«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«Ծանոթ-բարեկամ սկզբունքը Շիրակում խիստ վառ կերպով արտահայտվելու է նաև այս ընտրություններում»

«Ծանոթ-բարեկամ սկզբունքը Շիրակում խիստ վառ կերպով արտահայտվելու է նաև այս ընտրություններում»
27.11.2018 | 01:15

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» (ՔԺՎ) կուսակցության թեկնածու, Շիրակի մարզային կառույցի պատասխանտու, Գյումրիում լույս տեսնող «Հինգշաբթի» շաբաթաթերթի խմբագիր ՎԱՐԴԱՆ ՍՐՏԱՇՅԱՆՆ արդեն մեկնարկած քարոզարշավի համար բարդ ու դժվար ընթացք չի կանխատեսում, քանի որ իր ներկայացրած կուսակցությունն ունի հստակ գաղափարախոսություն, գիտեն ինչ են ուզում, ուր են գնում և ինչպես ներկայանալ մարդկանց: «Իրատեսի» հետ զրույցում նա համոզմունք հայտնեց, որ, ի տարբերություն մյուս ուժերի, որոնք հանրությանը հին ու ծեծված կարգախոսներ և մոտեցումներ են հրամցնելու, «Քրիստոնեա-ժողովրդական վերածննդի» թեկնածուներն առաջարկում են նորը՝ գաղափարականը, ինչն այսօր ամենաշատն է անհրաժեշտ մեր երկրին: Նա ասաց նաև, որ արտահերթ ընտրությունների հապճեպ կազմակերպումը մի շարք բարդությունների առաջ է կանգնեցրել, քանի որ կուսակցության շարքերում ընդգրկված են նախկինում երբևէ ընտրական գործընթացների չմասնակցած, հիմնականում անկուսակցական մարդիկ, որոնք ստիպված են եղել կարճ ժամնակահատվածում պատրաստվել քաղաքական մեծ ընտրապայքարի:

-ՔԺԾ կուսակցությունը նոր է ձևավորվել, հանրությանն այնքան էլ հայտնի չէ, ինչպե՞ս եք համոզելու ընտրողներին ձայն տալու «անծանոթ» ուժին:
-Գուցե մեր քաղաքական ուժն առայժմ ծանոթ չէ ժողովրդին, բայց մեր գաղափարները հոգեհարազատ են նրան: Երբ մարդիկ հասկանան, թե ինչ ենք մենք առաջարկում, անպայմանորեն գալու են մեր հետևից՝ անկախ ճանաչելիության հանգամանքից: Ավետիք Իսահակյանի մարգարեական խոսքերը՝ «կգա ոգու սով», արդիական է, ու մարդկանց հենց այդ ոգեղեն հացն ենք տալու: Քաղաքական մեր ուժը ներկայացնող անհատները վերջին տարիներին մշտապես աչքի են ընկել իրենց ազգային-պահպանողական գաղափարներով, ապազգային որևէ գործունեություն չեն ծավալել։ Քարոզարշավի ժամանակ մեր կոչերի, մարդկանց հետ ունեցած անձնական շփումների միջոցով ևս մեկ անգամ կարևորելու ենք ազգային արժեքների պահպանության թեզը:
-Նախընտրական պայքարը, ըստ Ձեզ, գաղափարական դաշտ կտեղափոխվի՞:
-Ցավում եմ, բայց ոչ։ Ինչպես վերը նշեցի, քաղաքական դաշտում գաղափարական ուժեր գրեթե չկան, ու մենք փորձելու ենք որոշակիորեն մեղմացնել այդ բացը՝ գիտակցելով, սակայն, որ գաղափարական ընտրություն ունենալու համար գաղափարապես հասուն մեկ կամ երկու կուսակցություն ունենալը շատ քիչ է։
-Լինելով վարկանիշային թեկնածու՝ կցանկանայի՞ք, որ այդ ընտրակարգը չգործեր, և ընտրություններն անցկացվեին բարեփոխված Ընտրական օրենսգրով:
-Գործող ընտրական համակարգն ուղղակի խայտառակություն է, ու ես շատ եմ ցավում, որ չկարողացանք փոխել Ընտրական օրենսգիրքը։ Հայ ազգը դարեր շարունակ հզոր է եղել ամուր համայնքով, իսկ այս ընտրություններով մենք փաստացի պառակտում ենք մեր համայնքը, մարդկանց հանում իրար դեմ։ Շատ արագ պետք է լուծել այս խնդիրն ու այնպես անել, որ Հայաստանում էլ երբևէ նման խայտառակ ընտրություններ չանցկացվեն։ Իսկ այժմ, ստեղծված իրավիճակը մեղմացնելու համար, թեկնածուներն ուղղակի պետք է գիտակցեն, որ կյանքը միայն ընտրություններով չի սահմանափակվում, շարունակելու ենք ապրելու կողք կողքի, նայել միմյանց աչքերի մեջ։ Իրար պետք է մոտենալ սիրով ու հանդուրժողականությամբ՝ տեսնելով ոչ թե մրցակիցների, այլ բարեկամների։
-Ձեր հիմնական գաղափարներն ու ասելիքը, որոնցով պետք է ներկայանաք ընտրազանգվածին՝ ակնկալելով վստահության քվե:
-Քրիստոնեական, մշակութային, արդյունաբերական Հայաստան, մի խոսքով` Հայաստանի չորրորդ՝ Կուր-Արաքսյան հանրապետություն: Այսօր երիտասարդությունն ասոցացվում է ազատականության հետ, բայց, որքան էլ տարօրինակ է, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության երիտասարդներս հանդես ենք գալու պահպանողականության ու ազգային ավանդույթների դիրքերից՝ գիտակցելով, որ կյանքի հիմնական նպատակը ոչ թե կարիերան ու պաշտոնն է, այլ ավանդական արժեքները։ Այո, մեր նորարարությունը լինելու է հենց պահպանողականությունը, ու ապացուցելու ենք բոլորին, որ մոդեռնը ոչ թե ազատականն ու լիբերալն է, այլ պահպանողական արժեքայնությունը։
-Տպավորություն է, որ կուսակցություններն առավել ընդդիմադիրի տիտղոսը ստանալու պայքար են տանում: Սա, ի վերջո, քաղաքակա՞ն պայքար է, թե՞ ընդդիմություն դառնալու:
-Կարող է տարօրինակ թվալ, բայց ընդդիմության դիրքերից այժմ հենց «Իմ քայլը» դաշինքն է հանդես գալիս: Փաշինյանի քաղաքական ուժը, փաստացի իշխանություն լինելով, պատրանք է ստեղծում, թե իբր նախկին ուժերի հետդարձի հնարավորություն կա, և այդ պատճառով խաղարկում է հասարակությանը սևերի ու սպիտակների բաժանելու տեխնոլոգիան։ Հետևաբար ՀՀԿ-ի ակտիվացումն ու մասնակցությունն արտահերթ ընտրություններին կարող է մահակ ծառայել «Իմ քայլը» դաշինքի համար։ Ապագա խորհրդարանում, կարծում եմ, ընդդիմությունը լինելու է իշխանության ուժը, ինչը պարադոքսալ է իհարկե։ Քաղաքական մեր ուժը, որի կարգախոսն է «Այլընտրանք` այո, ընդդիմություն` ոչ», նույնպես ընդդիմադիր դիրքերից հանդես չի գալու:
-«Իմ քայլը» դաշինքի՝ խորհրդարանում մեծամասնություն ունենալու հավանական սցենարի մեջ ի՞նչ վտանգներ եք տեսնում:
-Ցանկացած քաղաքական համակարգում իշխանության ծայրահեղ բևեռացումը կարող է տանել լճացման։ Հիշենք մեր նորագույն պատմությունը։ ՀՀՇ-ն իր ստեղծման պահին բոլորովին այլ քաղաքական ուժ էր, տարիներ անց՝ տրամաբանորեն այլ։ Մեր խնդիրն է թույլ չտալ, որ Փաշինյանի քաղաքական ուժը կրկնի ՀՀՇ-ի ճակատագիրը։ Եվ մեր առաջնային խնդիրն է ի շահ հայ ազգի ու Հայաստանի Հանրապետության հնարավորինս մեղմել կանխատեսելի այդ վտանգները:
-Շիրակում ի՞նչ տրամադրություն է մարդկանց շրջանում: Մոտավոր ի՞նչ պատկեր կարող է լինել աղքատության ու գործազրկության ցուցանիշներով աչքի ընկնող մարզում:
-Գյումրիում մարդկանց սոցիալ-տնտեսական վիճակն ուղղակի ահավոր է։ Դա պատկերացնելը դժվար է, ու վստահ եմ, որ իմ այս խոսքերն ընթերցողն ընկալելու է որպես ծեծված խոսք։ Քաղաքում դեռ մոտ 2500 տնակ կա, ու հեղափոխությունը փաստացի այդ տնակներում ապրող մարդկանց կյանքում ոչինչ չի փոխել: Մյուս կողմից էլ, նախկին իշխանություններից մարդիկ այնքան էին զզվել, որ անգամ այս ծանր պայմաններում հույս ունեն դեռ, թե ամեն ինչ լավ է լինելու։ Սա քաջ գիտակցում է նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ու երևի հենց դա է պատճառը, որ նրա գլխավորած ուժը քարոզարշավը սկսեց Գյումրիից և կավարտի Գյումրիում։ Վստահ եմ, որ այս ընթացքում վերջինս գյումրեցիներին խոստանալու է աղետի գոտու հիմնախնդրի շուտափույթ կարգավորում: Թե ինչքանով մարդիկ կհավատան նրան, ընտրության արդյունքները ցույց կտան:
-Գաղտնիք չէ, որ մարզերում հատկապես առավել ցայտուն է գործել ծանոթի, բարեկամի հորդորով ընտրության գնալու սովորությունը. այս անգամ ի՞նչ տեղաշարժ կա մարզում:
-Նույն պատկերն է, ինչ նախորդ ընտրություններում՝ որոշ բացառություններով։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ ծանոթ-բարեկամ սկզբունքը Շիրակի մարզում խիստ վառ կերպով արտահայտվելու է նաև այս ընտրություններում, գուցե ավելի ընդգծված դրսևորումներով, քան նախորդների ժամանակ։ Գրեթե բոլոր կուսակցությունների վարկանիշային թեկնածուներն անզիջում պայքար են մղում՝ ձայն հավաքելու գործընթացում ներգրավելով առավել ազդեցիկ մարդկանց: Թեև, կրկնում եմ, սա պայմանավորված է նաև արատավոր ԸՕ-ով, որը պետք էր փոխել, նոր միայն ընտրություններ կազմակերպել: Մարդիկ ոչ թե գաղափարական, այլ անձերի ընտրություն են կատարում:

Զրույցը`
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 4850

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ