ են։
-Նորերի զգալի մասը փորձ չունի, ու դա խնդիր է։ Սակայն կան փորձառու մարդիկ, որոնք հեղափոխության գործում մեծ ներդրում ունեն, նրանց ինչու՞ չտեսան։ Տեսան միայն իրենց նորերին ու հին իշխանության ներկայացուցիչներին։ Սա լուրջ սխալ էր, ու դրա համար էլ հիմա շատ ծանր վիճակում է Նիկոլ Փաշինյանը։ Բայց «Սասնա ծռերը» հնարավորինս աջակցելու են նրան։
-Դուք արմատակա՞ն ընդդիմություն եք։
-Այդ արմատականը մի քիչ բացասական ենթատեքստ ունի։ Այդպիսին չենք։
-Ի դեպ, այսօր ընդդիմադիր հարթակի համար մարտեր են ընթանում։ ՀՀԿ-ն հայտարարում է, որ միակ ընդդիմությունն ինքն է, մյուսներն էլ հակադարձում են, թե ՀՀԿ-ից ընդդիմություն դուրս չի գա։
-ՀՀԿ-ն չի կարող այդ ընդդիմությունը լինել։ Սակայն այդ ընդդիմության անհրաժեշտությունն էլ չկա, որովհետև մեր համակարգն է այդպիսին։ Նախագահական համակարգում կային ուժեղ նախագահ և ԱԺ, որտեղ պետք է լիներ ընդդիմություն, որ հակակշռեր իշխող կուսակցությանը։ Բայց հիմա չունենք հակակշիռներ։ Այսօր ողբերգություն կլինի, եթե ՀՀԿ-ի նման արմատական ընդդիմությունը լինի խորհրդարանում, քանի որ ունենք ընդամենը մի կառույց՝ ԱԺ-ն, որն ընտրվում է ժողովրդի մանդատով, չկա նրան հակակշիռ։ Այնտեղ, այո, պետք է լինի գաղափարական ընդդիմություն։
-Այս ընթացքում, սակայն, հենց ՀՀԿ-ն է թիրախային քննադատում իշխանություններին, ինչու՞ եք դուք լուռ։
-Իրենք ուրիշ բանի համար են քննադատում, «վառված» են, որ իրենցից իշխանությունը վերցրին։ Բայց ՀՀԿ-ն նախ պետք է պատասխանի, թե ինչու երկիրն այս օրի հասցրին։
-ՀՀԿ-ն միայնակ չէր այդ գործում, նրա հետ կոալիցիոն գործընկերներ կային, հիմա իրենք էլ են քաղաքական պայքարի մեջ, նրանք պատասխանատվություն չունե՞ն երկրի այս վիճակի համար։
-Այս անցումային շրջանում, իմ կարծիքով, իդեալական տարբերակը կլիներ այն, որ խորհրդարանում լինեին ՔՊ-ն (չնայած նրա վարկանիշն արդեն նվազում է), «Սասնա ծռերը» և լիբերալ թևից մեկը՝ ԼՀԿ-ն կամ «Մենքը»։ Պետք է այս ուժերն անցնեն, որ խորհրդարանում կարծիքների բախում լինի։ Այն ուժերը, որոնք ՀՀԿ-ի հետ ճանապարհ են անցել, Մարտի 1-ի հետ կապ ունեն (պետք չէ անձնականացնել, որովհետև այս ուժերում էլ կարգին մարդիկ շատ կան), նրանք քաղաքական բեմից պետք է հեռանան։
-«Սասնա ծռերի» հանդեպ կա որոշակի բացասական վերաբերմունք այն առումով, որ գործ ունենք նախկինում զինված պայքարի ջատագով ուժի հետ։ Սա չի՞ խանգարելու ձեզ։ Մարդիկ տեսան, որ առանց արյունի էլ հնարավոր է երկրում իշխանափոխություն անել։
-«Սասնա ծռերը» հայտարարել են, որ զինված պայքարի էջը փակված է, գալիս են քաղաքական դաշտ։ Բայց եթե «Սասնա ծռերի» այդ քայլը չլիներ, այս տարվա ապրիլի 22-ին կամ 23-ին կկրակեին ու չէին էլ մտածի։
-Որոշ սոցիոլոգներ արդեն կանխատեսում են, թե «Սասնա ծռերը» չեն հաղթահարի անցողիկ շեմը։
-Նայած թե ով է այդ սոցիոլոգներին գումար տվել։ Մենք մոտ 10 հանդիպում մարզերում կազմակերպեցինք նախաձեռնող խմբերի և կողմնակիցների հետ, ամեն հանդիպմանը 100-150 մարդ կար։ Վստահ եմ, որ կանցնենք խորհրդարան, քանի որ տեսնում եմ նաև ժողովրդի սերը «Սասնա ծռերի» հանդեպ։


Զրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 3307

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ