Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Թող Նիկոլ Փաշինյանը «վիզը ծուռ» քաղաքականության մի օրինակ բերի»

«Թող Նիկոլ Փաշինյանը «վիզը ծուռ» քաղաքականության մի օրինակ բերի»
27.11.2018 | 01:48

Երեկ մեկնարկեց նախընտրական քարոզարշավը։ Այսինքն, սկսվեց մարդկանց համոզելու շրջանը. ում համոզելը լավ հաջողվի, նա էլ արդյունքներ կգրանցի։ Հայտնի դասականի հանգույն՝ խաբում ենք ու խաբվում ենք։ Ակնհայտ է, որ քարոզարշավի ընթացքում բոլոր ուժերի թիրախում ՀՀԿ-ն է լինելու։ Հենց այս կուսակցության անդամ ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԻ հետ էլ խոսեցինք քարոզարշավից և` ոչ միայն։

-Պարոն Զաքարյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ եթե ՀՀԿ-ն չի կարող ժողովրդի մեջ դուրս գալ, երթ անել, դա իր խնդիրն է։ Փաստորեն ՀՀԿ-ն չի՞ կարող հանրության առաջ կանգնել, հանրահավաքներ անել, շփվել մարդկանց հետ։
-Հիմա էլ հասարակության մեջ ենք, խոսում ենք մարդկանց հետ և միշտ պատրաստ ենք հանրության հետ խոսելու բոլոր թեմաներից, այդ թվում` ցավոտ։ Եթե նման խնդիր ունենայինք, ընտրությունների չէինք գնա։ Ակնհայտ է, որ ողջ հասարակությունը պատրաստ չէ ՀՀԿ-ին լսելու, բայց կա հանրության մի նշանակալի հատված, մտավորականներ, ովքեր Հայաստանի կայացման գործում որոշակի ջանք ունեն, պատասխանատվություն, մտահոգ են, սրտացավ պետության ապագայով, ի վիճակի են կշռադատելու պետության խնդիրները, սպառնալիքները և օրեցօր ահագնացող վտանգները, նրանց հետ միշտ էլ շփվել ենք ու կշփվենք։ Իսկ էյֆորիկ հասարակության հետ, որը արբած է ուրիշի մատուցած գինով, կարծում եմ, չարժե էլ խոսել, որովհետև նրանք պատրաստ չեն լսելու, նրանք պատրաստ են դուրս գալու փողոց, բղավելու, գմփգմփացնելու։ Երբ այդ մարդիկ սկսեն հասկանալ, մտածել, ինչպես Փաշինյանն է ասում, իրատեսության սառը ցնցուղ ընդունեն, Նիկոլ Փաշինյանի կողքին կմնա այնքան մարդ, որքան սկզբում, երբ սկսեց քայլել։
-Ինչու՞ եք կարծում, որ Փաշինյանից երես կթեքեն, այսօր նա հայտարարում է, թե ժողովրդի առաջ ստանձնած պարտավորությունները 100 տոկոսով կատարել է, հիմա էլ սկսում է տնտեսական հեղափոխությունը։
-Նիկոլ Փաշինյանի գաղափարախոսությունը, ծրագրային բանկը կամ դատարկ է, կամ ոչ իրատեսական։ Պոպուլիզմի վրա է հենված ամեն ինչ։ Եթե Փաշինյանը փորձի իրատեսական ծրագիր գրել, այն կնմանվի ՀՀԿ-ի ծրագրին։ Պոպուլիզմի շնորհիվ նա հասարակության մեջ առաջացրել է ակնկալիքների հսկա ալիք, բայց ինքն էլ է հասկանում, որ չի կարողանալու դրանք իրականացնել։ Հետևաբար, ստիպված է տարբեր ակցիաներով, տեսարաններ սարքելով պոպուլիստական հայտարարություններով ձգել գործընթացը և մարդկանց կերակրել պետության համար ոչ նշանակալի խնդիրներով։ Իսկ իրական խնդիրները մեր սահմանների դռները թակում են, դրանք Հայաստանի դեմ դրվելու են և՛ ներքին, և՛ արտաքին մարտահրավերների տեսքով։
-ՀՀԿ-ն, սեփական կարգախոսի համաձայն, մտահոգ է անվտանգության խնդիրներով, ղարաբաղյան հիմնախնդրով։ Այսօր փոթորկից առաջ հարաբերական անդո՞րր է առաջնագծում։
-Պարզ է, չէ՞, որ Ադրբեջանը ո՛չ իմ բարեկամն է, ո՛չ էլ Նիկոլ Փաշինյանի։ Ոչ մեկիս սիրուն աչքերի համար չէ, որ այսօր նստած հանգիստ սպասում է։
-«Վերելակային պայմանավորվածություն» է եղել։
-Ուրեմն Ալիևն անլուրջ մարդ է, կամ Ադրբեջանն է անլուրջ պետություն, եթե վերելակում կարող են պայմանավորվել։ Էլ ինչու են զենք գնում, եթե վերելակում պայմանավորվել են, հո հիմար չե՞ն։ Նշանակում է` շատ լուրջ ակնկալիք ունեն, իրենց ինչ-որ տեղից ասել են` գնացեք այդ պայմանավորվածությանը, հետո ձեզ համար լավ կլինի, մի խանգարեք Հայաստանի ներքին գործընթացներին, թողեք մինչև վերջ կոտրվի ազգային ողնաշարը, հետո ինչ ուզենք, կարող ենք անել այդ երկրի հետ, անհոգ եղեք։
-Այս մտահոգությունները իշխանափոխությունից հետո ՀՀԿ-ն մշտապես շեշտում է, ինչու՞ հասարակությունը հաղորդ չէ դրանց։
-Ինչու ենք մենք կարգախոս ընտրել «Եթե մտահոգ ես...» տարբերակը։ Այս ընթացքում անձամբ ինձ բազմաթիվ մարդիկ են մոտեցել, ասել՝ լավ, ի՞նչ եք մտածում, չե՞ք տեսնում այն խնդիրները, որ վաղը մեր առջև կանգնելու են։ Մարդիկ իրենց հերոսներ են կարծում, ի վիճակի չեն մտածելու, ոտքերը ամպոտ քայլում են, բա որ ընկա՞ն, բոլորիս համար է շատ ցավոտ լինելու։
-Իշխանությունների համար 68 տոկոս վստահության քվե է կանխատեսում սոցիոլոգիական հարցումը, ասել է՝ այդքան մարդ չի՞ մտածում, որ մեծ մարտահրավերների առաջ ենք կանգնելու։
-Ոչ թե չեն մտածում, այլ կերպ են մտածում. ավելի կարևորում են, որ ինչ-որ մարդկանց խումբ չլինի իշխանության, քան Արցախի խնդիրն ու անվտանգության հարցերը։ Այս մարդիկ ժամանակին տարբեր խնդիրներ են ունեցել, ներքին հաշիվներ ունեն որոշ մարդկանց հետ, որոնք հիմա դարձրել են պետական կառավարման խնդիր։ Ինչ-որ մեկը նեղացել է ԺԷԿ-ի պետից, նախանձում է հարևանին, որ երկար տարիներ պաշտոնյա է եղել, ինչ-որ մեկը տեսել է չարաշահումներ կատարող մարդկանց, այսինքն, այս խնդիրների համախմբումն է Նիկոլ Փաշինյանի շուրջ արհեստական հասարակություն ձևավորվել, որն այս հաղթանակն իրենն է համարում։ Հետևաբար այդ հասարակության հետ դժվար է այսօր խոսել բարդ խնդիրների մասին և նկարագրել այն իրավիճակը, որ կա, քանի որ նրանք այլ բանի համար են փողոց դուրս եկել։ Նրանք փողոց դուրս չեն եկել Արցախի խնդրի, անվտանգության պակասի համար։ Հիմա նրանց համար ավելի կարևոր է, որ ինչ-որ մի կաշառակերի իբր պատժել են, քան այն, որ վաղը կարող է սպառազինության խնդիր ունենանք։ Հասկանու՞մ եք, հիմա մենք ինչը ինչով ենք փոխարինել։ Իհարկե, կարևոր է կաշառակերին մինչև վերջ պատժելը, բայց այսօր դա էլ չի արվում։ Այսօր բոլորս թատրոնի հանդիսատեսներ ենք. մի մասը տխուր ու մտահոգ է, որովհետև տեսնում է սցենարի խորքը, իսկ ովքեր չեն տեսնում ներքին շերտերը, տեսնում են ընդամենը բեմի դեկորներն ու հրճվում։
-ՀՀԿ-ի հայտնի հայտարարությունը քննադատության արժանացավ, որովհետև շատերը պնդում են, թե դրանում չկար նախկին մեղքերի ընդունում, բազմաթիվ բացթողումների վկայակոչում։
-Մեղքն ընդունելը ոչինչ չի փոխում։ Ենթադրենք հայտարարեինք, թե մեղավոր ենք, որ այսինչ գործարարին չենք պատժել, այնինչ մարդուն օգնել ենք, որ դառնա պատգամավոր իր թաղում։ Հա, մեղավոր ենք, հետո՞։
-Եթե սխալներդ ընդունում ես, փոխվելու հավանականությունը մեծ է։
-Մենք այդ սխալների մասին ասել ենք ու ասում ենք։ Իսկ այն սխալները, որոնք այսօր են արվում, վճռորոշ, ճակատագրական ու մահացու են։ Մարդկանց շքեղ սեղանի են հրավիրել ու թունավոր բան են հյուրասիրում։ Սրա դեմ պետք է կանգնել։
-Ի՞նչ է կատարվում արտաքին քաղաքականությունում, մեր դաշնակիցների հետ հարաբերություններում։
-Շատ անհասկանալի բաներ, բարդ ու վստահության վրա չհիմնված հարաբերություններ են։ Սա նշանակում է, որ Իրանի հետ կորցնում ենք մեր բոլոր հնարավոր հասկացվածությունները, Ռուսաստանն այլևս լուրջ չի վերաբերվում Հայաստանի իշխանություններին, կեղծ ու սին են այն հայտարարությունները, թե երկկողմ հարաբերությունները փայլուն են։ Փայլունը ոչ մի տեղ չի երևում, անգամ փայլը չի երևում, միայն խոսքեր են։ Դա կերևա տնտեսական աշխուժության մեջ, երբ Ռուսաստանից ներդրումներ լինեն։
-Միջանկյալ հարց, հեռուստամարաթոնում այս տարի ավելի քիչ գումար հանգանակվեց, քան 2017-ին։ Ռուսաստանաբնակ հայությունը չմասնակցեց, սա՞ էլ է հարաբերությունների որակի մասին խոսում։
-Նաև, իսկ մարաթոնում հանգանակվածը ընդամենը խոստումներ են, կիրականանա՞ այդ ամենը, թե՞ ոչ։ Ասում էին` Սփյուռքը ոգևորված է, փուչիկներ, ծաղիկներ, բայց ո՞րն է իրականությունը։ Կա տխուր պատկեր՝ ի՜նչ հեղափոխություն, ի՜նչ Նիկոլ Փաշինյան, ի՜նչ ոգևորություն։ Սփյուռքն ընդհանրապես մտածում է` էս ովքե՞ր են Հայաստանում իշխանության։ Վերադառնալով նախկին հարցին` ԱՄՆ-ը իր ծրագրերն ունի տարածաշրջանում, որոնք բոլորովին էլ Հայաստանի շահերով չեն պայմանավորված։ Խելոք լինեն մեր իշխանությունները, կարող են մտնել այդ շահերի դաշտ, խելոք չլինեն, տրորվելու են նրանց ոտքերի տակ։ Վրաստանը, ինչպես միշտ, իր հարաբերությունները կառուցում է սեփական շահերի տեսանկյունից, որտեղ չի համընկնում, պատրաստ է տրորելու Հայաստանի շահերը, ինչ շատ նորմալ է։ Մենք չգիտենք, թե Թուրքիան ինչ նկրտումներ ունի Հարավային Կովկասում։ Տեսնում ենք, թե ինչ է կատարվում ՀԱՊԿ-ում, ինչ խնդիրների առաջ ենք կանգնել։ Միասնական շահերի դաշտից դեպի հակասությունների դաշտ ենք դուրս մղվել։ Ռուսաստանն էլ ամեն անգամ մեզ չի աջակցելու այդ հակասությունների դաշտում, որպեսզի մյուս դաշնակիցների հետ հակասությունների մեջ չմտնի։ Իշխանափոխությունից հետո ԵՄ-ի հետ համաձայնագիրն այլևս ոչ մի պետություն չի վավերացրել։ 5-6 պետություն վավերացրել է, ու վերջ։ Ասում են, աշխարհը ողջունում է մեզ, մեր հեղափոխությունը, բա ինչու՞ չեն շարունակում վավերացնել, որովհետև տեսնում են անլուրջ պետություն։ Վարչապետը դրոշները վերցրած, ռյուկզակը ուսին փողոցներով է քայլում, «Դուխով» գլխարկը գլխին, ի՞նչ է սա նշանակում։ Մենք պետությու՞ն ենք, թե՞ թատերական հասարակություն։ ՈՒ՞մ ենք ինչ ապացուցում։
-Արտաքին քաղաքականության Ձեր ներկայացրած այս տխուր տեսարաններին Փաշինյանը հակադարձում է, թե Հայաստանի իշխանություններն այլևս «վիզը ծուռ» քաղաքականություն չեն վարելու, իսկ դուրսը պետք է հարմարվի փոփոխություններին։
-Թող Նիկոլ Փաշինյանը «վիզը ծուռ» քաղաքականության մի օրինակ բերի։ Ի՞նչ է նշանակում «վիզը ծուռ» քաղաքականություն, դե գնա գլուխը պատերին տուր, տեսնենք ով է շահելու՝ պա՞տը, թե՞ Հայաստանի Հանրապետությունը։
-Նրանք հակադարձում են, թե փորձում են ինքնուրույն քաղաքականություն վարել։
-Այդ ինքնուրույնությունը որտե՞ղ է երևում։ Կամ ոչ ինքնուրույն լինելը նախկինում որտե՞ղ է երևացել։ ՀԱՊԿ-ում Հայաստանի խնդիրները Հայաստանի փոխարեն ո՞վ է լուծել՝ Ղազախստա՞նը, թե՞ Ղրղզստանը։ Անպատասխանատու հայտարարություններ են անում։ Եթե մեկն իր համակրանքներն ու հակակրանքները մի կողմ թողնի, իմ դիմաց նստի, ես կարող եմ նրան այնպես իրավիճակը ներկայացնել, որ Նիկոլ Փաշինյանին կասի՝ ցտեսություն, մեր երկիրը տանում եք կործանման։
-Ձեզ չի՞ խանգարի ՀՀԿ-ի ժառանգությունը։
-Ենթադրենք, որ մենք շատ վատն ենք, բայց այսօր ձեզ ճիշտն ենք ներկայացնում։ Այսքան տարի քաղաքականության մեջ եմ, թող մեկը կանգնի ասի, որ քո դեմ այ այս ժամանակ ինչ-որ բան կար գրած, ոնց որ դու էլ էն չես։ Չպետք է թացն ու չորն իրար խառնել, ազնիվն ու անազնիվը։
-Թացն ու չորը սկզբում ՀՀԿ-ն խառնեց իրար, դրա համար ձեր շարքերում ընդգրկվեցին մարդիկ, որոնք մշտապես հասարակության լուտանքին էին արժանանում։
-Դա իշխանության անատոմիան է, դրանից չես խուսափի։ Բյուրեղյա իշխանություն չի լինում։ Այդպիսի իշխանություն երկնքում է, իսկ երկրի վրա, քաղաքականության մեջ բյուրեղյա իշխանություն չի լինում։ Մենք երկար մնացինք իշխանությունում, դրա համար մեր ծանր հիշողությունն ավելի շատ է։ Բայց սա չի նշանակում, որ այս ամենից հնարավոր չէ դուրս գալ, բա 20 տարվա փո՞րձը։ Եթե մենք չենք ուզում դա օգտագործել, ո՞վ է իր լավը մեզ տալու։ Այս մանկապատանեկան ակումբո՞վ ենք մեր սպառնալիքների դեմ կանգնելու։ Ես էլ եմ երիտասարդ տարիքում քաղաքականություն մտել, բայց պատկերացնում եմ, որ ինձ 15 տարի առաջ ասեին, թե նախարար են նշանակում քեզ, վերին աստիճանի խայտառակություն կլիներ։ Սա նշանակում է այդ ոլորտը տապալել։
-Քարոզարշավը հնարավո՞ր է բեկումնային իրավիճակ ստեղծի ուժերի դասավորությունում։
-Չեմ կարծում` բեկում լինի, բայց այսօր հասարակությունը շատ անկանխատեսելի է, չգիտենք իրականում մարդիկ ինչ են մտածում։ Ամեն օր տրամադրությունների փոփոխություն է լինում։ Այս առումով առաջին ընտրություններն են, որ ոչ սոցհարցումներին պետք է հավատալ, ոչ տարբեր կողմերից սիրուն փաթեթավորված հայտարարություններին։ 6-7 ամիս է Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզչություն է անում, ինչ է ստացվել, ինչ չի ստացվել, հարցի երկրորդ կողմն է։ Դեկտեմբերին 9-ին ունենալու ենք այնպիսի վիճակ, երբ պետք է գտնել հավասարության նժարը։ Այսօր այդ նժարը միայն ՀՀԿ-ն է ապահովում, մյուսների պարագայում միակողմանի կշեռք է լինելու, որը միշտ սխալ է կշռելու։
-Ասել է՝ ՀՀԿ-ն միակ ընդդիմադի՞րն է այս իշխանության։
-Այո, այլ կերպ չի էլ կարող լինել։ Մենք սկզբից մինչև վերջ այս իշխանափոխությունը վտանգավոր ենք համարել Հայաստանի համար։ Իշխանափոխության մեջ մի լավ բան կա` ՀՀԿ-ին հնարավորություն տրվեց ինքն իրեն վերարժևորելու։
-Իսկ ինքնամաքրու՞մը։
-Ինքնամաքրումն ինքնին տեղի է ունենում, որովհետև դրա համար հատուկ բան չենք անում։ Բոլորը, ովքեր շահով էին եկել, այդպես էլ գնում են։ Իրենք իրենց ոտքով գնում են և ճանապարհներ, պատուհաններ, դռներ են փնտրում հաջորդ իշխանությանը հասնելու համար։ ՈՒ այսպես սևանալու է նաև հաջորդ իշխանությունը։ Այդպես էր կոմունիստների, ՀՀՇ-ի, ՀՀԿ-ի, հիմա էլ ՔՊ-ի ժամանակ։ Հետխորհրդային բոլոր պետություններն են այդպիսին։ Այս ամենը ցույց տվեց, որ ՀՀԿ-ն ամուր, պինդ, արժեքների վրա հիմնված կուսակցություն է` ի տարբերություն ՀՀՇ-ի, որ ալիքի վրա ձևավորվեց այնպես, ինչպես այսօր ՔՊԿ-ն է։ Եթե «Քաղպայմանագիրը» իշխանությունից հեռանա, կուսակցություն այնտեղ չի մնա։ Այսօր մենք գիտակցում ենք, որ վաղվա ընդդիմությունն ավելի կարևոր է, քան իշխանությունը։ Մենք գիտենք, թե ինչպիսին է լինելու վաղվա իշխանությունը, բայց թե ինչ ընդդիմություն կլինի, չգիտենք։ ՀՀԿ-ն ուզում է լինել վաղվա ընդդիմություն, որպեսզի լավը դարձնենք նաև վաղվա իշխանությանը։
-Ո՞րն է վաղվա ընդդիմության ամենակարևոր խնդիրը։
-Արցախյան հարցի կարգավորման սխալների բացառում, անվտանգության հարցերում հետևողականություն, արժեքային համակարգի պահպանում, մեր ավանդական արժեքների, ընտանիքի, եկեղեցու դեմ որևէ ոտնձգության չեզոքացում, արտաքին ներդրումների ապահովում և իշխանության խոստումների կատարման վերահսկում։
-ՀՀԿ-ն, որ շատ բան խոստացել էր ու չէր արել, պատճառն այդպիսի ընդդիմության բացակայությու՞նն էր։
-ՀՀԿ-ն շատ բան չի խոստացել, մեր ծրագրերը միշտ եղել են իրատեսական, ոչ թե պոպուլիստական։ 2017-ին մենք ՊՆ-ում առնվազն 18 նորամուծություն ենք արել, որոնք ֆունդամենտալ էին։ 7 ամիս է անցել. ի՞նչ են արել որևէ ոլորտում։ Ոչինչ։ Անելու՞ են։ Ոչ, որովհետև պատրաստ չեն, չեն կարող, այդքան հեշտ չէ ճանապարհ ու ռեսուրսներ գտնել։


Զրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 3920

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ